Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Коммерсантъ»-ը Կազանի փաստաթղթի մանրամասներ է հրապարակում

«Коммерсантъ»-ը Կազանի փաստաթղթի մանրամասներ է հրապարակում
21.04.2016 | 10:38

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից թերթին հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին` Լեռնային Ղարաբաղի շուրջ ակտիվ բանակցությունները վերսկսելու առաջարկով:
Պարբերականի Կրեմլի զրուցակիցը նաև հայտնել է, որ Մոսկվան ղարաբաղյան խնդրի կարգավորմանը չափազանց մեծ կարևորություն է տալիս: Թերթը գրում է. «Կարողանալով համոզել Երևանին և Բաքվին՝ դադարեցնել ակտիվ ռազմական գործողությունները, Վլադիմիր Պուտինը մտադիր է վերակենդանացնել խաղաղ բանակցային գործընթացը հետխորհրդային տարածքի ամենահին խնդիրներից մեկը կարգավորելու համար: Եթե Բաքվի ու Երևանի միջև երկխոսությունը վերսկսվի, ղարաբաղյան բանակցային գործընթացում նախաձեռնությունը Արևմուտքից կանցնի Ռուսաստանին»:


Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը «Коммерсантъ»-ին հավաստիացրել է, թե այս փուլում պատրաստվում են բանակցությունները, և հնարավոր է, որ վերսկսվեն արդեն առաջիկա օրերին: Երկու օր առաջ այս մասին գրել էր նաև Կրեմլին մոտ կանգնած «Известия» թերթը: «Коммерсантъ»-ը, վկայակոչելով Կրեմլում իր անանուն բարձրաստիճան աղբյուրը, գրում է, որ Ռուսաստանը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում է ամենամոտ ժամանակներս կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար: Պարբերականը մեջբերում է Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքերը, որ եթե նույնիսկ բանակցությունները վերսկսվեն, շեշտադրումը պետք է արվի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա: Բացի այդ, ընդգծել է Բաբայանը, առանց Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ հասնել խնդրի լիակատար կարգավորմանը: Որպես պաշտոնական Երևանի դիրքորոշում «Коммерсантъ»-ը մեջբերում է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի խոսքերը` եթե բանակցել կարգավորման շուրջ, ապա՝ Կազանի փաստաթղթի հիման վրա: Կազանում տապալված ճանապարհային քարտեզը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների հանձնումը Ադրբեջանին, որոնք թերթը որակել է «Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական շրջաններ»: Խոսքը ամբողջությամբ Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի և Քելբաջարի, մասամբ՝ Ֆիզուլիի, Աղդամի և Լաչինի շրջանների մասին է:

Բացի այդ, ըստ ճանապարհային քարտեզի, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պետք է իրար կապեր Լաչինի միջանցքը, իսկ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր մի քանի տարի անց կայանալիք հանրաքվեի ժամանակ, բայց նախ պետք է վերադառնային բոլոր փախստականները: «Коммерсантъ»-ը գրում է, որ հենց կարգավիճակի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չկարողացան համաձայնության գալ: Իսկ պաշտոնական Երևանը, հիշեցնենք, մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ էր ընդունել Կազանի փաստաթուղթը, և վերջին պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հրաժարվել ստորագրել:


Թերթը մեջբերում է Հայաստանի կառավարությունում իր անանուն աղբյուրի խոսքերը, որ հայկական կողմը պատրաստ է վերադառնալ Դմիտրի Մեդվեդևի՝ որպես ՌԴ նախագահ պաշտոնավարման օրոք ձեռք բերված համաձայնագրերին: «Коммерсантъ»-ի աղբյուրը Հայաստանի կառավարությունում ասել է, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանները հայկական ուժերը գրավել են, որ հետո վերադարձնեն Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգության երաշխիքների և անկախության ճանաչման դիմաց: Հայաստանը երբեք չի հրաժարվի իր հիմնական պահանջից՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից, գրում է պարբերականը՝ հղում անելով Երևանում իր աղբյուրին: Հայաստանի անանուն բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ հայկական կողմը պատրաստ է վերսկսել նախկինում ռուսների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկումը, հայերը գրավել են Ղարաբաղի հարակից շրջանները, որոնք պատրաստ են վերադարձնել Ղարաբաղի ֆիզիկական անվտանգությունը և ճանաչումը երաշխավորելու դիմաց։

«Ոչ մի իշխանություն Հայաստանում կամ Ղարաբաղում այլ կերպ գործել չի կարող, վերջնագրից հրաժարվելու դեպքում երկու ժամում այդ իշխանությունը կտապալվի, մենք երբեք չենք հրաժարվի գլխավոր պահանջից` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց»,- ասել է այդ աղբյուրը։
«Коммерсантъ»-ը մեջբերում է տարբեր փորձագետների կարծիքներ, որ սպասվող բանակցությունները չափազանց բարդ են լինելու: Վերջին կես տարում «Коммерсантъ»-ը պարբերաբար անդրադարձել է ղարաբաղյան խնդրին՝ միշտ վկայակոչելով Ռուսաստանի կառավարությունում իր անանուն աղբյուրը:

Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ