Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արցախյան քառօրյա պատերազմը, Սիրիան և Իրանը

Արցախյան քառօրյա պատերազմը, Սիրիան և Իրանը
19.04.2016 | 00:13

Արցախա-ադրբեջանական ռազմաճակատներում տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են մնալ վերլուծական շատ կենտրոնների ուշադրության կենտրոնում, ու թեև հիմնականում ապահովված է գլխավոր գործող կողմերի հետ կապված տեղեկատվական ընդգրկումը, այդուամենայնիվ, մի տեսակ քսաներորդ պլանում են մնացել այն իրադարձությունները, որոնք շատերի հիշողության մեջ արթնացրել են կապը Արցախի խնդրի և հարևան Իրանի հետ: Միևնույն ժամանակ, արդեն մի տեսակ «հետին թվով» գնահատելով Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը (Բաքուն էլ է պաշտոնապես նախագահ Իլհամ Ալիևի բերանով խոստովանել, որ առաջինն ինքն է խախտել 1994 թ. զինադադարի համաձայնագիրը), ակամա հետևություն ես անում, որ խնդրի էությունը միայն այն չէ, որ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի նախագահները «քառօրյա պատերազմի» նախօրեին գտնվում էին ԱՄՆ-ում: (Արցախյան հարցում իրանական գործոնի հերթական աշխուժացումը և Իլհամ Ալիևի, Սերժ Սարգսյանի և Ռեջեփ Էրդողանի վաշինգտոնյան ուղևորությունը համադրելով, օրինակ, «Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար» ի դեմս Իրանի զինված ուժերի «Nohed» 65-րդ օդադեսանտային բրիգադի իրանական էլիտար հատուկջոկատայինների Սիրիա ժամանելու մասին իրանական ու սիրիական լրատվամիջոցների ապրիլի 1-ի հաղորդագրության հետ, նկատելի է դառնում կապող թելը Սիրիայի և Անդրկովկասի միջև): Եվ հազիվ թե պատահական լինի, որ որոշ լրատվամիջոցներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմական գործողությունների բռնկումը արդեն անվանում են «Սիրիա-2»: Այս դիրքերից արդեն ժամանակի առումով պարզ զուգադիպություն չէ ԼՂՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծումը, ըստ էության, իրանական հատուկջոկատայինների Սիրիա մտնելուց անմիջապես հետո:
Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի նախագահները, երևի, ժամանակ ու հնարավորություն ունեին ոչ միայն «պարզապես հանդիպելու» ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Սպիտակ տան ու պետդեպարտամենտի այլ բարձրաստիճան անձանց (Բայդեն, Քերի և այլք) հովանու ներքո, այլև համատեղ ինչ-որ բան քննարկելու, այդ թվում նաև ԼՂՀ խնդրի առնչությամբ: Անկասկած, կարգավորման գործում ստատուս քվոյի պահպանման անթույլատրելիության, «շուտափույթ լուծման» անհրաժեշտության, «նոր պատերազմի» սպառնալիքի և, իհարկե, շուտափույթ կերպով հակամարտության գոտի «միջազգային ուժեր մտցնելու հույժ անհրաժեշտության» մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նախկին և ներկա համանախագահների կիսահիստերիկ բացականչություններից որոշ բաներ: Այս ամենը տարիներ ի վեր մերժվել է առնվազն ԼՂՀ-ի ղեկավարության ու զինվորականության կողմից: Անզեն աչքով կարելի է տեսնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյմս ՈՒոռլիքի մեկ տարուց ավելի հնչող առաջարկությունները միտված են տխրահռչակ «Մադրիդյան սկզբունքների» վեց կետերի կատարման հերթականության լիակատար վերանայմանը, բայց չէ՞ որ այդ սկզբունքների նորագույն «վարկածները» ստատուս քվոյից անհապաղ հրաժարում, առավել ևս հակամարտության գոտում քաղաքական լուծում գտնելուց առաջ «միջազգային ուժերի» տեղակայման մասին խոսակցություն անգամ չեն նախատեսում: Այսինքն, պետք է ամրագրվի ԼՂՀ-ի մի «միջանկյալ կարգավիճակ», որն «ապահովի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ», իսկ դա արդեն նշանակում է, որ Ղարաբաղը միջազգային ընկերակցության կողմից հաստատվում է որպես առանձին պետական կազմավորում (ասենք, «ՄԱԿ-ի ենթամանդատային տարածքի» նման մի բան), ընդ որում, ԼՂՀ-ն Հայաստանի հետ կապող «միջանցքի ապահովմամբ» հանդերձ: Եվ անպայման պետք է «որոշվի ապագա վերջնական իրավական կարգավիճակը՝ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող կամարտահայտմամբ», այսինքն, ԼՂՀ-ում պետք է անցկացվի հանրաքվեի նման մի բան:
Վերջին ժամանակներս ԱՄՆ-ը, Թուրքիան և Ադրբեջանը ամեն կերպ հանդես են եկել ընդդեմ այն բանի, որ «Մադրիդյան սկզբունքների» հայկական կողմի համար նույնիսկ ոչ այնքան ընդունելի կետերը կատարվեն այն հերթականությամբ, որն առաջ կարծես արժանացել էր հակամարտության բոլոր երեք կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հավանությանը: Եվ միանգամայն տրամաբանական է, որ Հայաստանին ու ԼՂՀ-ին, և նրանց հետ մեկտեղ Ռուսաստանին ու... Իրանին «հրավիրելու» համար Վաշինգտոնի ու «դաշնակից» մայրաքաղաքների որոշ շրջանակներ ցանկանային փոքրիկ հաղթական «պատերազմ» բորբոքել՝ ԼՂՀ-ի ու Հայաստանի համար առավելագույն հնարավոր զոհերով և ՌԴ-ի ու Իրանի համար սպառնալիքներով, որոնք մինչև հիմա Սիրիայով են զբաղված: Պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թե՛ Անդրկովկասից, թե՛ Նովոռուսիայից, թե՛ Նիդեռլանդներից, թե Մերձդնեստրից և այլ վայրերից ստացվող վերջին բոլոր հաղորդագրությունների ֆոնին, այնուամենայնիվ, ժամանակ գտավ և անհրաժեշտ համարեց հրապարակայնորեն հայտարարել, որ «Սիրիայում արմատական բեկում դեռ չի եղել»: Երևի ավելորդ չի լինի ենթադրել, որ Սիրիայում հենց այդ արմատական բեկումն ապահովելու համար էլ ապրիլի 1-ին հանդես եկավ Իրանի զինված ուժերի «Nohed» օդադեսանտային 65-րդ բրիգադը: Իսկ թե դեպի որ կողմ են տեսնում Սիրիայում արմատական բեկումը Ռուսաստանն ու Իրանը, մոտավորապես հասկանալ տվեց Իրանի ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին՝ կորպուսի բարձրաստիճան սպայակազմի առջև ապրիլի 6-ին ունեցած իր ելույթում, հայտարարելով, որ Թեհրանը «երբեք թույլ չի տա բաժան-բաժան անել Սիրիան կամ մեկ այլ մուսուլմանական տարածք»: Եվ հիշեցնենք, որ Իրանը ճիշտ նույնպիսի դիրքորոշում ունի նաև հարևան Իրաքի «դաշնայնացման» պլանների առումով: Զուր չէ նաև, որ հենց արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրության խիստ սրման ապրիլյան օրերին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի «միտքը հանկարծ պայծառացավ» և խոստովանեց, որ առանց Իրանի մասնակցության «Սիրիայում ու Եմենում կարգավորումն անհնար է», և ճիշտ այնպես, ինչպես առաջ Ռուսաստանին էր մեղադրում Սիրիայի հարցում «ոչ կառուցողականության» մեջ, հիմա Իրանին մեղադրեց «միջազգային ընկերակցությանը օգնել» չցանկանալու մեջ: Երևի Բաշար Ասադին վերացնելու հարցում, թեև, հնարավոր է, Սիրիայի հարցում ԱՄՆ-ը այլ «խնդրանքներ» ունի Իրանին:
Այսօր բոլոր հնարավորությունները կան ակնկալելու, որ շուտով ԱՄՆ-ը, Թուրքիան և Ադրբեջանը կսկսեն Իրանին մեղադրել (Ռուսաստանը նրանց մոտ ավանդաբար է «ամեն ինչում մեղավոր...») նաև Լեռնային Ղարաբաղի հարցում «ոչ կառուցողական» դիրքորոշման մեջ: Խոր համոզմունք կա, որ չգիտես որպես ովքեր Վաշինգտոնում ներկա գտնված Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները (սուտ չխոսենք, այդ երկրները հազիվ թե կապ ունեն միջուկային անվտանգության հետ, իսկ, օրինակ, Ռուսաստանի և Իրանի ղեկավարները, որոնք ամենաանմիջական առնչությունն ունեն միջուկային անվտանգությանը, ԱՄՆ-ում չէին), բացի Արցախ-ԼՂՀ-ից, խոսել են նաև Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլության ցանկալիության մասին: Համենայն դեպս, ԱՄՆ-ը և Թուրքիան նման բան իրոք շատ կուզեին: Իսկ ահա անհնար է հասկանալ, թե ինչու Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները կարող էին անգամ պարզապես լսել ԱՄՆ-ի ու Թուրքիայի «խորհուրդներն» այդ թեմայով: Որովհետև անհնար է հասկանալ, թե ինչպես կարելի է, իմանալով Իրանի ու Ռուսաստանի բացասական վերաբերմունքը արտատարածաշրջանային երկրներից մեր տարածաշրջանում զորքերի հայտնվելու հնարավորության վերաբերմամբ, ըստ էության, սկսել նպաստել Արցախ և հակամարտության գոտի «միջազգային զորախումբ» մտցնելու հարցի բարձրացմանը: Բնական է, որ, առաջին հերթին, այդ դիտողությունը վերաբերում է Ադրբեջանին, որը վերսկսել է պատերազմական գործողությունները ավիացիայի ու ծանր զրահատեխնիկայի գործադրմամբ: Բայց դե Հայաստանի իշխանություններին էլ հարցեր կան, որովհետև նրանք, ինչպես կնշենք ստորև, ընդունել են «միջազգային զորքեր» մտցնելու թեզիսը: Հիշենք իբր «Լեռնային Ղարաբաղի կողմից» իրանական սահմանամերձ Հոդա Աֆարին գյուղի կողմը «պատահաբար» թռած երեք արկերի կամ ականների հետ կապված մութ պատմությունը: Այստեղ կարևոր է ամեն ինչ. և՛ այն, թե ինչ արկեր կամ ականներ են թռել Իրանի կողմը և պայթել այդ Հոդա Աֆարինի մոտ, և՛ այն, թե երբ է դա տեղի ունեցել և երբ է այդ մասին հայտարարվել: Կարևոր է նաև այն, թե ինչ է հետևել հակամարտության գոտուց այդ «ոչ կանխամտածված» հրետակոծությանը Իրանի արձագանքին: Ըստ էության, ԼՂՀ-ից Իրան արկերն ու ականները «թռիչքի» շատ սահմանափակ հնարավորություն ունեն. ամենաշատը 5-8-ից մինչև 12-15 կիլոմետր, կախված տրամաչափից: Եթե, իհարկե, կողմերը չեն կիրառել համազարկային կրակի «Սմերչ» կամ «ՈՒրագան» տիպի հեռահար համակարգեր: Բայց այդ դեպքում էլ, հաշվի առնելով Հոդա Աֆարին գյուղի գտնվելու վայրը (իսկ դա հաստատ այնքան էլ հեռու չէ պատմական Խուդափերինի կամուրջներից), պետք է ենթադրել, որ իրանական տարածքը հրետակոծվել է Հադրութի շրջկենտրոնից մինչև Հորադիզի երկաթուղային կայարան ընկած գոտուց: Հորադիզի կայարանի իշխող բարձունքները միշտ ցանկալի են եղել թե՛ Ադրբեջանին, թե՛ այն ուժերին, որոնք 90-ականների սկզբից երազել են Թուրքիայից մինչև Կասպից ծով, ապա՝ Միջին Ասիա «հարավային տարանցիկ հաղորդակցական միջանցքի» մասին, քանի որ Հորադիզի երկաթուղային կայարանը, բարձունքներին տիրանալու պարագայում, Թուրքիայի և Ադրբեջանի համար կդառնար կարևորագույն կետ տարածաշրջանի ռազմավարական քարտեզին: Միաժամանակ, հաշվի առնելով Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղային ճյուղի նախագծերը, լիովին կմեկուսանար Հայաստանը՝ ինչպես հյուսիսից, այնպես էլ Իրանից: Ավելին, ցամաքից կմեկուսանար նաև Իրանը, զրկվելով ՌԴ-ի հետ ցամաքային կապի անխափան հնարավորությունից և կտրվելով Միջին Ասիայից:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ