«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Իրականում ազգային միասնության շուքի ներքո կան շատ պրագմատիկ հաշվարկներ

Իրականում ազգային միասնության շուքի ներքո կան շատ պրագմատիկ հաշվարկներ
22.04.2016 | 00:24

Լեռնային Ղարաբաղի շուրջ ցանկացած քիչ թե շատ ազդեցիկ իրադարձություն, Արցախյան շարժումից, անկախության տարիներից սկսած, սովորաբար լուրջ կատալիզատորի դեր է խաղում հայաստանյան ներքին քաղաքական զարգացումներում։ Այդ հարցի շուրջ գործընթացներն ավանդաբար հսկայական ազդեցություն են ունեցել Հայաստանում իշխանության ձևավորման հարցում, և նույնիսկ մեզանում 1998 թ. գրանցված իրականում միակ պալատական հեղաշրջմամբ իրականացված իշխանափոխությունը եղել է հենց այդ հողի վրա։ Ասել է թե՝ Ղարաբաղյան հարցը, իր բնույթով ավելի շատ արտաքին քաղաքական խնդիր լինելով, միշտ վճռորոշ ազդեցություն է ունեցել հայաստանյան ներքին քաղաքական գործընթացների վրա:

Սովորաբար ռուսներն ասում են, թե պատերազմը դուրս է գրում ամեն ինչ (Война все спишет): Սակայն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընթացած քառօրյա պատերազմը պարզապես չհասցրեց այդ սրբագրումները կատարել, այլ, հակառակը, շատ թեմաներ բացեց ու բացահայտեց։ Բնականաբար, այդ ամենը չէր կարող անմիջական ազդեցություն չունենալ նաև ներքաղաքական զարգացումների, իրավիճակի և երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Ընդամենը մի ամիս առաջվա թվացյալ կայունությունը, որն ավելի շատ ճահճի կայունություն կարելի էր անվանել, այժմ կարծես թե այդքան էլ անսասան չէ։

Իրավիճակը որոշ չափով փոխվեց, քանի որ պատերազմի ընթացքում և դրանից հետո շատ աղաղակող փաստեր ի հայտ եկան, որոնց պատճառով հասարակությունը սկսեց շատ լուրջ ու սուր հարցադրումներ անել իշխանությանը։ Եվ այս ամենն այն պարադոքսալ պայմաններում, երբ իշխանությունների բազմամյա հետևողական ջանքերի շնորհիվ երկրում փաստացի ընդդիմության դեֆիցիտ է զգացվում: Այս պարագայում, հավանաբար, իշխանությունների համար փոքր-ինչ անսպասելի որպես ընդդիմադիր լուրջ գործոն սկսեցին հանդես գալ չորսօրյա պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի կոնսոլիդացված հայաստանյան հասարակության տարբեր հատվածները: Արդեն հրադադարի հաստատումից կարճ ժամանակ անց սկսեց նկատվել, որ հասարակության այդ կոնսոլիդացիան սկսում է կտրուկ տրանսֆորմացիա ապրել՝ շատ արագ վերածվելով եղած բացթողումների համար իշխանություններին պահանջներ դնող բողոքական ուժի: Վերոնշյալ տրանսֆորմացիան պատերազմյան շոկից դեռ չսթափված իշխանությունների համար տհաճ անակնկալ հանդիսացավ: Դրան ավելացան նաև տագնապալի սպասումները՝ կապված արդեն հետպատերազմյան բանակցային նոր գործընթացների հետ: Իսկ որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ քաղաքական և բանակցային պրոցեսը նոր ու ծանր փուլ է թևակոխում, փաստում են թեկուզ ռուսաստանյան՝ վստահություն ներշնչող լրատվական աղբյուրները: Ըստ այդմ, հայաստանյան իշխանությունները հետպատերազմյան նոր քաղաքական և աշխարհաքաղաքական իրողություններում լուրջ քաղաքական ճնշումների են ենթարկվելու, իսկ առաջարկվող, այսպես կոչված, հայտնի «փոխզիջումային» մոդելները, մեղմ ասած, հայաստանյան հասարակությունում ընկալելի չեն: Այս հանգամանքը, բնականաբար, լուրջ բողոքական գործոն է պարունակում, որն իր հերթին կարող է է՛լ ավելի բարձրացնել վերջին պատերազմի բացահայտումներով երկրում տիրող կոռուպցիայի, ամենաթողությամբ և այլ խայտառակ երևույթներով պայմանավորված ընդդիմադիր տրամադրությունների աստիճանը:

Այս պայմաններում պատահական չէ, որ հրադադարի հաստատումից անմիջապես հետո իշխանությունները և անձամբ Սերժ Սարգսյանը դիմեցին կանխարգելիչ գործողությունների։
Սերժ Սարգսյանը, փաստորեն, խաղի մեջ մտցրեց Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հասկանալով, որ սրացումներից հետո լինելու են բավականին լուրջ դժգոհություններ հասարակության շրջանում, փորձ արվեց բլոկավորել տերպետրոսյանական ընդդիմության ձայնը։ Գործող նախագահը, նույնիսկ որոշակի իմիջային զիջումների գնալով՝ անձամբ այցելելով առաջին նախագահին, որոշեց կանխարգելել դեռևս գոյություն ունեցող տերպետրոսյանական ընդդիմության անգամ թույլ ձայնը։ Եվ կարող ենք փաստել՝ արդյունքն այն է, որ այսօրվա բողոքական աղմուկում ՀԱԿ-ի ձայնն արդեն առանձնապես չի լսվում:

Իհարկե, իրականում ազգային միասնության շուքի ներքո կան շատ պրագմատիկ հաշվարկներ։ Մի կողմից՝ Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով վերածնունդ է ապրում ներքին և արտաքին քաղաքական ոլորտներում։ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսում է ընդունվել որպես խաղացող, առավել ևս ղարաբաղյան հարցի շուրջ։ Դա առավել քան հետաքրքրական է և որոշ չափով տագնապալի, քանի որ առաջին նախագահը հայտնի է որպես փոխզիջումների գնալու պատրաստ քաղաքական գործիչ։ Պատահական չէ, որ ՌԴ ազդեցիկ շրջանակներին մոտ կանգնած որոշ լրատվամիջոցներ գրում են, թե շատ հնարավոր է՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ապագա գործընթացներում ստանձնի բանակցողի դերը, ինչպես ուկրաինական ճգնաժամում դա անում է ՈՒկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման։ Մյուս կողմից՝ կարելի է եզրակացնել, որ կարող են մեծ պայմանավորվածություններ լինել ՀԱԿ-ի և իշխանությունների միջև ապագա ընտրությունների շուրջ։ Եվ եթե նախկինում բոլոր հաշվարկներում ՀԱԿ-ին գրեթե զրոյական հնարավորություններ էին տրվում, հիմա արդեն չի բացառվում, որ իր ծառայության համար Լևոն Տեր-Պետրոսյանը գործող նախագահից կպահանջի բազմաթիվ մանր ծառայություններ։ Ընդ որում, իր վերջին հարցազրույցում Տեր-Պետրոսյանն արդեն իսկ դրել է պայմաններ իշխանությունների առջև՝ մենաշնորհի, կոռուպցիայի վերացման և այլն։ Պատահական չէ, որ առաջին նախագահը գործող նախագահին հրապարակավ կոչ էր անում ընդդիմությանը «լավ աչքով նայել» նաև խաղաղ և իշխանությունների համար բարվոք ժամանակաշրջաններում։


Բացի այդ, Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան տանդեմի ձևավորումից հետո տված հարցազրույցում առաջին նախագահն ուղղակիորեն հայտարարեց, որ Արցախի դուրսմղումը բանակցային գործընթացից սկսվել է հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Այսինքն՝ միանգամից ուրվագծվեց ներքին քաղաքական թիրախը։ Չի բացառվում, որ նախանշվում է տանդեմ, որը միտված է կանխելու Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն։ Առավել ևս որ չորսօրյա պատերազմից հետո բանակցային նոր գործընթացներ են սկսվելու, որոնց ժամանակ ակնհայտորեն լուրջ ճնշումներ են լինելու Հայաստանի վրա, որոնք պահանջելու են որոշակի զիջումներ թե՛ ներկա ստատուս քվոյի, թե՛ ապագա լուծումների շուրջ։ ՈՒ չի բացառվում, որ եթե ՀՀ իշխանություններն ընկրկեն ճնշումների տակ, հասարակության մեջ առաջանա դժգոհության լուրջ ալիք, և ընդդիմադիր ընտրազանգվածը պահանջի նոր առաջնորդի։ Այդ լիդերի դերը կարող է ստանձնել Ռոբերտ Քոչարյանը, մանավանդ եթե համապատասխան ազդակներ ունենա դրսից, մասնավորապես՝ ռազմավարական դաշնակցից։ Այս պարագայում Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան միասնությունն ավելի շատ ուղղված է նաև ճնշելու երկրորդ նախագահի հնարավոր ակտիվությունը։


Այս համատեքստում շատ հետաքրքիր է երկրորդ նախագահի առանձնատան վրա «հոգեկան հիվանդ» անձի կողմից նռնակ նետելու փաստը։ Թեպետ և՛ իշխանությունները, և՛ երկրորդ նախագահը կարծես թե փորձում են առանձնապես չքաղաքականացնել այս միջադեպը, սակայն քաղաքական շրջանակներում անմիջապես վարկածներ հայտնվեցին, որ սա հավանաբար կամ վախեցնող խորհրդանշական գործողություն էր, կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված սցենար՝ սեփական անձի շուրջ աղմուկ բարձրացնելու, ինչպես նաև ակտիվ քաղաքականություն մուտք գործելու համար հող նախապատրաստելու նպատակով։
Փաստորեն, ՀՀ նախկին երկու նախագահներն էլ՝ մեկը բացահայտ, մյուսը քողարկված, նշմարել են իրենց մուտքը քաղաքական դաշտ։ Այստեղ նաև հետաքրքրական է քոչարյանական վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցներում ինֆորմացիոն արտահոսքը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստից, որտեղ իբր բացահայտ տեքստով ասվել է, թե Պուտինը դժգոհ է Սերժ Սարգսյանից, քանի որ վերջինս ոչ թե սեփական ուժերով է փորձում դիմակայել Ադրբեջանին, այլ այդ հակամարտության մեջ ցանկանում է անմիջականորեն ներքաշել Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին։ Եվ պետք չէ անտեսել, որ հենց այդ օրերին Քոչարյանը գտնվում էր ՌԴ-ում։


Ինչևէ, իրավիճակը մինչև ապրիլի 2-ը և դրանից հետո բավականին փոխվել է։ Նախ՝ կա բավականին լուրջ ընդդիմադիր հասարակություն, որը դեռևս կազմակերպված չէ և դեմ չի լինի, եթե որևէ ուժեղ լիդեր առաջնորդի իրեն։ Եվ կա մի իրավիճակ, որտեղ իշխանությունն առայժմ պաշտպանական քաղաքականություն է որդեգրել՝ վերջին իրադարձություններից հետո շունչ քաշելու և ստեղծված իրավիճակը հասկանալու, վերլուծելու համար։ Այս համատեքստում չի բացառվում, որ կլինեն լուրջ կադրային կամ այլ տիպի փոփոխություններ, քանի որ իշխանությունն էլ հասկացավ, որ շատ կառույցներ արդյունավետ չեն։
Բնականաբար, իշխանությունը ստիպված է, թեկուզ լուռ, պաշտպանություն կազմակերպել։ Եվ թերևս տեսանելի քայլերից են առաջին նախագահի բացահայտ և երկրորդ նախագահի առայժմ քողարկված վերադարձն ակտիվ քաղաքականություն։ Եթե նախկինում համարվում էր, որ այս երկու գործիչները այլևս որևէ ազդեցություն չունեն ապագա քաղաքական վերադասավորումներում ու իշխանության ձևավորման գործընթացում, և ամեն ինչ որոշվելու է գործող իշխանության ներսում, հիմա արդեն իրավիճակը փոխվել է։


Քաղաքական իրավիճակը մինչև ապրիլի 2-ը և դրանից հետո զգալիորեն տարբեր է։ Պարադոքսն այն է, որ քաղաքական դաշտում ռեալ ընդդիմության բացակայության պայմաններում ձևավորվել է նոր ընդդիմություն՝ ի դեմս ամբողջ հասարակության։ Եվ հասարակությունն իրեն հասանելի բոլոր միջոցներով ու ռեսուրսներով՝ սոցիալական ցանցեր, լրատվամիջոցներ, իր բողոքն է հայտնում իշխանության անգործության վերաբերյալ։ Հասարակության մեջ ձևավորվել է այնպիսի կարծիք, թե հրադադարից հետո բոլոր նախագահների օրոք ռեալ քայլեր չեն արվել, որպեսզի Հայաստանն ուժեղանա և ամրապնդվի, նախ և առաջ տնտեսական և նույնիսկ ամենասուրբ՝ բանակի ոլորտներում։ Հասարակության բողոքական տրամադրության վկայությունն է նաև այն, որ Հրազդանի քաղաքապետի՝ ընդդիմության նույնիսկ շատ խոցելի թեկնածուն կարողացավ լուրջ կռիվ տալ իշխանական թեկնածուի դեմ և հավաքել բավականին պատկառելի ձայներ։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ այնքան ընդդիմությունն է հարցեր բարձրացնում իշխանության առջև, որքան հասարակությունը։ Ընդ որում, այսօր շատ հեշտ է բողոքի ձայն բարձրացնել, քանի որ, ի տարբերություն նախորդ ժամանակների, կան սոցիալական ցանցեր, ինտերնետ։


Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ երբ փետրվարի 12-ին նախագահը հավաքեց իշխանական ներկայացուցիչներին և խոսեց բարեփոխումների մեկնարկի մասին, շատերին թվաց, թե դա զուտ նախընտրական ելույթ է։ Սակայն նշված հավաքում բարեփոխումների, թարմացման մասին հնչած կոնցեպտուալ թեզերը վկայում են, որ Սերժ Սարգսյանը, լինելով ամենատեղեկացված անձանցից մեկը, հաշվարկում էր նման զարգացումներ ինչպես աշխարհաքաղաքական ֆոնին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ճակատում։ Փետրվարին արդեն որոշ փորձագետներ ակնարկում էին, որ լուրջ մարտահրավերներ են սպասում երկրին, ու նախագահը շատ լավ հասկանում է, որ ներկա էլիտան, պետական ապարատը բացարձակապես պատրաստ չեն նոր մարտահրավերներին։ Այդ իսկ պատճառով նախագահը շտապում է։ Ոմանք դա վերագրում էին 2017-ին սպասվող ընտրություններին, սակայն իրականում երկրի ղեկավարը կանխատեսում էր իրադարձությունների նման զարգացումներ։ Այնպես որ՝ պրոցեսը մեկնարկել էր դեռևս փետրվարին, սակայն այլ հարց է, որ այդ գործընթացը սկսելով՝ նա հավանաբար չէր պատկերացնում, որ զարգացումները, այդ թվում՝ ակնթարթային պատերազմները, որոնք աշխարհում շատ են լինում ինչ-ինչ տեղային հարցեր լուծելու համար, այդքան արագ վրա կհասնեն։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ