Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռաբաթից՝ Ստամբուլ

Ռաբաթից՝ Ստամբուլ
19.04.2016 | 00:36

Ապրիլի 14-15-ին Ստամբուլում կայացավ Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ համաժողովը: ԻՀԿ-ն հիմնադրվել է մուսուլմանական պետությունների ղեկավարների Ռաբաթի կոնֆերանսում՝ 1969-ի սեպտեմբերի 25-ին, նպատակը՝ ապահովել իսլամական համերաշխություն սոցիալական, տնտեսական և քաղաքական ասպարեզներում, գաղութատիրության ու նորգաղութատիրության, ռասիզմի դեմ պայքարում և Պաղեստինի ազատագրության կազմակերպությանն աջակցելու մեջ: Դիտորդի կարգավիճակ ունեն Բոսնիան և Հերցեգովինան, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, ՌԴ-ն, Ֆիլիպինների ազգային-ազատագրական Մորոյի ճակատը, ՄԱԿ-ը, Չմիավորվելու շարժումը: ԻՀԿ-ի շտաբ բնակարանը Ջիդայում է (Սաուդյան Արաբիա): ԻՀԿ-ն ամենամեծ պաշտոնական մուսուլմանական միջազգային կազմակերպությունն է, որին անդամակցում են 57 երկրներ՝ 1,5 միլիարդ բնակչությամբ: ԻՀԿ-ի ղեկավար մարմիններն են թագավորների, պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումները, արտգործնախարարների կոնֆերանսները, գլխավոր քարտուղարությունը և օժանդակ մարմինները: 2008-ին Դաքարում ընդունվեց նոր կանոնադրություն: Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը Աստանայում 2011-ին վերանվանվեց Իսլամական համագործակցության կազմակերպության:
Ապրիլի 14-15-ին Ստամբուլում ԻՀԿ-ի սամմիթին մասնակցում էին 56 պետություններ, 24 նախագահներ, 9 վարչապետեր, խորհրդարանների 6 նախագահներ, 12 նախարարներ, 2 փոխնախարարներ, 3 դեսպաններ: Հորդանանի թագավորը և Եգիպտոսի նախագահը հրաժարվել էին սամմիթին մասնակցելուց՝ Թուրքիայի հետ տարաձայնությունների պատճառով: Սամմիթի նշանաբանն էր՝ «Միասնություն և համերաշխություն հանուն արդարության և խաղաղության»: Սամմիթը սկսվեց Ղուրանից այաթների համատեղ ընթերցումով: Նախագահող երկրի՝ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին բարձր գնահատեց ԻՀԿ-ի գործունեությունը՝ մուսուլմանների պաշտպանության առումով, ընդգծելով իսլամական աշխարհում, արաբական երկրներում, Մերձավոր Արևելքում լրջագույն ճգնաժամը, ասաց, որ կոնֆլիկտների, ահաբեկչության հետևում ոչ միայն արտաքին ուժերն են, այլև ներքին դժգոհությունը: Սամեհ Շուքրին կարևորեց իսլամական աշխարհի ուժերի միավորումը Պաղեստինի հարցը, սիրիական ճգնաժամը, իսլամաֆոբիան հաղթահարելու համար:
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը նախագահությունը փոխանցեց Թուրքիայի Հանրապետությանը: Երկու տարով նախագահությունն ընդունած Ռեջեփ Թայիբ Էրդողանը նրա ձեռքը չսեղմեց: Թուրքիան 2 միլիոն դոլար հատկացրեց կազմակերպությանը՝ իբրև նվիրատվություն, և հիշեցրեց, որ կազմակերպության բյուջեն չի ստացել 160 միլիոն դոլար՝ ոչ բոլորն են անդամավճարը մուծել, իսկ առանց այդ գումարների կառույցը չի կարող ակտիվ գործել: ԻՀԿ գլխավոր քարտուղար Իյադ բեն Ամին Մադանին իր ելույթում նաև դատապարտեց «ագրեսոր Հայաստանի շարունակվող զավթողական քաղաքականությունը»: Նա նշեց. «Հայաստանը շարունակում է օկուպացնել Լեռնային Ղարաբաղը: Մենք ուզում ենք կոնֆլիկտի կարգավորումը ՄԱԿ-ի որոշումներով: Անհրաժեշտ ենք համարում Ադրբեջանի միջազգային ասպարեզում ճանաչված սահմանների և ինքնիշխանության վերականգնումը, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատումը»: Մադանին հայտարարեց, որ ԻՀԿ-ն շարունակում է աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում: Ղարաբաղի թեման զարգացրեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն. նա հայտարարեց, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում և շատ կարևոր է կառույցում շփման խումբ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով: Նրան արձագանքեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և պատմեց, որ ապրիլի 2-ին Հայաստանը, կոպտորեն խախտելով հրադադարը, հրետակոծել է ադրբեջանական բանակի դիրքերը և բնակավայրերը շփման գծի երկայնքով: «Հայաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր ապակառուցողական դիրքորոշումը բանակցային գործընթացում: Ադրբեջանական բանակը հակահարձակումով պատասխանեց այդ սադրիչ գործողություններին և կասեցրեց Հայաստանի զինված ուժերի գրոհը»,- զեկուցեց Էլմար Մամեդյարովը:

«Հայաստանն այսօր էլ շարունակում է խախտել հրադադարը և շեղել ուշադրությունը խաղաղության գործընթացի համար կարևոր հարցերից՝ միջազգային հանրությանը ցույց տալով իր իսկական գինը»,- եզրակացրեց նա և խորին շնորհակալություն հայտնեց ԻՀԿ-ին «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության և ադրբեջանական տարածքների օկուպացիան դատապարտելու համար»:
Սամմիթն ընդունեց «Գործողությունների ծրագիր 2025»-ը, Հռչակագրի նախագծում աջակցություն հայտնվեց Սիրիայի քաղաքական կարգավորման գործընթացին՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, կոչ արվեց համաշխարհային հանրությանը աջակցել սիրիացի փախստականներին ընդունած երկրներին՝ ներառյալ Թուրքիան: Աջակցություն հայտնվեց Եմենի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադիին և Եմենի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը ՄԱԿ-ի ԱԽ 2201 բանաձևի հիման վրա: ԻՀԿ-ն հայտարարեց, որ չի խառնվում Լիբիայի ներքին գործերին և արգելեց զենք մատակարարել հակամարտող կողմերին՝ աջակցելով 2015-ին Մարոկկոյում ընդունված որոշմանը, որի արդյունքում ազգային համաձայնության կառավարություն ձևավորվեց Ֆաիզ աս Սարաջի գլխավորությամբ: Հռչակագիրը Հայաստանին կոչ արեց «անհապաղ և ամբողջությամբ դուրս բերել զորքերը ադրբեջանական Լեռնային Ղարաբաղից» (ադրբեջանցիների բարբարոսությունների մասին, բնականաբար, ոչ ոք չհիշեց, առավել ևս՝ չնշեց) աջակցություն հայտնեց «թուրք կիպրոսցիների արդար գործին» և առաջարկեց միջազգային բանակցություններ սկսել Կիպրոսի հյուսիսում իրավիճակի կարգավորման համար:
Սամմիթի Հռչակագրի վերջնական տեքստը չհրապարակվեց՝ Իրանը դեմ էր Թեհրանում ու Մեշխեդում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա շիա հոգևորական Նիմր ան Նիմրի մահապատժից հետո գործված հարձակումների մասին կետի ներառմանը, որ պնդում էր Սաուդյան Արաբիան: Իրանի նախագահը չմասնակցեց սամմիթի փակման արարողությանը՝ իր երկրին քննադատելու պատճառով: ԻՀԿ-ն մեղադրեց Իրանին «ահաբեկչությանն աջակցելու և այլ պետությունների գործերին միջամտելու համար» (Բահրեյնի, Եմենի, Սիրիայի, Սոմալիի), նաև՝ Հըզբոլլահին» աջակցելու համար: Դատապարտեց և ԻՊ-ի գործունեությունը:
Սամմիթը, որ կոչված էր դրսևորել իսլամական աշխարհի միասնությունը, ի հայտ բերեց և հակասությունները: Բարդ հարաբերություններ ունեն Թուրքիան և Եգիպտոսը: Թուրքիան համարում է, որ Եգիպտոսի նախագահը իշխանության է եկել ռազմական հեղաշրջումով՝ տապալելով համաժողովրդական ընտրություններում հաղթած «Մուսուլման եղբայրներին» և նախագահ Մուհամեդ Մուրսիին: Խորքային հակասություններ են ԻՀԿ-ի երկրներին բաժանում Իրանից, որտեղ իր դերն ունի կրոնական գործոնը: Բայց ոչինչ չխանգարեց Ռոհանիին հանդիպել Էրդողանին և խոստանալ, որ Իրանը կապահովի Թուրքիայի գազի պահանջարկը: Շիական Իրանը մշտական դիմակայության մեջ է սուննի Սաուդյան Արաբիայի հետ:
Սամմիթում իսլամական աշխարհի ղեկավարի հավակնությունները ներկայացրեց Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Թուրքիան շահագրգռված է Սիրիայի հարցի լուծումով՝ Բաշար Ասադի իշխանազրկմամբ և Թուրքիայի նկատմամբ չեզոք իշխանության հաստատմամբ, որը թույլ կտա Արաբական թերակղզու նավթն ու գազը Սիրիայի ու Թուրքիայի միջով Եվրոպա հասցնել:
Էրդողանը հայտարարեց, որ երկրագնդի բնակչության մեկ քառորդը կազմող իսլամական աշխարհը ՄԱԿ-ի ԱԽ-ում հինգ մշտական անդամ պիտի ունենա: Նա կոչ արեց մուսուլմանական երկրներին համատեղ պայքար սկսել ահաբեկչության դեմ, ԻՀԿ-ի հովանու ներքո ստեղծել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի միջպետական կառույց և իրավապահ մարմինների աշխատանքը համակարգող կենտրոն՝ «իսլամական Ինտերպոլ»: Էրդողանը առաջարկեց պաշտպանել Ղրիմի մուսուլմաններին՝ Կիպրոսի, Բալկանների, Հարավ-Արևելյան Ասիայի ու Աֆրիկայի մուսուլմանների հետ: Նա իսլամական հանրությանը կոչ արեց չլռել Ղրիմի անեքսիայի առաջ: Սամմիթի փակման արարողությանը նա առանձնապես պերճախոս էր և տրտնջաց, որ իսլամական երկրները, որ «ժառանգորդն են մի քաղաքակրթության, որի հիմքում խաղաղությունն ու արդարությունն են, հիմա զուգորդվում է պատերազմների, զինված կոնֆլիկտների ու կրոնական թշնամության, ահաբեկչության հետ»: Ճիշտ է՝ չասաց, թե Թուրքիան կերպարանափոխության մեջ ինչ դեր ունի, պարզապես հայտարարեց, որ իբրև մուսուլմաններ կարող են միասնական դառնալ՝ հակառակ տարբերությունների:
Հրավիրյալի կարգավիճակով սամմիթին մասնակցեց քրիստոնյա Բելառուսի նախագահը: Լուկաշենկոն առանձնազրույց ունեցավ Էրդողանի ու Նազարբաևի հետ: Նա հայտարարեց, որ սամմիթի թեմատիկան համահունչ է Բելառուսի արտաքին քաղաքականությանը, ասաց, որ ներկայացնում է մի երկիր, որտեղ դարերով ապրել են քրիստոնյաներ ու մուսուլմաններ, հուդայականներ, ու յուրաքանչյուրն ունեցել է իր ճանապարհը դեպի տաճար, տեղեկացրեց, որ Մինսկում վիթխարի մզկիթ է կառուցում, որ իսլամական աշխարհի հետ կապերն ամրապնդելը խորապես գիտակցված ընտրություն է, որ Բելառուսը կիսում է ԻՀԿ-ի ունիվերսալ սկզբունքները՝ չմիջամտել սուվերեն պետությունների ներքին գործերին, հարգել տարածքային ամբողջականությունը, դեմ է ուժի գործադրմանը, կողմ է կոնֆլիկտների խաղաղ կարգավորմանը, թվարկեց իսլամական աշխարհի հետ շփման բազում կետերը, առաջարկեց համակարգային համագործակցություն, «ինտեգրացիայի ինտեգրացիա»: Ասաց, որ բազմավեկտոր աշխարհ առանց մուսուլմանների կառուցել անհնար է, որ իսլամական աշխարհը կարող է դառնալ կայունության ու անվտանգության, մոլորակում առաջընթացի հենարան: Հաշվի առնելով տեսակետների նույնությունը՝ առաջարկեց ԻՀԿ-ում Բելառուսին դիտորդի կարգավիճակ տալ, որը փոխշահավետ համագործակցությունը կզարգացներ՝ Բելառուսը միշտ հուսալի ու կանխատեսելի գործընկեր է: Փորձագետները գնահատեցին ելույթը իբրև թուրքական շուկայում Ռուսաստանին փոխարինելու հայտ, ռեցեսիայի մեջ գտնվող տնտեսությունը փրկելու փորձ՝ սոցիալ-տնտեսական ցուցանիշներն ու կենսամակարդակը ընկնում են, փող չկա, սպառման շուկա չկա, Լուկաշենկոյին օդի պես պետք են ներդրումներ, Ռուսաստանից այլևս պոկելու ոչինչ չկա, և Բատկան հիշել է «մուսուլմանական անցյալը»: Սամմիթին մասնակցում էր ՌԴ ներկայացուցիչը՝ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Կոնստանտին Շուվալովը, հայտնի չէ` նա ինչ արձագանք է տվել Լուկաշենկոյի ու հատկապես Էրդողանի հակառուսական ելույթներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Ինչո՞ւ Մուհամեդ մարգարեի ժառանգները ստեղծել են Իսլամական համագործակցության կազմակերպություն, քրիստոնյաների մտքով 2016 տարի չի անցել կրոնական կառույց ստեղծել ու պայքարել հանուն քրիստոնեական աշխարհի միասնականության: Փոխարենը՝ պատրաստ են մուսուլմաններին ընդունել իրենց բոլոր կառույցներում՝ նավթն ու գա՞զն են պատճառը: Մուհամեդ մարգարեն գիտեր՝ որտեղ իր ժառանգներին բնակեցներ, որ չկորչեին դարերի մեջ: Ստամբուլի սամմիթը Իլհամ Ալիևը փորձեց դարձնել Եվրախորհրդարանի պատասխան, բայց՝ չստացվեց: Թուրք-ադրբեջանական «շփման խումբը» Լեռնային Ղարաբաղի հարցով չմիավորեց նույնիսկ Ղազախստանին և երկու տարվա կյանք կունենա, քանի դեռ ԻՀԿ-ում նախագահում է Անկարան, հետո կհանձնվի արխիվ: Ձեզ չի՞ թվում, որ Նազարբաևն ու Լուկաշենկոն սկսել են քանդել ԵԱՏՄ-ն: Ինչո՞ւ Հայաստանը, բազում կապեր ունենալով մուսուլմանական աշխարհի հետ, չի փորձել դիտորդի կարգավիճակ ստանալ ԻՀԿ-ում, որ կպաշտպաներ Բաքու-Անկարա տանդեմի ոտնձգություններից: Իսլամական աշխարհը բազում հակասություններ ունի, որոնք խաղարկելը հնարավոր է և քրիստոնեավայել:

Դիտվել է՝ 1618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ