Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հուշարձանը ամրագրում է եզդի ժողովրդի վերադարձն իր բնօրրան` Շանգալ

Հուշարձանը ամրագրում է եզդի ժողովրդի վերադարձն իր բնօրրան` Շանգալ
19.04.2016 | 00:26

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ, բարերարներ Ռաշիդ և Ագիտ Շամոյանների ընտանիքի միջոցներով, Երևանում կառուցվել է Իրաքի Շանգալ նահանգի 2014 թ. օգոստոս ամսին ցեղասպանության ենթարկված եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող աշխարհում առաջին հուշարձան-կոթողը: Հուշարձանի բացումը տեղի կունենա ապրիլի 21-ին, ժամը 14:00-ին, Երևանի Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում (Նալբանդյան-Իսահակյան փողոցների հատույթում):
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆԸ հուշակոթողի կառուցումը համարում է պատմական իրողություն: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ստեղծագործության հիմնական մոտիվը մոր կողմից երեխայի փրկությունն է. «Երեխան մարմնավորում է մեր ժողովրդի վաղվա օրը: Քանդակը պատկերում է մորը՝ մանկան հետ, լուսնի թիկունքում թաքնվող արեգակի, եզդի ժողովրդի գլխավոր խորհրդանիշի ֆոնի վրա, որտեղ լուսինը մարմնավորում է եզդիների թշնամիներին: Հուշարձան-կոթողի թիկունքի կողմից արեգակի ֆոնին վերադարձող կռունկների երամն է: Այն ամրագրում է մեր ժողովրդի վերադարձն իր բնօրրան` Շանգալ: Արևի ներքնամասում պատկերված է ճառագայթների մի փունջ՝ հիշեցնելով եզդիների «Լալշա Նուրանի» սրբատեղին, որը մենք՝ եզդիներս, Աստծո դրախտ ենք համարում: Այն խոսում է եզդի ժողովրդի անմահ ոգու, աշխարհում հավերժ ապրելու և արարելու անսասանության մասին»: Ամո Շարոյանն ասաց նաև, որ քանդակը կառուցվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում և ցուցանում է նաև Օսմանյան կայսրությունում իրականացված հայ, ինչպես նաև եզդի, հույն, ասորի ժողովուրդների ցեղասպանությունը:
«Ապրիլի 2-ը կարծես թե այս ամենի շարունակությունն էր նույն ձեռագրով, նույն ոճով և նույն ոգով: Բարեբախտաբար թշնամու հարձակումը կասեցվեց: Այս հուշարձանը ոգեկոչում է նաև Արցախում զոհված զինվորների հիշատակը»,- ասաց «Միդիա-Շանգալի» նախագահը:
Մատաղիսում ներկայումս երեք տասնյակ եզդի զինվոր է ծառայում: Հերոսաբար իր կյանքը զոհած արտաշավանցի Քյարամ Սլոյանի գլխատումը կապվում է նաև նրա եզդի լինելու հետ: Ասում են, որ ադրբեջանցիները տղայի գլուխը գյուղից գյուղ են տարել` հորջորջելով, որ եզդիների ցեղասպանությունը շարունակվում է: Ամո Շարոյանն ասաց, որ Քյարամին գերի են վերցրել զոհվելուց հետո, և ազգությունը պարզել դժվար թե նրանց հաջողվեր. «Մինչև կյանքի վերջը տղան հրամանատարի` Արմենակ ՈՒրֆանյանի կողքին է եղել: Նրանք հերոսաբար պաշտպանվել են` ոչնչացնելով թշնամու տասնյակ զինվորների: Հրամանատարը վերջին նռնակով, իր հետ միասին, պայթեցրել է իրեն շրջապատել փորձող թշնամուն, այդ թվում մեկ տանկ՝ փրկելով իր անձնակազմի մյուս տղաների կյանքը: Քյարամին սպանել են, հետո գլխատել: Ավելի շուտ սա համառ դիմադրության, վրեժխնդրության արդյունք է: Օգտվելով առիթից ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք և պաշտպանում ենք մեր հայրենիքը»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ