Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ժամանակն է՝ Մոսկվան դուրս գա Բաքվի քաղաքականության ուղեգծից

Ժամանակն է՝ Մոսկվան դուրս գա Բաքվի քաղաքականության ուղեգծից
30.04.2016 | 01:16

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իշխող հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում ներկայացրել է երեք պահանջ, որոնց կատարման դեպքում Երևանը պատրաստ է շարունակել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցությունները՝ վստահության միջոցների ձևավորում և (սահմանին) միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղակայում, հասցեական հայտարարություններ (միջազգային հանրության կոնֆլիկտի գոտում իրավիճակի մասին) և երաշխիքներ, որ Ադրբեջանը ագրեսիայի չի դիմի:

Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ «այս պահին վաղ է խոսել բանակցությունները վերսկսելու մասին, քանի դեռ շարունակվում են մարտական գործողություննները, հրաձգությունն ամբողջությամբ չի դադարեցվել»: Ամբողջության մեջ նշված դիրքերը փոխպայմանավորված են: Այս կամ այն ձևով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մշակումների առարկա են: Այդ պայմանների իրականացումը իրոք կարող է հիմք դառնալ ղարաբաղյան եռօրյա պատերազմի հետևանքների վերացման և կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացին անցման համար: Ընդգծենք կարևոր նրբերանգները: Ղարաբաղում շփման գծում ապրիլի 2-5-ի իրադարձություններն անսպասելի չէին ԵԱՀԿ Մինսկի խմբի համար: Նախօրեին հենց ԱՄՆ էր առաջարկում շփման գծում տեղակայել իրավիճակի վերահսկողության տեխնիկական միջոցներ: Սակայն Բաքուն մերժեց նախաձեռնությունը՝ մեղադրելով Մինսկի խմբին կոնֆլիկտը «սառեցնելու» ձգտման մեջ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատմեց, որ Վաշինգտոնում միջուկային անվտանգության սամմիթում ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է հանդիպել Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ հայկական կողմը բանակցել է նրանց հետ:

Եթե Բաքուն ընդուներ ԱՄՆ-ի առաջարկը, հրադադարի ռեժիմի խախտման նրա մեղադրանքները Հայաստանի հասցեին, ամրագրված ԵԱՀԿ Մինսկի խմբի վերահսկողության տեխնիկական տվյալներով, կունենային այլ նշանակություն և քաղաքական այլ կշիռ կստանային:

Հիմա Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը հայտարարում է. «Միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լռում են, որ հայկական զինված ուժերը վերջին օրերին հրետակոծում են բնակավայրերը և խաղաղ բնակչությանը զորքերի շփման գծի երկայնքով: Կարծում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառվում է կրկնակի ստանդարտների ամենաբաց ձևը, որ ցուցադրում է անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի ժողովրդի, միջազգային իրավունքի և արդարության սկզբունքի նկատմամբ: Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ-ն և մյուս կազմակերպությունները պետք է վճռական միջոցներ ձեռնարկեն, որ վերջ դնեն Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ ուղղված Հայաստանի գործողություններին»:

Բայց դա ոչ միայն նշան է, որ միջազգային հանրությունը կորցրել է Բաքվի նկատմամբ վստահությունը, այլև ադրբեջանական դիվանագիտության լուրջ ճգնաժամի: Միևնույն ժամանակ՝ ճգնաժամի տարրեր կան և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններում: Օրերս ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Անվտանգության հարցերով մոսկովյան միջազգային V կոնֆերանսի շրջանակներում («Вестник Кавказа»-ի թղթակցի հետ զրույցում) ղարաբաղյան խնդրի կարգավորմանն անդրադառնալով՝ հայտարարեց. «Ապագա կարգավորման բոլոր հիմնական դրույթներն արդեն պատրաստ են: Դրանք քիչ չեն՝ Մադրիդյան սկզբունքները և մի շարք պայմանավորվածություններ բարձր մակարդակում, որ ձեռք են բերվել ռուսական ղեկավարության ակտիվ աջակցությամբ՝ նախագահներ Դմիտրի Մեդվեդևի ու Վլադիմիր Պուտինի, նաև՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ակտիվ դերակատարությամբ: Այդ պատճառով հիմքեր կան, պետք է առաջ գնալ և այդ սկզբունքները զարգացնել արդեն կարգավորման ենթատեքստում, պայմանավորվել՝ ինչպես խաղաղ ապրել այդ տարածաշրջանում: Որքան արագ դա լինի, այնքան արագ մենք բոլորս կծափահարենք տարածաշրջանի ևս մեկ բարդ ու երկարատև կոնֆլիկտի հանգուցալուծմանը, որ, անկասկած, նշանակալից համագործակցության հեռանկարներ է բացում և հանում է այն լարումը, որ կա արդեն 20 տարուց ավելի»:


Դժվար է Լուկաշևիչի հետ չհամաձայնել, երբ նա ընդգծում է «ղարաբաղյան թեմատիկայի առանձնահատկությունը»: Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի 20 տարիներին ոչ մի գործնական արդյունք չի գրանցվել, որ վկայում է դիվանագիտության նորացման, կոնֆլիկտի քաղաքական կարգավորման սկզբունքային մոտեցումների փոփոխության անհրաժեշտությունը:


Առաջին՝ եթե Ադրբեջանը Ղարաբաղի հայերին համարում էր իր հայրենակիցները, որ որոշակի պատճառներով, որ հետևանք էին, ինչպես հայտարարել է հայտնի բանաստեղծ, գրականագետ, Ղազախստանի հասարակական ու քաղաքական գործիչ Օլժաս Սուլեյմենովը Բաքվի Haggin.az պորտալին, «Ադրբեջանի նախկին ղեկավարների վիթխարի սխալների», Ստեփանակերտի նկատմամբ կվարեր բոլորովին այլ քաղաքականություն: Բայց հիմա, երբ Բաքվում պարահանդեսի գլխավորը Իլհամ Ալիևի «պատերազմի կուսակցությունն» է, կայուն զգացողություն է ձևավորվում, որ Բաքվին պետք է Ղարաբաղի տարածքն առանց հայերի: Օլժաս Սուլեյմենովի խոսքով՝ «ադրբեջանցիների ու հայերի արդեն մի քանի սերունդ են ապրում այս կոնֆլիկտով»: Հավելեմ՝ փոխադարձ ատելության ու թշնամության բարձր մակարդակով, որ երկու ժողովուրդների միասնական պետության ձևաչափում համակեցությունը անհամատեղելիության պրոբլեմի է վերածում: Դա փաստ է, որ պետք է ներառվի կոնֆլիկտի կարգավորման դիվանագիտական ենթատեքստում, քանի որ ապրիլի 2-5-ի իրադարձությունները մեկի համար պատերազմ էին, մյուսի՝ սպանդ: Երկրորդ՝ դիվանագիտությունը պարզապես պատերազմի այլընտրանք չէ: Երբ պատերազմը անհրաժեշտություն է դիտարկվում իրավիճակը սրբագրելու համար, ինչին վերջին ժամանակներս ձգտում է Ադրբեջանը, դիվանագիտությունը, այս դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, կամ իրավիճակի վրա ներգործելուց ձեռնպահ է մնում՝ սահմանափակվելով միայն բանավոր հայտարարություններով, կամ սկսել է հասկանալ, որ այդօրինակ գործողությունների բուն փաստը պետք է վերափոխվի ղարաբաղյան կարգավորման նախկին պայմանների ու չափորոշիչների վերանայման ուղղությամբ:


Պատահաբար չէր ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը կարևոր հայտարարություն անում՝ «Մենք բազմիցս ասել ենք, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցություններին, որոնց առաջ չէր մասնակցում: Մենք ելնում ենք այն կետից, որ շրջանակային համաձայնագրի կնքումը, որ նախորդում է խաղաղ համաձայնագրին անցնելու նախապատրաստությանը, կարող է ելակետ դառնալ բանակցություններում Ղարաբաղի մասնակցության համար»: ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի խոսքով՝ «հիմա համանախագահների եռյակի և ԵԱՀԿ գերմանական գործող ղեկավարության բոլոր շփումները ուղղված են փխրուն հրադադարն ամրապնդելուն, որը հնարավոր դարձավ շնորհիվ ՌԴ ղեկավարության և զինվորականների»:

«Ապրիլի 5-ի պայմանավորվածությունները հնարավորություն են տալիս մի քիչ առաջ գնալ վստահության միջոցների, հրադադարի ամրապնդման, Երևանի և Բաքվի երկխոսության վերսկսման ճանապարհին»՝ ընդգծել է նա: Բայց երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ մանևրներով հազիվ թե հաջողվի իրականում նոր պայմանների հասնել տարածաշրջանում ապրիլի 2-5-ի իրադարձություններից հետո: Ժամանակն է դուրս գալ Բաքվի քաղաքականության ուղեգծից և բաց, առանց նախապայմանների, ՈՒկրաինայում Մինսկյան համաձայնագրերի օրինակով, դնել բանակցային գործընթացում Ստեփանակերտի մասնակցության հարցը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ «առանց բանակցություններին Արցախի մասնակցության հնարավոր չէ լուծել ղարաբաղյան հարցը», «չկա զարգացումների որևէ հավանական սցենար, որով խնդիրը լուծվի առանց մեր մասնակցության»: Նա նաև ասել է, որ «ղարաբաղյան կողմի համար բանակցությունները կրճատ ձևաչափով նախընտրելի են ռազմական գործողություններից, սակայն դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր դիրքերից»: Հակառակ դեպքում, ինչպես կարծում են Stratfor-ի փորձագետները, «բախումները Հայաստանի ու Ադրբեջանի միջև կշարունակվեն» և «հնարավոր պատերազմի հետևանքները տարածաշրջանից դուրս կգան»: Իսկ պատասխանատվությունը դիվանագետների ուսերին է:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Երբ կարդում եք այս տողերը, հարց չի՞ առաջանում, թե ո՞ր երկիրն է ներկայացնում Ստանիսլավ Տարասովը: Եթե Ռուսաստանը, ինչպե՞ս է նման եզրակացություններ անում, երբ ընդամենը քսան օր առաջ իր երկրի դիվանագիտությունն ու լրատվամիջոցները, առանց բացատրությունների, Հայաստանին ու Ադրբեջանին անվանում էին Ռուսաստանի «ռազմավարական գործընկերներ»: Ճիշտ է՝ ապրիլի 24-ից շեշտադրումը փոխվեց և Հայաստանը վերանվանվեց «ռազմավարական դաշնակից», Ադրբեջանը՝ մնաց «գործընկեր»: Ինչո՞ւ է «մոռանում», որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանը միակ երկիրն է, որ կոնֆլիկտի կողմերին զենք է վաճառում, ինչպես պարզվեց, վերապահությամբ ոչ միայն գնի, այլև որակի ու ժամանակին տեղ հասցնելու հարցերում, ու դա, որոշակի փուլից ոչ թե զինված բախումները զսպող, այլ՝ հրահրող գործոն է Բաքվի համար, որ շատ ունի ու շուտ ունի: Որ միայն Երևան գալով՝ ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, որ շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայումն անհրաժեշտություն է, ու համարյա մեղադրեց ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիային, որ հարցը դեռ լուծված չէ: Իսկ նրա գնալուց հետո ռուս փորձագետներն ու միջազգայնագետները շարունակեցին իբրև կրակի դադարեցման երաշխիք շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայումը ներկայացնել: Հեռանկարում՝ Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Վերջին հաշվով՝ եթե հրապարակումից հրապարակում քառօրյա (ճշգրտությունն ապահովելով՝ հնգօրյա՝ ապրիլի 1-5) պատերազմն անվանվում է եռօրյա, դա նշանակո՞ւմ է ռազմավարական դաշնակցի նկատմամբ դաշնակցային պարտավորության չկատարման ընդունում, նվազագույնը երկու օր, և հավատարմություն ռազմավարական գործընկերությանը, որի դիմաց Ադրբեջանը, սակայն, հատուցեց ռազմավարական գործընկերությանը անհավատարմությամբ՝ ինչպես ընդհանրապես վերաբերվում է միջազգային կառույցներում իր ստանձնած պարտավորություններին (օրինակ ԵԽԽՎ-ին անդամակցելիս, կոնֆլիկտը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու) և պահանջում է հարգել իր իրավունքները, որ խիստ կասկածելի ու վիճարկելի են: Իսկ որ բանակցային գործընթացի բուն բովանդակությունը պիտի փոխվի և մադրիդյան՝ հին ու նոր, կազանյան, թե այլ անունով վերանվանված սկզբունքներից պետք է հրաժարվել, ապացուցեց Բաքուն միայնակ ու ամբողջ աշխարհին: Հայկական բանակն էլ ապացուցեց, որ տարածք չի ստանա՝ հայերին վերացնելու համար իրենց ծննդավայրից: Հարցի լուծումը ԼՂՀ միջազգային ճանաչումն է, երկրորդ տարբերակը՝ միացումը Հայաստանին: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործը նոր իրավիճակում անվտանգության երաշխիքների ապահովումն է՝ վերահսկողության մեխանիզմների տեղակայումով սահմաններին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ