«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Լավրովը եկավ-գնաց, ի՞նչ է լինելու հետո

Լավրովը եկավ-գնաց, ի՞նչ է լինելու հետո
23.04.2016 | 09:36

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երևան գալու նախորդ օրը ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր՝ Սերգեյ Լավրովը ոչ մի անգամ, ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի գնում: Նա, իհարկե նկատի ուներ՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշակի առաջարկությունները, բայց դիվանագիտորեն ճշտել էր. «Ասել, որ դա պլան է, ծրագիր, փաստաթուղթ, կարծում եմ ճիշտ չի լինի: Խոսքը կարգավորմանը միտված որոշակի առաջարկությունների, տարբեր գաղափարների քննարկումների մասին է»:

Նույն օրը Երևանում ցուցարարները արյունոտ կոշիկ ու «մոլոտովյան կոկտեյլ» էին տարել Հայաստանում ՌԴ դեսպանատուն՝ արտահայտելով ոչ թե ու ոչ այնքան հակառուսական տրամադրությունները Հայաստանում, այլ՝ մեր պատասխանը «Լավրովի առաջարկներին», որ տարածում էին «Իզվեստիան» ու «Կոմերսանտը»:
Լավրովը եկավ, հանդիպեց արտաքին գործերի նախարարին, ասուլիս տվեց ու հանդիպեց նախագահին: Սովորաբար՝ ասուլիսը տալիս են իբրև այցի ամփոփում, բայց Նալբանդյանն ու Լավրովը գերադասեցին այցը ամփոփել ՀՀ նախագահի հետ հանդիպումից առաջ: Հրապարակված տեղեկատվությունն ամփոփելիս՝ հավուր պատշաճի ասվող ու ասված խոսքերից առանձնանում են երեք կետեր.


1. Ասուլիսում Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ «Այս փուլում համարում ենք, որ բացարձակորեն առաջնահերթ է կրակի դադարեցման մասին 1994, 1995 թվականների համաձայնագրերի ամբողջակական, անշեղ կատարումը, այդ համաձայնագրերը անժամկետ են, և այդ փաստաթղթղերը պետք է ամբողջությամբ հարգեն բոլոր կողմերը: Ռուսաստանը, որպես պետություն և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների անդամ, ամեն ինչ կանի, որպեսզի կողմերին ցուցաբերի ամեն տեսակի աջակցություն: Կրկին ընդգծեմ՝ այս փուլում բացի անժամկետ զինդադարի բոլոր պայմանների ամբողջական կատարումից, կարևոր ենք համարում՝ ուշադրություն դարձնել վստահության ամրապնդման, անվտանգության ապահովման և միջադեպերի հետաքննման միջոցների գործնական իրականցման վրա: Այս ամենը ռուսաստանյան միջնորդությամբ համաձայնեցվել էր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից 2011-ին, և դրանց կյանքի կոչման ուղղությամբ աշխատել էր ԵԱՀԿ-ն: Կարծում եմ՝ այդ որոշումների իրականացման հետագա դանդաղումը ճիշտ չէր լինի»:
2. Հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են ռուսական լրատվամիջոցների լուրերը, թե հակամարտության կողմերը մերժել են Կազանի պայմանագիրը, Սերգեյ Լավրովը ասուլիսում պատասխանեց. «Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»։
3. ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Լավրովն ասել է. «Իրավիճակը դեռևս մինչև վերջ չի կայունացել, և մենք ելնում ենք նրանից, որ տվյալ փուլում շատ կարևոր է կյանքի կոչել այն, ինչի մասին Դուք պայմանավորվել եք Ադրբեջանի նախագահի հետ դեռևս 5 տարի առաջ Ռուսաստանի միջնորդությամբ՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների, միջադեպերի կանխման և վստահության միջոցների մասին, որպեսզի առավելագույնս նվազեցվի, նույնիսկ պարզապես տեխնիկական քայլերի միջոցով, առճակատման բռնկման հնարավոր որևէ վտանգ: Համապատասխան հանձնարարություններ տրվել էին ԵԱՀԿ-ին, և մենք այժմ ցանկանում ենք, որ գերմանական նախագահությունը դրանով ակտիվ մտահոգվի»:


Առաջին և երրորդ կետերը, առաջին հայացքից, միանշանակ հաջողություն են՝ եթե դիվանագիտական լեզվից սովորականին թարգմանելիս տարընթերցումներ չկան: Հրադադարը ստորագրել է և Ստեփանակերտը: Հաշվի առնելով երևանյան ասուլիսում ՌԴ համանախագահ Իգոր Պոպովի ասածն էլ, դա կարող է նշանակել, որ Ստեփանակերտը վերադառնալու է բանակցային սեղան: Ճիշտ է՝ մնում է հարցը՝ ե՞րբ: Կարող է նշանակել նաև, որ վերականգնվելու է հրադադարի կնքման պահին զորքերի տեղակայման պատկերը, այսինքն՝ զիջած մի քանի հարյուր մետրը Հայաստանը վերականգնելու է: Բայց կա երկրորդ կետը՝ Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել, իսկ դա նշանակում է վերադարձ նույն փակ շրջանակին: Ասուլիսում Լավրովն ակնարկել, իսկ նախագահի հետ հանդիպմանը բառացի ասել է՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների, միջադեպերի կանխման և վստահության միջոցների մասին, որպեսզի առավելագույնս նվազեցվի, նույնիսկ պարզապես տեխնիկական քայլերի միջոցով, առճակատման բռնկման հնարավոր որևէ վտանգ: Եթե «միջադեպերի հետաքննության մեխանիզմները» հենց այն մեխանիզմներն են, որ առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, նշանակում է՝ ռուս խաղաղապահների տեղակայումից Մոսկվան առժամանակ ձեռնպահ է մնում:


Ու ի՞նչ եզրակացություններ է հնարավոր անել ՌԴ արտգործնախարարի Երևան պաշտոնական այցից.
1. Առաջին անգամ, ի տարբերություն նրա մյուս այցերի, Լավրովն ընկալվում էր վտանգավոր հյուր, նրա նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, բարեկամական չէր: Նույնիսկ ԱԳՆ-ում առաջին անգամ ասուլիսը թարգմանվում էր և այլևս հղում չէր արվում, որ բոլորն էլ ռուսերենին տիրապետում են: ԱԳ-ն հիշել էր, որ պետական լեզուն Հայաստանում գրական հայերենն է:
2. Չկա որևէ երաշխիք, որ հրապարակված տեղեկատվությունն ամբողջական ու համարժեք է ԱԳՆ-ում ու նախագահականում տեղի ունեցած բանակցություններին, որ պարզապես չէին կարող այդքանով սահմանափակվել: Չափազանց շատ խնդիրներ են դուրս մնում հրապարակված տեղեկատվության շրջանակներից, որոնք չէին կարող չքննարկվել՝ թե արդեր տեղի ունեցած իրադարձությունների, թե հնարավոր զարգացումների, թե միմյանց ներկայացվող պահանջների առումով: Թեկուզ միայն Ադրբեջանին զենքի վաճառքի և Հայաստանին զենքի մատակարարման հարցը, որ չէր կարող շրջանցվել: Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչման հարցը: ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հետևանքների հարցը: Երբ ՌԴ ԱԳ նախարարն ասում է, որ Հայաստանն ընդունել է Կազանի առաջարկները, նա ասում է ավելին, քան ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական կայքերում զետեղված ամբողջ տեղեկատվությունն է ամփոփում:
3. Միանշանակ՝ Բաքվում ուշադիր հետևում էին Լավրովի Հայաստան այցին և բացի պաշտոնական հայտարարություններից, կլինեն և ռազմական սադրանքներ՝ դա արդեն ադրբեջանական ազգային ավանդույթ է դարձել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայաստանին որոշակի ժամանակ տրվեց, որքա՞ն: ՀՀ նախագահն ասաց. «Սկսելով լայնամասշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի հետ ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ: Կիրառելով ամբողջ զինանոցը՝ Ադրբեջանը, իհարկե, արժանի հակահարված ստացավ: Բայց Ադրբեջանի այդ գործողությունները, իմ կարծիքով, բանակցային գործընթացը մղեցին բավականին հեռու մի կողմ»: Ի՞նչ կա «Հեռու մի կողմում»՝ խաղաղություն, թե պատերազմ: «Իրավիճակը պետք է փոքր-ինչ հանդարտվի, և մարդիկ պետք է մի փոքր հանգստանան»՝ ասաց Լավրովը: Փաստացի նա չպատասխանեց ՀՀ նախագահի հարցին՝ թե ինչու՞ իրավիճակը ճգնաժամային դարձավ, ավելին՝ «գործող անձանց» ցանկից լիովին դուրս բերեց Մոսկվային՝ պատասխանելով. «Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն», այսինքն՝ ճգնաժամի համար Մոսկվան իրեն ոչ մի հարցում մեղավոր չի համարում ու մեղադրում է կողմերին՝ «Եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարևոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաև զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար: Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը»:
Իսկ Երևանում բողոքի ցույցեր են՝ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն.
«1. Պահանջում ենք ձեռնպահ մնալ Արցախի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ստորագրելուց, որը կխախտի ստատուս քվոն: Ամեն ինչ անել պահպանելու համար ստատուս քվոն, բացառել տարածքային որեւէ զիջում եւ խաղաղապահ զորքերի մուտք Արցախ կամ հարակից տարածքներ: Պահանջում ենք Բաղրամյան 26-ից պաշտոնապես հայտարարել, որ ՀՀ-ն դեմ է Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայմանը եւ տարածքային որեւէ զիջումների գնալուն:


2. Այս ընթացքում քանի դեռ Հայաստանը պահպանում է ստատուս քվոն Արցախում, Բաղրամյան 26-ը պետք է իրականացնի պետական կառավարման համակարգի առողջացման հետեւյալ քայլերը.
1. Պետբյուջեից անհապաղ պետական աջակցություն ցուցաբերել մեր զոհված զինծառայողների ընտանիքներին՝ առնվազն 30 հազարական դոլարի չափով, ինչպես նաեւ վիրավոր զինվորներին առնվազն 5 հազար դոլարի չափով:
2. Աշխատանքից ազատել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուովին եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին՝ իրենց հանցավոր անգործության համար, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի:
3. ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել օֆշորային ընկերություններից անօրինական միջոցներով ստացած ամբողջ եկամուտը:
Նշված ցանկում ընդգրկված օլիգարխներից յուրաքանչյուրին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 5 մլն դոլարի չափով գումար, այդ թվում Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Հայրապետյան, Գագիկ Բեգլարյան, Երվանդ Զախարյան, Մհեր Սեդրակյան, Սամվել Ալեքսանյան, Կճոյան, Գարեգին Բ կաթողիկոս, Դավիթ Հարությունյան, Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Ռոբերտ Քոչարյան, Տիգրան Սարգսյան, Անդրանիկ Մանուկյան, Մայրապետյան, Արմեն Գեւորգյան, Տարոն Մարգարյան, Վարդան Այվազյան, Աղվան Հովսեփյան եւ այլք։ Հավաքագրված միջոցները պետք է մուտքագրվեն բյուջեի հատուկ հաշվեհամարին եւ դրա ծախսումն իրականացվի հանրային վերահսկողության ներքո: Այդ գումարի առնվազն կեսը պետք է ուղղվի պաշտպանական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման ֆոնդի մեջ»:


Եվ սա էլ է ՌԴ արտգործնախարարի Երևան այցի շրջագծում:

Դիտվել է՝ 2632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ