Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եվրոպայի հետ` եվրոպական արժեքներով

Եվրոպայի հետ` եվրոպական արժեքներով
26.04.2016 | 09:43

Հայկական պատվիրակությունը վերադարձել է ԵԽԽՎ-ից։ Ասել, թե մեր պատվիրակությունը պասիվ էր աշխատում, ճիշտ չի լինի, բայց եղածը հաղթանակ ևս չես անվանի։ Արդյո՞ք սա այն դեպքն է, երբ գործ ունենք բարոյական հաղթանակի հետ։

«ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՎԵԼԻ ՆՈՐ ԵՎ ԱՌՈՂՋ, ՃՇՄԱՐԻՏ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊՈՎ»
ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ (ԱԺ փոխնախագահ)


-Դուք գիտեք, որ չեմ սիրում հաղթանակի շուրջ տարբեր տերմինաբանություններ կիրառել։
-Լավ, այդ դեպքում գործնականում ի՞նչ ձեռքբերում ունեցանք։
-Մեր պատվիրակությունը մեծածավալ աշխատանք իրականացրեց։ Այդ բարդագույն կառույցում, որտեղ մեր մեկնարկային իրավիճակը մինուսային էր, մենք փորձեցինք անել հնարավոր ամեն բան։ Մեր նպատակն էր փոխել իրավիճակը։ Մասնավորապես, մեր աշխատանքով փորձեցինք կասեցնել Ադրբեջանի կողմից տարբեր ձևերով (սուտ, կեղծ) Ղարաբաղի ներկայիս իրավիճակը ներկայացնելու փորձերը։ Եվ Եվրոպայի պատգամավորների ու պատվիրակների մեջ ձևավորել այլ տեսակետ, ներկայացնելով ճշմարտությունը։ Ադրբեջանի նպատակին հակադիր մենք մեր ելույթների և հանդիպումների միջոցով փորձեցինք ապատեղեկատվությունը չեզոքացնել։ Մոտ չորս տասնյակից ավելի հանդիպումներ ենք ունեցել ոչ միայն ազգային պատվիրակությունների և քաղաքական խմբերի հետ, այլև անհատական՝ յուրաքանչյուր պատգամավորի հետ առանձին հանդիպել և մանրամասն ներկայացրել ենք իրավիճակը. թե ով է սկսել պատերազմը, ինչպիսի անթույլատրելի միջոցներ են կիրառվել, միջազգային իրավունքի և կոնվենցիաների ինչպիսի խախտումներ է թույլ տվել միջազգային պարտավորություններ հանձն առած Ադրբեջանը՝ ԵԽԽՎ մուտք գործելուց առաջ։ Այս ամենն անհրաժեշտ էր հասցնել պատվիրակների և պատգամավորների գիտակցությանը, որպեսզի, առաջին հերթին, նրանք չընդունեին Ադրբեջանի ապատեղեկատվությունը, և երկրորդ՝ հստակ պատկերացում ունենային, թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն, պետք էր ստեղծել իրականության ֆոնը, որպեսզի դրա հիման վրա մենք կարողանանք գործողություններ իրականացնել։
-Ինչ խոսք, հայկական պատվիրակությունը համախմբված ձևով իսկապես ծանր աշխատանք է կատարել, սակայն աշխարհում կարծիք փոխելու և գործն առաջ տանելու հարցում ամենահզոր «զենքերից» մեկը կաշառքն է, ինչը հմտորեն կիրառում են Թուրքիան և Ադրբեջանը։ Ի դեպ, ԵԽԽՎ-ն կաշառքին կարծես առանձնապես դեմ չէ։ Ինչո՞ւ Հայաստանը ևս չի փորձում այդ «գործիքը» կիրառել։
-Դեկտեմբերի վերջին ԵԽԽՎ-ի նիստերից մեկում մենք ներկայացրինք մի նախաձեռնություն, որն ընդունվեց բյուրոյում և ուղարկվեց կանոնակարգերի և ընթացակարգերի հանձնաժողովին զեկույց պատրաստելու համար։ Նպատակն է պայքարել Ձեր նշած երևույթի դեմ (ինչը բազմիցս քննադատվել է եվրոպական լրատվամիջոցներում դատապարտել են բազմաթիվ երկրների պատվիրակներ), մեր նպատակն է, որ ԵԽԽՎ-ն մշակի մեխանիզմներ, որոնք պետք է զետեղվեն այդ զեկույցում։ Զեկույցն արդեն հանձնաժողովում պատրաստ է, այն զեկուցելու է Բրիտանիայի պատվիրակ, եվրոպական կոնսերվատորների քաղաքական խմբի ղեկավար Յան Լիդդլ- Գրանիերը։ Այդ աշխատանքը սկսվել է։ Զեկույցի նպատակը, բովանդակությունը տեսնում եմ ԵԽԽՎ-ն այդ ստոր և արատավոր երևույթից մաքրելու մեջ։ Որոշ պատվիրակներ կամ պատգամավորներ, իրենց դիրքը չարաշահելով, այն օգտագործում են անձնական շահերի բավարարման դաշտում, և այս մասին տեղեկատվությունը շատ վիրավորական է ընկալվում ԵԽԽՎ շատ պատվիրակների և պատգամավորների, ինչպես նաև եվրոպացի քաղաքական գործիչների կողմից, որոնք իրենց կյանքն ու կենսագրությունը նվիրել են եվրոպական ազատություններին և արժեքներին։ Մենք այսօր փորձում ենք մոբիլիզացնել այդ ներուժը, որպեսզի փակենք նման գործելակերպի ճանապարհը։ Կաշառակերությանը մենք պատասխանում ենք ավելի նոր և առողջ, ճշմարիտ գործելակերպով։
-Այսինքն, Եվրոպային եվրոպական արժեքներով եք պատասխանում։
-Այո, Եվրոպային եվրոպական արժեքները վերհիշեցնելու կամ այդ արժեքներին բերելու միջոցով։

«ՊԵՏՔ Է ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ, ՄԵԹՈԴՆԵՐ ՈՐԴԵԳՐԵՆՔ»
ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ (ԱԺ կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ)


-Պարոն Դավթյան, ըստ Ձեզ, խնդիրները կարելի՞ է լուծել կաշառքով։
-Հաստատ բոլորին կաշառել հնարավոր չի լինի։ Կարծում եմ՝ ո՛չ, Հայաստանն այդ ճանապարհով չպետք է գնա։
-Մենք միշտ ասում ենք «ոչ», իսկ Թուրքիան և Ադրբեջանը կաշառք տալով փորձում են լուծել իրենց խնդիրները։
-Թուրքիան և Ադրբեջանը ՄԱԿ-ի անդամ երկրներից ընդամենը երկուսն են։ Կարծում եմ՝ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը շատ ավելի ճիշտ քաղաքականություն է որդեգրում։ ՈՒղղակի մենք, ըստ էության, պետք է փորձենք աշխատել ավելի արդյունավետ և ունենանք ավելի լավ արդյունքներ։
-Արդյունավետ ասելով` ի՞նչ նկատի ունեք։
-ԵԽԽՎ-ում որոշումները երկիմաստ չլինեն և ունենան հստակ ուղղվածություն։ Երևի պետք է նոր մեխանիզմներ, մեթոդներ որդեգրենք և ավելի ինտենսիվ աշխատենք տարբեր հարթակներում։ Այս ուղղությամբ պետք է մտածել։


Ճեպազրույցները՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1848

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ