Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քառօրյա պատերազմի արձագանքները Երևանում ու Բաքվում

Քառօրյա պատերազմի արձագանքները Երևանում ու Բաքվում
25.04.2016 | 16:11

Փոփոխությունների քամին Հայաստանում

Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում ապրիլի սկզբի իրադարձությունները, որ ստացան քառօրյա պատերազմ անունը, ոտքի հանեցին ամբողջ Հայաստանը և բազմամիլիոն հայկական սփյուռքն ամբողջ աշխարհում: Վերստին, ինչպես 90-ականների սկզբին, հայությունը համախմբվեց Լեռնային Ղարաբաղի շուրջ (հայկական անվանումը՝ Արցախ)՝ մոռանալով նախկին տարաձայնությունները և պրոբլեմները՝ հանուն Արցախի պաշտպանության: Ամբողջ աշխարհում բողոքի բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվեցին Ղարաբաղին աջակցելու համար՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և բազմամիլիոն օգնություն հավաքելով: Օգնություն հավաքելը սկսվեց Հայաստանից, բացի այդ՝ մարդիկ երկար հերթեր էին կանգնում արյուն տալու համար:

Իրադարձությունների մեջ ներգրավվեց և Հայ առաքելական եկեղեցին: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մեկնեցին Լեռնային Ղարաբաղ և հաջակցություն ժողովրդին մեկ միլիոն դոլար նվիրաբերեցին: Հատուկ պետք է ընդգծել կամավորների զանգվածային հոսքը Հայաստանի ու ԼՂՀ-ի զինկոմիսարիատներ: Ոչ միայն ղարաբաղյան պատերազմի վետերանների «Երկրապահ» միությունից, այլև՝ երիտասարդների: Հայ հասարակության արձագանքը ապրիլյան իրադարձություններին հերքեց բոլոր հոռետեսներին: Շատերին էր թվում, որ անցած 20 տարվա հիասթափություններից հետո ժողովուրդն այլևս նախկին եռադով չի պաշտպանի Ղարաբաղը:

Առավել ևս՝ ղարաբաղյան պատերազմի վետերանները, որ տարբեր պատճառներով պետությունից չէին ստացել նորմալ կենսապայմաններ: Սակայն ճգնաժամային պահին բոլոր վիրավորանքները մոռացվեցին և Ղարաբաղի պաշտպանության հարցը ամբողջ հասարակությանը մի բռունցք դարձրեց, որի վառ արտահայտությունը ընդդիմության հայտարարությունն էր՝ իշխանության հետ լիակատար կոնսոլիդացիայի պատրաստակամության մասին՝ արտաքին սպառնալիքի առաջ՝ հանուն ներքաղաքական կայունության ու երկրի անվտանգության պաշտպանության:


Միաժամանակ հայկական հասարակության մեջ մեկ այլ հետաքրքիր գործընթաց սկսվեց: Ավելի ու ավելի բարձր հնչեցին երկրում արմատական փոփոխությունների անհրաժեշտության հայտարարությունները՝ հանուն զարգացման ու արտաքին սպառնալիքներից առավել արդյունավետ, հուսալի պաշտպանող համակարգի ստեղծման: Իշխանությունները իրենց հայտարարություններով, որ երկիրը բավականաչափ գումար ունի ժամանակակից զենքեր գնելու համար, ավելի ուժեղացրին հասարակության այդ տրամադրությունները: Մարդիկ տրամաբանական հարց էին տալիս՝ ինչպե՞ս կարող է իշխանությունը բողոքել փողի պակասից, եթե շատ պաշտոնյաներ և իշխանության հետ կապված օլիգարխներ ապրում են շքեղության մեջ, որը ապահովվել է նաև ի հաշիվ կոռուպցիայի բարձր մակարդակի՝ պետական բյուջե չմտած փողերի: Եթե իշխանությունները քաղաքական ու տնտեսական համակարգի բարեփոխման որոշակի քայլեր չձեռնարկեն, շատ հնարավոր է, որ այդ բարեփոխումներն առաջիկայում պահանջի բողոքարկու ժողովուրդը:


Հայաստանի ժողովուրդը և ամբողջ աշխարհի հայկական համայնքները պատրաստ են ամեն ինչ անել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար և սպասում են, որ իշխանությունները ինչ-որ զոհաբերությունների կգնան հանուն հայրենիքի: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի ապագան (նաև Հայաստանի ներքաղաքական կյանքը) կախված է հենց նրանից, թե ինչպես իշխանությունները կարձագանքեն հասարակական պահանջին: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական իշխանության ամենահուսալի հենարանը տարբեր ռազմաքաղաքական դաշինքները չեն, որ սեփական խաղն են վարում՝ հաճախ Հայաստանի շահերի հետ չհամընկնող, այլ՝ սեփական ժողովուրդը, որ ի տարբերություն իշխանությունների, ավելի ու ավելի է համոզվում՝ ղարաբաղյան կոնֆլիկտում պետք է հույսը դնել սեփական ուժերի, այլ ոչ թե համաշխարհային մայրաքաղաքների «բարի քեռիների» վրա:
Հայկ ԽԱԼԱԹՅԱՆ, Dalma News, Երևան

Ադրբեջանի ժողովուրդը կո՞ղմ է պատերազմի


Ապրիլի սկզբին շփման գծում իրավիճակի կտրուկ սրումը պատմության մեջ մտավ իբրև քառօրյա պատերազմ: Մարտական գործողությունների սկզբում Բաքվում ոչ ոք չէր պատկերացնում, որ իրավիճակն այդքան կարող է սրվել: Ինչպես իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց՝ այդ օրերին տարածաշրջանը, հակառակ բոլոր սպասումների, դարձավ լայնածավալ ռազմական գործողությունների ականատես:

Պատերազմի սկիզբը ցանկացած երկրում ուղեկցվում է հուզական բռնկումներով: Փորձը ցույց է տալիս, որ ժողովուրդը նման դեպքերում իր մեծամասնության մեջ կողմնակից է լինում պատերազմին: Ինչ-որ պահից Բաքուն կերպարանափոխվեց և զարդարվեց ազգային դրոշներով՝ պատշգամբներից մինչև ավտոմեքենաներ: Բնակչությունը համախմբվեց պետության շուրջը՝ ասես խոր քնից արթնացած: Ավագ սերունդը պատմում էր, որ նման աժիոտաժն ու հայրենասիրության բարձր մակարդակը դիտարկվում էր և 90-ականների սկզբին, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը և Ադրբեջանն անկախություն ստացավ:


Ադրբեջանական ժողովուրդը երկար ժամանակ հոգեբանորեն խաղից դուրս վիճակում էր և հայրենասիրության մասին բոլոր խոսակցությունները երկրորդ ու երրորդ պլան էին մղված: Քաղաքը, ուր առաջ հայրենասիրական կարգախոսներով բաներները խիստ հազվադեպ էին, հանկարծ միանգամից գերհայրենասեր դարձավ: Դրոշը, զինանշանը, օրհներգը՝ առաջին պլան մղվեցին և ժողովուրդը մոռացավ անձնական բոլոր խնդիրները: Նույնն էր կատարվում սոցիալական ցանցերում: Ֆեյսբուքի ադրբեջանական հատվածը ներկվեց ազգային դրոշի գույներով, հայրենասիրական ստատուսների, ազգային հերոսների ու հանուն հայրենիքի մարտադաշտում զոհվածների լուսանկարների հեղեղ էր: Այդ պահին ոչ մեկին չի կարելի մեղադրել ուռա-հայրենասիրության մեջ, կատարվողի համատեքստում կտրուկ բարձրացավ երկրի կառավարության ու բանակի համար հպարտությունը: Յուրաքանչյուր շահիդի հուղարկավորության ժամանակ հավաքվում էին անհաշիվ մարդիկ՝ դրոշներով, հպարտությամբ վերջին ճանապարհ էին ուղեկցում իրենց հերոսին: Շահիդների ընտանիքներն անհավանական բարոյական ու հոգեբանական աջակցություն ստացան, իսկ կառավարությունը զոհվածների ընտանիքներին ֆինանսական մեծ օգնություն հատկացրեց:
Հրադադարի լուրն Ադրբեջանում ընդունեցին արցունքներով: Բաքվում քչերը դա կցանկանային, գուցե այն պատճառով, որ պատերազմը գործնականում քաղաքային բնակչության վրա չազդեց, գուցե և այն պատճառով, որ ժողովուրդը հոգնել է անիմաստ բանակցային գործընթացից, որ կոնկրետ արդյունքներ չունի: Պատերազմը, որքան էլ տարօրինակ հնչի, դրական կողմ էլ ունի, որն արտահայտվում է հասարակության հզոր կոնսոլիդացիայով պետության ու ազգի շահերի շուրջ: Սակայն զոհված զինվորներն ու կորուստները քաղաքացիական բնակչության շրջանում խիստ համահարթում են դրական կողմերը: Առավել ևս որ զոհվածների մեծ մասը երիտասարդ տղաներ էին:
Նիջատ ՀԱՋԻԵՎ, Dalma News, Բաքու


Հ.Գ. Dalma News-ը ներկայացրել է տեսակետներ, որ միանգամից ի հայտ են բերում նաև Հայաստանի ու Ադրբեջանի ժողովրդավարության մակարդակը: Պատկերացնո՞ւմ եք, որ Բաքվում ու ամբողջ Ադրբեջանում անցյալ տարեվերջից մանաթի արժեզրկման հետևանքով փողոց դուրս եկող ժողովուրդը հանդգներ ու իշխանություններից պահանջեր կառավարման համակարգի բարեփոխումներ, բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ: Ի վերջո, քառօրյա պատերազմը սկսած Բաքվի նպատակներից մեկն էլ՝ պատերազմի ու պատերազմում հաղթանակի մեջ սոցիալական բողոքի թեման փակելն էր՝ ցույց տալով, թե ուր են գնում պետության փողերը ու ինչպես է ապահովվում հաղթանակը: Յուրաքանչյուրը պիտի համոզվեր, որ ինքը մի քիչ կամ շատ վատ է ապրում, բայց հաղթում է իր երկիրը: Ի՞նչ պիտի հիմա ասի Ալիևը: Մոսկվան չթողե՞ց հաղթել: Բաքվին մնում է շարունակել զինադադարի ու հրադադարի պայմանավորվածության խախտումները ու հայտարարել, որ կանխում է հայկական ագրեսիան ու հարկադրված է պաշտպանվել: Առավել ևս, որ ադրբեջանական դրոշները, զինանշանն ու օրհներգը Ստեփանակերտ չհասան, բայց Ադրբեջան հասան, ինչպես իրենք են ասում, «շահիդների» դիակները, ու ոչ բոլորը հուղարկավորվեցին ազգային դրոշներով, որովհետև զոհվածների թիվը թաքցնելու մեծ խնդիր կա:

Քառօրյա պատերազմից հետո Բաքուն ստիպված է ոչ միայն բացատրել իր ագրեսիայի պատճառները, այլև մարդկության դեմ գործած ոճիրները, որ, միջազգային կոնվենցիաների խախտում լինելուց բացի, ուրվագծում են ահաբեկչական խմբավորումների առկայությունն Ադրբեջանում, իսկ ահաբեկչական պետությունների հետ չեն բանակցում: Գիտի՞ այդ ամենը Նիջատ Հաջիևը, թերևս այո, բայց երբեք չի ասի, որովհետև մի ժամից կհայտնվի բանտում՝ հայրենիքի դավաճանության ու հայերի համար լրտեսության մեղադրանքներով: Ադրբեջանում ավելի շատ փոփոխություններ պետք է լինեն, դա բոլորովին այլ պատմություն է, որը, սակայն, սերտորեն կապված է Ղարաբաղյան հարցի ու տարածաշրջանային խաղաղության հետ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ