Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
19.04.2016 | 09:51

(սկիզբը` այստեղ)

1996 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի անդամ եմ՝ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ կուսակցության կողմից: Մեր տեղամասում ընտրություններն անցան առանց արտառոց դեպքերի, առանց լարվածության ու Վազգեն Մանուկյանի հաղթանակով՝ 64 տոկոս արդյունքով: Այդ ժամանակ ընտրաթերթիկների վրա պարտադիր կարգով դրվում էին հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրությունները: Ես ստորագրեցի մի անսովոր օրանժ գույնի գրիչով, որը և բացառեց կեղծ ընտրաթերթիկների հայտնվելու հնարավորությունը, ձայների հաշվարկի ժամանակ հեռվից անգամ երևում էր իմ գունավոր ստորագրությունը: Հետագա ընտրությունների ժամանակ ինձ այլևս չհաջողվեց, ավելի շուտ թույլ չտվեցին այդ աշխատող հնարքն օգտագործել՝ ընտրակեղծիքները նվազեցնելու նպատակով: Այստեղից եկա մի պարզ մտահանգման. նախորդ ընտրությունների փորձը, ընտրակեղծիքները բացառող բոլոր նորամուծությունները հետևողականորեն ուսումնասիրվում են ԿԸՀ-ի կողմից ու հաշվի են առնվում անընդհատ թարմացվող ընտրական օրենսգրքերի մեջ, որպեսզի հետագայում կարողանան դրանց դեմն առնել օրինական ճանապարհներով:
1996 թվականի նախագահական ընտրություններում Վազգեն Մանուկյանը տպավորիչ հաղթանակ տարավ ազատ ու արդար ընտրություններում: Ընտրակեղծիքների դեմ պայքարողների մեջ շատ էին ազատամարտիկները, որոնք հավատում ու խոր հարգանքով էին լցված Վազգեն Մանուկյանի անձի նկատմամբ: Մեր ընտրատեղամասը միակը չէր, որտեղ նրա օգտին գրանցվել էր 60 տոկոսից բարձր արդյունք: Ընտրության արձանագրությունները ձեռքիս գնացի Ազատության հրապարակ, որտեղ կամաց-կամաց հավաքվում էին Վազգեն Մանուկյանի՝ Հայաստանի տարբեր վայրերից եկած կողմնակիցները: Համադրելով ընտրատեղամասերից բերված արձանագրությունները՝ համոզվեցինք, որ Վազգեն Մանուկյանը հաղթում է, բայց... ընտրությունը՝ ընտրություն, սակայն վերջնական ընտրությունը կատարեցին գործող իշխանությունները՝ կեղծ թվեր հրապարակելով ու ցուցադրելով իրենց լկտիությունը՝ թքած ունենալով Հայաստանի ընտրողների կամքի ազատ արտահայտության ու ընդհանրապես հայ ժողովրդի վրա, այն ժողովրդի վրա, որը դրանից 20 տարի անց, ապրիլի 2-ին իրական ազգային միասնություն ցուցաբերեց ու կամավոր նետվեց դեպի Ղարաբաղ, դեպի մահ՝ հանուն հայրենիքի: Սա է բարոյական բարձր հատկանիշներով օժտված մեր հայ ժողովրդի իրական դեմքը, կերպարն ու բուն էությունը, որը մեր չինովնիկներն այդպես էլ չկարողացան տեսնել ու հասկանալ՝ ամեն անգամ փորձելով խեղաթյուրել ընտրությունների արդյունքները, ակտիվորեն կիրառելով ընտրակաշառքների անբարոյական հնարքը:
Շատերի նման ես ևս պատրաստ էի գնալու Ղարաբաղ՝ կռվելու, բայց անհանգիստ էի: Ի՞նչ կլինի, եթե, Աստված մի արասցե, հանրապետական կուսակցությունը սովորականի նման փորձի նախաձեռնություն ցուցաբերել ու հայրենասիրական, համախմբման կոչեր անել՝ փորձելով օգտագործել առիթն ու իր ղեկավար դերը ցուցադրել սեփական կամքով կենաց-մահու կռվի ելած հայ ժողովրդի նկատմամբ: Չեմ բացառում, Ալիևը նման հաշվարկներ արած կլիներ, որ անսպասելի հուժկու հարվածի տակ հայերիս մեջ խուճապ կառաջանա, սոցիալական անարդարություններից, ընտրակեղծիքներից ու չինովնիկներից դժգոհ ու հոգնած հայաստանցիներիս մեջ խռովություն կբարձրանա ու, այդ դեպքում, Ղարաբաղում ինքը կարող է հաջողություն ակնկալել: Դա միայն դոլարներով ու ստամոքսով ապրող մարդու տրամաբանություն է, որը հեռու է սոցիալական հոգեբանության էլեմենտար գիտելիքներից: Հայերը ստամոքսով չեն ապրում ու մտածում, հայերը մտածում են հոգով ու գլխով ու ընդամենը չորս օրում ցույց տվեցին, թե ինչի են ունակ: Ողջ աշխարհը տեսավ ու ընդունեց մեր ազգի Աստվածատուր ոգին: Ապրիլի 12-ին այդ մասին էր խոսում Եվրախորհրդի պատգամավորների բացարձակ մեծամասնությունը: Քսանհինգ տարի շարունակ մեր ժողովուրդը նույն ձևով է մտածում նաև սեփական իշխանությունների ու նրանց վարած ներքին քաղաքականության մասին. չստացվի այնպես, որ իշխանությունների դեմ ուղղված ժողովրդի արդարացի պայքարը հանկարծ վնասի Ղարաբաղին, մարդիկ իրենց ատամները սեղմելով համբերում են, համբերում ու հանդուրժում են: Հնարավոր է՝ այս ամենը հասկանում են նաև հանրապետականները ու ճիշտ վարվեցին, որ համբերությամբ սպասեցին մինչև պատերազմի կուլմինացիայի ավարտը:
Ապրիլի 11-ին նախագահ Սերժ Սարգսյանը անսպասելի թույլ քայլ կատարեց ու գնաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տուն: Հանդիպման մանրամասները առայժմ գաղտնի են պահվում մեր հասարակությունից, բայց, դատելով Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունից, կարելի է ենթադրել, որ նախագահ Սերժ Սարգսյանը նրա միջոցով էր ցանկանում այս վճռորոշ պահին դիմել սեփական ժողովրդին: «Հայաստանի իշխանությունները շատ սխալներ են գործել հայ ժողովրդի նկատմամբ, բայց այսօր դա հիշելու ժամանակը չէ, պետք է սատար կանգնել մեր իշխանություններին՝ Ղարաբաղի շուրջ տարվող բանակցություններում հաջողության հասնելու համար»,- ասվում է ԼՏՊ-ի հայտարարության մեջ: Այս գաղափարը ես լիովին պաշտպանում եմ, բայց այդ խնդրանքը ժողովրդին ավելի հասկանալի ու ընդունելի կլիներ, եթե այն լսեր իր նախագահի շուրթերից: Հայաստանի բոլոր խնդիրները սկսվեցին հենց Լևոն Տեր-Պետրոսյանից, ճիշտ կլիներ, որ այստեղ նա լռեր, հիշեր ու իր հաջորդ երկու նախագահներին հիշեցներ ռուսական հայտնի ասացվածքը. не плюй в колодец, пригодится воды напиться: Ժողովուրդն արդեն համախմբված էր ինքնաբուխ՝ առանց վերևներից իջեցրած կոչերի: Առանց Ձեր կոչերի էլ, հարգելի առաջին նախագահ, հայ ժողովուրդը սատար է կանգնել իր նախագահին ու Ղարաբաղին: Հայաստանի նախագահը, անկախ ամեն ինչից, արդեն ստացել է հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը՝ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի միջնորդության: Հենց ԼՏՊ-ին եմ ես մեղավոր համարում Հայաստանի ռազմական արդյունաբերության ոչնչացման համար: Այսօր մենք շատ երիտասարդ զոհեր տվեցինք միայն այն բանի համար, որ թշնամին զինված էր ավելի արդիական իսրայելական անօդաչու թռչող սարքերով: Ես կարող եմ հիշատակել Խորհրդային Հայաստանի տասնյակ գործարաններ, որտեղ մենք կարող էինք արտադրել ավելի լավ զինատեսակներ ու թշնամու զենքի վրա ազդելու միջոցներ, բայց դա չունենք: Ասեմ ավելին, ԼՏՊ-ից թաքուն մենք նախաձեռնել ու ստեղծել ենք ավելի հզոր միջոցներ մեր բանակի համար, ներկայացրել ենք մեր նախագահ Սերժ Սարգսյանին, որը սակայն առաջ չգնաց մեր չինովնիկության մեղքով: Ղարաբաղում զոհված մեր երիտասարդների արյունը հայ չինովնիկների ճակատին է, որ հատուկ կարգադրությամբ արգելափակեցին Աբովյանի դպրոցին կից մեր արևային պոլիգոնի աշխատանքները: Ղարաբաղում զոհված մեր երիտասարդների արյունը Վարդան Այվազյանի ճակատին է, որը 8 տարի շարունակ ԱԺ-ի ուշադրությունից հեռու է պահում ու չի կատարում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությունը՝ պետական կարևորության մեր ծրագրերը հանձնաժողովում քննարկելու ու համապատասխան որոշում ընդունելու վերաբերյալ: ԼՏՊ-ի տան փոխարեն, ես մեր նախագահին իմ տուն եմ հրավիրում, թող գա ու տեսնի, թե ինչ պայմաններում են ապրում ու աշխատում մեր հայ գիտնականները, ինչպես են նրանք կարողանում կարևոր գործեր ստեղծել մեր երկրի տնտեսական ու ռազմական անվտանգության համար: Ինչո՞ւ մեր բանակում տեղ չգտան Սամվել Գևորգյանի մշակած սենսորները, որոնք շատ հեռվից կարող են հայտնաբերել մարդու ու զինտեխնիկայի տեղաշարժերը: Եթե ներդրված լինեին Սամվելի գործերը, ապա չէր լինի անսպասելի հարձակման գործոնը, որի պատճառ մենք մեծ թվով երիտասարդ կյանքեր կորցրինք: Հարգելի Սերժ Ազատի, ես բարձր եմ գնահատում Ձեր վարած արտաքին կոմպլեմենտար քաղաքականությունը, համոզված եմ, որ այդտեղ մենք նկատելի հաջողություններ ունենք, աշխարհն է դա տեսնում: Կրկնեմ ևս մեկ անգամ. աշխարհաքաղաքական խաղերում Հայաստանը ստացել է անցունակ զինվորի կարգավիճակ, Հայաստանը այլևս ԼՏՊ-ի ժամանակների «պեշկան» չէ: Ճիշտ է, պետք է լավ հարաբերություններ ունենալ ու հենվել Ռուսաստանի և Ամերիկա-Եվրոպայի վրա, բայց կայունության ու հարատևման համար երկու հենման կետերը բավարար չեն, պետք է հենվել նաև երրորդ ու ամենակարևոր կետի վրա, որը մարմնավորում է հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում ու սփյուռքում: Ժողովրդի հետ կապը պետք է լինի չմիջնորդավորված, անմիջական՝ առանց ժողովրդի վստահությունը չվայելող նախկին նախագահների ու հանրապետական կուսակցության:
Ապրիլյան այս լարված օրերին մի հետաքրքիր դիտարկում արեցի. համեմատեցի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների պահվածքը: Մեր նախագահը անընդհատ շարժման մեջ էր, մտահոգ ու ինքնամփոփ, սգի մեջ էր, Հայաստանի առաջին տիկինն անընդհատ այցելում է մեր վիրավոր զինվորներին: Ադրբեջանի նախագահը կարծես յոթերորդ երկնքում լիներ, կարծես իր զինվորների մահը իր համար կոպեկ չարժեր, Բաքվում Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ նրանք սկզբում միմյանց ժպտացին, հետո սկսեցին երկուսով հռհռալ և ուրիշ խոսք չեմ կարող գտնել, խրխնջալ ձիու նման: Այդ ի՞նչ էին նրանք հիշել, ի՞նչ հանցավոր գործարքներ էին կնքել ու մազապուրծ եղել, չգիտեմ: Ամեն դեպքում Ալիևը կարող էր իրեն զուսպ պահել՝ հիշելով մարտադաշտում թողած, ամեն դեպքում, իր զինվորների ստվար բանակը: Միգուցե զոհվածները թալիշներ կամ լեզգիներ էին, որոնք չէին ցանկացել կռվել Ալիևի համար, ու նրանց մահը այդքան ոգեշնչել էր նրան, միգուցե: Անսահման ցավելով մեր զոհված երիտասարդների կորուստը, մենք պետք է դասեր քաղենք, ուղղենք մեր բոլոր սխալներն ու միասին առաջ շարժվենք: Պետք է առաջին հերթին պետականաշինության ու բանակաշինության մեջ ընդգրկել մեր օլիգարխիկ կապիտալն ու մեր գիտական-ինժեներական-բանվորական ներուժը: Մեր օլիգարխները չեն կարող այդքան անհեռատես ու կոսմոպոլիտ լինել: Մեր երկրի հրատապ խնդիրների նկատմամբ պետք է շատ ուշադիր ու հասնող լինեն: Ես այստեղ ստիպված եմ շեղվել բուն թեմայից ու պատմել, թե ինչպես փոքրիկ Լին հաղթեց վիշապին: Չինական գյուղի մոտ մի հրեշ էր հայտնվել, որը կտրել էր գյուղի ջուրը, բերքը չորանում էր, գյուղացիները սովի էին մատնվելու ու մեռնելու էին, ի՞նչ անել: Ամեն օր գյուղացիները մի զինվոր էին ուղարկում՝ հրեշին սպանելու համար: Զինվորները գնում էին կռվելու ու հետ չէին վերադառնում: Հրեշը շարունակում էր ջուրը կտրած պահել: Գյուղում այլևս զինվոր չէր մնացել, հերթը հասավ 12-ամյա մի տղայի՝ Լի անունով: Լին գնաց, հաղթեց հրեշին, մտավ նրա տարածքն ու ի՞նչ... ապարանքներ, ապարանքներ, ամենուր ապարանքներ, աննկարագրելի հարստություններ, ոսկու ու ադամանդի հսկայական կույտեր տեսավ այնտեղ: Լին ձեռքերը մտցրեց ոսկու մի կույտի մեջ ու տեսավ, որ իր ձեռքերը հրեշի ձեռքեր դարձան: Լին արագորեն հետ քաշեց ձեռքերն ու գյուղ վերադարձավ, նա հաղթել էր հրեշին: Բոլոր նախորդ զինվորները ևս սպանել էին հրեշին, բայց իրենց ագահությունից դրդված նույն հրեշներն էին դարձել և իրենց նախկին համագյուղացիների ջուրը կտրած էին պահել: Լին հրեշ չդարձավ, նա չէր հասցրել ագահ դառնալ, նա երիտասարդ ու ազնիվ էր մնացել:
Այսօր արդեն ես եմ ստիպված դիմել Լևոն Տեր-Պետրոսյանին ու մեր հաջորդ նախագահներին՝ ժամանակին դուք եղել եք հայրենիքի իսկական զինվորներ, շատ բան եք արել Հայաստանի ու Արցախի համար, բայց ժողովրդի աչքում դուք այսօր հրեշի կերպարանք եք ստացել, ցույց տվեք, որ այդպես չէ, ձեր ուժերի ներածի չափով ներդրումներ կատարեք հայոց բանակը ժամանակակից զենքերով զինելու և ավելի հզորացնելու համար, մի քիչ էլ մտածեք Հայաստանում ու Արցախում ժամանակակից արդյունաբերություն կազմակերպելու մասին: Ձեր օրինակին անմիջապես կհետևեն Հայաստանի ու սփյուռքի հայ մեծահարուստներ: Համոզված եմ, որ նրանց կմիանան նաև ոչ հայ մեծահարուստները, որովհետև առաջադեմ աշխարհի համար Հայաստանը և հայ ժողովուրդը դարձել են մարդկային գթասրտության ու հավատքի չխորտակվող կղզյակներ: Հարգելի օլիգարխներ, հիշեք, թե ինչի տեր էիք դուք մինչև սովետի քանդվելը ու ինչի՞ տեր եք դարձել այսօր: Ինչո՞ւ մեր տանկերը պետք է լինեն 80-ական թվականների արտադրության, երբ ձեր զավակների ջիպերը դեռ չեն իջել հոսքագծերից:

1998 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ
Հանձնաժողովի անդամ եմ Երևանի ընտրատեղամասերից մեկում՝ դարձյալ Վազգեն Մանուկյանի կողմից: Թեկնածուների թիվը տասներկուս է՝ Կարեն Դեմիրճյան, Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Մանուկյան և ուրիշներ, անգամ Աշոտ Բլեյան: Տասներկու թիվը ինձ շատ հետաքրքրեց, ուղիղ մեկ դյուժին, ինչո՞ւ այդքան շատ: Քրիստոսն ուներ 12 առաքյալ, լինում է տասներկու աթոռ, 12 անդամ ունենալը համարվում է կառավարման օպտիմալ համակարգ, հետաքրքիր է, թե այս դեպքում ի՞նչ օպտիմում է նախատեսվում: Իհարկե՛, նախագահական ընտրությունները շատ լավ առիթ են Հայաստանի հասարակության բերանի գոլն իմանալու, նրա տրամադրությունը շոշափելու համար... հավանաբար Մոսկվա-Կրեմլի համար դա կարևոր է: Ցանկացած մաստի, ճանաչված ու ոչ այնքան ճանաչված գործիչները մեկտեղվել էին ու պետք է որոշեին, թե հայ ժողովուրդն ինչ է մտածում, ինչպես է մտածում: Այս ինֆորմացիան շատ կարևոր էր Գորբաչովի «перестройка»-ի ընթացքը տեղերում պարզելու գուցե և ուղղելու ու ճշտելու համար: Նման միտք իմ մեջ ծագեց այն բանից հետո, երբ, հանկարծ, ընտրությունների նախաշեմին նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանը մեկնեց Բաքու՝ հաշտություն խնդրելու համար: Իհարկե, Աշոտ Բլեյանը բավականին հասուն գործիչ էր, որ չհասկանար՝ Բաքվից հետո նա ընդհանրապես ձայն չի հավաքելու: Այդպես էլ ստացվեց, տպավորությունն այնպիսին էր, որ Բլեյանն էլ էր իր դեմ քվեարկել: Ընտրությունների ժամանակ ինձ բաժին հասավ լրացուցիչ ցուցակների գործը: Ողջ օրը նստած գրանցում էի ընտրացուցակներից դուրս մնացած ընտրողների անունները, այնպիսի մի հերթ էր գոյացել, որի վերջը չէր երևում: Լավ, մտածում էի, ի՞նչ հույսերով են այս խեղճ մարդիկ 2-3 ժամ հերթ կանգնում, սպասում, որ Դեմիրճյանը կգա ու իրենց կյանքը կկանոնավորի, գոնե, նախկին մակարդակի կհասցնի, ի՞նչ անուն դնես նրանց, ովքեր կեղծեցին նաև այդ ընտրությունները, հուսախաբ արեցին թշվառության դուռը հասած մեր քաղաքացիներին: Ընտրակեղծիքներ եղան, բայց թե կոնկրետ ի՞նչ ու ինչպե՞ս դա կատարվեց, ես չիմացա, Դեմիրճյանն ու Քոչարյանն անցան 2-րդ փուլ:

1998 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ
Այս փուլում փորձեցի հետազոտել ու պարզել ընտրակեղծիքների մեխանիզմը, հրաժարվեցի լրացուցիչ ընտրացուցակները լրացնելու հանձնարարությունից և անցա պասիվ դիտորդի ռեժիմի: Ահա և տեսնում եմ ընտրության առաջին զեղծարարին ու իր արածը: Դա հանձնաժողովի նախագահ Սարգսի տեղակալն էր, որի պարտականությունն էր նստել ընտրատուփերի առաջ, բացել-փակել փոքր (կտրոնների համար նախատեսված) ու մեծ (ընտրաթերթիկների համար նախատեսված) ընտրատուփերի դռնակները: Մի քանի ընտրողից հետո նա ձախ ծոցագրպանից հանում էր ընտրաթերթիկն ու գցում էր մեծ արկղի մեջ, հետո աջ ծոցագրպանից հանում էր կտրոնն ու գցում էր փոքր արկղի մեջ, 10 հատ, հետո գնում էր ներսի սենյակը, վերադառնում էր նոր կոմպլեկտով ու այսպես շարունակ: Մի անգամ էլ նկատեցի, որ մի զույգի տվեցին երկուական ընտրաթերթիկներ: Սպասեցի մինչև նրանք կատարեցին իրենց ընտրությունն ու հասան ընտրատուփերին: Տեղիցս վեր թռա ու նրանց առաջը կտրելով թույլ չտվեցի, որ ընտրաթերթիկները գցեն ընտրատուփերի մեջ, սկսվեց հրմշտոցը, հետո Սարգիսը արագ ժողով հավաքեց, որոշեցին, որ ես խանգարում եմ ընտրությունների բնականոն ընթացքն ու ինձ պետք է հեռացնել ընտրատեղամասից: Սարգիսը այսպես էլ ներկայացրեց միջադեպը Հ-1 լրատվությանը. ցավոք, ընտրահանձնաժողովի մեջ էլ կան առանձին մարդիկ, ովքեր խանգարում են ընտրությունների բնականոն ընթացքին: Ընտրական հանձնաժողովի անդամությունից ինձ չհեռացրին, դա մեծ խախտում կլիներ: Ընտրատեղամասը փակվելուց տասը րոպե առաջ ականատես եղա այսպիսի մի տեսարանի. սպորտային կազմվածքով մի քանի տղաներ ներս մտան ընտրատեղամաս, շրջապատեցին ընտրատուփերն ու սկսեցին լցոնումներ կատարել: Սարգիսը, Հունան Ավետիսյանի նման, թռավ ու իր մարմնով փակեց մեծ տուփը, սկսվեց հրմշտոցը, որն ավարտվեց ոստիկանների միջամտությամբ: Հետագայում անցանք ձայների հաշվարկին: Հեռվից հետևում էի, թե այստեղ ինչ է լինելու: Սարգիսը մեկ առ մեկ հանում է ընտրաթերթիկներն ու հայտարարում. Դեմիրճյան, Քոչարյան, Դեմիրճյան Դեմիրճյան, Քոչարյան և այսպես շարունակ: ՈՒշադրությունս գրավեց այն հանգամանքը, որ Սարգիսն անընդհատ ձեռքը դնում և ուժով սեղմում էր Դեմիրճյանի ընտրաթերթիկները: Ամեն ինչ հասկանալի էր. Քոչարյանի համեստ բյուլետենների համեմատ Դեմիրճյանինը այնքան շատ էին, որ հեռվից էլ պարզորոշ երևում էր Դեմիրճյանի բացարձակ առավելությունը, ընտրաթերթիկներից թղթային իսկական դիագրամ էր ձևավորվել: Սարգիսը այդ ճմրթված թղթերը սեղմելով փորձում էր տեսանելի չդարձնել Դեմիրճյանի բացահայտ առավելությունը: Մի պահ ընտրատեղամաս մտավ մի երիտասարդ (ձայների հաշվարկի ժամանակ դա արգելված էր օրենքով), զրուցեց Սարգսի հետ, շրջվեց ու գնաց: Նկատեցի, որ շրջվելու պահին Սարգիսը ծոցագրպանից հանեց ընտրաթերթիկների մի ստվար տրցակ ու դրեց երիտասարդի ծոցագրպանը: Հետագայում Սարգիսը հանձնաժողովի անդամներին դիմեց մի շատ օրիգինալ առաջարկով.
-Եկեք Դեմիրճյանից 200 ձայն վերցնենք ու դնենք Քոչարյանի ձայների վրա, դա արդարացի կլինի, որովհետև լցոնումները Դեմիրճյանի օգտին են արվել, քանի որ լցոնողները վերջում ասացին՝ Դեմիրճյանի ցավը տանեմ:
Աղաղակող կեղծիքի «գաղափարն» արժանացավ հանձնաժողովի բոլոր անդամների հավանությանը: Իմ բողոքը չանցավ, տեղամասում մնալն էլ անիմաստ էր: Հանձնաժողովի անդամները, բացի ինձնից ու Դեմիրճյանի վստահված մեկ անձից, աշխատում էին Քոչարյանի օգտին: Դուրս եկա ընտրատեղամասից ու գնացի Դեմիրճյանի ընտրական շտաբ, հանդիպեցի շտաբի պետ Է. Մանուկյանի հետ, պատմեցի ընտրախախտումների մասին: Նա անտարբերությամբ լսեց ինձ ու ասաց, որ ամեն տեղ նույն բանն է կատարվում, ի՞նչ կարող ենք անել: ՈՒ վերջ: Ռոբերտ Քոչարյանը ճանաչվեց ընտրությունների հաղթող, իմ կոպիտ հաշվարկներով՝ մեր ընտրատեղամասում հավաքելով ձայների ընդամենը քսան տոկոսը:

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ եմ՝ դարձյալ Վազգեն Մանուկյանի կողմից: Թեկնածուների թվում էին Ռոբերտ Քոչարյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը: Համաձայն ընտրական օրենսգրքի, ընտրություններից առաջ պարտադիր կարգով պետք է անցկացվեն հանձնաժողովի նիստեր, որոնց ընթացքում տեղի են ունենում հանձնաժողովի նախագահի ու տեղակալի ընտրությունները, աշխատանքի բաժանում և այլն: Նիստերին մասնակցելը պարտադիր է բոլոր անդամների համար: Երկու բացակայությունը բավարար է, որպեսզի ժողովի որոշմամբ ընտրական հանձնաժողովի անդամները հեռացվեն հանձնաժողովի կազմից: Մեր տեղամասում հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը: Հանձնաժողովի նախագահի ընտրությունը ուներ մեքենայությունների իր մեխանիզմը, բայց դա թողնենք: Իմ մասին նախագահը լսել էր ու ցանկացած գնով փորձում էր հեռացնել հանձնաժողովից, ինչպե՞ս: Մեխանիզմը շատ պարզ է, որն արժե հաշվի առնել ընտրական նոր օրենսգրքում: Առաջին նիստից հետո Արթուր Մկրտչյանը հայտարարեց, որ հաջորդ նիստը կայանալու է այսինչ օրը, ժամը 15:00-ին, խնդրում եմ չուշանալ, բացակայողներին հեռացնելու ենք: Նշված օրը գալիս եմ ընտրատեղամաս, մարդ չկա:
-Ո՞Ւր են,- հարցնում եմ դպրոցի պահակին:
-Ժամը 10:00-ին եկել, իրենց ժողովն արել ու գնացել են:
Ամեն ինչ պարզ է. հանձնաժողովի նախագահի ու անդամների ապակողմնորոշող քայլի պատճառով ես մեկ բացակա ևս ստացա: Հաջորդ նիստում հարց բարձրացավ, որ ինձ պետք է հեռացնել հանձնաժողովից՝ անհարգելի բացակայության պատճառով, հարցը բարձրացավ, բայց չհեռացրին, վախեցան: Անցանկալի մարդկանցից ազատվելու համար դա շատ հարմար տեխնոլոգիա էր, որը ամրագրված էր Ընտրական օրենսգրքում: Դա իր հերթին: Ընտրությունների օրը տեղամասում ամեն ինչ հարթ էր ընթանում, համենայն դեպս ես խախտումներ չնկատեցի: Խախտումները պարզվեցին քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ: Արթուր Մկրտչյանը ընտրատուփից հերթով հանում էր քվեաթերթիկներն ու հայտարարում Դեմիրճյան, Գեղամյան, Քոչարյան: Մտքումս հաշվում էի մինչև Դեմիրճյանի ձայները կհասնեն 10-ի, Գեղամյանի ձայները հասնում էին 6-7-ի, Քոչարյանինը՝ 4-5-ի, Մանուկյանինը՝ 0 կամ 1-ի: Ինձ շատ զարմացրեց Քոչարյանի անվավեր ճանաչված ձայների խնդիրը: Հայտարարվում է. Քոչարյան՝ անվավեր:
-Ինչո՞ւ,- ամեն անգամ հետաքրքրվում եմ ես:
-Նշումը կենտրոնում չի արված, նշումը թարս է արված, նշումը փոքրիկ է, նշումը մեծիկ է, նշումը գեղեցիկ չէ, նշումը կանաչ թանաքով է և այլն:
Բացարձակ անհիմն պատճառներով Քոչարյանի ձայներից մոտ 20-ը անվավեր ճանաչվեցին ու հանվեցին: Իմ պրակտիկայում դա ամենաանհասկանալի նորությունն էր, արևելյան խորամանկության նման մի բան: Ձայների հաշվարկը արդեն մոտենում էր ավարտին, երբ սկսվեց. Քոչարյան, Քոչարյան, Քոչարյան, 120 հատ միայն Քոչարյան:
-Սպասեք, խարդախություն եք անում,- միջամտեցի ես:
Արթուրը հանում էր մեկ թերթիկ՝ Քոչարյան, երկրորդ թերթիկը հանելիս պարտադիր կարգով այն թափ էր տալիս ու՝ Քոչարյան: Երկուական թերթիկները նախօրոք ծալված ու դրված էին ընտրատուփի հատակում: Դիմեցի հանձնաժողովի անդամներին.
-Պետք է կանգնեցնել ձայների հաշվարկն ու արձանագրել ընտրախախտումը:
Հանձնաժողովի անդամներից և ոչ մեկը սատար չկանգնեց իմ առաջարկին, առաջացավ երկարատև սպանող պաուզա: Բոլորը սպասում էին, թե վերջը ինչ է լինելու: Հանձնաժողովի նախագահն ինձ խնդրեց, որ դուրս գանք միջանցք՝ խոսելու: Չհամաձայնեցի` այստեղից ես ոչ մի տեղ չեմ գնա: Այդ ժամանակ նա ինձ տվեց իր ձեռքի հեռախոսը, որ լսեմ: Լսում եմ. «Եթե դուք շարունակեք խանգարել, ձեր բալիկների հետ բան կպատահի»: Վերջ, այդպիսի շանտաժների ես սովոր էի, մի կողմ դրեցի հեռախոսն ու անցա ձայների ինքնուրույն հաշվարկին՝ մինչև լցոնված բյուլետեններին հասնելը, ինձ մոտ հետևյալ տվյալները գրանցեցի ու հեռացա ընտրատեղամասից. Ստեփան Դեմիրճյան-45 տոկոս, Արտաշես Գեղամյան-30 տոկոս, Ռոբերտ Քոչարյան-20 տոկոս: Եկա Վազգեն Մանուկյանի շտաբ, անցա Դեմիրճյանի շտաբ ու իմացա , որ ամենուր նույն պատկերն է: Քոչարյանը Դեմիրճյանի հետ անցավ երկրորդ տուր՝ իմ տեղամասում ունենալով ընտրողների ձայների ընդամենը 20 տոկոսը: Ինձ համար անհասկանալի մնաց Քոչարյանի 20 անվավեր ձայների առեղծվածը: Ի՞նչ նպատակով էին արհեստականորեն պակասեցվում Քոչարյանի առանց այն էլ պակաս ձայները, եթե ընտրակեղծարարները աշխատում են նրա օգտին: Իմ հարցի պատասխանը ստացա Քոչարյանի հարցազրույցից. «Բացեք ընտրատուփերը, ես համոզված եմ, որ ինձնից ավելի շատ են ձայներ գողացել»: Քոչարյանի հետ ես լիովին համաձայն էի, նրա ձայներից իմ տեղամասում 20 ձայն էին հանել, մյուս տեղամասերում, հավանաբար, դարձյալ նույն պատկերն էր եղել: Իհարկե, անվավեր ճանաչված ձայներ Քոչարյանը ուներ բոլոր ընտրատեղամասերում, դա ընդհանուր հրահանգ էր, որին նա տեղյակ էր, և որը նախատեսված էր արտասահմանյան դիտորդների ներկայությամբ ձայների վերահաշվարկների համար: Քոչարյանը իրականում ուներ կորցրած ձայների մեծ պաշար, որը հեշտությամբ վավեր կճանաչվեր ցանկացած մակարդակի ստուգումների ժամանակ: Այսպիսով ես հասկացա Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների տրամաբանությունը ու որոշեցի, որ այդ հիմարությունների վրա այլևս չարժե ժամանակ կորցնել: Նոր ընտրական օրենսգրքերը միայն բարձրացնելու են ընտրության ցանկալի արդյունքներին հասնելու հավանականությունը: Եթե ընտրությունների խնդրին մոտենանք զուտ ինժեներական տեսակետից, ապա կարող եմ այսպիսի առաջարկ անել: Իրական հաղթողներին պարզելու համար պարտադիր չէ հսկողություն սահմանել Հայաստանում գործող բոլոր ընտրատեղամասերում, ընդհանուր պատկերը պարզելու համար մեկ տեղամասի արդյունքներն էլ բավական են: Դրա համար կա հավանականության տեսության, որը կիրառվում է սոցիալական հարցումների ժամանակ: Որքան շատ լինի ընտրողների թիվը, այնքան մոտ կլինեն ընտրությունների սպասվող միջին արդյունքները (Բեռնուլլիի թեորեմ կամ մեծ թվերի օրենք): Երևանի երկու հարևան ընտրատարածքների արդյունքների դիսպերսիան չի կարող մեծ լինել ու թույլատրելի արժեքից շատ շեղվել, եթե ընտրությունները չեն կեղծվել: Օտարերկրյա դիտորդները հեշտությամբ կարող են հաշվարկել ընտրությունների ճշգրիտ արդյունքները՝ ունենալով, օրինակի համար, հազար մարդու ընտրության տվյալները: Հնարավոր չէ, որ, օրինակի համար, Գորիսում հաղթեր Սերժ Սարգսյանը, իսկ Սպիտակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ընտրություններն ընթացել են ազատ ու առանց ընտրակեղծիքների: Մեր չինովնիկների դատողությունները ռեալ իրականությունից շատ են հեռանում, որովհետև նրանք չեն տիրապետում հավանականության տեսության էլեմենտար գործիքակազմին: Մեր պաշտոնական թվերը կարող են օգտագործվել միայն ընտրակեղծիքների մակարդակը չափելու համար, չափից մեծ է լինում մեր ընտրական արդյունքների դիսպերսիան: Սովետական Միության ժամանակ ընտրակեղծիքները հնարավոր չէր պարզել ու հասկանալ, որովհետև ամենուր համասեռ թվեր էին՝ 99,99 տոկոսի սահմաններում, որը տեղավորվում է սխալների տիրույթի մեջ: Մեր ընտրական օրենսգրքերի հեղինակներն ու ԿԸՀ-ն ջանք ու եռանդ չեն խնայում ապացուցելու և հիմնավորելու հերթական կեղծված ընտրությունների արդյունքները: Այն արդյունքները, որոնք ի սկզբանե հայտնի են լինում ընտրողներին, ընտրվողներին ու օտարերկրյա դիտորդներին, այդ ամենը բոլորը տեսնում ու հասկանում են, որ մեր չինովնիկները ուղտը նստած՝ կուզեկուզ են ման գալիս: Պետք է մաթեմատիկա սովորել, որ մեր անգրագիտությունը ի ցույց չդնենք օտարերկրյա դիտորդներին: Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները պետք է լինեն ազատ ու անկախ՝ առանց ընտրակեղծիքների ու ընտրակաշառքների: Այլապես մեր երկիրը կթաթախվի խոր ճահճի մեջ, որը մեզ պետք չէ, մեր թշնամիները թող շատ չուրախանան:

(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ