Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ո՞վ է կրակելու վերջինը

Ո՞վ է կրակելու վերջինը
29.04.2016 | 00:56

Գրում եմ ու վստահ չեմ, որ իրավիճակը ընթերցելիս համարժեք է լինելու: Որ անհույս հնացած կամ իրավիճակին հակառակ չեն լինելու գրածներս: Բնավ մխիթարություն չէ, որ ամենաքիչը ես եմ մեղավորը: Մեղավորի ու անմեղի հարց չկա: Կա իրավիճակ, որ փոխվում է անընդհատ, ու այդ անընդհատության մեջ ոչ ոք չի կարող ասել՝ ինչ է լինելու հետո: Ավելին՝ ի՞նչ է հիմա կատարվում: Հնարավոր է կանխատեսել, իսկ կյանքը կգա ու փուլ կտա ցանկացած կանխատեսում: Ո՞վ կարող էր կանխատեսել Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունը:

Գուցե միայն նա, ում պետք է, որ Հայաստանում գոնե մի փոքրիկ, բայց ահաբեկչություն լինի: Ո՞վ կարող էր կանխատեսել, որ Սերժ Սարգսյանին կզանգահարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ափսոսանք հայտնելու, որ ստիպված էր հետաձգել այցը Հայաստան: Չնայած՝ Սիրիան՝ Սիրիա, պարզ էր՝ ինչու Պան Գի Մունը տարածաշրջանային այցը հետաձգեց: Մինչդեռ տրամաբանությունը հակառակն էր պահանջում՝ հենց նման իրավիճակներում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը կարևոր ու պահանջարկված էր: Լիակատար աջակցություն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը գործով էր պետք հայտնել: Խոսքով՝ Էրդողանն էլ կարող է ասել: Ո՞վ կկանխատեսեր, որ Սերժ Սարգսյանին կզանգահարի Ջոն Քերին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման պատճառով ստեղծված իրավիճակը: Սերժ Սարգսյանն էլ կասի, որ Բաքվի անպատասխանատու քայլերը մեծ վնաս են հասցրել բանակցային գործընթացին, փաստորեն կասի՝ այս պայմաններում բանակցելն անիմաստ է: Կամ՝ հարցազրույցի կգա Bloomberg-ը:

Նկատեցի՞ք, որ արևմտյան բանավոր ու գրավոր ուխտագնացությունը Հայաստան սկսվեց Սերգեյ Լավրովի այցից հետո, երբ նրան ասվեց՝ ինչ պետք էր, ինչ համարժեք էր իրավիճակին: Այդ շրջագծում էր Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի և համանախագահ Պիեռ Անդրիոյի այցը Հայաստան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի ներկայացուցիչն ընդգծել է, որ իր երկրում համոզված են՝ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Ֆրանսիան առաջարկում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղակայել ԵԱՀԿ դիտորդներ և հսկման սարքեր. «Հրադադարը անպայման պետք է պահպանվի, և, բնականաբար, պետք են մեխանիզմներ, որոնք թույլ կտան հսկել հրադադարի պահպանումը: Այդ մեխանիզմները պետք է հիմնվեն միջազգային հանրության հովանու ներքո, այդ դերը կարող է ստանձնել ԵԱՀԿ-ն: Մեխանիզմ ասելով՝ նկատի ունեմ դիտորդներին և հսկման էլեկտրոնային սարքերը, այսինքն՝ վերահսկողությունը պետք է իրականացվի թե՛ տեխնիկական միջոցներով, թե՛ մարդկանց օգնությամբ: Ամեն անգամ, երբ կգրանցվի հրադադարի խախտման որևէ դեպք, հնարավոր կլինի ստանալ անկողմնակալ տեղեկատվություն»,- ասել էր Դեզիրը` Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողների հետ հանդիպմանը: Բայց Դեզիրը չի ասել, թե ինչ է լինելու հետո հրադադարը խախտողի հետ: Օրինակ՝ քննարկվո՞ւմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում, որ հրադադարը խախտող երկիրը պետք է ենթարկվի պատժամիջոցների՝ ճանաչված, թե չճանաչված: Միասնական՝ տնտեսական ու քաղաքական: Թե չէ ինչքա՞ն կարելի է կողմերին կոչեր հղել, որոնք մի կողմում չեն լսվում ու չեն ընկալվում, մյուս կողմին զայրացնում են: ՈՒ մնում են անպատասխան: Քառօրյա պատերազմից հետո դա արդեն համանախագահ երկրների պատվի ու հեղինակության հարցը չէ, բարոյականության կատեգորիաները այնքան էլ հարգի չեն իրական քաղաքականության մեջ, դա տարածաշրջանային անվտանգության ու անկանխատեսելի հետևանքներով պատերազմի կանխման խնդիր է, որը վերաբերելու է ոչ միայն տարածաշրջանին:

Նկատեցի՞ք ադրբեջանական դիվանագիտության խաղը շրջելու հաշվարկը. շատ արագ «պարզվեց», որ հրադադարը խնդրել է ոչ թե Բաքուն, այլ կազմակերպել է Մոսկվան, իսկ դրանից հետո տեխնիկայի հարց էր՝ ապրիլի 5-ի բանավոր պայմանավորվածությունը ներկայացնել իբրև «մոսկովյան», որը շրջանցում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, իբրև կոնֆլիկտի կողմերի շփման գծում հրադադարի 1990-ականների փաստաթղթերի փոխարինող ու նամակով դիմելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ու Անվտանգության խորհրդին՝ պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով, միակողմանիորեն չեղարկել 1994-ի մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը: Թեպետ ՌԴ արտաքին գործերի նախարարը Երևանում հստակ ասաց, որ այդ համաձայնագիրն անժամկետ է: Բայց հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ղարաբաղում հրադադարը խիստ փխրուն է, իսկ «Կոմերսանտը» գրեց, որ, ի տարբերություն Երևանի, Բաքուն պատրաստ է բանակցությունները վերսկսել: Գուցե հենց այդ պատճառով Մոսկվան բացարձակապես պատասխանատվություն չի զգում, որ իր միջնորդությամբ հաստատված հրադադարի բանավոր պայմանավորվածությունը Բաքուն խախտում է անընդմեջ ու նորից կրակում է ծանր զինատեսակներով՝ հարվածն ուղղելով քաղաքացիական բնակչության, ոչ թե զինուժի վրա: Ո՞Ւր էր ՌԴ գլխավոր շտաբի պետը, երբ Մարտակերտի վրա զենիթահրթիռային համակարգից Բաքուն կրակ էր բացում: ՌԴ ԱԳՆ-ն ո՞ւր էր: Թե՞ նրանք կհիշեն միջնորդական առաքելության պատասխանատվության մասին, երբ Հայաստանը քայլ առաջ անի:


Գուցե դա պատասխանն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՞, որ Bloomberg-ին տված հարցազրույցում ասել էր, թե շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չի տեսնում՝ «Եթե բանակցություններ չկան, ռուսական զորքն ինչպե՞ս պետք է հայտնվի Ղարաբաղում կամ Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի միջև: Ռուսական զորքն այստեղ կարող է հայտնվել կողմերից մեկի հրավերով` առնվազն»: Կամ էլ՝ «Լավրովը որևէ փաստաթուղթ կամ որևէ առաջարկություն այս պահին չէր կարող բերել, որովհետև Լավրովը շատ փորձառու դիվանագետ է և շատ լավ հասկանում է, որ քառօրյա պատերազմից հետո խոսել բանակցությունների մասին՝ տրամաբանական չէ: Եվ Լավրովը, և մյուս համանախագահ երկրների և արտգործնախարարները, և նախագահները հստակ գիտեն՝ ով է գործողություններ սկսել և ինչ նպատակով, ու այդքանից հետո մեզ առաջարկել սկսել բանակցություններ, կոռեկտ չէր լինի»: Որ բանակցությունները վերսկսելու պայմաններ էր դրել. «Խնդիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով: Բայց որպեսզի սկսվեն այդ բանակցությունները, անհրաժեշտ է, որպեսզի նախ համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն: Հաջորդը` անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության միջոցառումները, հետաքննության մեխանիզմները տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ անեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդ` մենք երաշխիքներ պետք է ունենանք, որ այլևս այսպիսի խախտումներ չեն լինելու»:


Մի փաստ էլ կա՝ ԵԱՀԿ-ում ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, թե տեղյակ չէ Սարգսյան-Ալիև հանդիպման նախապատրաստման մասին, մինչդեռ Սարգսյան-Ալիև հանդիպման ուղղությամբ ջանքերի մասին նախօրեին հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն. նա ասել է, որ համանախագահները ցանկանում են կազմակերպել հանդիպում և աշխատում են այդ ուղղությամբ: Ստացվում է, որ համանախագահները միմյանց քայլերին տեղյակ չե՞ն: Թե՞ ՌԴ համանախագահը ոչ մի ջանք այդ ուղղությամբ նպատակահարմար չի համարում, որովհետև եթե հանդիպեն նախագահները, կարող են խոսել շփման գծում հրադադարի հետաքննության մեխանիզմների տեղակայումից, իսկ դա այնքան էլ Ռուսաստանի սրտով չէ, որ, փաստորեն, չի հրաժարվում սեփական խաղաղապահների ծառայությունները պարտադրելուց: Գուցե իսկապես Մոսկվային պետք չէ հարցի լուծում ու պետք է ավելի երկար վայելել միակ խաղաղարարի դափնիները, հակառակ նրան, որ Բաքուն գիշեր ու ցերեկ կրակում է՝ փաստացի նաև Մոսկվայում ձեռք բերված չկրակելու պայմանավորվածության վրա, հանուն սեփական միջնորդական ջանքերի հարատևության՝ Մոսկվան պատրաստ է ոչ միայն կողմերին զինել, այլև տեղեկատվական ծուղակներ լարել՝ տարբեր թերթերում իրականությանը ոչ համարժեք հրապարակումներով, որ կես ժամ անց տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները: Կարելի էր, համենայն դեպս, ավելի «դիվանագետ» լինել ու գոնե մի քիչ պատշաճությունը պահել՝ ռազմավարական դաշնակցի ու ռազմավարական գործընկերոջ նկատմամբ վերաբերմունքի մեջ:


Նկատեցի՞ք, որ ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագիրը երկարեց: ԱԺ-ն ոչ թե Ընտրական օրենսգրքի նախագիծը, այլ այդ համաձայնագիրը պիտի քննարկեր անցած քառօրյայում: Շատ ընդդիմադիր պատգամավորներ էլ իրենց ելույթներում պիտի բարձրացնեին ԼՂՀ-ի ճանաչման անհրաժեշտության կամ էլ Հայաստանին միացման հարցերը: Գոնե նրանք, ում ականջներում դեռ վանկարկում է 20-րդ դարի 90-ականների Ազատության հրապարակում հազարապատկվող «Մի՛-ա՛-ցո՛ւմ» կոչը: Նույնիսկ եթե ԼՂՀ նախագահը անպատասխան է թողնում Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի՝ ԼՂՀ-ի ճանաչման անհրաժեշտության մասին խոսքը: Իրավիճակին արագ ու համարժեք արձագանքման Բակո Սահակյանի ունակությունները վերջերս նրան դավաճանում են: Հայաստանում էլ գտնվեցին ընդամենը երեք պաշտոնյաներ, որ, պարզվեց, միակ մեղավորներն են ստեղծված իրավիճակում՝ ապրիլի 26-ին պաշտոնանկվեցին պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, որ ղեկավարել է բանակի նյութատեխնիկական մատակարարումները, հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը: Մեկ փոխնախարար և վարչության երկու պետ, և հարցերը լուծվեցի՞ն:

Ենթադրվում է, որ հիմա արդեն մեր դիրքերում Երկրորդ համաշխարհային պատերազմի խրամատների ու թշնամու ներկայության մասին տեղեկացնող պահածոների դատարկ տուփերի փոխարեն, որոնց առկայությունը իտալացի հեռուստալրագրողը ընկալել էր իբրև հայերի գաղտնի զենք, կհայտնվեն գոնե 80-ականներին հարիր հետախուզական ու պաշտպանական միջոցներ: Հրադադարի ևս քանի՞ տարի էր պետք, որ դիրքերում դիրքերին վայել ամրություններ կառուցվեին, թե՞ այդ գործը կանխում էին հայտնի մադրիդյան, կազանյան վերանվանված սկզբունքները: Երեք պաշտոնյաները, եթե նույնիսկ հասցրած լինեին բոլոր հնարավոր հանցագործությունները գործել, հաստատ միակ պատասխանատուները չեն, նրանք ունեցել են ղեկավարություն, որ չի կատարել իրեն տրված հանձնարարականները, բայց զեկուցել է, թե ամեն ինչ հրաշալի է: Կամ էլ՝ հանձնարարականներ չեն եղել: Բայց Բաքուն արեց իր քայլը և երևան բերեց այն, ինչ այլ պարագաներում հարյուր տարի ոչ մեկին չէր հետաքրքրի: Եվ հայտնի չէ՝ այս ամենը պատերազմից հետո՞ է, թե՞ առաջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Վարդան Օսկանյանը վերջապես նախաձեռնեց կուսակցության ստեղծումը, անունը՝ «Համախմբում», ի սկզբանե հայտարարվեց, որ առանցքային դեր է ունենալու նոր քաղաքական ուժը: Ընդհանրապես առանցքո՞ւմ, թե՞ լուսանցքում՝ որոշում են ընտրությունները, թե՞ այդ հարցը կարգավորվեց, նոր որոշվեցին կուսակցության ծնողներն ու ծննդաբերության ճիշտ ժամանակը: Բարի երթ՝ մեկով ավելի, մեկով պակաս: Հայոց քաղաքական ասպարեզում ռուսամետների հոսքը չի դադարում:

Դիտվել է՝ 1859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ