ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Ղարաբաղի հայկական մնալու բանալին Երևանում է»

«Ղարաբաղի հայկական մնալու բանալին Երևանում է»
19.04.2016 | 00:20

ՀՀ Գերագույն խորհրդի (1991-95 թթ.) պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՅԻԼՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում խոսեց ղարաբաղյան հակամարտության ակունքներից, այս տարիների ընթացքում հայկական կողմի թույլ տված սխալներից և խնդրի լուծման հնարավոր տարբերակներից:

-Եթե ղարաբաղյան հակամարտության ակունքներին վերադառնանք, ի՞նչ սրբագրումներ կանեիք:
-Ինչ վերաբերում է ղարաբաղյան շարժման ժամանակ կատարած սխալներին և դրանց սրբագրմանը, պետք է ասեմ, որ սխալներն ի հայտ եկան իշխանության գալուց հետո: Պարզվեց, որ շարժման առաջամարտիկներին չի հաջողվել լայն խավերին հասցնել ազատության, ժողովրդավարության, ազգային արժանապատվության գաղափարները: Դրանք պետք է կազմեին այն արժեքային համակարգը, որն առաջընթաց և զարգացում պիտի ապահովեր Հայաստանին ու հայ ժողովրդին: Հիմնականում դա էր պատճառը, որ տեղ գտան բազմաթիվ բացթողումներ և ճակատագրական սխալներ ու հիմա ունենք այն, ինչ ունենք՝ հոգեպես դատարկ, կամազուրկ, թերուս հասարակություն: Իսկ նման հասարակությունը չի կարող լիարժեք տեր կանգնել ազատագրված Ղարաբաղի դատին:
-Ձեր նշած գործոնների տրամաբանությունից չեն բխում, օրինակ, վերջին իրադարձությունները: Պատերազմական գործողությունների ժամանակ ազգային այլ որակներ դրսևորվեցին:
-Վերը նշված գործոնների առկայության ներքո վերջին պատերազմական գործողությունների տրամաբանության մեջ քիչ անակնկալ կար: Սպասելի էր, որ Ադրբեջանը պետք է հարձակվեր, քանի որ հարձակումից 22 օր առաջ այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի դաշնակից Ռուսաստանի ռազմագետը՝ Ալեքսանդր Խրամչիխինը: Սպասելի էր նաև այն, որ հայ փոքրաթիվ առաջապահ զորքը կնահանջի: Անսպասելի էին հայ ժողովրդի միասնականությունն ու խիզախությունը: Կարծում էի՝ այդ որակներն անդարձ հեռացել են հայերից: Այն անսպասելի էր նաև հարձակումը նախաձեռնած Մոսկվայի և Բաքվի համար: Սպասելի էր նաև, որ Ադրբեջանի ձախողման դեպքում Ռուսաստանը կկանգնի իր դաշնակցի թիկունքին: Այդպես է եղել 1920-ին, 1988-ին, 1994-ին:
-Այս տարիների ընթացքում հայկական կողմի ո՞ր բացթողումն եք համարում աններելի, իմա` խնդրի չկարգավորման հարցում որքա՞ն է մեղքի մեր բաժինը:
-Հիմա կան մարդիկ, որոնք հիշեցնում են՝ բա որ ասո՞ւմ էի: Ես ասում եմ, քանի որ կան դրա գրավոր և տեսագրված հիմքերը: Նախ՝ Ղարաբաղի հարցը իրականության մեջ անընդհատ փոփոխվում է, նոր որակ ստանում: 1988-ին այն մեկ այլ որակ ուներ, 1994 թվականից հետո՝ այլ որակ: Այսօր իրականությունն այն է, որ Ղարաբաղն ազատագրված է Ադրբեջանից, միավորված Հայաստանի հետ: Այսօր խնդիրն արդեն լուծված է: Սա նշանակում է, որ ներկայումս կարող է լինել միայն և միայն մեկ հարց՝ Ղարաբաղը կտրել Մայր Հայաստանից: Իսկ հայ դիվանագետները բանակցությունները վարում են այնպես, կարծես Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում: Սա անատամ և պարտվողական դիվանագիտություն է:
-Ըստ Ձեզ, ո՞վ է տարածաշրջանում կրակը բորբոքում, ո՞ւմ են ձեռնտու անկայունությունը, լարվածության մեծացումը:
-Այստեղ ամեն ինչ պարզ է: 19-րդ դարից սկսած Հարավային Կովկասը գտնվում է Ռուսական կայսրության տիրապետության ներքո, իսկ ներկայումս նրա ազդեցության տիրույթներից մեկն է: Այդ տիրույթում Վրաստանը գրեթե ամբողջությամբ թոթափել է հպատակության բեռը, Ադրբեջանը վարում է անկախ և արժանապատիվ քաղաքականություն, Հայաստանը վարում է հպատակությամբ դուր գալու «փսլնքոտ» քաղաքականություն: Ռոգոզինը շատ ճիշտ ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության նկատմամբ ստեղծված միջազգային կարծիքը: Այս իրավիճակում Ռուսաստանը, բնականորեն, պետք է սիրաշահի Ադրբեջանին՝ ո՞ւմ հաշվին, պարզ է՝ Հայաստանի: Նրանց շահերը համընկնում են և հակոտնյա են հայ ժողովրդի շահերին: Իսկ Հայաստանի իշխանությունները, հպատակի իրենց քաղաքականությամբ, երկիրը վերածել են մուտքի առջև փռած փալասի: Այս ամենի մասին բազմիցս խոսվել է: Վերջին արկածախնդիր հարձակումը նախաձեռնելիս ռուս-ադրբեջանական բլոկը մի բան հաշվի չէր առել՝ Հայաստանի իշխանություններն այլ բան են, հայ ժողովուրդը՝ այլ:
-Քառօրյա պատերազմն ի՞նչ դասեր տվեց, ու ի՞նչ պետք է անել խնդրի լուծման համար:
-Պատերազմական գործողությունները բազմաթիվ թերություններ ցույց տվեցին հայ իրականության մեջ: Ինչու չէ՝ նաև հրաշալի երևույթներ: Հրաշալին՝ հրաշալի, բայց թերությունների ու սխալների շտկումը պարտադիր է: Գլխավոր դասն այն էր, որ Հայաստանում ներդաշնակ պետություն չի ստեղծվել, որտեղ յուրաքանչյուրն իր տեղն ունենա: Հայ հասարակությունը բաժանված է երկու մասի: Մի մասը ստեղծում է, պաշտպանում է հայրենիքը, մյուս մասը` վայելում համընդհանուր բարիքը: Այդ տեսակետից Հայաստանն ու Ադրբեջանն իրարից չեն տարբերվում: Քառօրյա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ Հայաստանում (Ղարաբաղի հետ մեկտեղ) իշխանությունները կատարել են մեծ հանցանք՝ անտարբերություն են ցուցաբերել պետության անվտանգության նկատմամբ: Փաստորեն, ռազմական հետախուզությունն անգործության է մատնված եղել: Սահմանի երկայնքով մեծ ուժեր են կուտակվել, և հայկական կողմը տեղյակ չի եղել: Չկա նաև քաղաքացիական հետախուզություն՝ տեղեկությունների հավաքման ու վերլուծության ծառայություն: Այնքան էլ բարդ չէր հասկանալը, որ Ռուսաստանը Ադրբեջանին հարձակման է տանում: Ինչի՞ մասին է խոսքը, երբ անվտանգության ծառայության գլխավոր գործառույթն է դարձել պայքարը քաղաքական ընդդիմադիր դաշտի դեմ: Պարզվեց՝ բանակը բիզնես միջավայր է հրամանատարության ու նաև երկրի իշխանությունների համար: Ստիպված եմ կրկնել՝ բա որ ասո՞ւմ էինք:
-Ո՞րն է կարգավորման բանալին:
-Ղարաբաղի՝ հայկական մնալու բանալին Երևանում է: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ Ղարաբաղը միայնակ չի կարող ապահովել իր անվտանգությունը: Կարգավորման բանալին մեկն է՝ հզոր Հայաստան, հզոր հայություն: Սին են այն կարծիքները, թե Ղարաբաղում հայերն ու ադրբեջանցիները կարող են կողք կողքի, համերաշխ ապրել: Այդպես կարող է մտածել միայն մտավորապես ընդարմացած եվրոպացին, որը չգիտե, թե ով է ադրբեջանցին, որքան է հետ մնացել նա ինտելեկտուալ էվոլյուցիայի ընթացքից: Պետք չէ մոռանալ, որ սա գոյության կռիվ է, որը զիջումներ չի ճանաչում: Եթե անգամ ինչ-որ միջանկյալ լուծում գտնվի էլ, ապա դա կարճ կտևի:
-Այսօր շատ է խոսվում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: Ղարաբաղցին շատ լավ է հիշում «խաղաղապահի» անվան տակ «ՕՄՕՆ»-ը: Ինչպիսի՞ ուժեր պետք է լինեն, որ կարողանան ապահովել ղարաբաղցու անվտանգությունը:
-Նախ պարզ է, որ խաղաղապահ ուժերի տեղակայումը կարելի է իրականացնել հակամարտ կողմերի համաձայնության դեպքում: Շատ բնական հարց է առաջ գալիս՝ ո՞ր գծով է պետք այն տեղադրել. ներկայի՞ս ճակատով, Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի սահմանո՞վ, թե՞ Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանով: Յուրաքանչյուր դեպքում որևէ կողմ կորուստ կունենա: Օրինակ, եթե անցնի ներկայիս սահմանով, Ադրբեջանը կորուստ կունենա, իսկ եթե Լաչինով, պարզ է, հայերի համար Ղարաբաղը կորսված կլինի: Հաջորդ հարցը, թե ի՞նչ գործառույթներ են իրականացնելու, ինչպե՞ս են վերահսկելու խաղաղությունը: Սա ևս գրեթե անհնար է պատկերացնել: Խաղաղապահ զորքեր տեղակայելը բավականին բարդ միջոցառում է միջազգային դիվանագիտության տեսանկյունից: Պարզ է, որ կոնկրետ Ղարաբաղի դեպքում անհրաժեշտ կլինի ստանալ Իրանի, Թուրքիայի ու նաև ԱՄՆ-ի համաձայնությունը՝ միաժամանակ: Իսկ դա գրեթե անհնար է: Այս իրավիճակում որևէ երկիր, եթե առանց ընդհանուր համաձայնության խաղաղապահի անվան տակ տարածաշրջան զորք մտցնի, դա միայն և միայն օկուպացիա կլինի: Հարց է՝ կա՞ երկիր, որ նման քայլ կկատարի: Եթե դա անի Ռուսաստանը, ինչի մասին շատ է խոսվում, կնշանակի որևէ կողմի ուղիղ օկուպացիա: Իսկ այդ «որևէ կողմն» արդեն պարզ է, որ հայկական կողմը կլինի:
-Ի վերջո, այս իրավիճակը մեզ ո՞ւր է տանում:
-Հայաստանում ճգնաժամային իրավիճակն ավելի կխորանա, քանի որ առկա են բոլոր պատճառները: Առաջին հերթին դրան կնպաստի այն, որ հայ ժողովուրդը դասեր չի քաղում անցյալից, չի վերլուծում, գնահատում անցյալի դեպքերը, ուստի պատմաքաղաքական առումով, անընդհատ շրջապտույտի մեջ է հայտնվում: Մեզ բնորոշ մյուս, այսպես կոչված, հայ քաղաքական միտքը պարզամիտ է, ինչի պատճառով էլ ազգային և պետական շահով առաջնորդվող դիվանագիտական դպրոց չի ստեղծվել ու չի էլ ստեղծվելու առաջիկայում: Այն, որ հայ հասարակությունը դասեր չի քաղի այս ամենից, արդեն ապացուցվեց Հրազդանի ընտրություններով: Ամեն ինչ նույնը կմնա: Գուցե կաշառքի դրույքները մի փոքր բարձրանան, և վերջ:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ