Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ղարաբաղ. Բաքուն պահանջում է կոնֆլիկտի կարգավորումից հեռացնել ՌԴ ԱԳՆ-ին

Ղարաբաղ. Բաքուն պահանջում է կոնֆլիկտի կարգավորումից հեռացնել ՌԴ ԱԳՆ-ին
29.04.2016 | 10:18

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ելույթ ունենալով Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 5-րդ կոնֆերանսում, արձանագրեց, որ «չի նվազում Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը»: Դա լուրջ անհանգստություն է հարուցում նախ և առաջ Մինսկի խմբի համանախագահ երկրներում, որ փորձում են լրացնել ապրիլի սկզբին շփման գծում եռօրյա արյունալից կռիվներից հետո ձևավորված վակուումը: ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց. «Հիմա առաջնահերթ խնդիրը իրավիճակը հանդարտեցնելը և նոր ագրեսիա թույլ չտալն է»:

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները ևս մեկ անգամ ընդգծեց, որ «Վաշինգտոնը վճռականորեն դատապարտում է ցանկացած բռնություն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շփման գծի երկայնքով» և «հնարավորինս արագ ցանկանում է խաղաղ գործընթաց տեսնել»: Հենց դա է գլխավոր խնդիրը: ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը կարծում է, որ «լարվածության բռնկումը կոնֆլիկտի գոտում կողմերի ուղիղ երկխոսության գործընթացը խիստ հետ նետեց» և «այս պահին ռեալ են միայն հակամարտող կողմերի զինվորականների շփումները՝ Ռուսաստանի միջնորդությամբ»: Ավելի վաղ Բաքվի ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությամբ հրադադարից հետո Կրեմլը իբր նախապատրաստում է իր միջնորդությամբ կամ իր մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում: Սակայն Մոսկվան այդ սցենարի գոյությունը հերքեց:

Այս ուղղությամբ ևս մի հանգույց է կապվում: ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահներն արդեն եղել են տարածաշրջանում և սպասվում է, որ նրանք առաջիկայում զեկույց կներկայացնեն Վիեննայում իրենց հետագա գործողությունների մասին: Ձևականորեն Բաքուն ու Երևանը դուրս չեն եկել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հաղթահարման բանակցություններից, որոնց հիմքում Մադրիդյան նորացված սկզբունքներն են: Բայց փաստացի ադրբեջանական կողմը ձգտում է բանակցային օրակարգը փոխել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը «Խաղաղության հաստատումը և ահաբեկչության վերացումը» թեմայով քննարկման ժամանակ (ՄԱԿ-ի քաղաքակրթությունների ալյանսի VII գլոբալ ֆորումում) նշել է. «Մեզ ասում են՝ շարունակեք բանակցությունները, դուք 25 տարի բանակցել եք, մի 25 տարի էլ բանակցեք», «նաև ասում են՝ պրոբլեմը ինքներդ լուծեք»: Նրա խոսքով՝ «հարցը պետք է լուծվի միջազգային իրավական նորմերի հիման վրա»՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերը Ղարաբաղի հարցով, որ հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրության դաշտից դուրս են: Բաքվի ընտրած՝ քննարկման կոնկրետ թեմայի նենգափոխման դիվանագիտական մեթոդիկայով անարդյունք բանակցություններ կարելի է վարել ևս 100 տարի:

«Մենք չենք կարողանում հասկանալ Հայաստանի տրամաբանությունը: Մի կողմից` Հայաստանը հայտարարում է, որ կոնֆլիկտը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, մյուս կողմից՝ հայտարարում է բանակցային գործընթացից դուրս գալու մասին»՝ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Իսկ ի՞նչ կա հասկանալու: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Bloomberg- ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Երևանի վերադարձը խաղաղ բանակցություններին հնարավոր է միայն անվտանգության երաշխիքների առկայությամբ», քանի որ «հիմա բացարձակապես այլ իրավիճակ է»: Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը ճշտեց, որ «Հայաստանը երբեք դուրս չի եկել բանակցային գործընթացից, Հայաստանը միշտ կողմնակից է բացառապես բանակցություններով, հարցի խաղաղ ճանապարհով լուծման»: Այնուհանդերձ, Բաքուն բացահայտորեն խեղաթյուրում է իրադարձությունները ու պնդում հակառակը: Ավելին՝ այդ թեզի վրա կառուցում է սուր սյուժեով քաղաքական ինտրիգ: Վերջերս վերստին ակտիվացած, ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «արտաքին քաղաքական ասպարեզում նախագահ Սարգսյանը փորձում է Վաշինգտոնին օգնության կանչել և թույլ չտալ Մոսկվային լուծել ճգնաժամային դիվանագիտական հարցերը, որ անհրաժեշտ է խաղաղ գործընթացը վերսկսելու համար Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների ինտնեսիվ ու շոկային օրերից հետո»:

Այդ վարկածը որսաց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ իր բացահայտ սադրիչ հայտարարությամբ. «Այս կոնֆլիկտում Ադրբեջանը և Իլհամ Ալիևը ուժ են հավաքում: Ռուսաստանը ամբողջությամբ չի աջակցում Հայաստանին: Համենայն դեպս՝ բացահայտ չի աջակցում, որովհետև Ադրբեջանի հետ հարաբերությունները շահավետ են: Եթե այսօր նրանք չեզոք դիրք ունենան Ադրբեջանի վերադարձրած տարածքների հարցում, Հայաստանին սարսափ կպատի»: Սակայն ադրբեջանական Քաղաքական տեխնոլոգիաների ու ինովացիաների ոչկառավարական կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն հակառակը՝ պահանջել է, որ «ՌԴ ԱԳՆ-ն հեռացվի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացից»՝ «այդ իրավասությունները պետք է տրվեն հատուկ խմբին, որ պետք է ձևավորվի ՌԴ նախագահի աշխատակազմում»: Ահմեդօղլուն իր պահանջը կապում է «այն ստորացուցիչ վիճակի հետ, որի մեջ Լավրովը դրեց ՌԴ պաշտպանության նախարարությանը»:

Ինչո՞ւ: Պարզվում է՝ «Սերգեյ Լավրովը, հազիվ ինքնաթիռի շարժասանդուղքից իջած՝ Երևանում հայտարարեց, որ 1994-ի և 1995-ի հրադադարի համաձայնագրերը անժամկետ են և ընդունված միջազգային հանրության կողմից», մինչդեռ «Մոսկվայում՝ ՌԴ պաշտպանության նախարարության մասնակցությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև ձեռքբերված պայմանավորվածությունը երկկողմանի է»՝ այսինքն՝ առանց Ստեփանակերտի մասնակցության: Երբ Լավրովը հիշեցրեց 1990-ականների պայմանագրերը, նա, Ահմեդօղլուի մեկնաբանությամբ, չեղարկեց «2016-ի ապրիլի 5-ի հրադադարի բանավոր համաձայնությունը»՝ խաղալով «համաշխարհային հայության» կողմից և հարված հասցնելով «կոնֆլիկտի կարգավորման Պուտինի առաջարկած ծրագրին»:

Ցավոք, տեղեկատվական այս պարզունակ կարուսելը, որ Բաքուն կառուցել է ղարաբաղյան կարգավորման շուրջ՝ ուղղահայացով դուրս գալով Կրեմլի, իսկ հորիզոնականով՝ Երևանի վրա, ստեղծում է մի մթնոլորտ, որում դժվար է բանակցային գործընթաց սկսել: Այս իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է կամք գործադրեն լուծելու շփման գծում վերահսկողության մեխանիզմների ստեղծման հարցը, որպեսզի հնարավոր լինի անցում կատարել ուժի չկիրառման փաստաթղթի պատրաստմանը: Քանի դեռ գործը մեծ պատերազմի չի հասել:

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը բոլորովին այլ տեսակետ է ներկայացրել: Նա կարծում է, որ կոնֆլիկտի «սրացումը ձեռնտու է երրորդ ուժին, ոչ թե տարածաշրջանի երկրներին, հայերին կամ ադրբեջանցիներին»: Նա խորապես համոզված է, որ «սա սադրանք է՝ կազմակերպված երրորդ ուժի կողմից: Այս իրավիճակում ամերիկացիները կուզենային պայթեցնել ղարաբաղյան ճգնաժամը, որովհետև դրա հետևանքով ամենից շատ կտուժեին Ռուսաստանը և ռուսական քաղաքականությունը, կվնասվեր Ռուսաստանի դերակատարությունը՝ որպես հետխորհրդային տարածքներում հակամարտությունների կարգավորող»:


Նա հայտարարում է, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, և դա «ընդունում են թե Ռուսաստանը և թե ողջ միջազգային հանրությունը»: Դուգինը կարծում է, որ. «Կան կոնֆլիկտներ, որոնք լուծում չունեն: Լեռնային Ղարաբաղը այդ կոնֆլիկտներից մեկն է: Ղարաբաղյան հիմնախնդիրը չունի լուծում՝ ճիշտ այնպես, ինչպես արաբա-իսրայելական հակամարտությունը: Ընդհանրապես, որևէ հակամարտություն չունի լուծում, քանի դեռ այնտեղ բախվում են գերտերությունների շահերը: Միայն այն դեպքում, եթե Հայաստանը և Ադրբեջանը սկսեն ավելի ակտիվ ինտեգրվել Եվրասիական կառույցին (Հայաստանն արդեն անում է քայլեր այդ ուղղությամբ), մենք կկարողանանք հեռավոր ապագայում, շեշտում եմ՝ ոչ թե այսօր, վաղը կամ մյուս օրը, այլ հետագայում առաջարկել որոշ իրավական լուծում հիմնախնդրին»:


«Ռուսները հայերին ու ադրբեջանցիներին համարում են եղբայրական ժողովուրդներ: Մենք համարում ենք սա արյունոտ հակամարտություն մեկ ընտանիքի ներսում: Եվրոպական երկրների, առավել ևս ամերիկացիների խաղաղարար ստորաբաժանումների ներկայությունը հակամարտության գոտում իրավիճակը կտանի վատագույն սցենարով, որովհետև այդ զորքերի հետ միասին այստեղ կգան տարածաշրջանի համար օտար աշխարհաքաղաքականության կրողները: ՈՒստի, եթե ստիպված լինենք այնտեղ տեղակայել խաղաղարար ուժեր, դրանք պետք է լինեն կամ ռուսական, կամ իրանական զորքեր, բայց չեն կարող լինել եվրոպական կամ ՆԱՏՕ-ական, որովհետև դա միայն կնպաստի հակամարտության սրմանը: Պատկերացրեք՝ առաջինը ինչ կանեն ՄԱԿ-ի խաղաղարարները երկնագույն սաղավարտներով, ադրբեջանցիներին իրենց տարածքներ կվերադարձնեն, և կսկսվի բռնությունների նոր ալիք: Միայն ռուսները, ռուսական զորքերը կարող են կանխել արյունահեղությունը՝ շատ լավ պատկերացնելով կոնֆլիկտը: Դա մեր սեփական կոնֆլիկտն է: Մենք շատ լավ գիտենք՝ ինչն ինչոց է»: Ավելին՝ «Ռուսաստանը աշխարհաքաղաքական տեսանկյունից շահագրգռված է ստատուս քվոյի պահպանումով Լեռնային Ղարաբաղում: Հենց դա է լինելու խաղաղարար օպերացիայի նպատակը, և ամենագլխավորը՝ որ հակամարտություն չլինի և արյուն չթափվի: Այդ նպատակին հասնելու համար պիտի գործարկվեն ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական գործընթացներ: Կան հիմնախնդիրներ, որոնց դեպքում Ռուսաստանին ձեռնտու է խաղաղությունը, և կան հիմնախնդիրներ, որտեղ մենք շահագրգռված ենք հակամարտությամբ: Լեռնային Ղարաբաղի դեպքում խաղաղությունը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար: Խաղաղությունը Ղարաբաղում մեր ազգային շահն է, եթե կուզեք՝ եսասիրական շահը»:
Համադրեք Ստանիսլավ Տարասովի և Ալեքսանդր Դուգինի տեսակետները և ի՞նչ կստանաք: «Միայն այն դեպքում, եթե Հայաստանը և Ադրբեջանը սկսեն ավելի ակտիվ ինտեգրվել Եվրասիական կառույցին (Հայաստանն արդեն անում է քայլեր այդ ուղղությամբ), մենք կկարողանանք հեռավոր ապագայում, շեշտում եմ՝ ոչ թե այսօր, վաղը կամ մյուս օրը, այլ հետագայում առաջարկել որոշ իրավական լուծում հիմնախնդրի՞ն»:

Իսկ մինչ այդ Ռուսաստանը մեկ խաղաղություն, մեկ հակամարտություն կհրահրի՝ ելնելով իր եսասիրական շահի՞ց: ՈՒ ամեն ինչ կանի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակեն պարիտետային հայտարարությունները՝ ներքին համաձայնություն չունենալով, բայց հարկադրված լինելով լռել, որովհետև հակառակ դեպքում ձևաչափը կքանդվի՞: Բայց այդ ընթացքում կհնչեն բոլորովին այլ հայտարարություններ ու կգրվեն այլ հոդվածներ՝ ինչպես Ստանիսլավ Տարասովինը: Ի՞նչ է ուզում Ռուսաստանը ի վերջո: Հարցը աստիճանաբար կորցնում է արդիականությունը: Քառօրյա պատերազմից հետո մենք ունենք մեկ գլխավոր հարց՝ ի՞նչ են ուզում Հայաստանն ու Արցախը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ