Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շրջադարձ

Շրջադարձ
06.05.2016 | 01:41

Օրվա գլխավոր լուրը, եթե չասենք` սենսացիան, ԱԳՆ-ի դրական կարծիքն է Ղարաբաղի անկախությունը ճանաչելու օրինագծին: Սա այն կետն է, որից այն կողմ «կամ» չկա: Բոլոր դեպքերում, հասկանանք` ինչ է կատարվում:
Ակնհայտ է՝ թե՛ միջազգային հանրությունը, թե՛ «մեռած-չթաղված» ԵԱՀԿ ՄԽ-ն՝ իր համանախագահներով, թե՛ հակամարտության կողմերն այս անգամ որոշել են` չկա «կամ», կա խաղը վերջնավարտին հասցնելու կամք:
Ի՞նչ լուծումով:


Եթե ցինիզմ չհամարվի, ապա` Մադրիդյան սկզբունքների: Թույլ տանք մեզ մեկնաբանել միջազգային հանրության մտքում եղածն այս առնչությամբ. վերջինս տարիներ շարունակ խնդրում դրսևորած իր անճարությունը (որովհետև խիստ անհասկանալի էր` այդ ինչպե՞ս էր հարցը միաժամանակ լուծվելու և՛ տարածքային ամբողջականության, և՛ ազգերի ինքնորոշման սկզբունքներով, հետն էլ` խաղաղ ճանապարհով) փոխարկում է հայտնի բանաձևով. պատերազմ, ապա խաղաղություն` ստացված նոր քարտեզով:


ՈՒստի անզգա «միջազգայինը» շատ հանգիստ դրդում է կողմերին դեպի նոր իրավիճակ: Ասել է` Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսում, փորձում է ազատագրված տարածքները հետ վերցնել, Հայաստանն այդ ընթացքում ճանաչում է Ղարաբաղի անկախությունը: ՈՒ հենց այն պահին, երբ որոշակիորեն խնդիրը տեղից կշարժվի, միջազգային հանրությունը, որն ունի իսկապես լրջագույն լծակներ թե՛ պատերազմը, թե՛ «մնացյալը» կանգնեցնելու համար, «համերաշխորեն» կանգնեցնում է պատերազմը, որպեսզի այն լոկալ վիճակից չվերածվի գլոբալ-տարածաշրջանայինի և գլխացավանք չպատճառի «գլուխ կտրելու» համար ոչ մեկի ձեռքը չբռնող միջազգային հանրությանը:
Կստացվի՞: Շա՜տ դժվար է ասել:


Եվս մեկ անգամ արձանագրենք՝ սա «միջազգայինի» մտքում եղածն է: Բայց քանի որ գիտենք՝ խորհուրդ «միջազգայինի», կամք` Աստծո, ապա շատ դժվար կլինի «կարծելը», որ ամեն բան Ադրբեջանին դեպի լայնամասշտաբ պատերազմ մղողների սցենարով կզարգանա: Որովհետև այստեղ խաչվում են շա՜տ մեծ շահեր, քան, ասենք, Սիրիայում է:
Բոլոր դեպքերում, Հայաստանն արեց այն, ինչից մինչ այժմ խուսափել էր` Արցախի ճանաչման օրինագիծը խորհրդարան ուղարկեց: Այն ինչ-որ առումով նաև ստուգողական կրակոց է, և չի բացառվում, որ խորհրդարան հասած օրինագիծն այդպես էլ մնա համապատասխան «դարակում»:


Նման մի նախադեպ մենք ունեցանք հայ-թուրքական արձանագրությունների մասով: Արձանագրություններ, որոնք ոչ թե ստորագրելու համար էին, այլ վերածվել էին դիվանագիտական լրջագույն հարթակի` մանևրի և թուրքական իրական նպատակները ջրի երես հանելու, հայաստանյան դիրքորոշումները` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստուգաբանելու, որպես խաղացող սեփական կարծիքը տիրաժավորելու համար:
Ընդ որում՝ բավականին գրագետ ձևով է Արցախի ճանաչման օրինագիծը «հասնում» խորհրդարան: Նախ` այն հասնում է ընդդիմադիր պատգամավորների «ձեռքով», ինչը նույնպես մանևրի հնարավորություն է. ասել է` եթե անհրաժեշտ լինի գրագետ հետքայլ կատարելու, այդ դեպքում հարցը «կտեղավորվի» ընդդիմություն-իշխանություն ծիրում, ուր ներազգային կոնսենսուսը շարունակվում է ընդդիմադիրներ-կառավարություն տանդեմով, որտեղ յուրաքանչյուրն ունի իր դերակատարությունը, ուր նաև տեղ է թողնվում ոչ միայն Արցախի ճանաչման, այլև բանակցային գործընթացի համար, եթե Ադրբեջանը հետ կանգնի իր ռազմական լայնածավալ նկրտումներից, նստի բանակցային սեղանի շուրջը։


Եթե ո՞չ: Ճանաչել, ուրեմն, ճանաչել: ՈՒրիշ էլ ի՞նչ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ