Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվ Վարդան Օսկանյանն ասաց

Եվ Վարդան Օսկանյանն ասաց
27.04.2016 | 22:03

«Մենք այդ կուսակցությունով նոր մշակույթ են բերելու և կուսակցաշինության մեջ, և կուսակցության գործունեության մեջ էապես տարբերվելու ենք: Մենք լինելու ենք բաց, լինելու ենք թափանցիկ, հնարավորություն ենք տալու յուրաքանչյուր անհատի որ մաս կկազմի կուսակցությանը, երիտասարդի՝ իրեն դրսևորելու կուսակցության մեջ, ապահովելու ենք նաև սերնդափոխություն: Մենք համարձակորեն խոսելու ենք այսօր երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրների մասին, թերությունների, մասին, ձախողումների մասին և կոնկրետ լուծումներ ենք առաջարկելու: Երրորդ՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք փորձելու ենք ներկայանալ որպես առանցքային քաղաքական բևեռ և ընտրությունների օրերին հանդիսանանք ժողովրդի և մեր հասարակության համար իսկական այլընտրանք իշխող քաղաքական ուժին…»,- հայտարարել է նոր՝ «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ պատրաստ են համագործակցել ցանկացած քաղաքական, հասարակական ուժի հետ:

14 նախաձեռնողները՝ ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, լրագրող Գեղամ Նազարյանը, այսօր հայտարարել են «Համախմբում» անունով կուսակցության ստեղծման գործընթաց սկսելու մասին: Նրանք հայտարարություն են տարածել, որ «Կուսակցությունը ստեղծվում է պատմական մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգության ապահովման և ներքին լուրջ փոփոխությունների անհրաժեշտության առաջ։ Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է նոր՝ համախմբման պոտենցիալ ունեցող ուժ: Հասարակությունը վաղուց է հիասթափվել տարիների ընթացքում ձևավորված քաղաքական կոնյունկտուրայից, որի միջոցով հնարավոր չի եղել Հայաստանում ձևավորել տնտեսական ու քաղաքական արդար հարաբերություններ։ Մենք ոչ թե հերթական, այլ առանցքային քաղաքական ուժ դառնալու հայտ ենք ներկայացնում։ Այս նոր ուժի հաղթանակը կլինի մեր հանրության հաղթանակը՝ ներքին ու արտաքին մարտահրավերներին արժանապատվորեն պատասխանելու միջոցով»։

Արձանագրելով, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայտարարված բազմակուսակցական համակարգն ու շուկայական տնտեսությունը «գործնականում կյանքի չկոչվեցին», նախաձեռնողները շարունակում են. «Մեր երկրում բավարար չափով չհաստատվեցին ազատ մրցակցային տնտեսական հարաբերություններ, և արդար ընտրական համակարգ։ Այսինքն, մեզ մոտ չստացվեց այն, ինչը հաջողվեց անել Արևելյան Եվրոպայի ու Մերձբալթյան երկրների ժողովուրդներին։ Սակայն մենք` «Համախմբում» կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի անդամներս, համոզված ենք, որ հայ ժողովուրդը, գտնվելով քրիստոնեական արժեքների ու արևմտյան (համամարդկային) արժեհամակարգի տիրույթում, ինչպես նաև լինելով համաեվրոպական ընտանիքի անդամ՝ կարող է քաղաքակիրթ աշխարհում իր տեղն ու դերը զբաղեցնել»:


Նախաձեռնողներն անդրադառնում են նաև Լեռնային Ղարաբաղում ապրիլյան բախումներին։ «Նոր կուսակցության անհրաժեշտությունը կար մինչև ապրիլյան չորսօրյա պատերազմը։ Առավել ևս՝ այդ անհրաժեշտությունը կա պատերազմից հետո, երբ շատերի համար ավելի տեսանելի դարձան բոլոր այն արատները, որոնք հարվածում են մեր երկրի անվտանգությանն ու խանգարում կայուն զարգացմանը։
Արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումն ու այդ իրավունքի միջազգային ճանաչումը ՀՀ անվտանգության ապահովման համար անկյունաքարային են, և մենք բոլոր հարթություններում հետամուտ ենք լինելու այդ հարցի դրական լուծմանը»,- հայտարարում են նոր կուսակցության հիմնադիր անդամներն ու շարուանկում՝
«Մենք մերժում ենք այսօրվա իրավատնտեսական և քաղաքական հարաբերությունները, որոնք դարձել են հարյուր հազարավոր մարդկանց համար հույսի կորստի, ունեզրկման, աղքատության և արտագաղթի պատճառ:
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի անդամներս համոզված ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ևս էական վերանայման կարիք ունի: Հայաստանը որակապես նոր հարաբերություններ պետք է հաստատի արտաքին աշխարհի հետ` հանդես գալով որպես ինքնուրույն, ինքնիշխան, իրավահավասար, վստահելի գործընկեր՝ առաջնորդվելով պետական շահի մշտական գիտակցմամբ, անմասն չմնալով և օգուտ քաղելով միջազգային կարևոր զարգացումներից:
Մենք լուրջ պոտենցիալ ենք տեսնում Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ԱՄՆ նոր որակի հարաբերությունների զարգացման համար: Անհրաժեշտ է տարածաշրջանային համագործակցության նոր հայեցակարգ և հատկապես Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների նշաձողի բարձրացում»։


Հիմնադիրները հայտարարում են, որ անհիմն ու ինքնանպատակ չեն քննադատելու և ատելության քարոզ չենք տանելու. «Սկզբունքորեն մերժում ենք իշխանություն–ընդդիմություն հարթության մեջ ամեն ինչի բաժանումը սևի և սպիտակի։ Մենք վեր ենք կանգնելու ձևավորված այդ հարաբերություններից։ Հայաստանը մեր ընդհանուր տունն է, և մեր ժողովուրդն ունի միասնական շահեր։ Հայաստանը մեր տունն է, որտեղ կան ոչ թե թշնամիներ, այլ մրցակիցներ։
Առկա մարտահրավերներին դիմակայելու համար մենք պատրաստ ենք համագործակցել քաղաքական ամենատարբեր ուժերի և բոլոր այն շրջանակների հետ, որոնք տեսնում են խորքային փոփոխությունների անհրաժեշտություն ու կիսում են մեր մտահոգությունները, մեր շեշտադրումները և մեր նպատակը։ Մեզ պետք է իրական համախմբում, որը կլինի ոչ թե մեկ անձի կամ անձերի շուրջ, այլ հանուն գաղափարի և առանցքային խնդիրների լուծման»:


Կուսակցության նախագահին կորոշի համագումարը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վարդան Օսկանյանն ասել է, որ «Համախմբում» կուսակցությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջելու. «Ես 25 տարվա իմ քաղաքական գործունեության մեջ որևէ մեկի հրաժարականը չեմ պահանջել, դա արդեն նշանակողների խնդիրն է, նրանք պետք է գիտակցեն` ով ինչ է արել և համապատասխան քայլեր անեն: Ես իմ կյանքում երբեք դա չեմ արել և չեմ պատրաստվում դա փոխել»: Նա բացառել է ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիան. «Մեր ծրագրերը էապես տարբերվում են, այս տարիների ընթացքում իշխող ուժը հաջողություններ չի ունեցել և ժողովուրդը այլընտրանք է փնտրում: Եթե մեզ հաջողվի այս այլընտրանքը լինել, մեր ծրագրերով արդեն հանդես կգանք և մեզ հետ համախոհ ուժերի հետ կոալիցիա կկազմենք և ծրագրերը կիրականացնենք»:
Հարցին, թե վարչական ռեսուրսը իշխանության ձեռքին է, ինչպե՞ս են իրենք հաջողելու, Վ.Օսկանյանը պատասխանեց. «Դա հիասթափեցման պատճառ է դարձել, 25 տարի չի հաջողվում, անընդհատ մենք ասում ենք` ո՞նց, ո՞նց, մեկ ա էդպես է լինելու, դա մտածողություն չի: Ժամանակը եկել է իսկապես արմատական փոփոխությունների այս փուլում, ժողովուրդը դա լավ գիտակցում է և ես համոզված եմ, որ ժողովուրդը իսկապես գնալու է այն քաղաքական ուժի հետևից, որին հավատալու է»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ


Հ.Գ. Վարդան Օսկանյանը ասել է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Համախմբում» կուսակցության հետ կապ չունի: Այդպես էլ պետք է ասվեր, հակառակ պարագայում՝ հարց էր հնչելու, թե ինչու՞ կուսակցությունը ստեղծողը չի գլխավորում: Թեպետ կա այդ հարցի պատասխանը, որ պատասխանն է նաև հարցի, թե ինչո՞ւ հիմա է Վարդան Օսկանյանը հայտարարում կուսակցության ստեղծման մասին, եթե անցյալ տարվա փետրվարից էր խոսում: Պարզապես ավարտվել են որոշակի ճշտումները և Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չի եկել կամ իր ցանկացած համաձայնությանը չի եկել Սերժ Սարգսյանի հետ: Ընդունեք, որ «Համախմբումը» բավականին հավակնոտ է իր սպասումներում.

«Մենք ոչ թե հերթական, այլ առանցքային քաղաքական ուժ դառնալու հայտ ենք ներկայացնում։ Այս նոր ուժի հաղթանակը կլինի մեր հանրության հաղթանակը՝ ներքին ու արտաքին մարտահրավերներին արժանապատվորեն պատասխանելու միջոցով»:

Սա էլ իր հերթին վկայում է, թերևս, որ ֆինանսական հարցերը ևս լուծված են՝ առանցք դառնալու համար գաղափարից բացի փող է պետք: Հանրության ուշադրությանը արժանանալու համար՝ ևս: Առավելևս արժանապատիվ պատասխաններ տալու: Կհամախմբի՞ «Համախմբումը»՝ կախված է նաև ՀՀԿ-ից՝ նայած ինչի և որ ուժի պահանջ կունենա: Բոլոր դեպքերում՝ Վարդան Օսկանյանի կուսակցությունը հայ քաղաքական դաշտում գործելու է ռուսամետ ուժերի շրջանակում, իսկ դա արդեն իսկ համախմբումը կիսում է: Հաջողությունը՝ ավելի քան:

Դիտվել է՝ 2278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ