Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Ինչո՞ւ այսօր պետք է ունենայինք այսպիսի տնտեսություն, ինչո՞ւ տնտեսապես ավելի հզոր չպետք է լինեինք»

«Ինչո՞ւ այսօր պետք է ունենայինք այսպիսի տնտեսություն, ինչո՞ւ տնտեսապես ավելի հզոր չպետք է լինեինք»
29.04.2016 | 00:45

Ռազմական գործողությունների վերսկսումը հերթական անգամ ապացուցեց մեր տնտեսության անմխիթար վիճակը: Շփման գծի թեժ մարտերը նաև հիմք դարձան, որ թիկունքում մարդիկ վերստին բարձրաձայնեն տնտեսական լուրջ խնդիրների մասին: Եվ ոչ միայն տնտեսության մասին «Իրատեսը» զրուցեց տնտեսագետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

-Այս օրերին տնտեսության ոլորտի ո՞ր բացթողումներն ավելի ակնհայտ դարձան:
-Մինչ այդ էլ բոլորին հայտնի էր, թե տնտեսական հիմնական խնդիրներն ինչի հետ են կապված: Իհարկե, դրանք ուղղակի կամ անուղղակի ազդում են մեր երկրի անվտանգության համակարգի վրա: Անկախ պատերազմական դրությունից, Հայաստանի տնտեսական վիճակն անմխիթար է, և դա հանգեցրել է այն բանին, որ Հայաստանում տնտեսությամբ զբաղվելը դարձել է ոչ նպատակահարմար, ներդրումներ անելը` անիմաստ: Մեզանում տնտեսությամբ զբաղվողներին գնահատում են ոչ թե նրանց աշխատանքի որակով, ստեղծած աշխատանքով, այլ թե ինչ հովանավորությունից են օգտվում: Տարիներ շարունակ այս խնդիրները կան, որոնց լուծումներ չեն տրվում: Մենք ավելի պատրաստ կլինեինք, ավելի մեծ հնարավորություններ կունենայինք տրամադրելու բանակին, եթե մեր տնտեսությունն այսպիսի վիճակում չլիներ:
-Ապրիլյան այս գործողությունների ժամանակ խոսակցություններ եղան, թե հայկական բանակը թերզինված է: Մինչ այս Հայաստանում ցանկացած խնդիր դիտարկելիս, դրա լուծմանը գումարներ հատկացնելու համար մշտապես պատճառ էր ներկայացվում այն, թե մենք ունենք առավել կարևոր հարց` ղարաբաղյան հիմնախնդիրը: Ծանրակշիռ փաստարկ էր` բոլոր միջոցները պետք է տրամադրել պաշտպանական ոլորտին: Մինչդեռ այս օրերին պարզվեց, որ անգամ այդ ոլորտին տրված ֆինանսները բավարար չեն եղել, քանի որ ունենք զինամթերքի պակաս: Ի՞նչ է ստացվում. չկան գումարներ ու կան բազմաթիվ խնդիրնե՞ր:
-Զինատեսակների առումով կարծում եմ, պետք է վերանայել ադրբեջանական բանակի և հայկական բանակի ֆինանսավորումը: Խոսքը բյուջեով նախատեսված գումարների մասին է, որից ելնելով պետք է գնահատել մեր հնարավորությունները: Գումարներ շատ կլինեին, եթե ունենայինք ավելի մեծ տնտեսություն: Հարցին պետք է մոտենալ այս դիտանկյունից: Եթե լիներ հզոր տնտեսություն, առավել հզոր բանակ կունենայինք: Պարզապես առայժմ դեռ այս խնդիրներին անդրադառնալու պահը չէ, հարմար ժամանակ պետք է անդրադարձ կատարել այն հարցերին, թե որքա՞ն նպատակահարմար են ծախսվել անգամ այն քիչ գումարները, որոնք տրվել են այս ոլորտին: Իմ հարցադրումն այն է` ինչո՞ւ այսօր մենք պետք է ունենայինք այսպիսի տնտեսություն, ինչո՞ւ տնտեսապես ավելի հզոր չպետք է լինեինք: Բոլոր ոլորտների չկայացվածության պատճառը կառավարման համակարգն է, որը երկրի զարգացմանը խոչընդոտում է: Ցանկացած պահին այս հարցը պետք է օրակարգային դառնա, համակարգը պետք է փոխվի: Սրա համար ոչ թե տնտեսական մեթոդներ են պետք, այլ քաղաքական կամք, որոշում: Այսօր ընտրական օրենսգիրք է քննարկվում, որն անմիջական առնչություն ունի տնտեսության հետ: Սրանով է պայմանավորված, թե տնտեսությունն ինչպես է ձևավորվում: Եթե իշխանության ձևավորման մեջ շատ մեծ մասնակցություն ունենան ժողովուրդը, քաղաքական ուժերը, ոչ թե իշխանությունը` իր հովանավորյալներով, ոչ լեգիտիմ ինստիտուտները (թաղային հեղինակությունները, խուժանը), ֆինանսները, տնտեսական զարգացման հեռանկարներ կունենանք: Ընտրական նոր օրենսգրքի այս փուլում իշխանությունը նորից գնում է հին մեթոդներով վերարտադրվելու ճանապարհով: Եթե այս գիտակցումը չվերանա, մեզանում ոչինչ հնարավոր չի լինելու փոխել:
-Այս օրերին տնտեսական դաշտի աննորմալ սկզբունքների մասին չի՞ խոսում նաև այն, որ հաճախ, երբեմն ոչ հրապարակավ, իշխանությունները գումարներ են ակնկալում սփյուռքից, երբ սեփական երկրում այսքան մեծահարուստների են «աճեցնում», որոնց կարողությունների մասին լեգենդներ են պտտվում: Ժամանակը չէ՞, ի վերջո, վերանայելու տնտեսական այս «չափորոշիչները», երբ համատարած աղքատության ֆոնին գերօլիգարխներ կան:
-Այս համակարգի արատավորությունը հենց այն է, որ սպասարկում է մարդկանց շատ նեղ խմբի: Այսօր երկրի զարգացումն ուղղվում է ոչ թե մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը, երկրի բարգավաճմանը, այլ առանձին խմբի շահերին: Այս ամենի մասին պետք է մտածեին հինգ, տասը տարի առաջ, երբ այս համակարգի հիմքն էր դրվում, որը կոչվում է ոչ թե կապիտալիզմ, այլ խմբային շահերի սպասարկում: Ժամանակին, երբ ասում էինք` ավազակապետություն, մեզնից վիրավորվում էին: Երբ մարդկանց մի խումբ, օրենքը շրջանցելով, իր շահերը բավարարելու համար ստեղծում է հաճելի պայմաններ: Մնացածն իրենց քիչ է հետաքրքրում: Ճիշտ եք այն հարցում, որ փոխանակ այսօր պետությունն իր ֆինանսական հնարավորություններով փորձի լուծումներ գտնել այս իրավիճակում, հայացքն էլի ուղղում է դուրս: Ոմանք էլ դժգոհում են, թե ինչու չեն օգնում, բայց այդպես չպետք է լինի: Հնարավոր է, իհարկե, այնպիսի վիճակ, որ երկրի ռեսուրսները չբավարարեն, բայց այդ դեպքում ոչ թե տեղի իշխանությունները դրսից փող պիտի հայցեն, այլ սփյուռքն իր հնարավորությունների սահմաններում օգնի: Մեզ մոտ ոչ մի մեխանիզմ չի ստեղծվել, պետական ինստիտուտներ գոյություն չունեն, ի վիճակի չեն նույնիսկ առօրյա կյանքում մեր խնդիրները լուծելու, էլ ուր մնաց արտակարգ իրավիճակում: Վերադառնալով կրկին ԸՕ-ին, ընդգծեմ, որ այն, որպես ընտրական ինստիտուտ չգործելով, փորձում է վերարտադրել արատավոր մեթոդներով աշխատելու հնարավորությունները: Եթե ժամանակի ընթացքում կարողանայինք խնդիրներին իսկապես լուծումներ տալ, տնտեսությունն իր տեղում կաշխատեր, բիզնեսմենները` իրենց տեղում ու քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն անգամ չէին ունենա: Բայց այսպիսի վայրագ ձևով մտնել քաղաքականություն և տապալել ողջ քաղաքական դաշտն ու այդ ինստիտուտը, աններելի է: Սա հարց է, որին պատեհ պահի պետք է անդրադառնալ, երբ իրավիճակը ռազմաճակատում կայունանա:
-Պարոն Խաչատրյան, կարևորեցիք ԸՕ-ն, բայց դրա քննարկումներին ՀԱԿ խմբակցությունը չմասնակցեց` պատճառաբանելով, թե իշխանությունն իրենց էական առաջարկները չընդունեց: Փաստորեն, իշխանությունը չգնա՞ց ընդդիմության հետ երկխոսության ճանապարհով:
-Իշխանությունը ցանկություն չունի լսելու ընդդիմադիրների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների տեսակետները: Ցավոք, նրա միակ ցանկությունը վերարտադրվելն է: Հաշվի առնելով նաև այս օրերին ստեղծված իրավիճակը, իշխանությունն առավել պետք է փոխեր մոտեցումները ԸՕ-ի հանդեպ: Հնարավոր չէ տասն ամսվա ընթացքում այնպիսի ԸՕ մշակել, որով բոլոր հարցերին լուծում կտրվի, և այդ պատճառով պետք չէր այսպիսի օրենսգիրք ներկայացնել: Անհրաժեշտ էր ուղղակի մթնոլորտ փոխել, մարդկանց ընտրական գործընթացների հանդեպ վստահության հնարավորություն տալ: Քիչ փոփոխություններով գործող օրենսդրությունը կիրառելու համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ քաղաքական ուժերը, հանրությունը վստահ լինեին, որ իրենց ձայնը տեղ է հասնելու: Ընտրական գործընթացների կարևորությունը ոչ թե օրենքի բովանդակությունը կամ ձևերն են, այլ վստահությունը: 1990-ին Գերագույն խորհուրդն ընտրվեց խորհրդային օրենքներով, որևէ մեկը երբեք չի կասկածել այդ մարմնի օրինականությանը: Ցավոք, այսօրվա իշխանությունը գնում է առճակատման ճանապարհով, և պատահական չէր ՀԱԿ-ի` քննարկումներն առկախելու հայտարարությունը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի նոր ԸՕ-ում հաշվի առնեն քաղաքական ուժերի դիրքորոշումները, որը կնպաստի նորմալ ընտրական գործընթացներ իրականացնելուն: Եթե չընդառաջեն քաղաքական ուժերի պահանջներին, երկրում լարվածությունը կմեծանա, և այդ պարագայում մենք ոչ տնտեսության բարելավման, և ոչ էլ որևէ այլ ոլորտի կարգավորման մասին կարող ենք խոսել: Մենք կհայտնվենք շատ անելանելի վիճակում:
-Անկախ Հայաստանի գրեթե բոլոր ընտրությունները կեղծվել են: Ինչպես երևում է, այս իշխանություններն էլ ցանկանում են իրենց «հագով» կարել նոր ԸՕ-ն: Ստացվում է, արհեստածին խնդիր է քաղաքական ասպարեզ նետվել, քանի որ քաղաքական կամքի պարագայում ցանկացած օրենսգրքով հնարավոր է նորմալ ընտրություններ անցկացնել: Առավել ևս այս լարված իրավիճակում քաղաքական միտքը կարելի էր, չէ՞, զբաղեցնել առավել շահեկան հարցերով:
-Իսկապես արհեստածին խնդիր է, քանի որ ԸՕ-ի բովանդակությունը չի որոշում ընտրությունների որակը, այլ իշխանության, քաղաքական մասնակիցների պատրաստակամությունը: Տվյալ դեպքում բացակայում է իշխանությունների պատրաստակամությունը: Եթե սահմանադրական հանրաքվեի օրինակով նշենք, պետք է փաստենք, որ հերթական անգամ ԸՕ-ն անտեսվեց այնպես, ինչպես վերջին բոլոր ընտրությունների ժամանակ: Այսինքն՝ ամեն ինչ իրականացվեց օրենքից դուրս: Հիմա, իհարկե, մի փոքր այլ վիճակ է, քանի որ սահմանադրական փոփոխություններ կատարվեցին, և նոր համակարգի անցման ժամանակ նոր ԸՕ-ի պահանջ կա: Ճիշտ կլիներ, որ ընդամենը արձանագրվեր՝ անցում ենք կատարում համամասնական համակարգին, և այդ մասով պետք է փոփոխություններ լինեն: Բայց սրան զուգահեռ պետք է մշակվեին հասարակության վստահության մեխանիզմներ և երկու կարևոր քայլ:
-Որո՞նք են դրանք:
-Ընտրական ցուցակների հրապարակում, որը եղել է մինչև 2003-ը և ընտրացուցակներից «մաքրել» այն մարդկանց անունները, ովքեր վերջին տասը տարում Հայաստանից հեռացել են: Այսինքն, մի քանի շատ հստակ քայլեր պետք է իրականացվեն, որոնք մարդկանց մեջ վստահություն կարթնացնեն, որ իշխանությունները պատրաստ են գնալու արդար ընտրությունների ճանապարհով: Շատ քիչ փոփոխություններով ընտրական օրենսգիրքը կարելի էր դարձնել նորմալ, ընկալելի, աշխատունակ: Բայց այսօր իշխանությունը գնում է այլ ճանապարհով, մտածում է ինչպես վերարտադրվի 2017-ին: Մինչդեռ օրակարգում դեռ հարց կա` մինչև 2017-ը դեռ պիտի հասնել: Մենք բոլորս, պետությունն էլ, կհասնենք, բայց իշխանությունն այս մեթոդներով կհասնի՞:
-Չնայած ՀԱԿ-ն առկախեց իր մասնակցությունը քննարկումներին, բայց իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ընդդիմության որոշ առաջարկներ հաշվի են առել: Դրանք բավարա՞ր չեն:
-Ոչ: Իշխանությունը զուտ տեխնիկական հարցեր է լուծում, քանի որ միջազգային կազմակերպությունների ճնշումը կա: Չեմ խորացել ԸՕ-ի բովանդակության մեջ, քանի որ խնդիրը վստահության երաշխիքների մեջ է: Բայց ԱԺ-ում քննարկումների ժամանակ ոմանք այնպիսի դրույթներ ներկայացրին, որ փաստում է՝ շատ վտանգավոր ԸՕ է լինելու: Ավելի հեշտացնում է կեղծիքների մեխանիզմը և կեղծարարներին անպատիժ թողնելը: Հենց այս պատճառով կարծում ենք, որ չարժի իշխանության հետ մասնակցել քննարկումներին: Մի հանգամանք ևս. ցավոք, այս օրենսգիրքն էլ չի մշակվել ԱԺ-ում, այլ ինչ-որ խմբի կողմից, թե այն որտեղ և ում հետ է աշխատել, ում պատվերն է կատարել, պարզ չէ: Ամեն դեպքում այս ԸՕ-ն Հայաստանի շահերը չի սպասարկում: Հերթական անգամ սպասարկում է որոշ մարդկանց շահերը, ինչը լավ բանի չի հանգեցնի:
-Եթե այս անգամ էլ ընտրությունները կեղծվեն, ի՞նչ է սպառնում Հայաստանին:
-Նախ պետք չէ առաջ գնալ, կյանքը շատ արագ փոխվում է: Ոչ մեկը չի կարող գուշակել, թե վաղն ինչ կլինի: Հայաստանի Հանրապետությունն այդքան ռեսուրս էլ չունի, որ կեղծիքի արդյունքում ձևավորի իշխանություն, որն ընդունակ չէ որևէ հարց լուծելու երկրում: Պետք է թույլ չտալ, որ իշխանությունը հերթական անգամ գնա այդ ճանապարհով: Եթե իշխանությունը տեղի չի տալիս ու գնում է նույն ճանապարհով, այդ դեպքում մենք էլ պետք է պայքարի այլ ուղիներ փնտրենք: Բայց առայժմ այդ պահը չէ, կա շատ ավելի կարևոր խնդիր Ղարաբաղում: Այս պահին մեր բոլորի հայացքները պիտի ուղղվեն ռազմաճակատ: Ցավում եմ, որ իշխանությունները չեն գնահատում Հայաստանի քաղաքացու` իրենց հանդեպ ունեցած այսօրվա վերաբերմունքը, երբ բոլորս պատրաստակամություն ենք հայտնել ծառայելու հանուն մեր երկրի անվտանգության:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

«Իրատես» թերթի արխիվից

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում