Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանցիների նպատակը Ֆիզուլի հասնելն էր

Ադրբեջանցիների նպատակը Ֆիզուլի հասնելն էր
17.04.2016 | 12:23

Հայաստանի ՊՆ պաշտոնյաների հավաստմամբ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂ պաշտպանության բանակի խոցած ադրբեջանական մարտական ուղղաթիռի փաստաթղթերից պարզ է դառնում, որ լայնածավալ գործողություններ ծրագրելով՝ Ադրբեջանը նպատակ է ունեցել հասնելու մինչև Ֆիզուլի։ ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության պետ Ավետիք Մուրադյանը շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս եզրահանգմանն են եկել ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո, որտեղ քարտեզների վրա նշված է հակառակորդի հարձակման ծրագիրը։ «Հիմնականով, նշանակետեր, որ իրենք վերցրել են, գտնվել է Կարախանբեյլի և Ֆիզուլիի ներքև՝ քաղաքի ներքև, որպես նշանակետեր: Ներքևի մասով դաշտեր են, իրենց հաշվարկներով՝ տվյալ վայրերում պետք է գտնվեին մեր հրթիռահրետանային զորքերի միջոցները, որոնք իրենք վերցրել են որպես նշանակետեր մարտական գործողությունների սկսման ժամանակահատվածում, որպեսզի իրականացնեն խոցում»,- փոխանցեց Մուրադյանը:
Հայկական կողմը խոցել է Mi24G մոդելի ուղղաթիռը, որը ռուսական արտադրության է և արդիականացվել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում։ ՈՒղղաթիռը հնարավորություն ունի կիրառելու հակատանկային միջոցներ, հրթիռներ, հրանոթներ:
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հավելեց՝ այդ փաստաթղթերի տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը նպատակ ուներ խոցելու մոտակա դիրքերը, հետո անցնել առաջ։ «30 կիլոմետրը ես կարծում եմ՝ հասկացաք ինչի, որ ոչ շատ հեռու լինի, ոչ շատ մոտիկ, անակնկալի բերի և այլն: Հիմա ես մի ուրիշ բան բացատրեմ, ուրեմն, ա՛յ էս քարտեզի վրա տեսնում եք, չէ՞, սա Արաքսն է, էս՝ սահմանը, ուղղաթիռները պիտի գործեին մոտավորապես էս ուղղությամբ՝ պիտի գային, հարված հասցնեին էս կողմը և հետո՝ դեպի էս դիրքեր: Նշված էր մի քանի դիրքեր էստեղ, մի քանի թիրախներ, այսինքն՝ մեկ դիրքին, հետո՝ մյուս դիրքին, հետո՝ մյուս դիրքին, և հասկանալի է, չէ՞, որ էս մի ուղղաթիռը չէ»,- ասաց Հովհաննիսյանը՝ շարունակելով. «Հասկանալի է, չէ՞, 70 թռիչք է եղել, 70 մարտական թռիչքով, այսինքն՝ երկու-երկու ուղղաթիռ, կամ, չգիտեմ, չորս-չորս ուղղաթիռ, գալիս են հերթով, էսպես կոչված «զախոդները» անելով՝ ամեն մեկը իր դիրքի ուղղությամբ աշխատում, դուրս է գալիս»:
Զինված ուժերի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին, որ հայկական կողմը նաև երկրորդ ուղղղաթիռն է խոցել։ Այսօր հավելեցին, որ խոցվել է Ղարաբաղի տարածքում, բայց դրանից հետո կարողացել է մոտ 500 մետր թռիչք իրականացրել՝ ընկնելով իր տարածքում: Պաշտպանության նախարարի խոսնակը նշեց, որ հնարավոր է՝ կործանվել է վայրէջքի ժամանակ, բայց ապացույցներ չկան։
Անդրադառնալով քննադատություններին, որ հակառակորդի հետ մարտի բռնված հայ զինվորների զինամթերքը որոշ դեպքերում սպառվել է ու նորը հնարավոր չի եղել ստանալ, պաշտպանության նախարարության խոսնակն ասաց՝ եթե անգամ փամփուշտները վերջացել են, դեռ չի նշանակում, որ հայկական կողմը զինամթերքի պակաս է ունեցել: «Որ զինվորները կրակեցին մինչև վերջին փամփուշտը՝ չի նշանակում, որ զինվորը փամփուշտ չի ունեցել: Եվ հետո, եթե զինվորը պատմում է, որ ինքը վերջին փամփուշտը կրակեց, մենք չենք կարող ձեզ պատմել, թե էդ զինվորը էդ պահին ինչ մարտական խնդիր էր կատարում, կարող է էդ զինվորը էդ պահին կատարեր լրիվ ուրիշ տիպի մարտական խնդիր և իր հետ կրովի ամբողջ մարտապաշարը կրակել է: Միանշանակ բնական երևույթ է, որը հանդիպում է պատերազմների ժամանակ»:
«Նույն կերպ, մարտական դիրքում զինվորը կարող է կրակել մինչև վերջին փամփուշտը, որովհետև էդ պահին այս կամ այն դիրքում հրետակոծության պատճառով իրեն հասած աջակից ուժերը չեն կարողացել մոտենալ»,- շարունակեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով. «Ի վերջո, չմոռանանք՝ սա պատերազմ է, և հակառակորդը կիրառել է ինտենսիվ հրետանային կրակ»:
Ինչ վերաբերում նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմը 80-ականների զենք է կիրառել, Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց օրեր առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դիտարկումը։ «Մեր 80-ականների կամ գուցե նաև որոշ տեղերում 70-ականների զենքերի կողքին կան գերժամանակակից զենքեր, ինչպես նախորդ օրը նշեց պաշտպանության նախարարը, որ շատերը կերազեին ունենալ, մեկ: Երկրորդը՝ դա չափորոշիչ չի, թե որ թվականի ինչ զինատեսակ է կիրառվել, խնդիրը զինատեսակների արդյունավետ կիրառման մեջ է: Ես նորից եմ հորդորում՝ էդ քննադատությունները փորձեք կատարել փաստարկված»,- հայտարարեց Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը:
Հայկական կողմը հաղորդում է, որ այս գիշեր հակառակորդը կրկին խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը, ինչի հետևանքով հակառակորդի կրակոցից ձախ բազկի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Գագիկ Խուրշուդյանը: Խախտումներ են արձանագրվել նաև հայ-ադրբեջանական սահմանագոտում։

Դիտվել է՝ 1704

Մեկնաբանություններ