ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Թուրքիայից ապրանքների ներմուծումը պետք է արգելվի, և դրանք պետք է փոխարինվեն տեղական արտադրանքով»

«Թուրքիայից ապրանքների ներմուծումը պետք է արգելվի, և դրանք պետք է փոխարինվեն տեղական արտադրանքով»
26.04.2016 | 09:56

Հայաստան թուրքական ապրանքների ներմուծումը բոյկոտելու շուրջ ժամանակ առ ժամանակ քննարկումներ են ծավալվում, մտահոգ անձինք խնդիրը տարբեր հարթակներում բարձրաձայնում են, սակայն պատկերն անփոփոխ է: Հայաստանյան առևտրային կետերում գերակշռում են թուրքական ապրանքները, ավելին` ապրանքի առավելությունը ընդգծելու համար հաճախ շեշտում են, որ այն թուրքական է: Սահմանային լարվածությունը, թվում է, պետք է ստիպի մեզ ավելի զգոն ու կտրուկ լինել հարևան երկրի հետ միակողմանի առևտրի հարցում: Խնդրի մասին զրուցեցինք բիզնես կառավարման փորձագետ, գործարար ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

-Ե՞րբ և ինչպե՞ս սկսեց աշխուժանալ Թուրքիայի հետ միակողմանի առևտուրը:
-Թուրքիայի հետ մեր առևտուրը սկսվել է Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո: Ավելին` մի քանի տարի սահմանները բաց էին: Արցախյան ազատամարտում մեր հաղթանակից հետո Թուրքիան սահմանները միակողմանի փակեց և անկախ Հայաստանի Հանրապետության հետ դադարեցրեց ամեն տեսակի դիվանագիտական հարաբերություն: Մինչ այդ ծրագրեր կային՝ Կարսով ճանապարհ բացելու, առևտուր անելու, բայց կասեցվեց: Դրանից հետո հարաբերությունները շարունակվում են Վրաստանի միջոցով: Այսինքն, Թուրքիան հայկական ապրանք չի ընդունում, իսկ թուրքական ապրանքները հայերը վրացական ընկերությունների միջոցով են բերում Հայաստան (այս ձևը ներմուծում չես կոչի)։
-Թուրքիայից բերվող ապրանքների պարագայում վտանգ կարո՞ղ է լինել: Առավել ևս հիմա, երբ սրված են հարաբերությունները:
-Իհարկե վտանգն առկա է։ Թուրքական ոչ մի ընկերություն պատասխանատվություն չի կրում. եթե դիվանագիտական հարաբերություններ չկան այդ երկրի հետ, խնդիր ծագելու դեպքում ումի՞ց ինչ պահանջենք:
-Մեր կողմից վերահսկում չի՞ իրականացվում:
-Թուրքական ապրանքների ներմուծման մեխանիզմներն այնքան խառն են ու կոռումպացված, որ բարդ է հասկանալը, ուր մնաց գնահատելը կամ վերահսկելը: Ապրանքի զգալի մասը ներմուծվում է արտասովոր ճանապարհով:
-Այլընտրանքային տարբերակներ ունե՞ն մեր առևտրականները:
-Ռուսաստանը արգելեց թուրքական որոշ ապրանքների ներմուծումը, բայց խանութներում այդպես էլ ոչ մի դեֆիցիտ չնկատվեց, այդ երկրից եկող ապրանքները փոխարինվեցին այլ ապրանքներով: Սա ակնառու օրինակ է: Հայաստանում Թուրքիայից ներմուծվող ապրանքները պետք է արգելվեն ու փոխարինվեն տեղական արտադրանքով: Դա կարելի է շատ արագ կազմակերպել: Վատագույն դեպքում կարող ենք փոխարինել Վրաստանից, Իրանից Ռուսաստանից և այլ երկրներից ներմուծված ապրանքներով: Մտահոգվելու կարիք չկա:
Մեր երկիր ներմուծվող ապրանքների և, ընդհանրապես, սպառման ծավալներն այնքան փոքր են, որ դրանք փոխարինելն ուղղակի օրերի խնդիր է։ Հայաստանում, ըստ որոշ աղբյուրների, բնակվում է մոտ երկու միլիոն մարդ, մեկ միլիոնը աղքատության շեմին է: Մեր երկրի բնակիչների գնողունակությունը անգամ չի համապատասխանում Մոսկվայի մի շրջանի բնակիչների գնողունակությանը: Սրանք ցավալի փաստեր են, որոնց մասին պետք է խոսել, ոչ թե թաքցնել:
-Ինչպե՞ս պետք է խթանել տեղական արտադրանքը. այն, ինչ ունենք այսօր, որակի և թվաքանակի առումով դժվար թե բավարարի սպառողին:
-Խնդիրը հետևյալն է. Թուրքիան մրցունակ պայմաններ է ստեղծում ներքին արտադրողի համար, Հայաստանում արտադրողը հազարավոր խնդիրների է բախվում: Ամեն խնդիր նշանակում է ինքնարժեքի բարձրացում։ Խնդիրների լուծումները պարզ են ու հայտնի: Երկար տարիներ խոսում ենք դրանց մասին, բայց, լուծում ստանալու փոխարեն, դրանք թեժանում են: Մեր կառավարությունը պետք է որոշում կայացնի, հարկային և այլ արտոնություններ սահմանի տեղական արտադրողների համար: Այդ դեպքում, վստահեցնում եմ, շատ գործարարներ ներդրումներ կանեն արտադրության ոլորտներում և շատ արագ կապահովեն համապատասխան առաջարկ՝ համապատասխան ապրանքատեսակներով:
-Քառօրյա պատերազմի և մեր հետագա քայլերի մասին ի՞նչ կասեք:
-Մենք տեսանք, որ հրաշալի երիտասարդներ ունենք, որոնք մեծ պոտենցիալ ունեն, ճիշտ արժեհամակարգ: Նրանք մեծացել են դժվար պայմաններում և հասկանում են կյանքը: Պետք է հնարավորություն տալ, որ ինքնահաստատվեն ու առաջ գնան: Ես հպարտանում եմ նրանցով: Պատկերացրեք, թշնամին նորագույն տեխնիկայով հարձակվում է, սահմանին կանգնած 18-20 տարեկան տղաները ոչ միայն կասեցնում են հարձակումը, այլև հաղթում: Նրանք արժանապատվությամբ հանձնեցին քննությունը։ Ցավոք, մեծ կորուստներ ունեցանք: Հրաշալի տղաներ կորցրինք այս օրերին:
Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ պետք է ոչ թե կախված լինենք երրորդ երկրից, այլ ինքներս ամրանանք, համախմբվենք և օգտագործենք մեր պոտենցիալը: Այդ ժամանակ մեզ հետ հաշվի կնստեն Ռուսաստանը, Թուրքիան և մյուս երկրները, ոչ թե կնայեն որպես թույլ երկրի, որից պետք է օգտվել, և որը չի կարողանում պաշտպանել ու ներկայացնել իր շահը: Աստվածաշունչն ասում է` մարդու վրա հույս դնողը անիծված կլինի: Մեր հույսը առաջին հերթին պետք է դնենք Աստծո վրա, երկրորդ` պետք է համախմբվենք, ազգային ծրագիր, գաղափարախոսություն մշակենք ու սկսենք կառուցել, ոչ թե քանդել մեր երկիրը: Ես շատ եմ խոսել այս մասին, քառօրյա պատերազմը կարծես հաստատեց ասածս:

Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 8050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ