Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արցախցին ունի գլխի ճարը տեսնելու մեկ ելք

Արցախցին ունի գլխի ճարը տեսնելու մեկ ելք
22.04.2016 | 00:49

Որևէ բանական արարած չի կասկածում, որ Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել միայն և միայն փոխզիջումային տարբերակով` այնպես, որ կողմերը ցավոտ չտանեն այն, և հաղթի առողջ բանականությունը: Եթե պետք է հաղթի առողջ բանականությունը, ուրեմն Ղարաբաղի ժողովուրդը պիտի ասի իր երբեմնի «տերերին», որ այսօր և այսուհետ իրենց միջև չեն կարող լինել տիրոջ և նոքարի հարաբերություններ։ Հենց այդ հարաբերություններն էին, որ հանգեցրին թշնամանքի, հենց այդ անտանելի հարաբերություններն էին, որ լցրել էին մեր ժողովրդի համբերության բաժակը, և մենք, օգտվելով մեզ ընձեռված հնարավորությունից (թուրք ադրբեջանցին լավ գիտե, որ ղարաբաղցին իր անջատման հարցը միշտ է դրել, անգամ ստալինյան դաժան պայմաններում), օրինական ձևով ասացինք` վերջապես եկել է մեր քաղաքակիրթ ապահարզանի ժամանակը: Բայց եղավ այն, ինչ կա այսօր:

Պատերազմ, հազարավոր կյանքերի կորուստ, տևական ժամանակ երկու ժողովուրդների թշնամացում: Պատերազմում փոքրաթիվ արցախահայությունը հաղթել է և արդեն քսանհինգ տարի ազատ տնօրինում է իր ճակատագիրը: Վերջին պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանի ղեկավարության տհաս քաղաքականությունը չի փոխվել արցախահայության նկատմամբ: Վերջին պատերազմում կրած խայտառակ պարտությունից Ադրբեջանի ղեկավարությունը խելքի չի եկել և շարունակում է թոզ փչել համաշխարհային հանրության աչքերին՝ խոստանալով արցախահայությանը ինչ-որ բարձր իրավական կարգավիճակ: Որպեսզի այդ հարցի պատասխանը մեկընդմիշտ տրվի, թույլ տամ ինձ հարցնել. եթե դուք՝ ազերիներդ, խորհրդային պետության պայմաններում փորձում էիք կրճատել մեր թիվը, մեխանիկորեն ավելացնում էիք թուրքերի թիվը Ղարաբաղում, սպանում էիք անչափահաս երեխայի, և ադրբեջանական դատարանը փորձում էր արդարացնել հանցագործին (նկատի ունեմ Ստեփանակերտում թուրքի կողմից 1969 թվին անչափահաս տղա երեխայի բռնաբարությունը և հետքերը թաքցնելու համար սպանությունը, Բաքվից եկած դատավորների կայացրած խայտառակ դատավճիռը, ժողովրդի ըմբոստացումը և հանցագործի նկատմամբ կայացրած «սամասուդը», դեպքից հետո 29 ստեփանակերտցիների նկատմամբ կայացրած խայտառակ դատավճիռները, անգամ հանգուցյալ Վազգեն Առաջինը նամակով դիմեց, որ հարկ է ըմբոստացողների նկատմամբ մեղմ պատիժ սահմանել. եթե հիշողությունս չի դավաճանում 4, թե 5 հոգու նկատմամբ մահավճիռ էր կայացվել) և նման շատ դեպքեր ստիպեցին հպարտ լեռնցուն զենք վերցնելու:


Այսօր ղարաբաղցին ազատել է ոչ միայն իրեն, այլև իր ֆիզիկական անվտանգության համար ստեղծել է բուֆերային գոտիներ: Եվ այսօր այս տարածաշրջանում քաղաքական շահեր հետապնդող Ռուսաստանը փորձում է հարցը լուծել: Շնորհակալություն Ռուսաստանին, բայց պիտի նաև հարցնել՝ ո՞րն է ցավոտ հարցի լուծումը: Չէ՛, ռուս «բարեկամ», քո առաջարկած հարցի լուծումը ոչ միայն ցավոտ է, այլև առանց նարկոզի առողջ մարդու վերջույթների անդամահատում: Ի՞նչ է նշանակում տարածքների մի մասի վերադարձ և խաղաղապահ զորքի տեղակայում, փախստականների վերադարձ, Ղարաբաղի կարգավիճակի լեգիտիմացում, սահմանների բացում և տնտեսական կապերի վերականգնում, իսկ երբ կրքերը հանդարտվեն, տարածաշրջանի պատկանելության շուրջ հանրաքվե:


Անկեղծ ասած, երբ կարդում էի «Известия» թերթում տպված այդ հանճարեղ տխմարությունը, իսկույն մի միտք առաջացավ. եթե զիջումներից հետո Ադրբեջանը փորձի փախչել Ռուսաստանի «տակից», իսկ որ դա լինելու է, չեմ կասկածում, Ռուսաստանի «հանճարեղ» կառավարողները նորի՞ց պիտի հրահրեն մեզ կռվելու ադրբեջանցիների հետ: Պատմությանը փոքր-ինչ գիտակ մեկը գիտե՞, թե ռուսները հենց Բաքվում քանի անգամ են թուրքերին հրահրել մեր դեմ, խաղացել են ազերիների կրոնական զգացմունքների հետ և նրանց հանել «գյավուր» հայերի դեմ:


Ղարաբաղյան հարցի լուծման ցանկացած ռուսական տարբերակ գործելու է մեր դեմ: Ռուսական խաղաղապահ զորքը գործելու է հայի դեմ: Հարցի ռուսական տարբերակը արցախցուն ասում է՝ հենց այժմվանից գլխիդ ճարը տես: Արցախցին ունի գլխի ճարը տեսնելու մեկ ելք` իրեն պահել այնպես, ինչպես պահել է անցած 25 տարիների ընթացքում: Եթե ռուս կառավարողի համար Իվանի արյունը արժեք չունի, ապա հավատացած եմ, որ Ռուսաստանում բանական շատ մարդիկ կան, որոնց համար ռուս մոր զգացմունքներն արժեք ունեն:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, մի պրկեք ռուսների հանդեպ հայերիս արդեն իսկ պրկված զգացմունքները: Մի փորձեք հաստատել անգլիական հայտնի ասացվածքը, որ աշխարհում չկան հավերժական բարեկամներ և հավերժ թշնամիներ (մենք առայսօր այդ հայտնի ասույթը երբեք չենք տարածել ռուսների վրա):
Եթե մեր բոլոր հաջողությունները պիտի զիջենք հանուն ռուսի նկատմամբ ադրբեջանցու չեղած սիրո, գուցե ներողությո՞ւն խնդրեի թուրքից, դարեր շարունակ ռուսների հանդեպ մեր ունեցած ազնիվ սիրո համար: Եթե Էրդողանը ձեր ընկերն էր (կներեք, այդ ընկերն ի՞նչ ցույց տվեց Ձեզ), իսկ թուրք ժողովուրդն էլ` ռուս ժողովրդի բարեկամը, ապա ինչո՞ւ այդ ժողովուրդն էլ մեր բարեկամը չի կարող լինել և թաթարական ծագումով Չավուշօղլուն էլ՝ Ձեզ նման մեր «բարեկամը»:
Հարցի ճիշտ լուծման համար Ղարաբաղը պիտի բանակցի Ադրբեջանի հետ: Ցանկացած միջնորդի կողմից հարցի լուծումը նշանակում է այդ երկու ժողովուրդներին պահել հավերժ թշնամիների կարգավիճակում:

Դիտվել է՝ 3498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ