«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ժանտախտի «մանանան»

Ժանտախտի «մանանան»
29.04.2016 | 09:03

Ընկնում են, ընկնում են անվերջ-
Եվ ծիլե՛ր դեռ նուրբ, նորընծա,
Եվ- արմատից հնձած-
Բարդիներ՝ արդեն աստղամերձ...
«Որպես գորշ, դեղին տերևներ»,
1936-37 թվականներ,
Եղիշե ՉԱՐԵՆՑ

ԱԼ ԱՐՅՈՒՆԸ՝ ԴԱՐՉՆԱԳՈՒՅՆ ՄՈԼԱԽՈՏԻՆ Ի ՊԱՏԻՎ

(այգաբաց է, է՞, չֆելիետոնվե՞նք)

Ալ ու մատղաշ մեր արյունն է շարունակ կաթում Արարչապետական Հայքի շղթայամերժ հյուսիսում: Այստեղ Արցախի Հանրապետությունն է: (Ի՞նչ ծաղիկներ կբացվեն գալիք գարնանը ալ արյան հետքերում. անշուշտ, ճերմակ վարդեր, ուրիշ էլ ի՞նչ: Եվ մենք` հայոց ազգի գոռ ծռերս, ձյունաճերմակ վարդերից հուրհրան-ցողաշիթ փնջեր կկազմենք և կպսակենք արորդիների հավերժ թարմ շիրիմները): Հայոց հոգում ծով թախիծն է թագավորում, սա անխախտ է: Ներող եղեք, այգաբացյան անկոնյակ սուրճն է հավանաբար խոտորել միտքս, զի հայոց բոռերի մի մասի հոգում թախիծն ու ցավը տեղ են գտնում, երբ վարկերն են քիչ ուշանում, երբ... և այլն: Սրանց գլխավերևի երդիկը, հավատացեք, բութանկյուն է: Քանզի և՛ երկիրն ու պետությունը, և՛ մեր էպոսային վերջին հաղթությունը բոռերի համար ամենևին նպատակ չեն, ընդամենը լուրջ միջոց են պահպանելու նազարական կողոպուտը: Մի խոսքով, բութանկյուն երդիկներից ախտավոր շողքեր են վար իջնում, լուսաբանելով սրանց սեմիտական վարքը օրհասի օրերին: Սակայն, հավատացեք, որ թեկուզ անտես, օրհասական էր վիճակը բութանկյուն երդիկի շողքերի տակ: Օրհասը մեր հերոսաբար դիմակայեց հայ ազգային վերնակույտի նվիրական ցուցանքներին, վերնակույտն էլ դարձի ճամփին էլ ավելի վերնակույտվեց, հագավ զինվորական հանդերձ, կուշտ ու կուռ հանրահռչակեց յուր հայրենանվիրական սույն սխրանքը հայոց լրատվամիջոցներով և անցավ թեժ մարտի: Տե՜ր իմ Երկնավոր, Ավարայրի նախերգանքն էր դղրդում արցախյան սարում-ձորում-կիրճում-հանդում, զի, ինչպես Վարդանանց պատերազմի նախօրեին իշխան և ռանչպար ու զինվոր սնվում էին նույն ամանից, մեկ գդալով, գդալն էլ, ի տուրք Ավարայրի՝ հարկավ փայտյա էր, վերնակույտի մի կույտը խաչմերուկում դիրքավորված ծխախոտ էր նետում դեպի թեժ կրակի բերանն ընթացող զինվորներին, մյուս կույտը, պատկերացրեք, սեփական աջ թաթով գառը մորթում, պլոճիկը ինքն էր ուտում, ընտիր խաշլաման ճամփում էր դեպի դիրքեր: (Հասկացաք, վստահ եմ, պլոճիկի ներկլանումը կույտի և սահմանապահ մարտիկի միջև հայրենանվիրական-գաստրոնոմիական միաբանման առհավատչյա էր): Մի խոսքով, վերջին ապրիլյան մեր ալ արյունը՝ թափված Արցախյան Ավարայր-Սարդարապատում, որքան որ ալ էր, նույնքան էլ դալար էր դարչնագույն մոլախոտը:

Ինչ է մնում այսօր անել հայությանը «հեզ ու հլու»: Անցնել մարաթոնյան խաղաղ դիմակայության: Ողջ հայությամբ, ազգով-տակով, յոթ պորտով...

ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐ ՈՏՔԵՐԻՆ

(կեսօրյա պամֆլետ)

Այսպիսով, ի՞նչ է մնում այսօր անել հայությանը «հեզ ու հլու»: Հարկավ, անցնել խաղաղ-մարաթոնյան դիմակայության: Նախ, պետք է արևշատություն մաղթենք ՀՀ իշխանություններին, կառավարությանը, մարզպետներին և մյուսներին, որ նրանք խաղաղաբար, առանց արյուն հեղելու (ասենք էսպես՝ հռհռոցով-լացով-կոծով) պետությանը հանձնեն պետական բյուջեն տասնապատիկ գերազանցող իրենց գողոնն ու որպես քավություն ապրեն-գոյատևեն աշխատավարձով, վերնակույտի ծերակույտն էլ, անշուշտ, սոցիալական նպաստով: Բարի վայելում: Եվ այսօր հրապարակում դարի հարցն է՝ ալ արյո՞ւնն է մեր դառնում երկրի տերը, թե՞ դարչնագույն-դոլար մոլախոտն է շարունակում մաշկահանել մեզ, մեր անկախությունն ու մեր ինքնությունը: Այսօր, մի հարց է ինձ մտատանջում (հուսամ ձեզ էլ). արդյոք դարչնագույն-դալար մոլախոտը իսկապես չի՞ գիտակցում, որ հենց իրենք են օկուպացրել երկիրը, և դժվար թե քեռի Սեմի հետնորդների, կամ թե Ռուսիո ուղղափառ զինվորների, կամ էլ անգամ իրանական արդի մոգերի բաժանարար-խաղաղարար շղթաները հանդուրժեն իրենց գողակերպ գոյությունը: (Հուշեմ-հիշեք, Օսմանյան կայսրությունում հայ ստեղծարար տարրը սուլթանական վերնախավի աչքի լույսն էր, կայսրության անվարան հույսն էր, քանզի անզուգական-ընտիր խավ էր, շինարար էր և խոհարար, զորավար էր ու նավարար: Բայց օսմանցիները ձանձրանալու անհասկանալի հատկություն ունեն, մեկ էլ հանկարծ կատաղում են (եթե հարկավ, քիչ քաղցում են) և ձեռքի հետ թրատում են կերակրող ձեռքն ու քաղաքակիրթ միտքը, ասել է թե՝ հայ տարրը:

Մի խոսքով, Մոսկովն (ականջդ զրնգա, Չարենց) ու ՁպչպՐՈվ-ը չեն հանելու մեր աչքի գերանը: Նրանք պարզապես «կբզկտեն» Հայաստանը, մեկը՝ շոյելով և քնաբեր ներարկելով (սա ռուսաց, ավելի ստույգ՝ Կրեմլի խնդիրն է), մյուսը՝ արմատական բամփերով: (Սա կանի Իրանը, զի մենք արդեն վաղուց նրա համար ոչ թե ռազմավարական դաշնակից ենք, այլ վստահազուրկ սահմանակից հարևան):

Հայությունը, նաև ինքս ողջ էությամբ, վիրավորված ենք Պուտինից, «ահաբեկված» ենք Լուկաշենկոյից, արհամարհում ենք Նազարբաևին: Մի պահ շեղվեմ, մի բան զեղեմ. թուրքա-ազերիական դաշնագրին դաշնակից յուրաքանչյուրը, ով արդարացնում է դրանց հազարամյա հակաքաղաքակրթական նախճիրը, դրանով իսկ հանդիսանում է որոշ չափով (ասենք, արյան յոթ տոկոսով) թուրք-օսմանցի: Սակայն գիտեք, որ համաշխարհային քաղաքական գործընթացներում դավն ու ուխտադրժությունը լիովին հարգելի բաներ են: Սակայն ներեք ընդվզումս, մեզ այդ ինչո՞ւ պիտի հարգեն: Մեր ներքաղաքական և, վերջապես, օֆշորատնտեսական-նորհայկական անարգանքի համա՞ր:

Մի պահ եկեք մեր ազգային թոնրի շուրթին խոնարհվելով, քավության ինքնաբուխ աղոթք մրմնջանք և թոնրատան տանիք բարձրանալով (բարձրանում ենք իծաշարուկ, սրտներումս շարականների զմայլուն մեղեդին), նախ արևելյան կողմը երեսներս ուղղենք: Հետո շրջվենք դեպի Արևմուտք, շրջադարձվենք դեպի Հյուսիս, ետքն էլ, հարկավ, դեպի հարավ: Եվ լանք-խնդանք, թախծենք և ժպտանք, փորձելով կռահել՝ այս անիրավ աշխարհը մեզ ինչո՞ւ է շարունակ դավում 21-րդ դարում: Ասեմ ինչու. զի մեր դարչնագույն մոլախոտը վաղո՜ւց փորձում է ծնկի գալով հոգին հանել և դատարկել աշխարհի տիրակալների գրպանները: Բայց աշխարհում այսպես է ընդունված ի վերուստ՝ խաղա լկտի մոլեխաղը քո սեփական երդիկի տակ ու մի փորձիր թթու թանդ հրամցնել աշխարհին, որպես անուշ օշարակ: Բավ է, զանգը վաղո՜ւց հնչել է...

Հարկավ, գալիք մայիսին կցնցվի դարչնագույն համակարգը: Հավանաբար օֆշորներից ավետաբեր բայղուշ-ղշեր կթևածեն դեպի ՀՀ: Եվ անուններ հրեշաբույր ի հայտ կգան մեծ օֆշորի նորհայկական աստղաբույլում: Եվ առաջարկս` լճիցլճյան, ծովիցծով կլանումների սիրահար հայ օֆշորային ասպետների համար պատվո մի հսկա տախտակ տնկել Բաղրամյան պողոտայում: Արդեն այնտեղ հյուսված է առաջին օֆշորաբույնը՝ քողազերծված առայժմ միակ բնակիչն էլ հայտնի է՝ հանրահայտ Միհրանը «քեթրինական»: Սակայն ապրիլը ցնցեց մեզ ոչ միայն ալ կարմիր արյան սրբադասմամբ, այլև զնդանային մի թունդ բախմամբ: Որոշ ուժեր նվիրական մի ձեռնարկով փորձում են ձեռնաշղթաներ ագուցել յուր պետականությունը կերտող հայության զույգ ոտքերին, մոմեր են վառվում, և շեփորներն են շաչում, դարչնագույն աղետն է ալիքվում պետականության դարպասի առաջ, Սամվել-Իժո Բաբայանին հիշեցին, մոռանալով վերջինիս դառը հիշոցները նաև սեփական ռազմական տաղանդով և ջանքով ազատագրված Արցախի Հանրապետության (ի վերջո՝ Հայաստանի ու հայության) հասցեին: Տե՜ր իմ Երկնավոր, ժանտախտն ի՜նչ մանանա պետք է թափի երկրի վրա: Սամվելը քաջ էր որպես մարտիկ, այո՛, շրջահայաց էր որպես զորավար, և այստեղ մի գաղտնիք բանամ, Սամվել Բաբայանի արիական դիմակայությամբ միայն Արցախը ժամանակին չդարձավ Միջին Ասիա-Թուրքիա թմրաճանապարհի տարանցիկ հանգրվանը: Միաժամանակ տիար Սյամոյի (սա նախատինք չէ, պարզապես հիշեցի նրա արցախյան քնքշանունը) ռազմական հաղթանակները պատուհասեցին խաղաղ Արցախը, սույն գործիչն իր ձեռքերում միավորել էր նույնքան բռնակալական զորություն, որը միասին ունեին «Իմ նախարար» Սիրադեղյանը Վանո-Վանիկ և «Սպարապետ» Սարգսյանը Վազգեն:

Մի խոսքով, դարչնագույն-դոլար մոլախոտը փոխում է հանդերձանքը: Այնինչ նրա ծառայությունը ներկա Հայքին և հայությանը մեկն է՝ իսկույն լքել Հայքն ու հայությանը:

ԲԱՐԴԻՆ ՈՒ ԾԻԼԸ

(իրիկնաժամ է, պահն է սարկազմի)

Մարգարե-պոետ Չարենց Եղիշե, դու խորհրդային Հայաստանը գտար, հայրենիք երազեցիր, արարեցիր, նաև ապրեցիր, «անսենյակ, անկոպեկ, անկոնյակ»: Թիկունքից լյառն էր Արարատ, կողքիդ Սարյանն էր, Թամանյանը, Իսահակյանը և այլք:

Հիմա հոգեորդիքդ (այսինքն՝ ես և ընթերցողներս), նաև Երկիրդ Նաիրի մեր անկախ Հայքում վար ենք գահավիժում:

Եվ այսօր, 2016-ի ապրիլի 29-ին (օրը ուրբաթ է և կանաչին շուկայում դյութում-գերում է), պատեպատ եմ խփվում և փորձում եմ կռահել՝ գալիք մեղուշ աշնանը «Գանգրահեր տղա՞դ» կթակի մեր պատուհանը, թե՞ «Մահվան տեսիլը» կփարվի մեր դռանը: Հուսանք՝ առաջինը: Հուսանք, հուզվենք և ինքնակոչվենք՝ ի զե՜ն :

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ