Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գլխավոր խնդիրը բանակցությունները վերսկսելն է, որի մեջ որքան Հայաստանը, նույնքան Ադրբեջանը պետք է շահագրգռված լինի»

«Գլխավոր խնդիրը բանակցությունները վերսկսելն է, որի մեջ որքան Հայաստանը, նույնքան Ադրբեջանը պետք է շահագրգռված լինի»
19.04.2016 | 00:21

«Իրատեսի» զրուցակիցը քաղաքական վերլուծաբան ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆՆ է:

-Մենք ապրիլի մեկի Հայաստանում չենք ապրում այլևս, Ձեր գնահատականով՝ քաղաքական, ռազմական ի՞նչ փոփոխություններ եղան:
-Չորսօրյա պատերազմը հերթական անգամ ցույց տվեց, որ երբ հայ ժողովուրդը միասնական է, որևէ դավադրություն, որևէ ճնշում՝ անկախ չափից ու ձևից, բացարձակ արդյունավետ չէ: Դա շատ կարևոր եզրակացություն է մեզ համար, որովհետև 1994-ի հաղթական ռազմական գործողություններից հետո հասարակությունն ընդարմացել էր և կարծում էր, որ Ադրբեջանին այնպիսի հարված է հասցրել, որից երկար ուշքի չեն գալիս: Մենք տեսանք, որ մեր ախոյանը շատ լավ պատրաստվել է ու շատ ուժեղ է, բայց մենք կանգնեցինք ու նրանց ահասարսուռ թվացող հզորությունից ոչինչ չմնաց՝ 18-20-30 տարեկան տղաների դիմաց ժամանակակից ռազմական տեխնիկան առ ոչինչ էր: Ես հույս ունեմ, որ հասարակությունը իր համար եզրակացություն արեց, որ քաղաքական դաշտում աշխուժությունն ունի իր սահմանը և գալիս է պահ, որ քաղաքական հակասությունները դառնում են երկրորդական ու պետք է համախմբվել, միակամվել: Աշխուժացան ոչ միայն ու ոչ այնքան հիմնական քաղաքական ուժերը, որքան տարբեր արևմտամետ կառույցներ փորձեցին հմտորեն օգտագործել իրավիճակը երկրում հակառուսական հիստերիա և Ռուսաստանի նկատմամբ ատելություն բորբոքելու համար: Կարծում եմ՝ իշխանությունն էլ հասկացավ, որ այսօրվա ժողովուրդը մինչև ապրիլի մեկի ժողովուրդը չէ և անտարբեր չէ, թե ինչ է կատարվում իշխանության տարբեր օղակներում, պետության մեջ, պետության շուրջը, հասարակության մեջ:
-Հակառուսական հիստերիան արևտամետ ուժե՞րը, թե՞ հենց ռուս պաշտոնյաներն են Հայաստանում հարուցում:
-Ռուսաստանն ունի իր շահերը, մենք էլ ունենք մեր շահերը: Մեր շահերի հատույթում մենք ունենք դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ: Եթե մեր շահերը տարբերվում են, ես ակնկալում եմ ժողովրդի հավաքական միասնությունը, որ կարողանանք համազգային պայքարով մեր շահերն առաջ տանել:
-Իսկ իշխանությո՞ւնը:
-Իշխանությունն էլ՝ ժողովրդի հետ: Եթե իշխանության և ժողովրդի միասնություն չլինի, Ղարաբաղի հարցի, Հայ դատի պահանջատիրության ցանկացած դրսևորում մանկան թոթովանք է: Եթե պետությունը չի ամբողջացնում հասարակության գաղափարներն ու պահանջները, դրանք մանկան թոթովանք են մնում՝ կրկնում եմ: Այդ գաղափարները մինչև Հայաստանի անկախությունը աշխարհում ոչ մեկին չեն վախեցրել՝ հայերն են, էլի, եկեղեցիներում, դպրոցներում հավաքվում են, խոսում, գնում տուն: Հայաստանի անկախացումից հետո պահանջատիրությունը դարձավ փաստարկ ու գործոն միջազգային ասպարեզում: Մի քանի օր առաջ ընդամենը Եվրախորհրդարանը Թուրքիայից նորից պահանջեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
-ԼՂՀ-ի հռչակումից հետո Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որ չվտանգի բանակցություններն ու պատերազմի պատրվակ չտա: ԱԽ նիստում ՀՀ նախագահն առաջարկեց ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագիր պատրաստել, հաջորդ օրը դիվանագետներին ասաց, որ ագրեսիան շարունակվի, Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն: Որքանո՞վ է ռեալ՝ ճանաչել ԼՂՀ-ն ու չհարուցել վտանգավոր հետևանքներ Մինսկի խմբի գործունեության ու պատերազմի առումով:
-Փորձագիտական մի կարևոր քննարկման ժամանակ ես առաջարկել եմ հավաքել իրենց մասնագիտական որակներն ապացուցած միջազգայնագետների, քաղաքագետների, պատմաբանների, զինվորականների խումբ և հանձնարարել՝ գտնել տարբերակ, երբ Հայաստանը ճանաչում է ԼՂՀ-ն, և դա չի խանգարում Մինսկի խմբի գործունեությանը, չի որակվում խափանարարություն բանակցություններում: Անցած տասնամյակներում ԼՂՀ-ն չճանաչելու գլխավոր պատճառը Մինսկի խմբի համանախագահներին խաղից հեռացնելու տպավորություն ստեղծելու վտանգն էր: Այսօր, երբ ԼՂՀ բնակչությունը հայտնվել է հերթական ցեղասպանության իրական սպառնալիքի առաջ, երբ մենք խնդիր ունենք պաշտոնականացնել մեր հարաբերությունները ԼՂՀ-ի հետ, պետք է գտնել արդյունավետ տարբերակ: Պետք է կարողանանք ապահովել տարիների անվտանգ զարգացում: Զուգահեռ կարելի է ՄԽ անդամ երկրների, ԵԱՀԿ բոլոր երկրների շրջանակում ակտիվ խորհրդակցություններ անցկացնել՝ բացատրելու, որ ԼՂՀ-ի բնակչության գլխին կախված է ֆիզիկական ոչնչացման վտանգը, այդ պարագայում ընդունելի՞ է, որ Հայաստանը, որպես ԼՂՀ-ի ֆիզիկական գոյության և անվտանգության երաշխավոր, պաշտոնականացնի հարաբերությունները ԼՂՀ-ի հետ՝ ճանաչման միջոցով: Հնարավոր բացասական արձագանքը, որ կարող է առաջացնել ԼՂՀ-ի ճանաչումը, պետք է առավելագույնս նվազեցվի:
-Եթե Հայաստանը ճանաչում է ԼՂՀ-ն, ի՞նչ է անելու հետո:
-ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններին այլընտրանք չկա, ադրբեջանա-թուրքական համագործակցության ներուժն անհամեմատ մեծ է, մեր գերխնդիրը պետք է լինի պահպանել Մինսկի խումբը, որտեղ մեր տեսակետները համահունչ են միջնորդների հետ:
-Հայաստանի կողմից ճանաչմանը այլ պետությունների ճանաչում կհետևի՞:
-Պետք է աշխարհում հեռու ու մոտ երկրներ գտնել, որոնք դա կանեն:
-Մեզ համար ծուղակ չե՞նք լարում: Տասնյակ երկրներ ճանաչել են ցեղասպանությունը, չի ճանաչել ցեղասպան Թուրքիան, ցեղասպանության ճանաչումը չի ավարտվել:
-Դա, իհարկե, կարևոր է, բայց ավելի կարևոր է, որ մենք հնարավորություն գտնենք ԼՂՀ-ն ճանաչելու՝ ռազմական համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագիր ստորագրելու համար: Հնարավոր է, իհարկե, պայմանագիրը ստորագրել, անկախության ճանաչումը առկախել, դա էլ է տարբերակ: Մենք պետք է հմտություններ ու կարողություն ունենանք՝ աշխարհին ցույց տալու, որ ԼՂ ժողովրդի գլխին ֆիզիկական վտանգ է կախված, որը իրավական դաշտում չեզոքացնելու համար Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը:
-Այդ ընթացքում խոսվում էր շփմամ գծում խաղաղապահների տեղակայման մասին: Դա պետք է լինի, ինչպես ՀՀ նախագահն էր ասում, խաղաղության համաձայնագիր կնքելուց հետո՞, թե՞ ընթացքում:
-Ես 90-ականներին աշխատում էի արտգործնախարարությունում, երբ քննարկվում էր այդ հարցը, և շատ լավ հիշում եմ տեխնիկական խնդիրները, որոնք այնքան երկարում ու ձգձգվում էին, որ հիասթափեցնում էին բոլոր մասնակից երկրներին: Եթե ռուս խաղաղապահներ տեղակայվեն, Թուրքիան Ադրբեջանի վրա ճնշում կգործադրի՝ Բաքուն չի համաձայնի, ԱՄՆ-ը և Ֆրանսիան կառարկեն, եվրոպացիներին Իրանը դեմ կլինի՝ անթույլատրելի համարելով իր սահմանների մոտ օտարերկրյա զինուժի կուտակումը: Դա բազմաբարդ, բազմաձև, բազմանշանակ խաղ է, որտեղ բոլորի շահերը բախվում են բոլորին, ուստի ես ձեռնպահ կմնայի այդ թեմայից այս փուլում:
-Շփման գծում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների տեղակայումը հնարավո՞ր է:
-Դա ավելի ռեալ հնարավորություն է:
-Այո, բայց դեմ է Ադրբեջանը, և Ռուսաստանն էլ ոչ կողմ է, ոչ դեմ:
-Եթե մինչև հիմա չի ստացվել, ուրեմն խնդիրներ կան: Հրադադարի պահպանմանը և վստահության ամրապնդմանը, վստահ եմ, որ Մինսկի խմբի բոլոր համանախագահները կողմ են:
-Կա՞ն, թե՞ չկան Լավրովի առաջարկները:
-Ես նման առաջարկի ծանոթ չեմ:
-Էլմար Մամեդյարովը ծանոթ է:
-Հայաստանին պետք է անհանգստացնի, եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ունենան տարաձայնություններ: Եթե ՄԽ համանախագահները միակամ են, տարածաշրջանում մթնոլորտը կառուցողական է, եթե մեզ հետաքրքրող աշխարհի երեք բևեռների ներկայացուցիչները ներքին խնդիր ունեն, նրանց գործունեությունը դադարում է կառուցողական լինել և մեծացնում է ռազմական գործողությունների վերսկսման վտանգը:
-Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո միջազգային կառույցներն ու տարբեր պետություններ հորդորում էին բանակցությունները շարունակել: Ինչպե՞ս: Ի՞նչ պայմաններ պետք է Հայաստանը առաջադրի բանակցություններում:
-Հայաստանը ոչ մի պայման չունի բանակցելու համար:
-Իսկ ԼՂՀ-ի վերադա՞րձը բանակցային սեղան:
-Ամեն ինչ ասված է, նոր ոչինչ հայտնագործելու չկա: Որ առանց ԼՂՀ-ի չի կարող նրա ճակատագիրը վճռվել, պարզ է: Պարզ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունները կարող են արդյունավետ լինել միայն ԼՂՀ-ի մասնակցությամբ, այնքան պարզ է միջորդներին, որ նրանք միշտ ասել են՝ կգա պահ, և Ստեփանակերտը կմասնակցի:
-Հիմա այդ պահը չէ՞:
-Այդ պահը միշտ է՝ նախկինում, հիմա, հետագայում: Ադրբեջանին պետք է բերել բանակցությունների սեղանի շուրջ: Բարդ, բայց լուծվող խնդիր է: Եթե մենք այնքան խելք ու դիվանագիտական հմտություն ունենք, որ չենք հակադրվում միջնորդների տեսակետներին և կառուցողական մասնակցություն ենք ունենում այդ տեսակետների հղկմանը, կարող ենք հասնել դրական լուծման: Եթե Բաքուն չվերադառնա բանակցությունների սեղան, մեր պարտությունը չէ, այլ, միջազգային հանրության:
-Եթե վերադառնում են բանակցությունների և բանակցում են նույն սկզբունքները, որքանո՞վ է ռեալ զինվորների գլուխներն ու ծերերի ականջները կտրելուց, դպրոցականներին սպանելուց հետո Հայաստանը բանակցի տարածքներ հանձնելու վերաբերյալ:
-Այդօրինակ խոսակցությունները ծուղակ են, որոնց հետևանքը բանակցությունները ձախողելն է: Իսկ ի՞նչ եք առաջարկում բանակցվող սկզբունքների փոխարեն: Գլխավոր խնդիրը բանակցությունները վերսկսելն է, որի մեջ որքան Հայաստանը, նույնքան Ադրբեջանը պետք է շահագրգռված լինի:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ