Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
29.04.2016 | 08:37

(սկիզբը` այստեղ)

ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼԸ ԴԱՐՁԵԼ ԷՐ ՄԻԱՅՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ
ՄԵՆԱՇՆՈՐՀԸ


Ռուսական քաղաքական շրջանակների համար այսօր դարձյալ բուռն քննարկումների առարկա է դարձել գորբաչովյան բարեփոխումների թեման: Գերակշռում է այն տեսակետը, թե բարեփոխումների պատճառով կյանքի գրեթե բոլոր բնագավառներում երկիրը հետընթաց է արձանագրել, թե Գորբաչովը պետք է հետևեր Դեն Սյաոպինի խորհուրդներին, չկպչեր կոմունիստական գաղափարախոսությանը ու գնար միայն տնտեսական բարեփոխումների ճանապարհով: Ենթադրվում է, որ այդ դեպքում Խորհրդային Միությունը կարող էր Չինաստանի նման հասնել տնտեսական աննախադեպ հաջողությունների ու չէր կանգնի հերթական կոտրած տաշտակի առաջ: Այդ տեսակետը որքան ուշացած, նույնքան էլ սխալ է: Խորհրդային կաշառակեր էլիտայի պայմաններում չինական ձևերն ու մեթոդները չէին կարող աշխատել ու դրական արդյունքներ տալ: Տնտեսական կամ քաղաքական բնույթի բարեփոխումները կարող են ճիշտ աշխատել միայն մեկ դեպքում, երբ հասարակության բոլոր անդամներն անվերապահորեն հետևում են խաղի (բարեփոխումների) նոր կանոններին: Բարեփոխումների ուղին բռնած Գորբաչովը պետք է իր ծրագիրը սկսեր կաշառակերության դեմ անզիջում պայքարից, ի սկզբանե փորձեր դրա միջավայրից ինչ-որ ձևով ազատվել, բայց նա դրան չգնաց: Ավելին, Գորբաչովն իր տնտեսական բարեփոխումների հանձնառությունը դրեց կաշառակերների խորհրդային բանակի ու ստվերային տնտեսության կարկառուն դեմքերի վրա: Կաշառակերությունը ոչ միայն չվերացավ, այլև դեմոկրատիայի պայմաններում ավելի խորացավ, տարածվեց ու ավելի մասսայական դարձավ: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո կաշառակերների էլիտար բանակը դարձել է դրության տերն ու կարողանում է միայնակ վարել հետխորհրդային երկրների ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ գործունեության ոչ մի շանս չտալով երկրների ճակատագրերով մտահոգված առաջադեմ ու առողջ ուժերին:


Խորհրդային Միության գերեզմանափոր կաշառակերների բանակը շարունակում է գործել անկաշկանդ, աշխատել ավելի հնարամիտ ձևերով՝ դեմոկրատիայի քողի տակ:
Անկախություն առաջին իսկ տարիներից Հայաստանում կաշառակերությունն ավելի զարգացավ, դարձավ աշխատանքային գործունեության եկամտաբեր ոլորտ: Առաջացան կաշառքի այնպիսի նոր տեսակներ, ինչպիսին է, օրինակ, ընտրակաշառքը: Կաշառքի այդ տեսակի շնորհիվ կոռուպցիայի գործընթացը ավելի դինամիկ, կայուն ու մասսայական դարձավ: Տեսական կաշառակերության տեսակետից սա նոնսենս է. այս դեպքում խախտվում են կաշառակերության հիմնական սկզբունքներն ու բոլոր ներքին օրենքները: Առաջին հերթին, խախտվում են կոնսպիրատիվության (գաղտնիության, գաղտնագործունեության, ընդհատակության), դիպվածայնության ու ներքևից վերև միակողմանի շարժի պարտադիր պայմանները: Դրական միտումներ այստեղ, ամեն դեպքում, կան. ընտրակաշառքի գործընթացն ավելի դեմոկրատական ու թափանցիկ է դարձել, որովհետև, չինովնիկությունից բացի, ընտրությունից ընտրություն կաշառք ստանալու հնարավորություն են ստանում նաև երկրի շարքային քաղաքացիները, բանվորները, գյուղացիները, մտավորականությունը, այսպես ասած՝ դեմոսը: Արդարացի չէր, երբ խորհրդային տարիներին կաշառքը ստանալը դարձել էր միայն կուսակցական ու պետական գործիչների մենաշնորհը: Ընտրությունների թեմային ես արդեն անդրադարձել եմ, բայց այստեղ ցանկանում եմ մի փոքրիկ դեպք պատմել նորանկախ Հայաստանի ընտրակաշառքային գործերից:


Գործարաններից մեկում, ընդմիջման ժամանակ, մի խումբ բանվորներ քննարկում էին մոտեցող ՀՀ ԱԺ պատգամավորական ընտրությունների թեման, հետաքրքրվում էին, թե ով ու ինչ չափի ընտրակաշառք է արդեն ստացել: Բանվորներից երկուսը դժգոհում էին, որ իրենց ընտրակաշառք չեն տվել, ցուցակներից հանել են:


-Ճիշտ էլ արել են,- նախատում էին ընտրակաշառքներն արդեն ստացած բանվորները,- որովհետև դուք աչքածակ եք, գրվել էիք ընտրակաշառքի երկու տարբեր ցուցակների մեջ, որ երկու տեղից էլ փող ստանայիք, մեկ ցուցակի մեջ գրվեիք՝ կստանայիք:
Բանվորներից երկուսը, փաստորեն, ընդգրկված են եղել տարբեր կուսակցությունների ընտրակաշառքների ցուցակներում ու փորձել էին կրկնակի օգուտ, ավելի ճիշտ կլինի ասել, գերշահույթ ստանալ: Դա հայտնաբերվել ու անմիջապես չեզոքացվել էր: Հետաքրքիր է, թե ո՞վ էր այն անձը, որի ձեռքի տակ հանկարծ հայտնվում են ընտրակաշառքի միաժամանակ երկու ցուցակ, ինչը հնարավորություն էր ընձեռում ստուգելու, համադրելու ցուցակները, բացահայտելու, հայտնաբերելու և կաշառքազուրկ անելու ակամա կաշառակերներին: Ընտրակաշառք ստացողներն իրականում սովորական աշխատավոր մարդիկ են, որոնց ստիպում են կաշառակերի անուն վաստակել՝ իրենց կամքին հակառակ, պարտադրանքի տակ: Դեպքեր գիտեմ, երբ մարդիկ ընտրակաշառքները վերցրել, բայց տուն չեն տարել, թույլ չեն տվել, որ այդ կեղտոտ փողերն իրենց տան շեմքը անցնեն, պատռել ու դեն են շպրտել:
Շարքային քաղաքացիների կողմից ընտրակաշառք վերցնելն ունի իր մոտիվացիան, իր պատճառները. մարդիկ վախենում են, որ, հակառակ պարագայում, իրենք ու իրենց ընտանիքի անդամները կհայտնվեն իշխանավորների «սև ցուցակներում», հետագայում դժվարությունների և հետապնդումների կհանդիպեն: Ստալինյան ժամանակներից ի վեր մարդկանց մեջ մտած այդ վախը փոխանցվել է նրանց հաջորդ սերունդներին ու դեռևս երկար է մնալու մարդկանց գենետիկ հիշողության մեջ: Ալեքսանդր Սոլժենիցինը գրել է, որ սովետական քաղաքացիները դեռևս յոթ պորտ շարունակելու են վախեցած մնալ ստալինյան ռեպրեսիաներից: Հեռուստատեսությամբ եմ տեսել, որ ընտրողներից մեկը տասը հազար դրամը պատռել ու դրել էր ծրարի մեջ հետևյալ գրությամբ՝ բկներիդ կանգնի: Այո, բկներիդ կանգնի, որովհետև դուք ձեր ընտրություններով ու ընտրակաշառքներով անտանելի մթնոլորտ եք ստեղծել երկրում, անդառնալի վնաս եք հասցրել ու շարունակում եք հասցնել հայոց պետականությանը, այնպիսի վարակ եք տարածել երկրում, որից դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինելու ազատվել: Իշխանություններն ու իշխանավորները այն աստիճանի են կորցրել ժողովրդի վստահությունը, որ եթե անգամ ձեռքերի մեջ ձվածեղ եփեն մարդկանց համար ու իրենց տասը մատները միասին մոմի տեղ վառեն եկեղեցում, միևնույն է, իրենց կորցրած վստահությունը չեն կարող վերականգնել, ժողովուրդը նրանց չի հավատում ու շարունակելու է ատել: Վստահություն չվայելող միջավայրում ժամանակակից արդյունաբերություն ու մրցակցային տնտեսություն ստեղծել չի հաջողվի, ներդրումներ չեն լինի: Այս իրադրությունից դուրս գալու համար կա մեկ հուսալի ճանապարհ. պետք է վերջ տալ կաշառակերության երևույթին ու հավաքած միջոցները ներդնել արդյունաբերության մեջ, աշխատատեղեր ստեղծել Հայաստանի քաղաքացիների, հատկապես երիտասարդների համար ու մտածել սփյուռքից աշխատանքային միգրանտներ ընդունելու մասին: Հայաստանի տնտեսության զարգացման խնդիրը հնարավոր է լուծել մեր ներքին ռեսուրսների հաշվին, մեր ուժերով, դա ավելի իրատեսական է:


Մեր մասնագետներից շատերը հեռացել են երկրից, բայց, միևնույն է, մեր կադրային ռեսուրսները բավարար են Ադրբեջանին պարտության մատնելու համար նաև տնտեսական ոլորտում: Անկեղծ ասած, ես ոչ թե չարությամբ, այլ մշտական կարեկցանքով եմ վերաբերվում խորհրդային կաշառակեր ու խաբեբա չինովնիկներին: Պարզ է, որ նրանք այդպիսին չեն ծնվել, խորհրդային համակարգն է նրանց այդպիսին դարձել: Եթե ուշադրությամբ ուսումնասիրենք մեր կուսակցական ու պետական գործիչների անհատական տվյալները, ապա կտեսնենք, որ նրանցից յուրաքանչյուրը ժամանակին եղել է ընկերասեր, ազգասեր, սկզբունքային, անկաշառ, աշխատասեր ու օրինապաշտ խորհրդային քաղաքացի: Սկզբում, մինչև իրենց վերջնական պաշտոնին հասնելը, նրանք աշխատել են որպես շարքային բանվոր, հետո վարպետ, արտադրամասի պետ, գործարանի տնօրեն ու այդպես շարունակ մաքառելով, պայքարելով, նաև կաշառք տալով կամ առանց դրա հասել են կուսակցական կամ պետական պաշտոնական բարձունքներին: Գյուղերում էլ էր այդպես. սկզբում հնձվոր, բրիգադիր, կոլխոզի նախագահ, հետո շրջկոմի 3-րդ, 2-րդ ու 1-ին քարտուղար և այլն: Այդպիսի զարգացում էր ստացել նաև Գորբաչովի աշխատանքային կարիերան՝ ամեն ինչ սկսելով տրակտորիստի համեստ գործից:


Բրեժնևի ժամանակ կուսակցական գործիչների համար պարտադիր էր բարձրագույն կրթություն ունենալը, որը հիմնականում կատարվում էր հեռակա ուսուցման ճանապարհով ու լրացուցիչ դասընթացներով՝ բարձրագույն կուսակցական դպրոցներում (ՎՊՇ): Խորհրդային պլանային տնտեսության պայմաններում աշխատող գործարանների, կոլխոզների ու սովխոզների տնօրենների համար ամենակարևոր պարտականությունը պետական պլանների անվերապահ կատարումն էր, պլանի կատարում՝ ամեն գնով: Պլանի գերակատարումն արդեն լավ նախադրյալ էր կարիերայի հետագա աճի համար: Ստալինյան ու խրուշչովյան տարիներին հաջողության հասնում էին հիմնականում նրանք, ովքեր պետական ու կուսակցական հանձնարարություններն ու վերևից իջնող պլանային ու արտապլանային առաջադրանքները կարողանում էին կատարել հստակ, ճիշտ ժամանակին: Անցած դարի 60-70-ական թվականներին տնօրենների կորպուսը հավաքագրվում էր հիմնականում պատերազմի բովով անցած սկզբունքային, անկաշառ, կազմակերպչական ու պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներով օժտված մարդկանցից:


Բրեժնևի ժամանակ տնօրենի պաշտոնում աշխատելու համար այդ հանգամանքը բավարար չէր, անհրաժեշտ էր զգույշ, ուշադիր և շրջահայաց լինել, սեփական անձը հեռու պահել կուսակցական-բյուրոկրատական խարդավանքներից ու փորձություններից՝ ջերմ ընկերական հարաբերություններ հաստատելով վերադասի և կուսակցական ղեկավարների հետ՝ հիմնականում կաշառք տալու (վերևներին նայելու) միջոցով: Կաշառակերության դեմ մղվող անհաշտ պայքարի հիմնական բեռը տեղերում դրվում էր կուսակցական շրջանային, մարզային կոմիտեների ու հանրապետությունների կենտկոմների վրա: Ժամանակը ցույց տվեց, որ իրենց վստահված գործը նրանք կատարում էին փայլուն ձևով, մեծ վարպետությամբ ու աճպարարությամբ՝ իրենց դեմագոգիկ ելույթներով փորձելով ժողովրդից թաքցնել բոլորին հայտնի այն պարզ ճշմարտությունը, որ խորհրդային երկրում կաշառակերության դեմ պայքարողների քողի տակ մշտապես հանդես էին գալիս երկրի ծպտյալ, ամենափորձված ու պատկառելի կաշառակերները:


Կաշառակերն ու կաշառակերության դեմ պայքարողները նույն մարդիկ էին, նրանք նույն մեդալի հակառակ երեսներն էին: Խորհրդային կուսակցական էլիտայի վարքը գնահատելու համար տեղին կլինի օգտագործել հետևյալ հայկական ասացվածքը. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա: Խորհրդային բարձրաստիճան կոմունիստական առաջնորդներին հնարավոր չէ ավելի դիպուկ բնորոշել, որքան բարձր, այնքան ավելի կաշառակեր, այնքան ավելի սատանա: Կոմունիստական կաշառակեր-սատանաների ոհմակի դեմ Գորբաչովը ոչինչ անել չէր կարող, նրանք անպարտելի էին, նրանք ամենուր էին, նրանց բոլոր ճանապարհները տանում էին դեպի Մոսկվա, դեպի Կրեմլ: Պետք է նկատի ունենալ, որ Խորհրդային Միությունում պետական կաշառակերությունը խիստ համակարգված ու մասշտաբային էր, որը հսկայական ազդեցություն էր թողնում երկրում վարվող կադրային քաղաքականության ու սովետական տնտեսության ընդհանուր վիճակի վրա: Համակարգից դուրս գործող բոլոր ինքնուս, ինքնագործ ու անհատ կաշառակերները (բժիշկներ, դասախոսներ, միլիցիոներներ և ուրիշներ) արագ հայտնաբերվում ու պատժվում էին:


Կաշառակերների դասը պարզելուց հետո պետք է ճշտել, թե ովքեր էին կազմում կաշառք տվողների դասը, ինչպես էր ձևավորվում կաշառակերության դրամագլուխը, նրանց նյութական բազան կամ, այլ կերպ ասած, որտեղից էր գոյանում բուն կաշառքը: Կաշառակերության համար ԽՍՀՄ-ում հուսալի նյութական բազա էր ստեղծված՝ ի դեմս ստվերային տնտեսության, որը զարգանում էր այնպիսի արագությամբ ու արագացմամբ, որ մինչև Գորբաչովի իշխանության գալը ՀՆԱ-ի ցուցանիշներով արդեն մոտեցել էր ԽՍՀՄ ՀՆԱ-ի ընդհանուր ծավալներին: Կոմունիստ կաշառակերները գերադասում էին իրենց կաշառքները ստանալ դոլարներով, ոսկով կամ, վատագույն դեպքերում, ռուբլիներով: Խորհրդային տարիներին Հայաստանի բոլոր շրջկենտրոններում գոյություն ունեին ոսկերչական խանութներ, որոնք մշտապես դատարկ էին: Շարքային քաղաքացիները հնարավորություն չունեին այնտեղից ոսկե զարդեր գնելու: Խանութներում վաճառվող ոսկե զարդերի միակ ու առաջին գնորդի իրավունքը վերապահված էր ԽՄԿԿ շրջանային կոմիտեների առաջին քարտուղարներին: Հարսանեկան մատանիներ գնելու համար շարքային քաղաքացիները պետք է գնային Մոսկվա, Լենինգրադ կամ սահմանափակորեն օգտվեին Երևանում բացված նորապսակների խանութից: Իրական կյանքում հարսանեկան զարդերը մարդիկ գնում էին սպեկուլյանտներից՝ կրկնակի վճարելով: Կուսակցական էլիտան այստեղ լավ հնարավորություն ուներ կրկնապատկելու իր ունեցվածքը՝ սպեկուլյատիվ ճանապարհներով իրացնելով իր ոսկեղենը: Շրջկոմների քարտուղարների հեղինակությունը չգցելու, կոմունիստական բարոյականությունից նկատելի շեղումները ի ցույց չդնելու և մարդկանց աչքերում չվարկաբեկելու համար ոսկու սպեկուլյատիվ բիզնեսով մշտապես զբաղվում էին շրջանների ղեկավարների կանայք:
Կաշառակերության ու կոռուպցիոն գործերում Հայաստանի կուսակցական էլիտան ամենևին էլ Խորհրդային Միությունում լիդեր չէր: Չափազանց մեծ մասշտաբների էր հասել կաշառակերությունը Ադրբեջանում, Վրաստանում, միջինասիական հանրապետություններում: 1986 թվականին մեծ աղմուկ բարձրացրեց «ուզբեկական գործը», որը բացահայտվեց ԽՍՀՄ դատախազության հատուկ գործերով քննիչներ Գդլյան-Իվանով զույգի ջանքերով: Գնդապետ Թելման Խորենի Գդլյանը համարձակ ու սկզբունքային պետականամետ գործիչ էր, ինչը զգացվում էր նույնիսկ նարդի խաղալիս (1989-ին նա իմ հյուրն էր, խաղում էր կարճ ու բաց նարդի): Նրա բացահայտած «ուզբեկական գործը» մեծ համարձակություն էր պահանջում: Գդլյանը հանդգնել էր ուղղակի դուրս գալ ուզբեկական կոմունիստական մաֆիայի դեմ, որից անձամբ գենսեկ Գորբաչովն էր վախենում: Կաշառակերության մակարդակով հայ կոմունիստ ղեկավարներն անհուսալիորեն հետ էին մնացել իրենց ուզբեկ կուսակիցներից: Կարելի է փաստել, որ կոմունիստական մաֆիաները անխտիր ձևավորվել էին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, որոնք էլ սկսում էին թելադրել խորհրդային քաղաքացիների կյանքի կազմակերպման պետական տակտիկան ու ստրատեգիան: Ստեղծված իրավիճակում Գորբաչովն ուներ գործողությունների ազատության միայն մեկ աստիճան՝ անվերապահորեն համաձայնել ու ենթարկվել համամիութենական կոմունիստական մաֆիայի կամքին ու իրագործել նրա առաջադրած համակարգային բարեփոխումների («перестройка») ծրագիրը՝ դառնալով, ընդամենը, այդ ծրագրի համակարգողը: Հենց այդպես: Գորբաչովն առանձնակի չէր փայլում ստալինյան կամ պուտինյան ճկուն մտքով, հանդգնության հասնող համարձակությամբ ու արտասովոր մտավոր ունակություններով։ Առանց ճիգերի էլ կարելի էր նկատել, որ նա նույնիսկ հիշողության լուրջ խնդիրներ ուներ: Մոսկվայում մեր հանդիպման ժամանակ, օրինակ, նա անընդհատ Հայաստանը շփոթում էր Ադրբեջանի հետ: Շատերն էին նկատել, որ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի նիստերի ժամանակ հաճախ էր պատահում, որ Գորբաչովը չէր կարողանում գտնել անհրաժեշտ բառերը: Չէր կարողանում հիշել, օրինակ, Մարի Էլ հանրապետության անվանումը, կողքին նստած Լուկյանովն անընդհատ նրան հիշեցնում և ուղղում էր.


-Մարի Էլ:
Այդ անունը հիշելու համար նա միկրոֆոնի առաջ սկսեց կրկնել.
-Մարի Էլ, Մարի Էլ՝ Մարիա, Մարիա, Մարիա բառից:
Մարիա բառն էլ նրան չօգնեց ռուսական Մարի Էլ ինքնավար հանրապետության անվանումը հիշելու համար: Այդքան թույլ հիշողության տեր մարդը երբեք չէր կարող գլոբալ ծրագրեր մշակել ու իրականացնել՝ հաշվի առնելով Խորհրդային Միության ներքին ու արտաքին անչափ բարդ ու հակասական խնդիրները: Գորբաչովը Ստալին, Չերչիլ, դը Գոլ կամ Պուտին չէր: Նրա մտավոր կարողությունները բավարար չէին, որպեսզի կարողանար բարդ իրավիճակներում հընթացս կարևոր քայլեր կատարել, օրիգինալ առաջարկություններով հանդես գալ ու դրական արդյունքների հասնել: Դա նրա խելքի բանը չէր: Գորբաչովը պատվեր էր կատարում: Պատվեր, որը իջեցված էր ոչ այնքան Ամերիկայի, որքան ներքին կոմունիստական կուսակցական էլիտայի կամ, իմ բնորոշմամբ, խորհրդային ներքին ինտերնացիոնալ, կոսմոպոլիտ մաֆիայի որոշմամբ: ԽՍՀՄ փլուզման հարցում Ամերիկայի դերի շեշտադրումը շատ հարմար է հետխորհրդային երկրներում ձևավորված նոր իշխանական էլիտայի համար: Այն թույլ է տալիս թաքցնել իշխանության մեջ հայտնված, իրենց հանրապետությունների թալանը կազմակերպած, երկրի ռեսուրսների հաշվին հարստացած հանցագործ հետկոմունիստական պերսոնաժների սեփական ուղիների պատմությունները:


(շարունակելի)


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ