«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղերում

Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղերում
29.04.2016 | 09:48

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերից հետո ֆուտբոլասերի զգացողությունը հակասական է: Որքան էլ զույգերում ֆավորիտները «Ռեալն» ու «Բավարիան» էին ու են, այդուհանդերձ նրանց առավելությունը շոշափելի չես անվանի, ու դրա ակնհայտ վկայությունը հանդիպումներում արձանագրված հաշիվներն են: Իհարկե, պատասխան խաղերում նրանց ակտիվում կլինի սեփական դաշտի առավելությունը, սակայն մրցակցի անակնկալ գոլը կարող է դառնալ ճակատագրական: Այնպես որ թե՛ Զիդանը, թե՛ Գվարդիոլան մտածելու շատ բան ունեն:

«ՄԱՆՉԵՍՏՐ ՍԻԹԻ»-«ՌԵԱԼ»
Հայտնվելով կիսաեզրափակչում՝ անգլիական ակումբն արդեն իսկ նվաճումի տեր էր դարձել, որովհետև նախկինում երբեք նման բարձունքի չէր հասել: Նման երջանկության չեն արժանացել նաև, գիտեք, հայկական ակումբները, սակայն, սա բնականաբար, հիմք չէ համեմատության եզրեր անցկացնելու, այնպես որ աղերսներ փնտրելը կուլուլենք ու, լավագույն դեպքում, ի պահ տանք մեր հարյուրամյակի երկրորդ կեսին:
Դառնալով բուն թեմայի ծիր՝ «Սիթին» կարող էր գլխից վեր թռչել, մանավանդ որ, ի դեմս Քրիշտիանու Ռոնալդուի բացակայության (ունեցած վնասվածքի պատճառով սուպերպորտուգալացին հարկադրված էր բաց թողնել հանդիպումը) «արքայականի» հետ շանսերը հավասար էին կամ գրեթե հավասար, եթե բացառում ենք մադրիդյան ակումբի փորձառության գործոնը (տասն անգամ տիրացել է այս գերպատվավոր տիտղոսին):
Ինչևէ: Խաղում արձանագրվեց մրցակցող կողմերի հավասարության մասին վկայող 0:0 հաշիվը ու, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, երկու կողմն էլ գոհ էր արդյունքից: Սակայն եթե պատասխան խաղում դարձյալ չկարողանա խաղադաշտ դուրս գալ Ռոնալդուն, սկզբունքորեն այնքան էլ տեսանելի չի ներկայանում, թե ի հաշիվ ինչի՞ պիտի ուժեղանա «Ռեալը», մանավանդ որ նույնքան սկզբունքորեն կորցնելու ոչինչ չունեցող, հոգեբանական կաշկանդիչներից ձերբազատված «Սիթին» կարող է հեղինակել գոլ (իսկ դրա համար այն ուժեր ունի) ու իսկական խառնաշփոթ սարքել «Սանտյագո Բեռնաբեուում»: Մի խոսքով, պատասխան հանդիպումը կատարյալ դրամա է լինելու, ու գոնե անձամբ մենք սպասում ենք հնարավոր ցանկացած հանգուցալուծում:

«ԱԹԼԵՏԻԿՈ»-«ԲԱՎԱՐԻԱ»
Այս դիմակայությունն ինքնին արդեն իսկ հետաքրքիր էր թիմերի գլխին կանգնած մարզիչների մակարդակով, ու հանդիպումը ցույց էր տալու, թե որի տակտիկական մտածողությունն է ավելի «գործնական» լինելու:


Հատկանշական է, որ վերջին հինգ տարում սա հինգերորդ դեպքն է, երբ գերմանական «մեքենան» Չեմպիոնների լիգայի խաղարկության այս փուլում մրցակից է ստանում իսպանական ակումբի:


2010-2011-ում այն հանդիպեց Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ռեալին» ու եզրափակիչ դուրս եկավ ի հաշիվ տասնմեկմետրանոցների սերիայի, որտեղ ընկրկեց լոնդոնյան «Չելսիի» առաջ (դարձյալ տասնմեկմետրանոցների սերիայով):
2011-2012-ում մրցակիցը «Բարսելոնն» էր: Յուպ Հայնկեսի սաներն այն ժամանակ ընդհանուր 7:0 հաշվով պարզապես ծամեցին կատալոնյան ակումբին ու գերմանական եզրափակչում (մրցակիցը Դորտմունդի «Բորուսիան» էր) նվաճեցին պատվավոր ավարը:
Հաջորդ երկուսում «Բավարիան» զիջեց թե «արքայականին», թե «Բարսելոնին»:


Ինչ վերաբերում է «Աթլետիկոյին», Չեմպիոնների կիսաեզրափակչում այն ընդամենը երկրորդ անգամ է: Վերջինը երկու տարի առաջ էր, ու եզրափակիչ դուրս գալու համար Սիմեոնեի սաներին չբավականացրեց ընդամենը մի քանի վայրկյան: Ավելացված ժամանակում Սերխիո Ռամոսը հավասարեցրեց հաշիվը, իսկ հավելյալում «Ռեալն» անկասելի էր:
Ահա այն ամենը, ինչ համառոտ վերաբերում է այս երկուսի ոչ հեռավոր անցյալին:
Ամբիցիաների առումով, հասկանալի է, որ երկու թիմերն էլ պակաս ոչինչ չունեն: Ինչ վերաբերում է եղած դիմակայությանը, Լիգայի ընթացիկ մրցաշրջանում խաղարկության բացարձակ ֆավորիտ «Բարսելոնին» պատմության լուսանցք հանած «Աթլետիկոն», բնականաբար, վախենալու բան պիտի որ չունենար «Բավարիայից», մնում էր, որ բախտը երես չթեքեր:


Մանրամասների մեջ առանձնապես չխորանալով՝ ասենք, որ «Աթլետիկոն» դիմակայությունում տեր եղավ իր հերթապահ գոլին և անցավ դարպասն անառիկ պահելուն: Ինչ խոսք, որ «Բավարիան» չհաշտվեց եղածի հետ, ու այս առումով հատկապես բնութագրական էր երկրորդ խաղակեսը: Սակայն «Աթլետիկոն» ոչ միայն կարողացավ գրագետ պաշտպանվել, այլև «կտցահարելու» փորձեր էլ արեց: Արդյունքում խաղավարտից հետո լուսագրերում անփոփոխ մնաց 1:0 հաշիվը, իսկ սա նշանակում է, որ իսպանական ակումբը Մյունխեն կմեկնի հաղթողի կարգավիճակով:


Սկզբունքորեն այնքան էլ դժվար չէ պատկերացնել, թե ինչ է լինելու այնտեղ: «Բավարիային» Չեմպիոնների լիգայի գավաթը վերադարձնելու համար թիմի գլուխ անցած Գվարդիոլան փորձելու է ճզմել մադրիդցիներին, ու դա բառիս բուն իմաստով անելու է ամեն գնով, «Աթլետիկոն» էլ, բնականաբար, փորձելու է չճզմվել և դա նույնպես անելու է ամեն գնով: Թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը, աշխարհում հստակ չի կարող ասել ոչ ոք: Այդ իսկ պատճառով էլ թույլ տվեք «իմաստնանալ» միայն դիմակայության ավարտից հետո: Հավատացեք՝ այդպես շատ ավելի հեշտ կլինի թե ինձ և թե ձեզ համար թեկուզ զուտ այն պատճառով, որ սխալվելու հավանականությունը հավասար կլինի զրոյի: Իսկ ինչպես գիտեք` հաղթում է միշտ զրոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ