Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մասնագիտությունս հայրենիքս պաշտպանելն է»

«Մասնագիտությունս հայրենիքս պաշտպանելն է»
19.04.2016 | 00:18

ԱՐԹՈՒՐ ԱՐԶԱՆԳՈՒԼՅԱՆԸ Ստեփանակերտից է: Մարտերին միացել է ապրիլի 2-ից: Ապրիլի 3-ին արդեն դիրքերում է եղել: Նույն օրը վիրավորվել է ականի պայթյունից: Ներկայումս բուժվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
«Գիտեի, թե մենակ ես եմ տուժել, հետո իմացա, որ ընկերս զոհվել է: Նա էլ կամավոր էր: Երկու երեխա ունի»:
Ապաքինվելուց հետո մեկնելո՞ւ եք սահման` հարցնում եմ: Ես ընկեր եմ կորցրել` ասում է ու հավելում, որ պատերազմը երբեք էլ չի դադարել, միշտ զոհեր ենք ունեցել, բայց նման մեծամասշտաբ հարձակում չէին սպասում: «Որովհետև վախկոտ ազգ են: Այնպիսի տպավորություն է, որ նրանք չեն հարձակվել, ուրիշների կողմից է եղել հարձակումը: Այս պատերազմը նախորդից տարբեր էր: Հրետանային հարձակում էր, համարձակ են մեր տղաները, բայց հրետանու դեմ դուխն ի՞նչ կանի»:
«Այս անգամ ազերիները գերազանցեցի՞ն իրենք իրենց դաժանությամբ» հարցին ի պատասխան ասում է. «Դաժանությունը նրանց տրված է, բայց մենք արժանի պատասխան ենք տվել: Հպարտանում եմ 18-20 տարեկան մեր հերոսներով: ՈՒրախ եմ, որ նման սերունդ ունենք»։ Արթուրն ասում է նաև, որ իրենց` կամավորներին, առաջնագծի զինծառայողներն ընդունել են մեծ ոգևորությամբ, գրկաբաց:
«Տնեցիներն ինչպե՞ս ընդունեցին Ձեր մեկնումը»,- հարցնում եմ: «Ոնց էլ ընդունեն՝ մեր պարտքն է, պետք է անենք, ես չգնամ, մյուսը չգնա, ո՞վ պետք է գնա, սպասենք, որ թուրքը գա մեր տո՞ւն մտնի, մեր հողե՞րը վերցնի: Մեր պապական հող ու ջուրն է, ընկերներ ենք կորցրել, արյունով պահած հողեր են: Մեր զոհված տղաների համար ուզում եմ ասել` հողը թեթև լինի: Հարազատներին ցավակցում եմ... Կռիվ է, ոչ ոք չգիտի, թե իրեն ինչ է սպասում»:
41-ամյա կամավոր ազատամարտիկը երեք զավակ ունի, ավագ դուստրը` Ասյան, 12 տարեկան է, Լուսինեն` 8, որդին` Դավիթը` երեք: 90-ականների մարտերի ժամանակ 14-15 տարեկան է եղել, առաջնագծում չի կռվել, բայց դիրքերում եղել է: Շարժումը տեսել է: Պատերազմ չի սիրում, ոչ ոք չի սիրում, բայց պատրաստ է միշտ պաշտպանելու հայրենիքը: Ասում է` մասնագիտությունս հայրենիքս պաշտպանելն է. «Մասնագիտությունն էլ չէ, մեր պարտքն է դա։ Մեր ազգը լավն է, մեր զինված ուժերին պետք է լավ նայենք: Միշտ պետք է զգոն լինենք»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ