Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հավը, թլպատումն ու «արդարության շղթան»

Հավը, թլպատումն ու «արդարության շղթան»
29.04.2016 | 09:06

Փաստը պատմության արքան է։ Բայց թագավորը հաճախ մերկ է, ինչպես ցուցափեղկի մանեկենը։ Ես ձգտել եմ լոկ «զգեստավորել» մերկ մանեկենին՝ պատմական ստույգ փաստերին շունչ հաղորդելով:

Ամեն հեքիաթ, հատկապես արևելյան, իսկություն է պարունակում: Երբ ավանդվում էր, թե խալիֆը, սուլթանը կամ շահը երբեմն-երբեմն հագուստափոխ ծպտվում ու շրջում էին` պարզելու ժողովրդի տրամադրությունները, գո՞հ են իրենց կառավարումից, թե՞ ոչ, դա էլ է ճշմարիտ:


Այդ հնամենի հնարքը կիրառում էր նաև Մեծն անվանյալ պարսից Շահ Աբասը (1571-1629): Այս մարդը ոչ միայն Սեֆյան հարստության, այլև Պարսկաստանի հազարամյակների պատմության ամենաականավոր պետական-քաղաքական գործիչներից էր: Գահ բարձրանալով, նա քշեց երկրին տիրող ղզլբաշներին, օսմանցիներին, ուզբեկներին, նվաճեց նոր տարածքներ, իսկ 1622 թ. պորտուգալացիներից հետ վերադարձրեց Հորմուզ կղզին: Դառնալով արևելյան տիպական բռնակալ, իսկական բռնապետ, նա իր երկիրը վերածեց Արևելքի ամենազորեղ պետությանը: Բնավորության գծերն էլ էին խիստ տարօրինակ ու հակասական. ռազմաքաղաքական հարցերում գործելով կշռադատված, հաշվարկված` միաժամանակ բռնկուն էր և անզիջում, իսկ մարդկային կյանքը նրա համար ոչ մի արժեք չուներ:
Շահի առանձնակի «թուլությունը» Հայաստանն էր: Նրա ցնորական մտադրություններից մեկը հայերին… Պարսկաստանում վերաբնակեցնելն էր: 1603 թ. գտնվելով Օսմանյան Թուրքիայի հետ պատերազմի մեջ, նա ավերեց Հայաստանը, որպեսզի թուրքերին միայն մոխրակույտեր բաժին հասնեն, Պարսկաստան քշեց 100 հազար մարդու, որից տեղ հասավ ընդամենը 30 հազարը: Առևտրում քաջահմուտ հինջուղայեցիներին, որոնք իր անմշակ մետաքսահումքի լավագույն իրացնողներն էին Եվրոպայում, տարածք տրամադրեց Սպահանի մոտ, և 410 տարի առաջ` 1606 թ., հիմնվեց աշխարհահռչակ Նոր Ջուղա հայաքաղաքը:

1620 թ. ամռանը Շահ Աբասը առաջին եպարքոս Միրավդոլայի ու զինյալ ջոկատի ուղեկցությամբ դուրս եկավ Սպահանից ու ճանապարհվեց հայաբնակ Փերիա գավառ: Եթե Նոր Ջուղան հատկացրել էր ձեռներեց, ուշիմ, աշխարհաշրջիկ հայ վաճառականներին, որոնք ահռելի օգուտ էին բերում գանձարանին, ապա Փերիա ու Բուրվարի գավառներում շահը վերաբնակեցրել էր բռնաքսորի ճանապարհից ողջ մնացած հայ գյուղացիներին:
Երբ հասան Դարբնի գյուղի մերձակայք, շահը ջոկատը թողեց և թիկնապահի ուղեկցությամբ քայլեց դեպ գյուղ: Նա հասարակ մարդու հագուստով էր, մեջքին կապել էր լայն գոտի ու դրել մորթե սրածայր գլխարկ:


Անցնելով Դարբնիի փոշոտ, ծուռմռտիկ, կիզիչ արևից անմարդ փողոցներով, նկատեց մի կնոջ, որը դռան առաջ հավերին կուտ էր տալիս: Մոտեցավ:
Սովորական կին էր` թակալա վերնազգեստով, գլուխը չորսծալ փաթաթած ու վրան` կոտ, քթկալով, ուսերին լանջածածկ` թոռն գցած: Նկատելով մոտեցող տղամարդկանց` կինը շղարշն իջեցրեց դեմքին:


Շահն ասաց.
-Լսիր, կին, քաղցած եմ, ինձ մի հավ ծախիր, ահա քեզ 10 դինար:
-10 դինարդ քեզ պահիր, հավի գինը առնվազն 50 դինար է:
-Այդքան փող չունեմ, կին, քաղցած եմ,- դեմքը ծամածռեց Շահը:- Հանուն Շահ Աբասի 10-ով տուր: Նա ձեզ բերել-բնակեցրել է այստեղ, ու դուք` քրիստոնյաներդ, առոք-փառոք ապրում եք, ոչ մի նեղություն չեք կրում:
-Երանի չբերեր, մեզ հողուջրից, տուն-տեղից չկտրեր և այս օտար երկրում պանդուխտ չդարձներ,- պոռթկաց կինը:-Մեզ համար արե՞ց, մենք օտարների հեշտ ու կուշտ ապրելու տեղերը գիտեինք, բայց մեզ մե՛ր հողն էր հարազատ, մեր հայրենիքը հույս էր տալիս, թե` կիսաքաղց էլ ապրեինք, միևնույն է` լավ ժամանակներ կգային: Հիմա կուշտ ենք, բայց անհայրենիք: Ինքը հարցրե՞ց, թե մեզ համար որն է լավ: Չէ, հանուն շահի` հավի գինը 50 դինար է, կուզես` ուզի, չէ` ճանապարհդ շարունակիր:
Շահն այդպիսի լկտիությունից փրփրեց:
Այդ պահին չգիտես որտեղից հայտնվեց մի քահանա ու հետաքրքրվեց անցուդարձով:
-Դու ո՞վ ես,- հարցրեց կարմրատակած շահը:
-Անունս Ավետիս է, հայ քահանա եմ և այս գյուղի երեցը:
-Այս պահից կդառնաս մահմեդական:
-Ես ծեր մարդ եմ ու մահմեդական ծեսին ծանոթ չեմ:
-Հիմա կծանոթանաս,- բղավեց շահը, թիկնապահի գոտկատեղից քաշեց տապարն ու տափակ մասով զարնեց քահանայի գլխին:
Ապա ուշադրություն չդարձնելով ուշաթափ քահանային ու կնոջ լացուկոծին` վերադարձավ ջոկատի մոտ:


Երախտամոռ հայերի հանդգնությունը նրան ափերից հանել էր: Մտաբերելով, որ հարյուր հազարավոր վրացիների հաջողությամբ մահմեդականացրել էր, Միրավդոլային հրամայեց ամբողջ գյուղը, ողջ գավառը անմիջապես թլպատել, իսկ ինքը ձին հեծնելով` վերադարձավ Սպահան:


Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ օրվանից, դժվար է նկարագրել: Զորքը շրջափակեց Դարբնին, ու գյուղ մտան թլպատողները` դաժանաբարո սևազգեստ տղամարդիկ ու մազակալած դեմքով կանայք: Ոչ ոքի չխնայեցին: Լացուկոծը երկինք ելավ:
Նույն կերպ վարվեցին Փառչին ու Փահրա գյուղերի հետ: Վերջինիս տանուտեր Նուրիջանը նետուաղեղն առած բարձրացավ բլրակի վրա, փախուստի մատնեց թլպատողներին, բայց դա դիմադրության խղճուկ փորձ էր` բռնեցին, գանահարեցին ու թլպատեցին:
Մեկ ամիս անց Միրավդոլան շահին զեկուցեց, որ Փերիա և Բուրվարի գավառների հայությունն ամբողջովին թլպատվել է, ճիշտ է` ոմանց հաջողվել էր փախչել:
Շահը գոհ էր: Հրամայեց ամեն մի թլպատյալ քահանայի 40 ոչխար նվիրել, ապա մոլլաներին զանգվածաբար ուղարկել այդ գավառները, որպեսզի մահմեդականություն տարածեն ու երեխաներին պարսից լեզու սովորեցնեն, իսկ հայոց մատյանները ժողովեն և առաքեն Սպահան. ով թաքցներ` մեռցնեն:


Բայց ամեն ինչ հարթ ու հանգիստ չընթացավ: Խռովության, ըմբոստության ալիք բարձրացավ: Բանը հասավ արյունահեղության` սպանվեց չորս մոլլա:
Այս հալածական վիճակը տևեց երկու տարի, մինչև ասպարեզ իջավ ոմն Գրիգոր` Ներքին Խոյդանա գյուղից: Սա սկսեց շրջել գավառների գյուղերով ու մարդկանց կոչ անել տոկալ, հաստատուն մնալ իրենց հավատքի մեջ, չուրանալ քրիստոնեությունը: Ապա ընտրեց յոթ գյուղերի տանուտերերի և նրանց հետ ճանապարհվեց Սպահան:
Նախ գնաց Նոր Ջուղա, հոգևոր առաջնորդի օգնությամբ Սբ Ամենափրկիչ վանքում ժողով գումարեց, որին ներկա էին քալանթարն ու թաղապետ խոջաները, և նրանց պատմեց գավառներում տիրող անտանելի վիճակի մասին: Ապա հայտնեց, որ մտադիր է շահին աղերսագրեր հղել և մինչև դրական արդյունքի չհասնի, տուն չի դառնա:
Խոջաները խոստացան ըստ ամենայնի աջակցել: Նրան և ուղեկիցներին տուն-տեղ և ապրանք տվեցին: Ապրանք, որը գավառեկները պիտի վաճառեին` իրենց ապրուստը հոգալու համար:
Այդպիսով սկսվեց Շահ Աբասի… «տանջանքը»: Ամեն Աստծո առավոտ Գրիգորն ու ընկերները անցնում էին Ալահվերդի կամրջով և գնում-հասնում շահի Ալի Ղափու պալատ: Վեհաշուք ապարանքի առջևի հրապարակում հարյուրավոր արհեստավորներ ու վաճառականներ աշխույժ, աղմկոտ առևտուր էին անում: Եվ մինչ յոթ գյուղերի տանուտերերը խոջաների տրամադրած ապրանքը ծախելով էին զբաղվում, Գրիգորն անցնում էր գործի:
Պալատի մուտքի մոտ երկաթե շղթայից կախված էր մի զանգ, որն անվանում էին «Արդարության շղթա»: Արքային դիմող յուրաքանչյուր ոք կարող էր այդ զանգը հարել, որից հետո պալատից դուրս եկած պաշտոնյային հանձնել իր խնդրագիրը, իսկ գրավոր դիմումները հանձնվում էին անձամբ շահին: Այդպես էլ վարվեց Գրիգորը, բայց ի տարբերություն այլոց` նա այդ բանն արեց ամեն օր, երկու ամիս շարունակ: Բոլոր աղերսագրերն ունեին միևնույն բովանդակությունը` հայերս քո հլու հպատակներն ենք, թույլ տուր ազատորեն մեր հավատքը պաշտենք:


Խնդրագրերն այն աստիճանի տաղտուկ պատճառեցին շահին, որ մի օր էլ… համաձայնեց, միայն թե պոկ գա այդ ձանձրալի մարդուց:
Բայց Գրիգորը դրանով չբավարարվեց: Մի օր, երբ շահը գնում էր Նոր Ջուղայի արևելյան կողմում գտնվող Հազարջրիբ արքայական զովասուն այգին` հանգիստ առնելու, Գրիգորը ճամփան կտրեց: Ընկավ շահի ոտները, հինգ անգամ ճակատը խփեց գետնին, թե` համաձայնությունդ գրավոր` հրովարտակով տուր, նաև վերադարձրու բռնագրաված մատյանները: Շահը դրան էլ համաձայնեց և դրա համար պատճառներ ուներ. նախ, նրա համար այլևս պարզ էր, որ հայերին բռնի կրոնափոխելն անհնար է, երկրորդ` ակնհայտ դժգոհություն էին ցուցաբերում Նոր Ջուղայի խոջաները` իր գանձարանը լցնողները:
Փերիայի ու Բուրվարիի հայությունը Գրիգորին ու նրա ընկերներին դիմավորեց հերոսների պես: Ամենուր ցնծություն էր տիրում:


Բայց շահը բռնակալ չէր լինի, եթե վերջին խոսքը իրեն չպատկաներ. արքունիքում փսփսոցներ կարող էին առաջանալ, թե հայերին զիջում անելով` դրսևորում է թուլություն:
Նախ, հրամայեց, որ երկու գավառները վասն իրենց քրիստոնեական հավատքի վճարեն 1000 թուման: Խեղճուկրակ ժողովուրդը ունեցած-չունեցածը տվեց:
Հետո հերթը հասավ Գրիգորին: Մի պարսիկ սպանեցին ու դին նետեցին նրա արտի մեջ, իբր` մարդասպանն ինքն է: Դատավորը վճիռ արձակեց` կամ Գրիգորը պիտի ուրանար հավատքը, կամ մահ ընդուներ: Չուրացավ…

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ