Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Այս ամենն ինձ կոփեց, ուժ տվեց»

«Այս ամենն ինձ կոփեց, ուժ տվեց»
19.04.2016 | 00:17

Ապրիլի սկզբին ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված ութ զինծառայող այսօր բուժվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նրանցից չորսը դեռ վերակենդանացման բաժանմունքում են, նրանց վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս օրերին զինվորներին ու նրանց հարազատներին շատ լրագրողներ են այցելում, արդեն սովորական է դարձել բոլորին «ճանապարհել» իրենց հետ տեղի ունեցածը առանձնահատուկ համեստությամբ ու կարճ շարադրելով:
Անդրեյը նրանցից մեկն է: Փոքրամարմին ու լուսավոր ժպիտով այս պատանին վիրավորվել է ռազմական գործողությունների հենց առաջին ժամերին: «Բոլորս արթուն էինք, զգուշացրել էին, որ հարձակում կարող է լինել, պատրաստվում էինք, ես ձայներ լսեցի, ցանկացա ստուգել ու վիրավորվեցի»,- պատմում է զինվորը` հավելելով, որ հեռուստատեսությամբ անընդհատ հետևում է սահմանից եկող լուրերին:
15 ամիս ծառայությունն անցկացրած Անդրեյը նշում է, որ թեև ծանոթ են թշնամուն, բայց նման լայնածավալ հարձակումից մի պահ անակնկալի են եկել: Գիտե՞ս, գրեթե բոլորն էլ զարմացած են, թե ինչպիսի խիզախություն եք ցուցաբերել դուք` սահմանը պահող տասնութամյա զինվորներդ, նկատում եմ ես, ինչին զինվորը հանդարտությամբ ու վստահորեն հակադարձում է. «Արդեն սովոր ենք, էլի, էդ ապրելակերպին, էդ կրակոցներին: Էնպես որ դա այնքան էլ զարմանալի չէր: Դրանք վախկոտ են ու շատ անպատասխանատու քայլեր են անում: Հաստատ մեր տղաների գլուխը չունեն»:
Թե ինչի մասին է մտածում սահմանին կանգնած զինվորը վտանգի պահին, բարձրաձայնում է Անդրեյը. «Ամեն գնով պաշտպանել հայրենիքը, ծնողներին»: Իսկ ընկերուհո՞ւն: «Չէ, ընկերուհի չունեմ»,- փոքր ինչ շառագունելով ասում է ու ժպիտով ավելացնում. «Որ ունենայի, կարող է մի քիչ էլ առաջ գնայինք»:
Պատերազմը սեփական մաշկի վրա զգացած Անդրեյն անկեղծանում է. «Այս ամենն ինձ կոփեց, ուժ տվեց»: Իսկ զինակիցներին մեկ կոչ ունի ուղղելու. «Ինչպես այս օրերին ձիգ պահեցին իրենց, թող այդպես էլ շարունակեն»:
Անդրեյն ապագա տնտեսագետ է, ուսումը կիսատ է թողել ու բանակ զորակոչվել: Հայաստանի տնտեսությունն էլ հաստատապես այսպիսի ամուր «զինվորների» կարիք ունի: Առողջություն քեզ, զինվոր:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ