Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Թուրքիան Հայոց ցեղասպանության նկատմամբ ՌԴ դիրքորոշմանը փորձում է պատասխանել ղրղզների ցեղասպանության կեղծ թեզի տարածմամբ»

«Թուրքիան Հայոց ցեղասպանության նկատմամբ ՌԴ դիրքորոշմանը փորձում է պատասխանել ղրղզների ցեղասպանության կեղծ թեզի տարածմամբ»
03.05.2016 | 00:44

Ղրղզստանում 2016-ին պատրաստվում են նշելու ռուսների կողմից ղրղզների ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Մի շարք հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական ակտիվիստներ պաշտոնական Մոսկվայից պահանջում են ճանաչել ցեղասպանության փաստը և փոխհատուցել զոհվածների ժառանգներին։ Ղրղզստանում որոշ քաղաքական ուժեր այս թեման օգտագործում են ազգայնական տրամադրություններ արթնացնելու համար, իսկ Ղրղզստանի նախագահը հրամանագիր է ստորագրել 1916 թ. ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցի կապակցությամբ։
Ըստ ղրղզական կողմի՝ 20-րդ դարում գերտերությունների պայքարը արտացոլվել է Թուրքեստանի շրջանի ղրղզների և այլ ազգությունների ներկայացուցիչների վրա։ Եվ իբրև թե ցարական չինովնիկների քաղաքականությունն ուղղված է եղել տվյալ շրջանի գաղութացմանը։ Այս գործողություններն Առաջին աշխարհամարտի տարիներին հանգեցրել են այս տարածքում ազգային-ազատագրական պայքարի, մասսայական ապստամբության, ինչն էլ ճնշվել է ռուսների կողմից։


«Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ պատահական չի համարում ղրղզների ցեղասպանության թեմայի ի հայտ գալը։ Պատմաբանը նկատում է, որ Թուրքեստան նահանգում 1916 թ. դեպքերն ավելի շատ նման էին քաղաքացիական պատերազմի, քան ցարական Ռուսաստանի իրականացրած կոտորածների.

«Իրականում քաղաքացիական այս պատերազմի, որին զոհ գնացին բավականին մեծ թվով մարդիկ, հիմնական պատճառն այն էր, որ Ռուսաստանն այդ տարիներին գտնվում էր համաշխարհային պատերազմի մեջ, ծանր վիճակում էր ռազմական առումով, կռվում էր մի քանի ճակատով, այդ թվում հարավում՝ Օսմանյան կայսրության դեմ։ Եվ Միջին Ասիայում բավականին ակտիվորեն աշխատում էին Օսմանյան կայսրության ներկայացուցիչները։ Վերջիններս մեծ ներդրում ունեցան, որպեսզի Միջին Ասիայում ծագեն հակառուսական իրադարձություններ։ Բնականաբար, պատերազմի մեջ գտնվող երկիրը չէր կարող հանդուրժել հարավում նման ապստամբությունները, և տեղի ունեցան քաղաքացիական բախումներ, որոնց զոհ գնացին մարդիկ։
Տարիներ անց այս իրադարձությունները քաղաքական ենթատեքստով փորձ է արվում ներկայացնել որպես ղրղզների ցեղասպանություն, ինչը իրականում ոչ մի աղերս չունի ցեղասպանություն եզրույթի հետ։ Չեն եղել բնակչության հատուկ տեղահանություններ, կոտորածներ ցարական բանակի կողմից»։


Ինչո՞ւ է այս թեման վերջին 1-2 տարիներին շատ ակտիվորեն շահարկվում։ Ըստ մեր զրուցակցի՝ սա քաղաքական ենթատեքստ ունի, փորձ է արվում Միջին Ասիայում ևս ստեղծել հակառուսական օջախ և դրա միջոցով այս տարածաշրջանում, Ղրղզստանում հատկապես, որն ունի ռազմավարական դիրք, փորձել քաղաքական շրջանառության մեջ դնել այնպիսի տարրեր, որոնք ենթադրում են հակառուսական տրամադրությունների մեծացում։
Պատմաբանը նկատում է նաև, որ սա Թուրքիայի պատասխանն է Ռուսաստանին՝ Հայոց ցեղասպանության նկատմամբ ունեցած դիրքորոշման դիմաց.

«Վերջին շրջանում ակնհայտ լարվածություն կա ռուս-թուրքական հարաբերություններում։ Թուրքիան Հայոց ցեղասպանությանը վերաբերող ռուսական քայլերին փորձում է պատասխանել, այսպես կոչված, ղրղզների ցեղասպանության կեղծ թեզի տարածմամբ։ Սա շատ խորքային արմատներ ունի։ Թուրքիան մեծ ծավալի աշխատանք է տանում, որպեսզի ոչ միայն Միջին Ասիայում, այլև ամբողջ աշխարհում ղրղզների հետ կատարվածը ներկայացվի որպես ցեղասպանություն։
Այս տարի նշելու են այդ իրադարձությունների 100-րդ տարելիցը, ստեղծել են պետական հանձնաժողովներ, փորձում են հաշվարկել այդ դեպքերի հետ կապված նյութական վնասները։ Քաղաքական ենթատեքստն ակնհայտ է»։
Գևորգ Մելքոնյանը նկատում է նաև, որ Ղրղզստանը որպես պետություն կայացել է խորհրդայնացման շնորհիվ. «Երբ դիտարկում ենք Ղրղզստանի սոցիալ-տնտեսական վիճակը մինչև խորհրդայնացումը և դրանից հետո, ապա տեսնում ենք, որ իրավիճակն անհամեմատելի է։ Հիմա փորձում են նսեմացնել Ռուսաստանի, Խորհրդային Միության դերն այս երկրի զարգացման գործում։ Շատ կարևոր է, որ մեր հասարակությունը տեղյակ լինի թեմային»։


Պատմաբանը նաև նկատում է, որ Ղրղզստանի հասարակության, մտավորականության զգալի մասը 1916 թ. կատարվածը չի ընկալում որպես ցեղասպանություն, այլ համարում է քաղաքացիական պատերազմ։ Սակայն հասարակության մեջ կան մարդիկ, որոնք, դրսի ուժերի դրդմամբ, տեղի ունեցածը փորձում են ներկայացնել քաղաքական ենթատեքստով։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ