Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Միջազգային մամուլը՝ Ստեփանակերտի առօրյա կյանքի, ռուսական դիվանագիտության և Բաքվի ու Երևանի միջև տեղեկատվական պատերազմի մասին

Միջազգային մամուլը՝ Ստեփանակերտի առօրյա կյանքի, ռուսական դիվանագիտության և Բաքվի ու Երևանի միջև տեղեկատվական պատերազմի մասին
19.04.2016 | 20:37

Քառօրյա պատերազմը լուսաբանած The New York Times-ի թղթակից Էնդրյու Քրամերը գրել է Ստեփանակերտի մասին: «Որպես կանոն, պատերազմի ազդեցությունը կրող հետխորհրդային չճանաչված տարածաշրջանների մայրաքաղաքները աչքի են ընկնում աղքատությամբ և անխնամ վիճակով: 50 հազար բնակիչ ունեցող Ստեփանակերտն անսպասելիորեն աշխույժ քաղաք է»: Այս ամսվա սկզբին Ադրբեջանի հետ եռօրյա պատերազմի մեջ հայտնված այս քաղաքում ամենուր նկատելի են հարուստ սփյուռքի լուրջ ուշադրության և շռայլության դրսևորումները: Բլրի վրա վեր է խոյանում նոր հիվանդանոցի շենքը, քաղաք տանող ճանապարհը նոր է ասֆալտապատվել: Ղարաբաղին միջոցներ էր տրամադրում հանգուցյալ կալիֆոռնիացի գործարար Քըրք Քըրքորյանը: Շվեյցարահայ մի գործարար «Ոսկե ձկնիկ» կոչվող ձկնաբուծարան է հիմնել, որտեղ թառափ են աճեցնում: Կալիֆոռնիան և ևս վեց ամերիկյան նահանգներ ճանաչել են ինքնահռչակ հանրապետությունը: Դաշնային կառավարությունը, ինչպես նաև աշխարհի որևէ այլ կառավարություն, այդ քայլին չի դիմել:
«Ռուսական ներգրավվածության աստիճանը Լեռնային Ղարաբաղում կարծես աճում է», - պնդում է Financial Times-ի մոսկովյան թղթակիցը` գրելով. «Ռուսաստանը սկսել է հավելյալ դիվանագիտական ջանքեր գործադրել մի իրավիճակում, երբ Եվրոպայի ամենադժվար հանգուցալուծվող հակամարտություններից մեկը լայնածավալ պատերազմի վերաճելու շեմին է»: Հպանցիկ նկարագրելով ապրիլի 2-5-ի իրադարձությունները` հեղինակն ընդգծում է, որ հայկական և ադրբեջանական կողմերը կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք բերեցին Մոսկվայի միջնորդական ջանքերի շնորհիվ, չնայած գոյություն ունի խնդրով զբաղվող Մինսկի խումբ:
Financial Times-ը մեջբերում է Լոնդոնում Ադրբեջանի դեսպան Թաիր Թաղիզադեի խոսքը. «Ինձ մեծապես զարմացրեց այն զգալի ժամանակահատվածը, որ պահանջվեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներից պարզապես հավաքվելու համար»: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում ԱՄՆ-ի ներգրավվածությանը, Վաշինգտոնում նման քայլի դիմելու մեծ ցանկություն չունեն»,- վկայակոչելով ԱՄՆ-ը ներկայացնող դիվանագետների հետ մասնավոր զրույցները` նշում է Financial Times-ի թղթակիցը: Ամերիկացի դիվանագետներից մեկը թերթին խոստովանել է, որ Վաշինգտոնում ապրիլի 2-ին չեն ունեցել անգամ Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունների արբանյակային պատկերը: «Պարզվեց, որ այդ տարածաշրջանը դիտարկող ամերիկյան բոլոր արբանյակները հետևում են կամ Սիրիային, կամ ՈՒկրաինային»,- գրում է Financial Times-ը:
«Ո՞վ է հաղթել հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմում»՝ այս հարցի պատասխանն է փորձում գտնել Eurasianet.org կայքի Թբիլիսիի թղթակից Ռոբին Ֆորեսթյեր-ՈՒոքերը: «Արտասահմանցի լրագրողներից շատերը կարողացան առանց խոչընդոտների և արագորեն Հայաստանի տարածքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ և ժամանելուն պես հավատարմագրվել Ստեփանակերտում»,- գրում է Eurasianet-ը՝ հավելելով. «Տեղացի պաշտոնյաները քաղաքի կենտրոնական հյուրանոցում ամենօրյա մամուլի ասուլիսներ էին անցկացնում` լրագրողներին նաև հարցուպատասխանի հնարավորություն ընձեռելով: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը իր շարժական կայանը ազատորեն տրամադրում էր ուղիղ կապ հաստատելու անհրաժեշտություն ունեցող այլ լրագրողների ևս: Բացի այդ, լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն էր տրված քաղաքացիական մեքենաներով մեկնել ճակատային գիծ»:
Կայքի լրագրողը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանում իրադրությունը այլ էր: «Միջազգային լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, կայքի հետ զրույցում Բաքվի` լրատվամիջոցների համար կազմակերպած այցը առաջնագիծ որակեց` «սրընթաց, հոգնեցուցիչ և քաոսային»: Առաջնագծում հայտնված արևմտյան լրագրողները հայտնաբերեցին, որ իրենք ոչ թե տեսագրողի, այլ տեսագրվողի դերում են: Ադրբեջանական հեռուստաընկերությունների նկարահանող խմբերը ռեպորտաժներ էին պատրաստում մեր մասին»,- նշում է լրագրողը` հավելելով, որ վրա հասած գիշերվա պատճառով ադրբեջանական կողմից առաջնագիծ հասած արևմտյան լրագրողներին այդպես էլ գրեթե ոչ մի նկարահանում չհաջողվեց իրականացնել:
Ամերիկացի փորձագետները չեն բացառում, որ առաջիկայում արևմտյան առաջատար լրատվամիջոցներում ադրբեջանական տեսակետները կարող են ավելի տեսանելի դառնալ: Գլխավոր պատճառը Բաքվի գործադրած լոբբիստական ջանքերն են լինելու: «ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ ապրիլի 5-ին հրադադարի հաստատումից երեք օր անց արդեն Ադրբեջանը համաձայնել է ևս 70 հազար դոլար վճարել Վաշինգտոնում գործող Podesta Group ընկերությանը` «հանրային կապերի ոլորտում մատուցվող ծառայությունների դիմաց»,- գրում է Eurasianet-ը:

Դիտվել է՝ 1675

Մեկնաբանություններ