Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դիրիժորները սփռում են ներդաշնակություն, սեր և խաղաղություն

Դիրիժորները սփռում են ներդաշնակություն, սեր և խաղաղություն
19.04.2016 | 10:23

Հայ դիրիժորական արվեստի պատմությունը սկիզբ է առնում 19-րդ դարի 2-րդ կեսից և կապված է հայկական առաջին օպերաների, օպերետների հեղինակ Տիգրան Չուխաջյանի գործունեության հետ։
Առաջին նվագախմբերի կազմավորումը պայմանավորված էր Կոստանդնուպոլսում գործող Չուխաջյանի, Վարդովյանի, Մնակյանի թատրոնների ներկայացումների երաժշտական ձևավորման անհրաժեշտությամբ։
1860¬ականներին ասպարեզ ելավ Սինանյանների ընտանիքը։ Ավագը՝ ջութակահար Գրիգոր Սինանյանը, սկսեց ղեկավարել «Քնար հայկական» երաժշտական ընկերության անսամբլը։ Հետագայում նրա որդի Հարությունն ընդլայնեց այն՝ հասցնելով 40-հոգանոց մի խմբի, որը կոչվեց «Հայկական նվագախումբ»։ Սակայն որքան էլ պրոֆեսիոնալ լիներ խումբը, միևնույն է, դասականների գործերը կատարվում էին առավելապես փոխադրությունների տեսքով։ Դասական իմաստով, բուն սիմֆոնիկ նվագախմբի, կայուն օպերային թատրոնի գոյությունը, դիրիժորական դպրոցի առկայությունը հնարավոր են նույնպես կայուն քաղաքակիրթ հասարակության և պետականության պայմաններում։ Մինչդեռ հայերը, երկար ժամանակ զրկված լինելով պետականությունից, ստիպված են եղել իրենց տաղանդը դրսևորել օտար ափերում, շենացնել այլ երկրների մշակույթը։ 1896-ի հայկական կոտորածների պատճառով, երկու զոհ տալուց հետո, Սինանյանների նվագախմբի գործունեությունն ընդհատվեց։
Նրանց ընդհատված «երգը» շարունակեցին և թնդացրին արևելահայ գործիչներ Ալեքսանդր Սպենդիարյանը և Ալեքսանդր Ասլանովը, որոնց դիրիժորական գործունեությունը սկսվեց հենց 1900-ականների սկզբին։ 1904¬ի հուլիսի 8-ին, Յալթայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Ա. Սպենդիարյանը կատարեց իր «Ղրիմի էսքիզները» և «Կոնցերտային նախերգանքը»։ Այս համերգից հետո ակտիվացան Սպենդիարյանի ելույթները տարբեր քաղաքներում, տարբեր նվագախմբերի հետ։ Իսկ 1925-ին, երբ Երևանի կոնսերվատորիայի ռեկտոր Արշակ Ադամյանը հիմնադրեց սիմֆոնիկ նվագախումբ, Սպենդիարյանն իր հարուստ փորձը ներդրեց ու նպաստեց այդ կոլեկտիվի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը։
Մինչդեռ Ա. Ասլանովն իր հյուրախաղերից հետո, 1912-ին հրավիրվեց Պետերբուրգի արքայական օպերային թատրոն, որպես մշտական դիրիժոր։ Իսկ 1913¬ից Պավլովսկի հայտնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն էր։ Նրա ղեկավարած այս նվագախմբի հետ իրենց առաջին ելույթներն ունեցան հրաշամանուկներ Յաշա Հեյֆեցը, Միշա Էլմանը, Սերգեյ Պրոկոֆևը՝ իր 1-ին և 2-րդ դաշնամուրային կոնցերտների կատարմամբ, նաև շատ ուրիշներ։ Հիշարժան է նաև Ասլանովի ելույթը Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայում» (1925 թ.)։
Անգնահատելի է Կոնստանտին Սարաջևի (1877-1954) բուռն գործունեությունը։ Նա մնաց պատմության մեջ որպես մեծ դիրիժոր և մեծ մանկավարժ։ 1922-1935 թթ. նա ղեկավարել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի իր իսկ հիմնած դիրիժորական բաժինը, կրթելով այնպիսի դիրիժորների, որպիսիք են Բ. Խայկինը, Մ. Պավերմանը, Լ. Գինզբուրգը, Գ. Բուդաղյանը։ Լինելով մեծն Արթուր Նիկիշի սանը, նա իր փորձը փոխանցեց նաև Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի իր ուսանողներին՝ Հակոբ Ոսկանյանին, Յուրի Դավթյանին, Արամ Քաթանյանին, Ռուբեն Ստեփանյանին և այլոց։ Ի դեպ, նախքան իր հեղինակային համերգների շրջանը սկսելը, Արամ Խաչատրյանն էլ օգտվել է Սարաջևի դիրիժորական «գանձարանից»։ 1936-37 և 1940-54 թթ. Կ. Սարաջևը կոնսերվատորիայի ռեկտորն էր։ Մինչ այդ, 1924-35 թթ., Մոսկվայում նա հիմնադրել և ղեկավարել է իր անունը կրող սիմֆոնիկ նվագախումբը։ Իսկ 1935-39 թթ. եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը։
1941-45 թթ. Սարաջևը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր։ Այստեղ ևս նա գրանցեց իր ոսկի էջը հայ արվեստի պատմության մեջ։
Մեծ իրադարձություն էր Հայաստանի մշակութային կյանքում Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի բացումը (1933 թ.)։ «Ալմաստ» օպերայի պրեմիերայից հետո (դիրիժոր՝ Ստոլերման), շնորհիվ դիրիժորներ Գևորգ Բուդաղյանի և Սուրեն Չարեքյանի, թատրոնը կարճ ժամանակում վերելք ապրեց, ընդլայնվեց խաղացանկը։ Թատրոնի բարգավաճմանը մեծապես նպաստեց նաև Միքայել Թավրիզյանը (1907-1957)։ 1935 թ. նա սկսեց իր աշխատանքը թատրոնում՝ որպես դիրիժոր, այնուհետև՝ գլխավոր դիրիժոր, իսկ 1946¬ից գեղարվեստական ղեկավարն էր։ Թատրոնի նվաճումները բարձր գնահատվեցին նաև մոսկովյան տասնօրյակներում…
Ժամանակին դիրիժորը համարվում էր նվագախմբի ուսուցիչը։ Այդպիսին էին և՛ Կոնստանտին Սարաջևը, և՛ Միքայել Մալունցյանը (1903-1973)։ 1945-1960 և 1966-67 թթ. Մ. Մալունցյանը գլխավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Մինչ այդ, 1932 թ., նա Մոսկվայի Համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր և մինչև 1945 թ. դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում։
Մաեստրոյի դիրիժորական դասարանը Երևանի կոնսերվատորիայում ավարտել են Ռաֆայել Մանգասարյանը, Դավիթ Խանջյանը, Գերման Տերտերյանը և այլք։ Տարբեր տարիներին Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը գլխավորել են, նրա հետ համագործակցել Գ. Բուդաղյանը, Ա. Մելիք¬Փաշաևը, Ս. Չարեքյանը, Մ. Տերյանը, Ա. Քաթանյանը, Դ. Խանջյանը, Մ. Ներսիսյանը, Վ. Պապյանը, Հ. Չեքիջյանը, Լ. Ճգնավորյանը և այլք։
1967-1970 թթ. նվագախումբը ղեկավարել է Ն. Անոսովի և Հերբերտ ֆոն Կարայանի աշակերտ Ռուբեն Վարդանյանը, որը 1988 տեղափոխվեց ԱՄՆ և մինչև կյանքի վերջը (2008 թ.) ղեկավարեց Առլինգտոնի սիմֆոնիկ նվագախումբը։


Օպերային և սիմֆոնիկ արվեստը մեծապես զարգացրել է նաև Օհան Դուրյանը (1922-2011)։ 1965-66 և 1973 թվականներին նա գլխավորել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, հիմնադրել և ղեկավարել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախումբը (1967-74, 1991, 1999 թթ.) և Մոսկվայի Ստաս Նամինի կազմակերպած սիմֆոնիկ նվագախումբը (2002-2006 թթ.)։ Բացի այդ, իր հյուրախաղերի ընթացքում ղեկավարել է ավելի քան 100 նվագախումբ, այդ թվում՝ Լայպցիգի «Գևանդհաուզը», Մյունխենի, Փարիզի, Յոհաննեսբուրգի և այլ քաղաքների սիմֆոնիկ նվագախմբերը և օպերային թատրոնները։
Հայ դիրիժորները մեծ ներդրում են ունեցել խորհրդային հանրապետությունների մշակութային կյանքում։ Ղազախստանի և ՈՒկրաինայի ժողովրդական արտիստ Վլադիմիր Փիրադյանը (1892-1954) ղեկավարել է Կիևի օպերայի և բալետի թատրոնը։
ՈՒկրաինայի ժողովրդական արտիստ Գուրգեն Կարապետյանը (1921-1986) գլխավորել է Դնեպրոպետրովսկի, Վորոնեժի և այլ սիմֆոնիկ նվագախմբեր։ Մարտին Ներսիսյանը (1926-1996) 11 տարի ղեկավարել է Սարատովի նվագախումբը (ի դեպ, 1973-74 թթ. նա հիմնադրել և ղեկավարել է Կահիրեի սիմֆոնիկ նվագախումբը)։
Թե ժամանակին ինչպիսի մակարդակի էին հասել դիրիժորական արվեստը, նվագախմբային մշակույթը Հայաստանում, պատկերացում կարող է տալ թեկուզ հետևյալ դեպքը։ Երևան հյուրախաղերի էր ժամանել Խորհրդային Միության պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Կոնստանտին Իվանովը։ Համերգի օրն առավոտյան փորձում էին Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան։ Մի դրվագ ղեկավարելուց հետո մաեստրոն ընդհատեց նվագը և հարցրեց. «Ո՞վ է ձեզ հետ անցել, վերլուծել այս սիմֆոնիան»։ Պատասխանեցին. «Միքայել Մալունցյանը»։ Կ. Իվանովն ամփոփեց. «Մնացածը՝ համերգին»։ Նվագախմբի արվեստն ըստ արժանվույն գնահատել են նաև Վիլլի Ֆեռերոն, Ֆրանց Կոնվիչնին, Պաուլ Կլեցկին, Կառլո Ցեկկին, Գենադի Ռոժդեստվենսկին և այլ մեծ դիրիժորներ։ Նվագախմբի հետ ելույթներ են ունեցել Դավիթ Օյստրախը, Էմիլ Գիլելսը, Լեոնիդ Կոգանը և այլք։ Մի առիթով Ֆերենց Լիստն ասել է. «Ռուսական երաժշտությունը թարմ հոսանք է ներարկում եվրոպական արվեստի մեջ»։ Նմանապես կարելի է ասել. «Հայ դիրիժորական արվեստը նոր շունչ է հաղորդում միջազգային կատարողական արվեստին»։ Եվ ահա թե ինչու։ 1968 թ. Արամ Խաչատրյանի հեղինակային համերգներն ԱՄՆ¬ում լուսաբանող մի երաժշտագետ օգտագործել է «Khatchaturianconscious» նորաբանությունը, որ կնշանակի «խաչատրյանագիտակից», և ավելացրել է, որ անհրաժեշտ էր 30 տարի, որպեսզի ամերիկյան երաժշտասերները դառնան «խաչատրյանագիտակից»։ Հետևելով Կոմիտասի պատգամներին, Խաչատրյանը մի նոր, աննախադեպ որակով միաձուլեց արևելյան և արևմտյան երաժշտական «քաղաքակրթությունները»։ Պատահական չէ, որ Մարտիրոս Սարյանն ասել է. «Ես 5000 տարեկան եմ։ Նույն տարիքն ունի և Արամ Խաչատրյանը, քանզի արվեստագետն իր մեջ խտացնում է ու պարունակում իր ժողովրդի կենսագրությունն ու պատմությունը»։ Ահա թե որն է հայ երաժշտության, հայկական սիմֆոնիզմի առանձնահատկությունը։


Կարելի է պատկերավոր ասել, որ եթե Ֆելիքս Մենդելսոնի դիրիժորական փայտիկը փղոսկրից էր, հախուռն Բեռլիոզինը՝ «պատահած» ծառի ճյուղից, ապա հայկական դիրիժորական փայտիկը կոմիտասյան «Ծիրանի ծառից» է։
Եվ դիրիժորի ձեռքում այն կերպափոխվում է մերթ սարյանական վրձնի, մերթ խաչատրյանական «սուսերի», մերթ շողշողում հանց Դավթի «Թուր Կեծակին», մերթ վերածվում վագներյան «նոտունգ»-թրի, մերթ դառնում ծաղկող գավազան, Սրինգ նիմփայի եղեգ, մերթ վահագնյան եղեգ՝ և «ընդ եղեգան փող բոց ելաներ»…
Հայ դիրիժորների մի ամբողջ համաստեղություն են կազմում անցյալի և ներկայիս սփյուռքահայ դիրիժորները՝ Հայկ Յաղջյան (1924-1965 թթ., Դետրոյտ, Ֆրեզնո, Ցինցինատի), Ռուբեն Գրիգորյան (1915-1991, Թեհրան, Բոստոն), Վարուժան Գոճյան (1935-1993, Սանտա-Բարբարա, Յուտա, Ստոկհոլմ, Սիետլ), Փիթեր ՈՒնջյան (1955, Դետրոյտ, Տորոնտո, Շոտլանդիա)։ Մեր ժամանակակից հայ դիրիժորներից շատերը հաղթող են ճանաչվել միջազգային մրցույթներում, ղեկավարում են համբավավոր նվագախմբեր. ահավասիկ՝ Ջորջ Փեհլիվանյան, Լյուկ Բաղդասարյան, Րաֆֆի Արմենյան, Նուրհան Արման և այլք։ Եվ այսպես, սփռվելով աշխարհով մեկ, հայ դիրիժորներն ամենուր սփռում են ներդաշնակություն, սեր և խաղաղություն։ Ի դեպ, ռուսական քաղաքներից մեկի ֆիլհարմոնիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը հայ էին, և տեղացիք այն սիրով կոչում էին «ՖիլԱրմենիա»։
Մեծն Արթուրո Տոսկանինին ասում էր. «Դիրիժորությունը կյանքի երկրորդ կեսի մասնագիտություն է»։ Սակայն մեր օրերում անհամբեր երիտասարդները կարծես ուզում են հերքել մաեստրոյի ասածը։ Գուցե կյանքի առաջին կեսո՞ւմ էլ նրանք ասելիք ունեն։ (Թե՞ մոտեցել է կյանքի երկրորդ կեսը)։ Դեռ Նիկոլայ Ռիմսկի¬Կորսակովն էր դժգոհում, որ շատացել են դիրիժորները, և «Դիրիժորության համաճարակը» հոդվածում նա հեգնում էր, թե այդ «վարակի» հարուցիչը «դիրիժորական փայտիկն» է՝ ցուպիկը (մանրէն)։ Թեպետ դիրիժորությունը նա համարում էր «մթին մասնագիտություն», սակայն, միևնույն է, այն ամենամերկացնող մասնագիտությունն է։ Քանզի դիրիժորն այնպիսի պատվանդանի վրա է կանգնում, որ երաժշտության ճառագայթները «ռենտգենի» պես տեսանելի են դարձնում նրա նույնիսկ ամենափոքր թերությունը։
Այդուհանդերձ, այսօր էլ են շատերը գայթակղվում, «վարակվում», և ասես մոդա է դարձել, որ ով հնարավորություն ունի, անկախ պատրաստականությունից, առիթը բաց չի թողնում ստանձնելու, նվաճելու նվագախմբի «զորավարի» այդ պատասխանատու առաքելությունը։ Եվ միջազգային մրցույթների դերը մեծանում է, որովհետև, ինչպես քուրայում կրակն է առանձնացնում ոսկին խառնուրդից, այնպես էլ մրցույթներին հրափորձությամբ ոսկին զատվում է փայլփլուն պղնձից, բյուրեղանում են գեղարվեստական չափանիշները, անաղարտ պահվում իդեալները։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ