Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ավտոբուսի պայթյունը Հալաբյան փողոցում

Ավտոբուսի պայթյունը Հալաբյան փողոցում
26.04.2016 | 11:32

«Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքներ: ՀՀ նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ»,- ասել է նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։ Նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը: «Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից»,- նաև ասված է հայտարարությունում:


Ապրիլի 25-ի երեկոյան Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, պայթյուն է տեղի ունեցել թիվ 63 երթուղին սպասարկող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում: Նախնական տվյալներով` զոհվել է երկու մարդ, յոթ մարդ վիրավորվել է:
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում: «Փորձագետների մասնակցությամբ քննչական խումբն իրականացնում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհետաձգելի քննչական, դատավարական և օպերատիվ հետախուզական գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում։


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքով, Հալաբյան փողոցում թիվ 63 ավտոբուսում տեղի է ունեցել ոչ թե բեկորային, այլ ալիքաձև պայթյուն: Գասպարյանը մանրամասնեց, որ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմի երկրորդ նստարանին։ Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը հայտարարեց, որ ավտոբուսը աշխատել է դիզելային վառելիքով, հետևաբար չէր կարող գազի պայթյուն լինել: Ոստիկանապետը հրաժարվեց մեկնաբանել հնարավոր ահաբեկչության լուրերը, նշելով, որ այս պահին դա ոչ հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ փոխանցեց լրագրողներին, որ ավտոբուսի վարորդը չի վնասվել, նրան հարցաքննում են։


Երեւանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի վերաբերյալ դեռ շուտ է որեւէ բան ասել, կատարվում են հետազոտություններ եւ փորձաքննություններ՝ ապրիլի 26-ին ասել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: «Դուք արդեն նկատեցիք, որ քննիչների մեծ խումբ է աշխատում դեպքի վայրում, փորձագետներ: Դեպքի վայրն իրենից շատ լուրջ բան է ներկայացնում, դեպքի վայրը լուրջ է թե կազմակերպչական առումով, թե զննության, մանրամասն հետազոտում ենք այն: Դեպքի վայրի զննությամբ եւ այս պահին կատարվող հետազոտության արդյունքներով որոշում կկայացնենք: Այս պահին շուտ է որեւէ բան հայտնել, մեր անելիքները պարզ կլինեն այսօր եւ վաղը կատարվող հետազոտությունների արդյուքնում: Վարկածները կմշակվեն հետազոտությունների արդյունքների հիման վրա: Շատ եւ շատ հանգամանքներ կպարզվեն միայն մասնագետների եզրակացությամբ»,-ասաց նա:
Պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է մի քանի կիլոմետրից, հարեւան շենքերում ապակիներ են կոտրվել։


Ժամը 23.56-ի դրությամբ կա 7 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:


Կա երկու զոհ, որոնց ինքնությունը չի հաղորդվում։
Երեւանի Հալաբյան փողոցում գտնվող տեսախցիկները ֆիքսել են պայթյունի պահը: Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ մասին երկրորդ նստատեղում նստած մարդու մոտ: Այդ մարդու ինքնությունն այս պահին ճշտվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Դիտվել է՝ 2433

Մեկնաբանություններ