Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բաքո՞ւն, թե՞ մեկ ուրիշն է ուզում փոխել բանակցությունների էությունը

Բաքո՞ւն, թե՞ մեկ ուրիշն է ուզում փոխել բանակցությունների էությունը
26.04.2016 | 09:30

2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախում սկսված ընդհարումների պատճառած կորուստների ցավի առաջին կծկումները կարծես մեղմացել են։ Հիշեցնենք. այդ օրը ադրբեջանական զինված ուժերը խոշոր դիվերսիոն գործողություն ձեռնարկեցին, ընդ որում, դատելով հաղորդագրություններից, հակամարտ բանակների շփման գծի միանգամից բոլոր ուղղություններով։ Անկախ այն բանից, թե ով որքան կորուստ է ունեցել, հետաքրքիր է հավաստի իմանալ, թե ով կամ ինչ է այս անգամ եղել այն casus belli-ն, ինչը լիովին կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի, եթե դրանում շահագրգիռ ուժեր լինեն։ Որպես կանոն, նման ուժերը կարող են նաև շատ հեռու լինել ընթացող կամ հնարավոր ռազմական գործողությունների վայրից։ Իսկ մենք պետք է զգուշանանք հենց պատերազմի վերսկսումից, թեկուզև սոսկ որպես գիտակից մարդիկ, որ մեզ հաշիվ ենք տալիս այն բանում, որ ձախողվել է ոչ թե պարզապես «ադրբեջանական բլիցկրիգը», այլ անկայունության օջախ ստեղծելու ինչ-որ մեկի գործողությունը։ Եվ ոչ թե սոսկ Անդրկովկասում, այլ հենց Իրանի ու Ռուսաստանի արանքում սեղմված տարածքում։


Մինչև հիմա էլ դժվար է հասկանալ ստեղծված իրավիճակի իսկական պատճառները։ Թեև ապրիլի 2-ին արդեն հնչել են հակամարտ կողմերին ուղղված կոչերը՝ «անհապաղ դադարեցնելու կրակը և ցուցաբերելու զսպվածություն»։ Զարմանալի է, բայց Ադրբեջանի գործողություններին իրապես արձագանքել է միայն Ռուսաստանը, մինչդեռ լռում են, համապատասխանաբար, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկու երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Տեսակադրերում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է և նրա կողքին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այդ թվում՝ ամերիկացի Ջեյմս ՈՒոռլիքը։ Սակայն արևմտյան միջնորդների բարձրագույն ղեկավարությունը լռում է։ Իսկ Մոսկվայում, Կրեմլից հետո, արտահայտվեց ՌԴ արտգործնախարարությունը, արձագանքեց նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը, երևի, ուղիղ կապով հաղորդակցվում է Հայաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ։ Արձագանքեցին նույնիսկ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ-ի քարտուղարությունը, որոնք Ադրբեջանի գործողությունները որակել են որպես անպատասխանատու և հենց Բաքվին են մեղադրել իրադրության սրման համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրատապ զրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ և այլն։ Վերջապես, ապրիլի 2-ի երեկոյան արտահայտվել է նաև Իրանը, թեև ոչ բարձրագույն իշխանության մակարդակով։
Արցախի ու Հայաստանի արձագանքը կանխատեսելի էր։ Դա արտահայտվեց երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների շտապ նիստերով, պաշտպանության նախարարների հայտարարություններով և այլն։ Մինչդեռ Ադրբեջանը երկար ժամանակ չէր խոսում տեղի ունեցողի մասին։ ՈՒ, երևի, միայն լուրջ կորուստները Բաքվին ստիպեցին պաշտպանության նախարարության մակարդակով խոստովանել, որ, իրոք, ադրբեջանական կողմն է առաջինը հարձակվել ԼՂՀ պաշտպանական դիրքերի վրա։ Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմեց ավանդական հնարքին՝ նախ փորձեց պատասխանատվությունը բարդել Հայաստանի և ԼՂՀ-ի վրա, նրանց սպառնալով «ստեղծված իրավիճակի համար ամբողջ պատասխանատվությամբ»։

Երկրորդ, վերստին շոշափվեց «գրավյալ տարածքներում» հայկական ԶՈՒ ներկայության կեղծ թեզը, այն համարելով «հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտ», «իրավիճակի սրման և միջադեպերի պատճառ»։ Եվ, որպես ամփոփում, Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ արտասանում է ծանոթ հմայախոսքը. «Հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության վերականգնման համար միջազգային ընկերակցությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևերի պահանջներին համապատասխան, առաջին հերթին պետք է պաշտոնական Երևանից կտրականապես պահանջեն հայկական զինված ուժերը դուրս բերել բոլոր գրավյալ տարածքներից»։


Այլ խոսքով, Բաքուն «միջազգային ընկերակցությունից» պահանջում է անվերապահորեն ու լիովին արտաքսել ԼՂՀ-ի ամբողջ հայ բնակչությանը, որովհետև իրազեկ անձինք ու պետությունները քաջ գիտեն, որ Արցախում հակամարտող բանակների շփման գծում ադրբեջանական կազմավորումների և գրեթե նույնպիսի թուրք «ռազմական խորհրդականների» դեմ, որոնք 1991-94 թթ. ղեկավարում էին ադրբեջանցիների մարտական գործողությունները, պաշտպանական մարտեր է մղում ԼՂՀ-ի պաշտպանության բանակը։ Այսինքն, ղարաբաղյան զինված ուժերը, որոնք ԼՂՀ-ի գործող Սահմանադրությամբ ամրագրված իրենց կարգավիճակով քիչ բանով են տարբերվում Աբխազիայի, Հարավային Օսիայի և այլ զինված ուժերից։ Այն մեղադրանքները, թե իբր «հայերը հրետակոծել են Ադրբեջանի տարածքի քաղաքացիական օբյեկտները», ոչ մի քննադատության չեն դիմանում։ Չէ՞ որ հայտնի է արցախյան կողմում 13-ամյա պատանու՝ Վաղինակ Գրիգորյանի զոհվելու փաստը։ Կան նաև ծանր վիրավորված հայ երեխաներ։ Եվ ոչ մի խոսք չկա ադրբեջանցի որևէ երեխայի սպանության մասին, թեև աշխարհը լավ գիտե, թե ադրբեջանցի քարոզիչներն ինչքան հաճախ են դիմում «հայերի կողմից երեխաների սպանության» թեզին։ Իսկ տարաբախտ Վ. Գրիգորյանի մահը ակնբախորեն ցույց է տալիս, թե ով է կրակ բացել հենց քաղաքացիական օբյեկտների վրա և որտեղ կարող են զոհեր լինել քաղաքացիական բնակչության շրջանում։ Առավել ևս, որ ղարաբաղյան աղբյուրները հաղորդում են այն մասին, թե, բացի հրետանուց, ադրբեջանցիները գործի են դրել տանկեր, մարտական ավիացիա, անօդաչու սարքեր և անգամ զանգվածային ոչնչացման զենք՝ համազարկային կրակի БМ-21 «Град» կայանքներ։
Երևանի և Ստեփանակերտի որոշ փորձագետներ ու վերլուծաբաններ ռազմաճակատներում իրադրության կտրուկ սրումը կապում են այն բանի հետ, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները վերջերս գտնվում էին Վաշինգտոնում, որտեղ մասնակցում էին միջուկային անվտանգության գագաթնաժողովին։ Ճիշտ է, տարբեր հետևությունների են հանգում հերթական ռազմական սադրանքի համար Ադրբեջանի օգտագործած իրական պատրվակի շուրջ։ Իրոք, Վաշինգտոնում այնքան էլ բարեհոգի չէին Իլհամ Ալիևի նկատմամբ, մի թեթև էլ «հանդիմանեցին» Էրդողանին, բայց ոչ թե ապակառուցողական գործողությունների (ասենք, կովկասյան ուղղությունում կամ Սիրիայում և Թուրքիայի ներսում՝ քրդերի դեմ), այլ «մամուլի ազատությունը ճնշելու» համար և այլն։ Բայց հազիվ թե դրա նպատակը լիներ այն, ինչպես պնդում էին Երևանի արևմտամետ վերլուծաբանները, որ «Բաքուն Անկարայի օգնությամբ խաղարկեր «ղարաբաղյան քարտը», նպատակ ունենալով ԱՄՆ-ին ցուցանելու իր հատուկ դիրքորոշումը»։

Առավել ևս, հազիվ թե դա կապված լիներ այն բանի հետ, որ Վաշինգտոնում «մոռացել էին Ռուսաստանին հրավիրել» գագաթնաժողով։ Ով շատ թե քիչ տեղյակ է, կարող է հաստատել. ՌԴ-ում արևմտամետները խիստ քննադատել են իրենց երկրի ղեկավարությանը այդ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու համար։ Բայց միանգամայն պարզ է մեկ բան. հրամանն արձակել է անձամբ Ի. Ալիևը, և ադրբեջանական բանակը վաղօրոք էր պատրաստվել, ոչ թե «հանկարծակի հարձակվել»։ Այդ են ապացուցում ավիացիայի գործադրմամբ թուրքական տարածքում վերջերս Թուրքիայի և Ադրբեջանի անցկացրած համատեղ զորավարժությունները։


Հաշվի առնելով, որ, բոլոր վերապահումներով հանդերձ, ԱՄՆ-ը հարցականի տակ չի դնում Թուրքիայի մասնակցությունը նույն Սիրիայի հարցով «ամերիկյան հակաահաբեկչական կոալիցիային», դժվար է ենթադրել, թե Թուրքիան միայնակ է Ադրբեջանին հրահանգել որևէ բան ձեռնարկել ռազմաճակատներում։ Ավելի տրամաբանական կլինի ենթադրել, որ աշխարհը գործ ունի «հակաահաբեկչական պայքարի» գործողությունների «թատերաբեմը» Կովկասյան տարածաշրջան տեղափոխելու հնարավոր փորձերի հարցում ԱՄՆ-ի խորքային «տնային աշխատանքի» հետ, ինչի մասին համաշխարհային ընկերակցությունը բազմիցս նախազգուշացվել է նաև անցյալ տարի, երբ հաղորդվեց ոչ միայն Ադրբեջանում, այլև Վրաստանում թուրքական ռազմական ակտիվության մասին։ Իսկ Վրաստանում՝ պաշտպանության նախարարությունում, թելադրում է արևմտամետ գործիչ Թինա Խիդաշելին (տեղեկություններ են եղել Պանկիսի կիրճի և «Իսլամական պետության» ոմն ահաբեկիչ, էթնիկ չեչեն Աշ-Նիշանիի հետ հստակ կապերի մասին)։ Արդեն մի երկու անգամ հայտարարվել է, թե Աշ-Շիշանիին վերացրել են, բայց նա բարեհաջող «հարություն է առել» և նույնիսկ հասցրել է մեկնել ոչ միայն Թուրքիա, այլև ԱՄՆ։ Միայն առաջին հայացքից է աներևակայելի թվում հնարավոր կապը Սիրիայի և ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի այս անգամվա պատերազմական սադրանքի միջև, իսկ իրականում դա, մեր կարծիքով, միակ հավանական սցենարն է, ավելի շուտ՝ դրա կուլիսային մասը։ Համենայն դեպս, մասնակցելով Թուրքիայում կայացած համատեղ զորավարժություններին, Ադրբեջանը չի շտապել միանալ ո՛չ ԱՄՆ-ի «հակաահաբեկչական կոալիցիային», ո՛չ էլ Բաղդադի քառյակի կոալիցիային (Ռուսաստան, Իրան, Սիրիա, Իրաք)։ Այս փաստը հարյուր տոկոսով մատնանշում է այն, որ թուրքերն Ադրբեջանին պատրաստել են հենց Արցախի դեմ ծրագրված ագրեսիայի համար։ Հասկանալի է նաև, թե ինչու ոչ անմիջականորեն Հայաստանի դեմ։ Սիրիայի երկնքում ռուսական Су-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպը թուրքերին ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ն Էրդողանին կթողնի մի վիճակում, որում հայտնվեց Միխեիլ Սաակաշվիլին 2008 թ. օգոստոսին։

Այդուամենայնիվ, ինչպես 2008 թ. Վրաստանի «գլխավերևում», հիմա էլ հայերի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ սցենարի «գլխավերևում» բացված է ԱՄՆ-ի «հովանոցը», ով ինչ ուզում է ասի կամ ինչ հակափաստարկ էլ բերի։ Կրկնենք՝ Թուրքիան շարունակում է մնալ Սիրիայի հարցում ամերիկացիների «հրամանատարական կազմում», իսկ հիմա նույնիսկ իր ծոցում «թաքցնում» է ռուս օդաչուին սպանած Ալփարսլան Չելիքին, բայց «խարդախության» մեղադրանքով, որ նա առհասարակ երբեք չխոսի՞։ Երևի այդպես է, հաշվի առնելով, որ Չելիքը ներկայացնում է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությունը, որը Ադրբեջանում գործում է 1991 թվականից և ակտիվորեն մասնակցում է պատերազմին։


Իսկ ահա հասկանալու համար, թե ինչի են ձգտում Թուրքիան և Ադրբեջանը (ԱՄՆ-ի հնարավոր «ընդհատակյա» մասնակցությամբ), հարկ է վերստին անդրադառնալ ադրբեջանական ԱԳՆ-ի ապրիլի 2-ի հայտարարությանը, ըստ որի` «գրավյալ տարածքներից» հայկական ԶՈՒ դուրսբերման հարցը պետք է առավել գերակա դառնա ԼՂՀ-ին նվիրված հաշտության բանակցություններում»։ ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում այդ գիծը կպաշտպանեն ԱՄՆ-ը և Թուրքիան. չմոռանանք, որ թեև Անկարան ԵԱՀԿ ՄԽ անդամ չէ, բայց պաշտոնապես համարվում է ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի (ՄԿ) մասնակից։ Այն նույն կոնֆերանսի, որտեղ հակամարտության վերաբերյալ վերջնական որոշում է ընդունվելու։

Մինչև ԵԱՀԿ ՄԿ գումարումը դեռ շատ ժամանակ կա, ուստի առայժմ Հայաստանի և Արցախի հակառակորդները կձգտեն հասնել հենց հասկացությունների նենգափոխմանն ու օրակարգի փոփոխմանը։ Բանն այն է, որ հակառակ Մադրիդյան սկզբունքների, որտեղ ևս կետ կա զորքերի դուրսբերման մասին, կան նաև առայժմ չստեղծված միջազգային բաժանարար զորախմբերի տեղակայման մասին կետեր։ Բայց Մադրիդյան սկզբունքներում նշված կետերը վերջինն են, իսկ դրանցից առաջ կարգավորման քաղաքական հիմքերը կանոնակարգող կետերն են, այսինքն, հանրաքվեն։ Բանակցությունների հենց այդ կետերի առնչությամբ էլ առաջընթաց չկա։


Առաջին պլան մղելով «զորքերի դուրսբերման» հարցը՝ Բաքուն և Անկարան ոչ միայն փլուզում են Մադրիդյան սկզբունքները, այլև ականապատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ամբողջ ձևաչափը, քանի որ ոչնչացնում են այդ ձևաչափի մասնակիցների հեղինակության փշրանքները։ Սակայն, բացի այդ, «գրաֆիկից» շատ առաջ ակտիվացվում է շփման գոտում միջազգային բաժանարար զորքեր մտցնելու հարցը, որոնք դեռ ստեղծված չեն։ Հաշվի առնելով Եվրամիության լիակատար ապաշնորհությունն ու անզորությունը, հասկանալի է դառնում, որ Արցախի հարցում «առաջին ջութակի» դեր կխաղա ԱՄՆ-ը, որովհետև թե՛ Հայաստանում, թե՛ ԼՂՀ-ում դեմ կլինեն Թուրքիայի ուղղակի մասնակցությանը։ Իսկ թե այնտեղ ինչ կորոշեն ամերիկացիները, միայն Աստծուն է հայտնի, բայց Սիրիայում նրանք հինգ տարի ֆինանսավորում էին այն ուժերին, որոնք քրիստոնյաների ցեղասպանություն էին իրականացնում։


Դժվար չէ գուշակել, թե Թուրքիայի և Ադրբեջանի ինչին է պետք այս ամենը։ Իսկ թե ԱՄՆ-ի՞ ինչին է պետք նման սցենարը, մնում է միայն գուշակել, թերևս հարևան Ռուսաստանի ու Իրանի դեմ ինչ-ինչ թշնամական գործողությունների համար, քանի որ Վաշինգտոնը պաշտոնական մակարդակով շարունակում է այդ պետությունները համարել իր հակառակորդները։ Սակայն, դատելով Մոսկվայի և Թեհրանի խիստ օպերատիվ արձագանքներից, ԱՄՆ-Թուրքիա-Ադրբեջան «եռամիությունը» գաղտնիք չէ Ռուսաստանի և Իրանի համար։ Եվ այդ ժամանակ հասկանալի է դառնում, թե ինչու էին տարեցտարի ամրապնդվում և՛ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանում, և՛ հենց հայկական զինված ուժերը, իսկ Իրանը աշնանային զորավարժություններից հետո թուրքական սահմանի մոտից չի հեռացրել իր հարվածային զինված ուժերը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ