«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ների՛ր, մայրիկ, ների՛ր...

Ների՛ր, մայրիկ, ների՛ր...
03.05.2016 | 11:29

Ների՛ր, մայրիկ, ների՛ր, որ այս նամակս գրավոր չի լինի, էլ ժամանակ չունեմ գրելու: Գուցե մտքիս մե՞ջ ասեմ. լսել եմ, որ մայրական սիրտը նույնիսկ մեծ հեռավորության վրա կարող է զավակի մտքերը կարդալ, զգում է հարազատի տագնապը։ Պատահել է, որ զավակի մահվան ակնթարթը մայրը զգացել է։ Է՜, գիտնականները փոխանակ մոր սրտի հրաշքներով զբաղվեն, զենքեր են հորինում մոր սիրտը սպանելու: Դե՛, ուրեմն հպարտությամբ լսիր ինձ: Քո զինվոր որդին ադամամութին թշնամու ճամփան է փակում, որ նա չգա քո ուղղությամբ:

Հպարտանում էիր, որ որդիդ՝ կապիտան Արմենակ ՈՒրֆանյանը, վաշտի հրամանատար է: Դե ուրեմն, առջևից ե՛ս պիտի գնամ: Թշնամին բորենու նման գիշերով վրա տվեց, էս պահին մի բուռ տղերքով մի ոհմակի ճամփան ենք փակում։ Կներես, ես երբեք էսքան չէի մանրացել, քեզ ոչինչ չեմ պատմել կռիվներից: Երեկ՝ ապրիլի մեկին, գրել էի, որ իբր արձակուրդ եմ գալու: Մայրի՛կ, ների՛ր, կյանքում առաջին ու վերջին անգամ քեզ ստեցի։ Հա՛, շտապեցնում էիր, որ օգոստոսին՝ Գոհարիկի ծննդյան օրն էլ մեր հարսանիքը անենք: Հիշո՞ւմ ես՝ ոնց էիր ուրախացել, երբ քո հիմնարկում տեսել էիր մի գեղեցկուհու. սիրտդ միանգամից կպել էր նրան, մի քիչ զրուցել էիր հետը ու ինքդ քեզ համոզել, որ հենց նա է քո ապագա հարսնացուն լինելու։ Գոհարը զարմացած նայել էր քո պարզ աչքերին, ժպտացել, գլուխը թեթև տարուբերել, հետո ուսերը թոթվելով հեռացել էր։ Հետո, երբ Մարտակերտից Երևան եկա, ինձ համառորեն համոզում էիր, որ մայրական սիրտը երբեք չի սխալվում: Մի օր էլ մի քիչ ամաչելով, մի քիչ կարմրած այտերով՝ համարձակություն հավաքեցի՝ «Մամ ջա՜ն, էն աղջիկը, որ գովում էիր, ի՞նչ եղավ»։ Աչքերդ փայլեցին, ժպիտդ ծաղկեց։ Հաջորդ օրը Գոհարիկին համոզեցիր, որ այգում մի քանիսով ընդամենը միամիտ հանդիպենք։ Գոհարի հետ մի փոքրիկ կար։ Հետո ինքը ինձ պատմեց, որ առաջին պահին երկմտել էր՝ «Դե՜, զինվորական է, ամբողջ կյանքում զենքի հետ է, սարերում ու ձորերում, ի՞նչ ընտանիք պիտի ստեղծի»։

Երկուսով լուռ քայլում էինք։

Գոհարիկը կամուկացի մեջ էր, ավելի շուտ՝ հարմար պատճառներ էր մտքում փնտրում ինձ քաղաքավարի մերժելու։ Հանկարծ անծանոթ փոքրիկը թողեց Գոհարիկի ձեռքը, վազելով թռավ գիրկս ու ժպտաց։ Իրար երկար նայեցինք։ Երեխան վիզս գրկեց, ժպիտը ծավալվում էր։ Այնքա՜ն բարություն կար նրա աչքերում. երևի նույնը փոքրիկն էր գտել իմ հայացքում։ Գոհարիկը զարմացած ինձ էր նայում: Հետո տեսա, թե ինչպես էր Գոհարիկի աչքերում կամաց-կամաց հալվում սառցաբեկորը: Բացատրվելու կարիք չկար, աչքերով խոսում էինք: Դրա համար մեկ վայրկյանն էլ բավական է. սիրտը բերանի պես շատախոսել չի սիրում: Գոհարիկը շիկնեց, նրա լուռ աչքերում տեսա այն պատասխանի ժպիտը, ինչը ես ու դու վաղուց էինք փնտրում։ Մենք նորից քայլեցինք։ Երեխան բռնել էր մեր երկուսի ձեռքը։ Լռությունը երկարում էր, ճանապարհը՝ կարճանում: Երկուսով երջանիկ վայրկյաններով չափում էինք ծառուղու երկարությունը: Երջանկության ջերմությունն անցնում էր մեր ձեռքերը բռնած երեխայի մարմնով. նրա լեզվով էինք խոսում։


-Գոհարի՛կ, էսպիսի երեք երեխա պիտի ունենանք, մեկ աղջիկ և երկու տղա. մեկը զինվոր պիտի լինի։ Սեղանին հինգ ափսե պիտի դնես,- միանգամից ազատություն տվեցի խեղդված մտքերիս։ Գոհարիկը որսաց աչքերս ու, Աստված իմ, առանց սեթևեթանքի միանգամից պատասխանեց՝ «Արմե՛ն, ես ուզում եմ սեղանին չորս ափսե դնել. երկու երեխան բավական է»:
-Չէ՛, Գոհարիկ, ես ուզում եմ, որ մեր սեղանին հինգ ափսե դրված լինի։ Թող մեր որդին էլ իմանա՝ ախպերն ինչ է,- համառեցի՝ զգալով նրա շիկնանքի ջերմությունը։
-Արմե՛ն, չո՛րս ափսե...
-Գոհարի՛կ, հի՛նգ...


Չորս ու հինգ ասելով՝ ծառուղին ավարտվեց: Փոքրիկը ամուր բռնել էր մեր ձեռքերը. ափս հաշվում էր նրա սրտի քնքուշ զարկերը։ Երկուսով հասկացանք, որ այդ պահին մեր մտքի մեջ նույն երազանքն էր. «Ե՞րբ ենք այսպես քայլելու մեր փոքրիկի հետ»:
...Արմենը սթափվեց, թշնամին իրենց դիրքերի վրա մոտիկից տարբեր զինատեսակներից կրակ բացեց։ Արշալույսը կրկին արյունոտվեց:


-Ես ձե՛ր..., չթողեցիք մորս նամակն ավարտեմ,- մռնչաց Արմենը և ավտոմատով մի քանիսին տապալեց։ Ցավով նայեց վիրավոր, գալարվող իր զինվորին։ Արմենի աչքերը մոր հայացքն էին որոնում. «Ո՞Ւր ես, մայրիկ, հիշո՞ւմ ես, երբ հիվանդ կամ վիրավոր զինվոր էի ունենում, զանգում էի Գոհարիկին։ Նա արդեն բժշկականի մագիստրատուրայում էր սովորում և հեռախոսով դեղատոմս էր թելադրում։ Տղերքը հաճախ էին դիմում. «Արմե՛ն ջան, մեր բժշկուհի Գոհարիկին զանգիր, որ նոր դեղատոմս գրի»։ Ախր տղերքիս դու էլ ես շատ սիրում. արկղերով կոնֆետ էիր ուղարկում նրանց։ Վայելում էին կոնֆետը, երազում մի կտոր խաղաղություն ու երանի տալիս, որ մեր տանը իմ հարսանիքին քո ականջին շնորհակալության քաղցր խոսքեր շշնջան: Չգիտեմ ինչից է, բայց հայերս միշտ մի կտոր խաղաղություն ենք տենչում, ընդամենը մի կտոր: Մա՛մ ջան, ների՛ր, մի տանկ իմ ուղղությամբ սլանում է. ես նրան քեզ համար մատաղ կանեմ:
...Արմենը նռնակը պատրաստեց, իսկ ազերին տանկի փողն ուղղեց Արմենի կողմը... Մինչ տանկիստը կհասցներ նշանառությունն ավարտել, Արմենի առաջին նռնակը լռեցրեց տանկը։
-Մայրի՛կ, ընդունի՛ր նվերս: Էս տանկը մերոնք կնորոգեն մյուսների պես և նախկին տերերի դեմ կուղարկեն։ Գիտես, որ մեր զենքերի մի մասը նրանցն է եղել:


Չգիտեմ՝ տանկի մեջ թո՞ւրք էր՝ Գորշ գայլի ձագ, թե՞ նրա մերօրյա թուլան էր՝ ազերի անունով: Ի՞նչ իմանամ, գուցե այլազգի վարձկան է, փողի համար է եկել, ո՛չ գաղափարի: Խոսքս կհիշես, իմ ուժեղ մայրիկ, էս Իսլամական պետություն կոչվածը ոչ միայն հայերիս, այլև աշխարհի գլխին մի մեծ փորձանք է բերելու: Աշխարհն զբաղված է ալան-թալանով, իրար միս ուտելով, սուտ ու փուչ պրոբլեմներ հորինելով ու ժողովուրդներին մոլորեցնելով, իսկ նոր օսմանը մեծանում է: Նույնն են, բոլորն էլ թուրք են: Է՜ն թուրքի թոռներն են, որ հարյուր տարի առաջ յաթաղանով էին արշավել էրզրումցի պապերիս վրա: Պապերս չհասցրին կարգին պատասխանել, էնքա՜ն փամփուշտ պարտք մնացին հին թուրքին, մենք պիտի հին ու նոր պարտքերը փակենք: Ես հասկացա, որ պապերիս, նրանց պապերի ու ապուպապերի չգրած նամակներն էլ են կիսատ մնացել: Էդպես էլ մեր պատմությունն է կիսատ գրվել՝ կյանքը կիսատ է, իսկ մահը՝ լրիվ:


...Գրադի ու հրանոթի պայթող արկերից քար ու փոշի էր իջնում դիրքերին, ոչինչ չէր երևում։ Միայն զենքերի կրակահերթերն էին ճեղքում հողափոշու մշուշը, քանդում խրամատ ու դիրք: Հողը դղրդում էր, տնքում։ Արմենը զգում էր հողի արյունոտ կարմիր ցավը, ինչին խառնվում էր իր վիրավոր զինվորի տնքոցը:


-Մա՛մ ջան, կներե՛ս, որ նամակս ընդհատեցի: Հիշո՞ւմ ես՝ մեր հարազատները ակնարկել էին, որ ինձ բանակից ազատեն: Ո՜նց էի վիրավորվել: Ասեցի, որ եղբայրս էլ պիտի ծառայի: Եվ ծառայեց. այն էլ Արցախի Ասկերանի սահմանին: Երևի չես մոռացել, երբ Սանկտ Պետերբուրգում էինք, աշակերտ էի, անցանք ռազմական ուսումնարանի մոտով, ես քեզ անսպասելի ասացի՝ «Ես այստեղ եմ սովորելու»։ Դու մտածեցիր՝ դե՛, երեխա է, մի քիչ կանցնի, կմոռանա։ Հետո, երբ Երևան տեղափոխվեցինք, գաղտնի հանդիպում էի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սովորող մեր հարևան Հայկոյին: Եվ սովորեցի հենց այդ ինստիտուտում ու որոշեցի Արցախում ծառայել։ Սկզբում ոնց որ մի քիչ երկյուղում էիր ինձ համար, բայց թաքուն շատ էիր հպարտանում քո հրամանատար որդով, նրա մարզական նվաճումներով՝ թեյքվանդոյի եռակի չեմպիոն էի։ Բա տատիկը ոնց էր ուրախանում, երբ ասում էի. «Տա՛տ ջան, վաղը մրցումների եմ գնում, պատին մի մեխ էլ խփիր, որ նոր մրցանակս կախես»:


...Ազերիները կրկին ծանր տեխնիկա օգտագործեցին։ Քիչ հեռվում պայթած արկի բեկորից Սեյսուլանի բզկտված խրամատի մեջ վիրավոր ընկավ Արմենի զինվորներից ևս մեկը։ Հրամանատարը թևքով արագ մաքրեց աչքերի ու դեմքի փոշին, նայեց վերջին փամփուշտներին... Զինվորական համազգեստի բոլոր գրպաններում միայն նռնակներ էին:
-Տղե՜րք, դուք նահանջե՛ք, ես մի կերպ կփակեմ Մարտակերտի ճանապարհը,- գոռաց Արմենը։ Ոչ ոք չշարժվեց։

-Սա հրամա՛ն է, պարտավոր եք կատարել: Անմիջապե՛ս նահանջել,- ավելի բարձր գոռաց Արմենը։ Տղաները առաջապահ խրամատից նահանջեցին։
-Հրամանատա՛ր, կներես, էս հրամանդ ես չեմ կատարի, քեզ մենակ չե՛մ թողնի,- Արմենի ականջին գոռաց եզդի Քյարամ Սլոյանը։ Արմենը մի ակնթարթ հիշեց, թե Քյարամը ոնց էր միշտ հպարտությամբ հիշում Սարդարապատի ճակատամարտի ժամանակ եզդիների գնդի հրամանատար Ջահանգիր Աղային, ով առաջին գծում էր հայերի հետ։ Քյարամն ընկավ, թշնամու զինվորների դեմ միայն ինքը մնաց՝ իր երկու նռնակներով։
-Սիրելի մայրի՛կ, նամակս կիսատ մնաց, ինչ որ չասեցի, մտքերս մի օր թևեր կառնեն, կգան դեպի քեզ... Մա՛մ ջան, առաջին ու վերջին անգամ եմ քեզ խորհուրդ տալիս, ավելի ճիշտ՝ որդիաբար խնդրում եմ՝ շատ լաց չլինես, արցունքի մեծ պաշարը կպահես, որ ուրախ պահերին լաց լինես, մենք ուրախության արցունքների ենք կարոտ։ Տեսնես ինչի՞ց է՝ հայերս ուրախության պահին ավելի շատ ենք լաց լինում, քան տխրության: Երևի մեր տխուր պատմության մեջ ընդամենը մի կտոր խաղաղություն ու մի նշխար ուրախություն ենք երազել, չենք հասցրել մեծ երջանկության մասին մի կարգին երազել: Ափսո՜ս, մեր երազն էլ մեր հողի պես բզկտված է ու արնահոտ: Մի մեծ խնդրանք, իմ անո՜ւշ մայրիկ՝ Գոհարին մայրություն կանես, իմ չգրած նամակը նրան էլ կկարդաս...


Գոհա՛ր ջան, սրբի պես մաքուր իմ գանձ, չհասցրիր մայրանալ, իսկ ես ո՜նց էի երազում հայր դառնալ։ Մի մեծ խնդրանք ունեմ քեզ՝ կյանքդ շարունակիր ինձնից հետո, զավակներ ունեցիր, ցանկանում եմ, որ հինգ հոգով սեղան նստես: Հիշո՞ւմ ես մեր առաջին զրույցը, այն հրաշք փոքրիկին, ով մեզ միացրել էր իրար: Էլ ժամանակ չունեմ: Լա՛վ, սիրելիս, ունեցիր ինչքան կկամենաս, բայց զինվոր որդի ունեցիր, որ հասկանաս՝ ինչ է զինվորի մայրը։ Չմոռանաս, իմ Համեստ մայրիկին մեկ-մեկ կայցելես: Դա ամենաքաղցր ու ամենադառը հաբն է, բայց առանց դրա չկա Հայրենիք: Գոհա՛ր ջան, գիտեմ, որ ինձ մտքում չես թաղելու, պահիր հոգուդ մի լուսավոր անկյունում: Երբ կնեղվես, կանչի՛ր, ես կգամ։ Ես նաև քո՛ զինվորն եմ, իսկ դու` իմ անմահության հրամանատարը: Ների՛ր ինձ, չմայրացած հպարտ հայուհի: Իսկ ձեզ ի՞նչ ասեմ, իմ չծնված երեք զավակներ, իմ զինվոր որդի:


Արմենը ափի մեջ թաքցրեց նռնակը, ձեռքերը վեր բարձրացրեց՝ իբր գերի է հանձնվում, դանդաղ բարձրացավ տնքացող խրամատից։ Ազերիները հրճվեցին, որ գերի են վերցնում իրենց տասը զինվորի դեմ մենակ կռվող թշնամուն։ Նրանք շրջապատեցին Արմենին ու զգուշորեն մոտենում էին։ Մի քանի քայլ էր մնացել, ուր որ է պիտի բորենու պես հարձակվեին...
-Ների՛ր, մայրիկ, ների՛ր,- շշնջաց Արմենը և աջ ձեռքի նռնակը զարկեց հենց իր ոտքերի առջև: Տասը ազերիներն էլ տապալվեցին, իսկ Արմենը...


Բզկտված հրամանատարը հպարտորեն պառկել էր մայր հողին ու ժամանակի հավերժությանը թելադրում էր իր կիսատ թողած նամակը՝ «2-ը ապրիլի 2016 թվական, Արցախ, Մարտակերտ: Ների՛ր, մայրիկ, ների՛ր...»։


Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 25010

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ