Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ղարաբաղ. Ալիևի համար վտանգավոր է խաղարկել Պուտինի «խաղաքարտը»

Ղարաբաղ. Ալիևի համար վտանգավոր է խաղարկել Պուտինի «խաղաքարտը»
27.04.2016 | 10:54

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը որոշեց վերադառնալ ղարաբաղյան կարգավորմանը՝ հայտարարելով, որ «կոնֆլիկտի գոտում իրավիճակը մնում է փխրուն»: Իրոք, Հայաստանը և Ադրբեջանը հաղորդում են հրադադարի ռեժիմի խախտումների մասին:

Անակնկալներ չկան: Կան միայն նրբերանգներ ու գործոններ: Նրբերանգը՝ ապրիլի սկզբին բռնկված քառօրյա արյունալից պատերազմում միայն շնորհիվ Մոսկվայի ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերի Ադրբեջանի ու Հայաստանի գլխավոր շտաբների պետերը կարողացան հրադադարի բանավոր պայմանավորվածության հասնել (ապրիլի 5-ին): Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը DW-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ հրադադարի նախաձեռնությունը ռուս զինվորականների միջնորդությամբ Ադրբեջանից էր գալիս: Բաքվի Haggin.az պորտալը պատահաբար չի գրում, որ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում տեղեկատվությունը, թե ով է առաջինը հրադադար խնդրել», սակայն «աղբյուրները ՊՆ-ում և ՌԴ Գլխավոր շտաբում հաստատում են, որ Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման ջանքեր առաջինը գործադրել է հենց Մոսկվան»: «Մենք անմիջապես հասկացանք, որ սա շարքային հրաձգություն չէ, այլ՝ լայնածավալ կոնֆլիկտի նախերգանք,- ասել է ՌԴ Գլխավոր շտաբի աղբյուրը: - Այդ պատճառով՝ երկրի ղեկավարությանը իրավիճակի մասին զեկուցելուց անմիջապես հետո մենք կապ հաստատեցինք հայկական ու ադրբեջանական կողմերի հետ, որպեսզի համոզենք վայր դնել զենքը և նստել բանակցությունների սեղանի շուրջ»: Խնդիրն այն է, որ երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ զինված առճակատման ընդլայնման դեպքում Երևանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, ակնհայտ դարձավ. կռվի ևս մեկ-երկու օր և իրավիճակը տարածաշրջանում արմատապես կփոխվի: Իրավիճակի հանգուցալուծումը այլ էր:

Բայց դրանից հետո Ադրբեջանը փորձեց ապրիլի 5-ի բանավոր պայմանավորվածությունը ներկայացնել իբրև «մոսկովյան», որը շրջանցում էր ԵԱՀՄ Մինսկի խումբը, իբրև կոնֆլիկտի կողմերի շփման գծում հրադադարի 1990-ականների փաստաթղթերի փոխարինող: Հաջորդ քայլով Պուտինի միջնորդությամբ ենթադրվում էր Ադրբեջանի և Հայաստանի նախագահների անձնական հանդիպումը: Շրջանառության մեջ դրվեց «Լավրովի ծրագրի» գոյության գաղափարը: Մոսկվան ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մակարդակով հերքեց այդ թեզերը՝ 1990-ականների համաձայնագրերը ճանաչվեցին «անժամկետ»: Երևան Լավրովի այցից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ «Լավրովը Երևան ինչ-որ նոր առաջարկներ չի բերել»: Իսկ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպո՞ւմը: Սարգսյանի խոսքով՝ «Լավրովը լավ է հասկանում, որ քառօրյա պատերազմից անմիջապես հետո հանդիպումն իմաստ չունի»: Ավելին՝ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով առայժմ չի ծրագրվում Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում», թեպետ համանախագահները «նախարարների հետ մշտական կապի մեջ են՝ ցանկացած պահի բանակցություններ սկսելու համար»:


Հիմա գործոնների մասին՝ ռուսական որոշ ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին՝ «կրեմլյան աղբյուրներին» հղումներով, և Բաքուն հաճույքով ու արագ տարածեց, որ «Երևանը պատրաստ է քննարկել օկուպացված տարածքների վերադարձը» և ՌԴ նախագահը «դիմել է Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներին՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հարցով ինտենսիվ բանակցությունները»: «Երկխոսության վերսկսման դեպքում ղարաբաղյան խնդրի կարգավորման նախաձեռնությունը արևմտյան միջնորդներից կանցնի Մոսկվային»,- գրում էր «Коммерсантъ»-ը: ՌԴ Հանրային պալատի անդամ Սերգեյ Մարկովը դատողություններ էր անում «կազանյան բանաձևի» վերակենդանացման մասին՝ իբրև կատարված փաստի: «Պետք է ամբողջությամբ վերսկսվի տնտեսական ու մարդասիրական համագործակցությունը և մարդկանց տեղաշարժը, բացի այդ՝ ազատված շրջաններից պետք է դուրս բերվեն զորքերը, որ ձեռնտու է և Հայաստանին,- ասում էր Մարկովը: -Պետք է նաև զինված ուժերի չկիրառման համաձայնագիր, իսկ իբրև երաշխավոր սահմաններին կտեղակայվեն խաղաղապահներ»: Եվ հավելում էր. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները կջանան ձևափոխել, որ կարգավորման խաղաղ ծրագրում միայն Ռուսաստանը չլինի»:

Այս դեպքում բանակցային գործընթացի պատմությունը պարզապես աղավաղվում է: Ավելին՝ որոշակի նպատակներով միֆականացվում էր ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցը Երևան, որպեսզի Երևանի հակափաստարկների առաջադրման դեպքում մեղադրեն Պուտինի նախապատրաստած նոր համաձայնագիրը ձախողելու մեջ և Երևանին ներկայացնեն իբրև «տարածաշրջանում լարվածության պահպանության մեջ շահագրգռված կողմ»: Բայց Հայաստանը այդ թեզերը մերժեց: Նախագահ Սարգսյանը հայտարարեց. «2011-ին Կազանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ հայկական կողմը համաձայն էր զորքերը դուրս բերել հինգ շրջաններից՝ հետագայում տարածաշրջան խաղաղապահների տեղակայումով, սակայն ադրբեջանական կողմը նոր պայմաններ առաջադրեց»: Հիմա, նրա խոսքով, «Հայաստանը չի ծրագրում վերադառնալ բանակցային գործընթացին», որովհետև «հիմա բացարձակապես այլ իրավիճակ է»: Այդպես է: Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, մեջբերենք Sputnik-Արմենիայից, դրեց գլխավոր շեշտը. «Ռուսաստանը հավասարության նշան չի դնում Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը ռազմավարական գործընկերը՝ դրանք միանգամայն տարբեր մակարդակներ են և հավասարության նշանի մասին խոսք չկա»: Պատահական չէր, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էլ բացատրեց. «Մոսկվան հիանալի հասկանում է՝ ինչ շրջան է սկսվել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մեջ և նորից կոչ է անում, որ բոլոր կողմերը պահպանեն հրադադարի պայմանավորվածությունը»:

Հրադադարի պահպանման կոչ էր անում և եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը, որ Ֆրանսիայի կառավարության ու նախագահի հանձնարարությամբ անդրկովկասյան այց է կատարում: Նախ նա հայտարարեց, որ Ֆրանսիան, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՌԴ և ԱՄՆ համանախագահների հետ բոլոր ջանքերը գործադրում է, որ իրագործվեն սկզբունքները, որ ընդունված է Մադրիդյան անվանել: Երկրորդ՝ նա անհրաժեշտ է համարում կողմերին ուժի գործադրումից հետ պահող վերահսկողության մեխանիզմների ներդրումը: Բայց եթե ընթացիկ հետպատերազմյան բանակցությունները նորից անհաջողությամբ ավարտվեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է պատրաստ լինեն ոչստանդարտ որոշումների ընդունման: Հազիվ թե դրանք Ադրբեջանի սրտով լինեն:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ.
Հավելեք ՀՀ նախագահի տված հարցազրույցը Bloomberg-ին, որտեղ նա
ասել է. «Ոչ թե պետք է հրադադար հաստատել, այլ վերականգնել հրադադարը, որի մասին համաձայնագիր էինք կնքել 1994 թվականին ու նաև այդ համաձայնագիրը ամրապնդել էինք նոր համաձայնագրով 1995 թվականին: Եվ ինչպես տեսնում եք, մինչև հիմա պահպանվում են այդ պայմանավորվածությունները, թեև խախտումները շարունակվում են: Բայց զորքերը հետ քաշված չեն, հրետանին և տանկերը հետ քաշված չեն, և ամեն վայրկյան կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ: Գուցե՝ ավելի մեծ մասշտաբներով», որտեղ վերստին հաստատում է.

«Ես վստահ էի, որ Լավրովը որևէ փաստաթուղթ կամ որևէ առաջարկություն այս պահին չէր կարող բերել, որովհետև Լավրովը շատ փորձառու դիվանագետ է, և նա շատ լավ հասկանում է, որ քառօրյա պատերազմից հետո խոսել բանակցությունների մասին՝ տրամաբանական չէ: Եվ Լավրովը, և մյուս համանախագահ երկրների և արտգործնախարարները, և նախագահները հստակ գիտեն՝ ով է գործողություններ սկսել և ինչ նպատակով, և այդքանից հետո մեզ առաջարկել սկսել բանակցություններ, կոռեկտ չէր լինի: Ակնհայտ է, որ ինչ-որ ժամանակ, միևնույն է, բանակցություններ են լինելու, բայց հիմա իրավիճակը բոլորովին այլ է, և ես Լավրովին ներկայացրել եմ իրադարձություններից հետո խնդրի նկատմամբ մեր տեսլականը, մեր տեսակետը»:
Ռուս խաղաղապահների տեղակայման մասով՝ «Ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում: Եթե բանակցություններ չկան, ռուսական զորքն ինչպե՞ս պետք է հայտնվի Ղարաբաղում կամ Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի միջև: Ես այդպես եմ կարծում, որ ռուսական զորքն այստեղ կարող է հայտնվել կողմերից մեկի հրավերով` առնվազն»:


Եվ վերջապես՝ «Ի վերջո, իհարկե, խնդիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով: Բայց որպեսզի սկսվեն այդ բանակցությունները, անհրաժեշտ է, որպեսզի նախ համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն: Հաջորդը` անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության միջոցառումները, հետաքննության մեխանիզմները տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ անեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդ` մենք երաշխիքներ պետք է ունենանք, որ այլևս այսպիսի խախտումներ չեն լինելու: Հակառակ պարագայում անիմաստ են բանակցությունները. մենք բանակցություններ սկսենք այնտեղ, իսկ զինվորականներն այստեղ` պատերազմ: Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել»:


Հիշեցնեմ, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ-ին նամակով հայտարարել է, որ միակողմանի դուրս է գալիս հրադադարի պայմանագրից, այսինքն՝ տարածաշրջանում փորձում է ստեղծել բացարձակապես նոր իրավիճակ: ՈՒ՝ ի՞նչ: Ո՞Ւմ քարտն է հիմա փորձում խաղարկել Ալիևը և Պանամյան սկանդալի պատասխանը ո՞ւմ է փորձում տալ: Ի վերջո, երբ առաջարկում են սահմանին վերահսկողության մեխանիզմներ տեղակայել՝ Լավրովից Դեզիր, նախատեսո՞ւմ են պատժամիջոցներ հրադադարը խախտողի նկատմամբ, թե՞ նորից հնչելու են խաղաղության կոչեր: Հարցերի պատասխանները ԵԱՀԿ Մինսկի խումբը պիտի տա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ