Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Դիվային գիտությո՞ւն, թե՞ դիվանագիտություն

Դիվային գիտությո՞ւն,  թե՞ դիվանագիտություն
19.04.2016 | 00:34

Ապրիլը, փետրվարի նման, փորձում է հայոց համար դառնալ սիմվոլիկ: Չորս թիվն էլ, կարծես, նման իմաստ է սկսում ձեռք բերել` ապրիլի 24, ապրիլյան չորսօրյա պատերազմ: Գուցե իսկապե՞ս նշանային համակարգ կա այս ամենում, այնուհանդերձ, փորձենք հավատալ, որ պատերազմական քառօրյային իսկապես փոխարինելու է գալու դիվանագիտական «քառօրյան», ուստի դիտարկենք ֆոնը, որը կուղեկցի այդ ընթացքին:
Բաց է ամենակարևոր հարցը` կնստի՞ վերջապես երկրորդ անգամ պատերազմում պարտված, պատերազմի հանցագործ (ուրիշ կերպ նրան անվանել հնարավոր չէ` հայ զինվորների և խաղաղ բնակչության նկատմամբ դրսևորած խոշտանգումներից հետո) Ալիևը բանակցային սեղանի շուրջ, թե՞ ևս մեկ անգամ կփորձի «ռևանշի» անցնել, «հաղթել» արցախցուն` արդեն լայնամասշտաբ «պատերազմով»: Պատասխանը կախված է միջազգային հանրության ցուցաբերած կամքից նաև: Կա՞ նման կամք: Կասկածում ենք: Որքան էլ ճիշտ պահն է ստատուս քվոն շարժելու, քանզի անհնար է անվերջ սառեցված կոնֆլիկտը պահել «ռեզերվուարի» մեջ:
Իսկ կասկածում ենք ոչ այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն իր ասելով` չունի հետաքննություն իրականացնողի մանդատ և չի կարող ասել, թե ո՞ր կողմն է, ի վերջո, խախտում հրադադարը… պետք է ձգել պաուզան. ԵԱՀԿ ՄԽ-ի բոլոր անդամներին անխտիր տուն ուղարկելու համար և երբեք-երբեք հույսը չդնել նրանց թղթե շերեփի վրա, որովհետև բացի նրանից, որ երեքն էլ ՄԱԿ-ի ԱԽ անդամներ են և իրենց առաջին պարտականությունը հենց դա իմանալն ու կանխելն էր, մանավանդ որ երեք երկրներն էլ արբանյակային սարքավորումներ ունեն և Իլհամից լավ գիտեն, թե մանաթի, նավթի գների տակ կքած հանցագործն ինչպես էր իր բանակի էլիտար` 7-հազարանոց խումբը մոտեցնում ղարաբաղյան սահմանին, ինչպես էր առաջինը կրակ արձակում, ինչպես էր զբաղվում ծեր մարդկանց խոշտանգումներով, ինչպես էր իր ողջ էլիտար զորամասը «վարի տալով» նահանջում` «մեծ» հաղթանակի, մինչև Ստեփանակերտ հասնելու փոխարեն` անգամ կես գյուղ չգրավելով, բավարարվելով մեկ-երկու դիրքով, դառը դաս ստանալով հայերից, թրքորեն չհասկանալով, որ որքան էլ զենքն ու բանակը լինեն էլիտար, «կռվում են բանակները, հաղթում է Աստված»:
Անցնելով էլ առաջ ու շարունակելով կիսատ մնացած միտքը` ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության մասով, արձանագրենք, որ վերջինս բանակցային սեղանին է դրել Մադրիդյան սկզբունքները (որոնք, ի դեպ, նույնպես ձեռնտու են հայկական կողմին), որոնք, սակայն, կյանքի կոչվելու շատ մեծ դժվարություններ ունեն և նույնքան «իմպոտենտ են», որքան յուր «կարգադրիչ» ու «թղթե» շերեփ ունեցող միջազգային հանրությունը, որի ներկայացուցիչները, եթե ճնշումներ չգործադրեն հանցագործ Ալիևի վրա` բանակցային սեղանին վերադառնալու համար, առ ոչինչ կլինի կոնֆլիկտին առնչվող ցանկացած «հեքիաթ»:
Արժե՞ որևէ բան սպասել միջազգային հանրությունից: Մեծ բան` երբե՛ք: «Ստից»-անհատական բաներ` որքա՜ն ասես: Չմոռանանք. սա այն միջազգայինն է, որի բաց աչքի առաջ նույն ապրիլ ամսին տեղի է ունեցել երկու միլիոն հայի հոշոտում։ Հարյուր տարի է անցել, սակայն համընդհանուր դատապարտման, կատարողի նկատմամբ պատժամիջոցներ միջազգայինի կողմից` չի՛ք, եթե չասենք` հակառակը:
Լավ, բա ի՞նչ է լինելու: Նախ՝ մենք պետք է շարունակենք մեր հույսը դնել մեր Աստծո ու մեզ վրա. ոգին ու բազուկը, որ հաղթել են արդեն երկու անգամ, չեն պարտվի երրորդ անգամ: Ի դեպ, հայկական կողմը, որ իր ջահել-ահելներով կարողացավ մաստեր-կլաս տալ սահմանին, «կաղում-փռշտում» է նույն դիվանագիտական «գետնին» վրա` անհասկանալի, երբեմն ահավոր ռուսական փռշտոցներով, կորչող-գտնվող արտգործնախարարով:
Բոլոր դեպքերում, դեռ սպասենք: Գուցե միջազգային հանրությունը, տեսնելով, որ խնդրում բավականին ակտիվ է Ռուսաստանը, փորձի ինքը ևս խաղի մեջ ներքաշվել, որպեսզի Ռուսաստանը` մի դեպքում Ղարաբաղի հարցը չփորձի լուծել` Ադրբեջանին մեռած կառույց` ԵԱՏՄ տանելով: Մյուս կողմից էլ, եթե չստացվի, ինչպես Մեդվեդևը ասաց` սառեցնի ու սառեցնի այն, որպեսզի երբ հարկ համարի, էլի տաքացնի, «արբիտր» դառնա ու… էլի սառեցնի:
Հետևենք` տեսնենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 788

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ