Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հայտարարությունը հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերաբերյալ

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հայտարարությունը հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերաբերյալ
15.04.2016 | 10:34

ԵՄ Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերաբերյալ։ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է արել միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարների կողմից ստորագրված և 1995-ի փետրվարից ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Կրակի դադարեցման ռեժիմի համաձայնագրի շրջանակներում մշակել լրացուցիչ, փոփոխված իրավիճակը հաշվի առնող, իրավական պարտավորություն սահմանող միջոցներ, ապահովել դրանց գործնական կիրառումը և հետևանքներ նախատեսել ուժի չկիրառման սկզբունքը խախտող կողմի համար, ԵԱՀԿ կառույցներին տալ մանդատ՝ հետաքննելու Ղարաբաղյան հակամարտության գոտում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերը՝ անկախ կողմերի համաձայնությունից: Որպես այդ առաքելության իրականացման սկիզբ՝ անցկացնել ապրիլի 2-5-ին տեղի ունեցած լայնածավալ ռազմական գործողությունների հանգամանքների մանրամասն հետաքննություն և պաշտոնապես հայտարարել, թե ովքեր են պատասխանատվություն կրում պատերազմի սանձազերծման և ռազմական հանցագործությունների իրականացման համար: Կողմերից մեկի հրաժարումը հետաքննության իրականացման համար պայմաններ ապահովելուց համարել տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ագրեսիայի դրսևորման մտադրություն, ինչը պետք է իր արտացոլումը գտնի միջազգային կառույցների համապատասխան փաստաթղթերում: Լեռնային Ղարաբաղին վերադարձնել հակամարտության կարգավորման բանակցային կողմի կարգավիճակը, հետամուտ լինել, որ հակամարտող կողմերի իշխանությունները վերականգնեն քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համագործակցության համար անհրաժեշտ պայմանները՝ ուղղված փոխադարձ անվստահության, քսենոֆոբիայի, թշնամության քարոզչության հաղթահարմանը:
Հայաստանի իշխանություններից Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջել է նախաձեռնել քաղաքական-իրավական հետևանքներ ենթադրող բանավեճ՝ ԵԱՏՄ-ին անդամակցության, միջազգային համագործակցության այլ ձևաչափերին մասնակցության, անվտանգության ապահովման և երկրի զարգացման խնդիրներին համապատասխանության վերաբերյալ, գործուն միջոցներ ձեռնարկել երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում ազգային ներուժն արդյունավետ օգտագործելու համար: Կոռուպցիան, պետական կառավարման արատավոր մեթոդները, տնտեսության մեջ առկա մենաշնորհները և հովանավորչությունը, ներդրումների և փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, արհեստական խոչընդոտները, քաղաքացիական ակտիվիզմի զսպումը, դիվանագիտության ոլորտում իներտությունը դիտարկել որպես երկրի անվտանգության անմիջական սպառնալիքներ:
Պլատֆորմը պատրաստակամություն է հայտնել անաչառ և պատասխանատու քննելու ղարաբաղյան հակամարտության համատեքստում մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերը, անկախ, թե որ կողմն է դրանք թույլ տվել, աջակցելու, որ պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, ովքեր խախտել են մարդասիրական իրավունքի համընդհանուր նորմերը, նշված ուղղություններով համագործակցելու հակամարտության բոլոր կողմերի ներկայացուցիչների և իրավասու միջազգային կազմակերպությունների հետ:
«Մենք նաև մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի 500-ից ավելի ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համատեղ դիմումին՝ ուղղված Եվրախորհրդարանին»,- ասված է հայտարարությունում։

Դիտվել է՝ 1498

Մեկնաբանություններ