Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Այլընտրանքային» խաղեր` նկատվող միտումների ֆոնին

«Այլընտրանքային» խաղեր` նկատվող միտումների ֆոնին
29.04.2016 | 00:20

Ապրիլյան չորսօրյա պատերազմը, յուրահատուկ կատալիզատոր լինելով հայաստանյան ներքաղաքական, արտաքին քաղաքական և հասարակական գործընթացների համար, բավականին լուրջ խթան հանդիսացավ երկրի արտաքին քաղաքական վեկտորի շուրջ նոր թափով քննարկումներ ծավալելու համար: Եվ շատ շուտով նույնիսկ անզեն աչքով տեսանելի դարձավ, որ այս ասպարեզում բավականին կտրուկ տրանսֆորմացիաներ են տեղի ունենում:

Իհարկե, Հայաստանի արտաքին քաղաքական նախապատվությունների շուրջ սուր քննարկումները մեզանում նոր երևույթ չեն, սակայն ոչ հեռու անցյալում բանավեճերը հիմնականում ծավալվում էին մի կողմից կայուն ռուսամետ հասարակության լայն զանգվածների, մյուս կողմից ինչ-որ չափով մարգինալացված, ընդհանուր առմամբ փոքրաքանակ արևմտամետ քաղաքական կամ արևմտյան աշխարհայացք դավանող քաղաքացիական ուժերի հետ: ՈՒ թեպետ վերջիններս մշտապես էլ աչքի էին ընկնում բավականին լուրջ կազմակերպվածությամբ, արագ մոբիլիզացվելու ունակությամբ և վերջապես քարոզչության ամենաժամանակակից և արդյունավետ տեխնոլոգիաներին տիրապետելու արվեստով, այնուհանդերձ, հասարակության զգալի զանգվածի դեպի Ռուսաստան կողմնորոշման պայմաններում ուժերը, բնականաբար, համեմատելի չէին: Որպես հասարակության ապրիորի ռուսամետության գրավական միշտ էլ դիտարկվում էին Հայաստանի անվտանգությունը, զարգացումը, ինչպես նաև Արցախի հարցի շուրջ հայանպաստ դիրքորոշում ունենալու Ռուսաստանի հետ կապված հույսերը: Նույնիսկ հայաստանյան քաղաքական, բիզնես և այլ էլիտաների ընդհանուր առմամբ անկայունությունը և անսկզբունքայնությունն արտաքին քաղաքական նախապատվությունների հարցում չէին կարող սասանել Ռուսաստանի դիրքերը հայաստանյան հասարակական տրամադրություններում, քանի որ Ռուսաստանի հիմնական դաշնակիցը փաստացի ոչ այնքան վերոհիշյալ էլիտաներն են, որքան հասարակության ճնշող մասը:

Ի դեպ, այդ էին վկայում պարբերաբար անցկացվող սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնց մի մասը երբեմն շոկ էր առաջացնում նույնիսկ մոլի ռուսամետների շրջանում:


Այս հանգամանքներում Ռուսաստանի ռազմաքաղաքական վարքագիծն ապրիլյան պատերազմական ժամանակաշրջանում և դրան հետևած բանակցային «ոչ դաշնակցային» խաղերը և, իհարկե, Ադրբեջանին մատակարարած գերժամանակակից զենքերի օգտագործումը հայկական կողմի դեմ կտրուկ նվազեցրին հայաստանյան հասարակությունում ռուսամետության աստիճանը: Ավելին, այժմ հասարակության զգալի հատվածը կասկածի տակ է դնում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային փոխհարաբերություններ ունենալու նպատակահարմարությունը: Բնականաբար, նման միտումները պարարտ հող հանդիսացան քաղաքական ուժերի համար, և հետպատերազմյան ժամանակաշրջանն աչքի ընկավ մի շարք հակառուսական ակտիվ գործողություններով՝ սկսած թեկուզ փոքրաթիվ, բայց բավականին աղմկոտ ցույցերից Ռուսաստանի դեսպանատան առջև, վերջացրած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրինագծով:


Բնականաբար, այս միտումներն աննկատ չմնացին՝ Ռուսաստանում որոշակի դիսկոմֆորտ առաջացնելով: Պատահական չէ, որ ռուսաստանյան մամուլում նույնիսկ հրապարակումներ եղան, որտեղ ուղղակիորեն մատնանշվում էր ՌԴ հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչության անանուն աղբյուրը, որն ուղղակի բողոքել էր, թե վերջին շրջանում իրենք բավականին լուրջ ճնշման տակ են աշխատում: Բայց եթե հասարակության արտաքին քաղաքական նախապատվությունների փոփոխությունները որոշ չափով կանխատեսելի են և հասկանալի, ապա շատ ավելի հետաքրքրական են ՀՀ իշխանությունների հետպատերազմյան մանևրները Ռուսաստանի և Արևմուտքի միջև, որոնք որոշ դրվագներում նույնիսկ սենսացիոն բնույթ են կրում: Թերևս, մենք ականատես եղանք այն հազվադեպ դեպքին, երբ ՀՀ իշխանությունները ոչ միայն հրապարակավ դիմագրավեցին ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանին, այլև փորձեցին հակախաղեր ստեղծել «ռազմավարական դաշնակից» Հայաստանի և «ռազմավարական գործընկեր» Ադրբեջանի միջև «մոլորված» Ռուսաստանի իշխանությունների համար: Նախ՝ ՀՀ իշխանությունները կարծես թե առանձնապես դեմ չէին, որպեսզի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վատ սպասումներ առաջացնող այցը կայանար որոշակի հակառուսական բողոքական ֆոնին: Շատ կարևոր է այն հանգամանքը, որ ՌԴ արտգործնախարարի հայաստանյան այցելության օրերին՝ ապրիլի 21-ին, ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, որտեղ նա հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Ալեքսանդր Վերշբոուի հետ։ Ընդ որում, հանդիպման ընթացքում ՀՀ փոխնախարարը ներկայացրել էր հենց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի մանրամասները։ Փոխնախարարը ՆԱՏՕ-ում հայտարարել էր, թե Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնապաշտպանվելու և բարելավելու իր անվտանգության միջավայրը։ Իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 22-ին, Դավիթ Տոնոյանն արդեն մասնակցել է «ՆԱՏՕ-Հայաստան պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի քննարկմանը։ Ընդ որում, Դավիթ Տոնոյանն արժանացել է ամենաբարձր մակարդակի ընդունելության։ Դժվար է զուտ զուգադիպություն համարել, որ նույն օրը Հայաստանը մի կողմից ընդունում է ռազմաքաղաքական դաշնակից ՌԴ-ի արտգործնախարարին, միաժամանակ փաստացի փոխգործակցության բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ում։ Պաշտոնական Հայաստանն այսպիսով ցույց տվեց Ռուսաստանին, որ այլընտրանքներ հեռանկարների հարցում, այնուամենայնիվ, կան։ Դեսպան Վերշբոուն, բարձր գնահատելով Հայաստանի հետ հարաբերությունների ներկա մակարդակը, հույս է հայտնել, որ այն կշարունակի պահպանել զարգացման դինամիկան։ Հայաստանը ցույց տվեց, որ անվտանգության հարցերում ՌԴ-ի մենաշնորհն ինչ-որ հեռանկարում կարող է և սասանվել։

Ի դեպ, այս կապակցությամբ հատուկ նկատենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ավանդաբար համարվում է ռուսական ամենամեծ ազդեցության տակ գտնվող ուժային գերատեսչություններից մեկը։


Հանրային կարծիքին զուգահեռ իրենց դժգոհությունները Ռուսաստանի նկատմամբ բացահայտ ներկայացրին նաև հայաստանյան իշխանությունները։ Դա մենք տեսանք Սերժ Սարգսյանի և Լավրովի հանդիպման պրելյուդիայում, որտեղ գուցե դիվանագիտական, սակայն հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում Սերժ Սարգսյանը հրապարակավ բավականին կոշտ հարցադրում արեց՝ Լավրովից ուղղակի պատասխան պահանջելով տեղի ունեցածի համար, բավականին թափանցիկ ակնարկելով, որ ՌԴ-ն՝ որպես ռազմավարական դաշնակից, իր պարիտետային քաղաքականությամբ հիասթափեցրել է Հայաստանին: Բայց ամենակարևորը. կոշտացնելով ՀՀ դիրքորոշումները՝ ՀՀ նախագահը բաց տեքստով հայտարարեց, որ Հայաստանն առայժմ հրաժարվում է որևէ բանակցային գործընթացից, ինչը, բնականաբար, ուղղակիորեն նշանակում է, որ մեծ կասկածի տակ է դրվում Ռուսաստանի՝ հակամարտությունը սեփական ռեսուրսներով կարգավորելու հավակնությունները: Եվ պատահական չէ, որ Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտ» թերթը մի քանի անգամ դժգոհություն էր արտահայտել, որ Հայաստանը փաստացի «տորպեդահարում» է Ռուսաստանի նախաձեռնությունը՝ որակելով այն որպես պաշտոնական Երևանի կողմից «դեմարշ»: Եվ ընդհանրապես ռուսական աղբյուրներն ուղղակիորեն գրեցին, որ հայ-ռուսական վերջին բանակցությունները շատ ծանր են եղել։ Պատահական չէ, որ նույն Լավրովը թե՛ Նալբանդյանի հետ մամուլի ասուլիսում, թե՛ ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում անընդհատ շեշտում էր, որ գործընթացը միայն Ռուսաստանը չի ղեկավարում։ Հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասության շրջանակներում է։ ՈՒստի Հայաստանում հնչող ոչ պոպուլյար լոզունգների, հայտարարությունների հասցեատերը միայն Ռուսաստանը չէ, այն հավասարապես Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների լուծելիք հարցն է։


Թերևս, դիվանագիտական դեմարշի արտահայտություն է նաև Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Սերգեյ Լավրովի ամերիկյան գործընկեր, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ընթացքում նույնպես քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ գործընթացը։ Դրանով իսկ արդեն Երևանը հասկացրեց Մոսկվային, որ այս պահին Ռուսաստանի դոմինանտ դերը հակամարտության կարգավորման հարցում «իր սրտով» չէ: Նույն միտումը նկատվում է նաև Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրի՝ Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի երևանյան հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումներին: Այս առումով հետաքրքրական է, որ ֆրանսիացի պաշտոնյայի հնչեցրած մոտեցումները շատ դրվագներով նման են ամերիկյան կողմի մոտեցումներին: «Մոտեցումը հետևյալն է. հրադադարն անպայման պետք է պահպանվի, և, բնականաբար, պետք են մեխանիզմներ, որոնք թույլ կտան վերահսկել հրադադարի պահպանումը: Այդ մեխանիզմները պետք է հիմնվեն միջազգային հանրության հովանու ներքո, այդ դերը կարող է ստանձնել ԵԱՀԿ-ն: Մեխանիզմ ասելով՝ նկատի ունեմ դիտորդներ և հսկման էլեկտրոնային սարքեր, այսինքն՝ վերահսկողություն պետք է իրականացվի թե՛ տեխնիկական միջոցներով, թե՛ մարդկանց օգնությամբ, որոնք թույլ կտան յուրաքանչյուր վայրկյան ստուգել հրադադարի պահպանման ռեժիմը: Յուրաքանչյուր անգամ, երբ կգրանցվի հրադադարի խախտման որևէ դեպք, դա թույլ կտա ստանալ անկողմնակալ տեղեկատվություն»,- ասաց Դեզիրը՝ Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողների հետ ունեցած հանդիպմանը:


Եվ, իհարկե, բավականին ցավոտ են Ռուսաստանում ընդունել «Բլումբերգ» պարբերականին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ռուսական խաղաղապահների մուտքը հակամարտության տարածք Հայաստանը չի պատկերացնում՝ ակնարկելով, որ համենայն դեպս Հայաստանը չի պատրաստվում այդ խաղաղապահներին հրավիրելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտի:
Ինչևէ, տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն արդեն իսկ հանգեցրել է ներքաղաքական հասարակական տրամադրությունների և նույնիսկ աշխարհաքաղաքական նախապատվությունների փոփոխման կամ վերանայման: Առնվազն դրա միտումները արդեն իսկ նկատելի են:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2215

Մեկնաբանություններ