Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բաքուն շտապում է, բայց՝ ո՞ւր

Բաքուն շտապում է, բայց՝ ո՞ւր
30.04.2016 | 07:10

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը օտարերկրյա ու տեղացի լրագրողների խմբի այցելություն է կազմակերպել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ադրբեջանական շրջաններ: 45 լրագրողների տարել են Բարդայի շրջան, նրանց ուղեկցում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավարը: Բարդայում նրանք նախ այցելել են հիվանդանոց, որտեղ գտնվում են հրետակոծություններից վիրավորված մարդիկ, ապա մեկնել են Աղդամի և Աղջաբեդիի շրջաններ, ուր նրանց ցույց են տալիս հայկական կողմի հրետակոծություններից տուժած բնակավայրերը, վնասված ու այրված տները: Հարցազրույցներ են կազմակերպվել Չեմենլի, Գարադաղլի գյուղերի բնակիչների հետ: Խմբում ընդգրկված են BBC-ի, Reuters-ի, Bloomberg-ի, Anadolu-ի, ռուսական ու իսրայելական լրատվամիջոցների թղթակիցներ, Մոլդովայի նախկին օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն, որ հայտնի է ադրբեջանամետ հայտարարություններով:
Ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են հանդիպում Բրյուսելում: Ադրբեջանական Report կայքի փոխանցմամբ՝ Մամեդյարովն ասել է, որ «Ադրբեջանը մշտական կապի մեջ է համանախագահների հետ, նրանք առաջարկել են մայիսի կեսերին հանդիպում, ամենայն հավանականությամբ՝ Բրյուսելում, որևէ միջոցառման շրջանակում»: Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը դուրս չի եկել բանակցություններից, և նորից հայտարարել է. - «Տարածաշրջանի ամենամեծ սպառնալիքը հայկական զորքերի առկայությունն է Ադրբեջանի օկուպացված տարածքներում»: Նա մեկնաբանել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվացումը՝ ասելով. «Դա նման է սառցալեռան: Միայն գագաթն է երևում, բայց ոչ ոք չգիտե, թե ինչ կա ջրի տակ: Ռուսաստանի առաջարկները հետաքրքիր են նաև մեզ համար: Մեզ առաջարկում են հակամարտության փուլային կարգավորում»: Մամեդյարովը վստահեցրել է, որ Ադրբեջանը կողմ է խաղաղ բանակցություններին, համապարփակ համաձայնագրին, բայց «դրա համար արդյունքներ են պետք»: Նա հայտարարել է, թե խնդիրը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով: Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հրապարակած 3 պայմանները բանակցությունները վերսկսելու մասին՝ Մամեդյարովն ասել է. «Եթե ինչ-որ մեկը Երևանում մտածում է, որ պայմաններ առաջ քաշելով կարող է շարունակել բանակցային գործընթացը և պահպանել ստատուս-քվոն, սխալվում է»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե անցած մեկ օրվա ընթացքում հայկական կողմը հրադադարը խախտել է 116 անգամ, կրակելով նաև խոշոր տրամաչափի զենքերից: Ադրբեջանի վրա կրակ է բացվել նաև Հայաստանի տարածքից: Ադրբեջանի ՊՆ հայտնել է, որ ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի վրա 122 անգամ «պատասխան» կրակ է բացել: Ադրբեջանի Մեջլիսի նիստում խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովն ասել է, թե «հայերը կորցրել են գլուխը և չգիտեն ինչ են խոսում»: Պատգամավորներին, միջխորհրդարանական կապերի խմբերին նա կոչ է արել շատ նամակներ գրել արտասահմանցի գործընկերներին՝ «ներկայացնելով իրականությունը», քանի որ, նրա խոսքով՝ դրսում շատերը նույնիսկ Ադրբեջանի տեղը չգիտեն:
Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերը բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ են տեղակայում՝ քաղաքացիական անձանց դարձնելով «կենդանի վահան»: Նախօրեին Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հրապարակել է դա հաստատող լուսանկարներ և ընդգծել, որ հակառակորդի ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների, լեգիտիմ թիրախներ են ղարաբաղյան զինված ուժերի համար:

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ