Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Բախտավոր մարդ եք, որ մի ավազակի պակաս եք ճանաչում»

«Բախտավոր մարդ եք, որ մի ավազակի պակաս եք ճանաչում»
26.04.2016 | 09:48

Մտավորական այդ մարդը գովեստի խոսքերի կարիք չունի: Նրան կարելի է բնութագրել դավադրաբար սպանված հոր հասցեին Հորացիոյին ասված Համլետի խոսքերով.
-Նա մարդ էր, Հորացիո:


Համազասպյանի հոդվածում հետաքրքիր միտք է արտահայտված Արտաշատի շրջկոմի նախկին քարտուղար Զավեն Գևորգյանի մասին: Լինելով արտաշատցի, երբեք չեմ շփվել արտաշատցի որևէ պաշտոնյայի հետ, որովհետև միշտ աշխատել եմ Երևանում: Զավեն Գևորգյանին դեմքով չեմ ճանաչել առ այն օրը, երբ նա դարձավ անկախ Հայաստանի գյուղնախարար: Այդ մարդու պետական, կուսակցական պաշտոնյայի մարդկային անզուսպ կերպարն իմ մեջ տպավորվել է 1989 թվականի գարնանային այն օրը, երբ Ախուրյանի շրջանից վերադառնում էի Երևան: Երկրաշարժի ժամանակ Սպիտակում ցուցաբերած հայրենասիրության, անհատականության և մարդկային բոլոր դրական կողմերի համար շալակեցի քրեական գործ՝ ինքնիրավչություն հոդվածով: Թեպետ քրեական գործը մեկ շաբաթ հետո կարճվեց հանցադեպի բացակայության հիմքով, բայց դա չխանգարեց ՀՀ գլխավոր դատախազ, այժմ հանգուցյալ, Վլադիմիր Նազարյանին, որ ինձ հանի ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր հսկողության բաժնի դատախազի պաշտոնից և ուղարկի Ախուրյանի շրջանի դատախազություն` որպես քննիչ: Վլադիմիր Նազարյանը կարող էր գոհ լինել, ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Սորոկային կարող էր զեկուցել «մեղավորին» կարգապահական տույժի ենթարկելու համար:
Վարույթումս քննվող քրեական գործով Մեծ Մանթաշ գյուղից մեկին պետք էր շտապ հարցաքննել, բայց վկան տանը չէր, և որոշեցի ճանապարհս դեպի Երևան շարունակել Արագածոտնի շրջանով՝ դուրս գալ Ապարան-Երևան մայրուղին: Արագածոտնի շրջկենտրոն տանող խաչմերուկում մի կին ձեռքը բարձրացրեց: Ես արգելակեցի մեքենան: Կինը կլիներ մոտ 35 տարեկան, հաճելի արտաքինով, մտավորականի տպավորություն թողնող անձնավորություն էր: Չսխալվեցի: Նա աշխատում էր շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Ես էլ իմ հերթին ներկայացա և համառոտ պատմեցի իմ ոդիսականը: Երբ իմացավ իմ արտաշատցի լինելը, հեզաբարո, քնքուշ այդ կինը այլայլվեց և վրդովված ասաց.
-Նրա արևը թաղեմ, հիմա էլ Արտաշատն է թալանում:
-Ո՞վ,- հարցրի զարմացած:
-Այդ ավազակը, Զավեն Գևորգյանը:
-Ո՞վ է նա,- ճշտեցի ես:- Նրան չեմ ճանաչում:
-Բախտավոր մարդ եք, որ մի ավազակի պակաս եք ճանաչում:
Հետո հիշեցի. ընդհանուր հսկողության բաժնում աշխատելիս, Արագածոտնի շրջանից մի քարհանքի պետի դիմումը Գևորգյանի կատարած հանցագործությունների մասին: Երբ քարհանքի պետը հրաժարվել էր ամեն ամիս Գևորգյանին կայուն եկամուտ տալուց, հեռացվել էր գործից: Դիմումը քննարկող դատախազ Վլադիմիր Շիրվանյանին հարցրել էի, թե ով է ճիշտ, Վոլոդյան պատասխանեց իրեն հատուկ հումորով.
-Գևորգյանը ՀԿԿ կենտկոմի առաջին մարդու հովանավորն է: Հասկացա՞ր,- ասաց Վոլոդյա Շիրվանյանը:
Մի դեպք էլ Զավեն Գևորգյանի մասին ինձ պատմել էր ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Բրոյանը, իսկ Բրոյանի ասածը հետագայում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության պետ Համբարյանը:
Մի հասարակ գյուղացու հաջողվել էր «Правда» թերթում Գևորգյանի արարքների մասին հոդված տպագրել: «Правда»-ի Արագածոտնի շրջան ուղարկված բոլոր օրինակները Գևորգյանի կարգադրությամբ հավաքել և վառել էին: Համառ գյուղացին այդ մասին գրել էր Մոսկվա, քաղբյուրո: Ստուգումներից պարզվել էր, որ գյուղացին ճիշտ չէր, որովհետև Զավեն Գևորգյանը բարձրաստիճան հովանավոր ուներ:
Հետագայում Զավեն Գևորգյանը դարձավ անկախ Հայաստանի գյուղնախարար: Չեմ ցանկանում որևէ բան ասել, բայց մի բան չեմ կարող չհարցնել. ի՞նչ եղավ Մոսկվայի «Արարատ» կոնյակի գործարանը, որը ՀՀ սեփականությունն էր: Եվ այդ գործարանի ելքի մասին Հայաստանում ոչ ոք ոչինչ չասաց:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Խորհրդային Հայաստանին և նորանկախ Հայաստանին մատուցած «ազնիվ» ծառայությունների համար նա անցել է վաստակաշատ թոշակի: Այդպիսի թոշակի են անցել ինչպես ՀՀ առաջին, այնպես էլ երկրորդ նախագահները… Եվ արդյո՞ք միայն նրանք: Խորհրդային Հայաստանից փոխանցված կաշառակերությունը այսօր նոր թափով զարգանում է դեմոկրատական մեր երկրում:

Դիտվել է՝ 3402

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ