Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ղարաբաղյան խնդիրը պատերազմով չի լուծվի

Ղարաբաղյան խնդիրը պատերազմով չի լուծվի
21.04.2016 | 21:24

Հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ բանակցելու այլընտրանք չունեն՝ փորձառու ամերիկյան դիվանագետ, այժմ ազդեցիկ փորձագետ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Այս քառօրյա պատերազմը հաստատ ցույց տվեց, որ ռազմական գործողություններն այս խնդիրը չեն լուծի: Դրանց միջոցով հնարավոր է միայն մարդկային կյանքեր խլել, իսկ մենք ուղղակի չենք կարող դա թույլ տալ»: Կոզլարիչի խոսքով՝ ԱՄՆ-ն առաջին օրվանից սատարել է խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն համաձայնության հասնելը կողմերի գործն է. «Չեմ կարծում, որ ԱՄՆ-ը պետք է կամ կարող է որևէ տարբերակ պարտադրել»: Թեև կարգավորման տարբերակներ ԱՄՆ-ը չի պարտադրում, հրադադարի ռեժիմն ու խաղաղության պահպանումը՝ հանուն մարդկանց կյանքերի փրկության, որոշ դեպքերում կարելի է ու անհրաժեշտ է պարտադրել. «Որոշ պահի գուցե կարիք լինի պարտադրել հրադադարի պահպանումը, պարտադրել խաղաղարար ուժերի ներկայությունը և ճնշում գործադրել կողմերի վրա, որ նրանք հանդիպեն և քննարկեն հնարավոր կարգավորման տարբերակները: Սակայն պետք է հիշել, որ նույնիսկ նման տարբերակները երկու կողմերից էլ քաղաքական փոխզիջում են պահանջելու»: Փոխզիջման դեպքում, ըստ փորձագետի, կողմերից և ոչ մեկը չի հասնելու իր նպատակին։ Փոխզիջմամբ հակամարտությունը կարգավորելու համար բոլոր կողմերի ղեկավարներին անհրաժեշտ է աշխատել սեփական երկրների հասարակությունների հետ: Սակայն հակառակ սրան՝ նկատվում է հակամարտության հետագա սրում: «Չեմ կարծում, որ սա կարելի է հենց այնպես, հեշտությամբ անջատել ու միացնել: Իմ համոզմամբ, հրադադարի պահպանումը լուրջ աշխատանք է պահանջելու»,- նշում է Կոզլարիչը: Փորձագետի խոսքով, արդեն մեկ տարի ղարաբաղյան հակամարտությունը վտանգավոր ուղիով է զարգանում և աստիճանաբար ավելի է սրվում: Ռիչարդ Կոզլարիչը նշում է, որ վերջին պատերազմը պետք է կարևոր ազդանշան լինի և համաշխարհային հանրության, և կողմերի առաջնորդների համար, որ իրավիճակը դուրս բերվի պատերազմական ուղուց:

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ