Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Օդում բռնեց հարվածը

Օդում բռնեց հարվածը
29.04.2016 | 00:52

Հայաստանն ապրում է նոր իրավիճակում, նոր ժամանակացույցով: Հայաստանն ու Ղարաբաղը այս պահին փորձում են թշնամուն խաղաղություն պարտադրել: ՈՒ մինչ հայոց բանակը սահմանում զբաղված է կենաց-մահու պայքար մղելով, հայաստանյան ներքին «ֆրոնտում» ահավոր ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում:
Ստեղծվում է օսկանյանական «ֆրոնտ», մեկ-երկու օրվա տարբերությամբ էլ «ոմանք» փորձում էին խորհրդարանում ապացուցել, որ այլևս մեծամասնություն չկա, նոր խաղ է սկսվում` «Հրազդանցեմենտի» նախադեպով, և որ ընտրական օրենսգիրքը ևս կտապալվի ըստ «նույնի», կստեղծվի սահմանադրական ճգնաժամ իշխանության, առավել ստույգ` այս պահին «ֆրոնտով», գերտերությունների հետ Ղարաբաղյան հարցի լրջագույն մանևրով զբաղված Սերժ Սարգսյանի համար, որից հետո արդեն հեշտ կլինի հաշվել «աշնանային ճտերը»` նույն Սարգսյանին պարտադրելու իրենց նոր խաղը` նոր ձևաչափով:


ՈՒզում էին լավ, ստացվեց` ինչպես միշտ. «շախմատիստ» Սարգսյանն օդում բռնեց հարվածը… ու հետ նետեց:


Ժպտանք լիաթոք, զի այս անգամ ևս մոդերատորների, քաղաքական հաշվարկը կատարողների խելքը չէր հերիքել գոնե մինչև մեկը հաշվել: «Հրազդանցեմենտի» օրինագծի տապալմամբ, որի առնչությամբ, գիտենք, կար մեծամասնության քաղաքական որոշում, որ անպայման պետք է անցնի, Սերժ Սարգսյանն ավելի շահեց, քան կորցրեց: Որովհետև այն դարձավ ստուգողական կրակոց` ընտրական օրենսգրքի հարցում խիստ աչալուրջ լինելու համար, ինչն էլ արվել էր նախորդ օրը` ՀՀԿ «կանչված» պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, որպեսզի վերջիններս «փնթիությանը» վերջ տան և պարտաճանաչ մասնակցեն նիստերին ու քվեարկություններին, իմանան` «высоко сижу, далеко гляжу» կարգախոսը միշտ է գործում: Սա՝ առաջին շերտում:


Երկրորդում խոսքն ամենևին էլ փնթիությանը չէր վերաբերում, այլ, ինչպես ասաց պարոն Օսկանյանը, «համախմբմանն» էր վերաբերում, որի առաջին բեմելն էլ հենց «Հրազդանցեմենտի» քվեարկության ցուցանքն էր։ Հարգարժան ԲՀԿ-ն` կառավարությունից սիրյալ, բոյկոտել էր այդ քվեարկությունը, ՕԵԿ-ն ու մնացյալք նույնպես բոյկոտել էին, ստացվել էր, որ բոլորը իրենց համախմբում-համերաշխությունն են հայտնել Վարդան Մինասիչի բեմելին, և «համախմբում» բառն այնքան էլ պարապ տեղն արձակված «ճիչ» չէր: Եթե չլիներ մեկ «բայց»: Եթե Սերժ Սարգսյանը ճիշտ ժամին, ճիշտ տեղում չհայտնվեր-չցուցաներ` որտեղ են ձմեռում և ձմեռելու «համախմբվածների» խեցգետինները:


Այժմ` առավել ստույգ հաշվարկ: Բանն այն է, որ երեկվանից կաքավող (նախորդ օրը տեսնել էր պետք` Էլինար Վարդանյանն ու «մույս» համախոհներն ինչ հաղթական վիճակով էին դուրս գալիս խորհրդարանի դահլիճից) «համախումբը» չէր հասկացել յուրյանց բոզոյաններով և թևանյաններով (մեր կոլեգաներին խնդրում ենք` այսուհետ` օլիմպիական հանգստությո՛ւն, որովհետև նրանք այսուհետ քաղաքական գործիչներ են), որ նախագահական հաշվարկը նույնպես «ոսկերչական» էր, ինչպես միշտ և հատկապես վերջին շրջանում: Բացահայտելու` ով ում հետ է խաղում` Օսկանյանի կուսակցության ստեղծման պահից ի վեր: Որքան է խաղում: Նաև` ինչու: Չմոռանանք, համ էլ` ումով: Որովհետև, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանին այդ օրը զեկուցվել էր` քվորում չկա, Սարգսյանը չէր անհանգստացել «ցեմենտի մասով», այլ փորձել էր հասկանալ` դահլիճում դանթող «Կիլիկիայի» Հակոբը, Մանվել Բադեյանը, Հովիկ Աբրահամյանի բարձր ընդունելությանն արժանացած Վարդան Օսկանյանը... օյ, կներեք, Այվազյանը, և ոչ միայն, նաև մնացյալք, ի վերջո, ինչ են շնչում և ինչու են շնչում: Այս փուլում: ԸՕ-ի քվեարկությունից ժամեր առաջ:


Պարզ ասած` «ինվենտարիզացիա» էր անցկացրել: Ընդամենը։ Շախմատն ու ղեկավարվող քաոսը «պահանջում» են:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ