Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Եթե Արևմուտքը պատրաստ է ապրելու թուրքական տարրի հետ, թող թուրքերին ընդունեն Եվրամիություն»

«Եթե Արևմուտքը պատրաստ է ապրելու թուրքական տարրի հետ, թող թուրքերին ընդունեն Եվրամիություն»
06.05.2016 | 08:56

«Մենք ադրբեջանցիներին զիջելու տարածքներ չունենք։ Նրանց հայրենիքն Ալթայի երկրամասն է։ Մեր կողմից արած միակ զիջումն այն է, որ այսօրվա դրությամբ նրանցից չենք պահանջում Փայտակարանը, ՈՒտիքը, որոնք մեր պատմական հայրենիքի մի մասն են, բայց մնացել են նրանց տարածքում։ Մենք զիջելու բան չունենք, թող իրենք մտածեն մեր հողերը զիջելու մասին»,- մեզ հետ զրույցում ասաց պատմաբան-թուրքագետ, «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի փորձագետ ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ։


Անդրադառնալով փուլային տարբերակով հարցը լուծելու, Արցախում փախստականների բնակեցման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին՝ թուրքագետը նշեց. «Չեմ հասկանում, թե ինչպիսի երկրաչափական պրոգրեսիայով է աճում Ադրբեջանի բնակչությունը։ Ներկա պահին նրանք 700 հազարից 1 միլիոն փախստականի մասին են խոսում։ 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 75 տոկոսից ավելին, հայեր էին։ Մնացածը Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով Արցախում հաստատված թուրքական տարրեր էին։ Այնպես որ, 140-150 հազար բնակչության մեջ փախստականներն այսօր չէին կարող հասնել 700000-1000000-ի։ Նրանք պետք է ապրեն Ալթայի երկրամասում։ Նրանք այստեղ ո՛չ հողեր ունեն, ո՛չ էլ բնակավայրեր։ Մենք չենք կարող երբևէ ադրբեջանցիների հետ բնակվել։ Իրադարձությունները Սումգայիթում, Բաքվում, վերջին պատերազմական գործողությունները մեկ անգամ ևս վեր հանեցին նրանց ձեռագիրը։ Եվրոպաներում նստած մարդիկ պատրա՞ստ են ապրելու նրանց հետ։ Եթե պատրաստ են, թող թուրքերին ընդունեն Եվրամիություն։ Եվրոպացիներն ամեն ինչ էլ շատ լավ գիտեն։ Հյուգոյի՝ «այստեղով թուրքն է անցել» արտահայտությունը շատ խոսուն է։ Այդ մարդկանց հետ ընդհանրապես ոչ մի հարաբերություն չպետք է ունենալ։ Նրանց յուրաքանչյուր քայլին տասնապատիկ ավելի պատասխան պետք է տրվի։ Հայերս տեսակով հյուրասեր ժողովուրդ ենք, կողմ ենք բոլորի հետ համագործակցելուն, բայց կողմ ենք նաև՝ «սրով եկածը սրից էլ պետք է գնա» ասացվածքին»։


Խոսելով Թուրքիայի նախագահ Էրդողանի այն մեկնաբանությունների մասին, թե Հայաստանը կրակի հետ է խաղում՝ հայտարարելով, թե պատրաստ է Ադրբեջանի դեմ պատերազմին, Կարեն Սիրունյանը հակադարձում է, որ եթե այսօր տարածաշրջանում կա մի երկիր կամ ղեկավար, որ խաղում է կրակի հետ, դա Թուրքիան ու Էրդողանն են. «Շատ կարճ ժամանակում թուրքերը հասցրին ոչ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ոչ միայն իրենց անմիջական հարևանների հետ, այլև այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունը և իրենց դաշնակից Միացյալ Նահանգները։ Կրակի հետ խաղալու գաղափարը հենց Էրդողանն է տվել մեզ։ Ինքն է պարտադրել, մենք չենք գնացել պատերազմական գործողությունների։ ՀՀ նախագահն իր ելույթներում շեշտել է՝ մենք սպորտսմեն չենք, որ խաղեր խաղանք, մենք ընդհանրապես լուրջ գործերով ենք զբաղված և բազմիցս զգուշացրել ենք, որ ցանկացած իրավիճակի սրման դեպքում պատասխանատվությունը կընկնի ադրբեջանական կողմի, հիմա արդեն՝ թուրքական կողմի վրա, քանի որ թուրքերն են հրահրում Ադրբեջանին։ Այնպես որ, քայլը թող չանեին, ադեկվատ պատասխան էլ չէին ստանա։ Իսկ ի՞նչ էին կարծում Թուրքիայում։ Եվ հիմա պատասխանը այնքան ուժգին է, որ Էրդողանը ստիպված է անել այդ հայտարարությունը։ Սա հայկական կողմի ուժեղ հակահարվածի արդյունք է։ Նրանք շատ լավ զգացել են հայկական գործոնի ազդեցությունը, միասնականությունը, ուստի ստիպված են նահանջելու, փոխելու հռետորաբանությունը։ Թուրքիան այսօր բռնել է Օսմանյան տերությունը վերականգնելու քաղաքական ուղին, որը դուր չի գալիս ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Եվրամիությանն ու Իրանին։ Ես կարծում եմ, որ իր հրահրած կրակների մեջ շատ շուտով կհայտնվի հենց Էրդողանը։ Ի դեպ, եթե Էրդողանը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը, ապա միանշանակ պետք է տեսած լինի, որ եվրոպական և ամերիկյան մամուլում լուրջ դժգոհություն կա իր կառավարության նկատմամբ։ Տարբեր խողովակներով փորձ է արվում նրան հասկացնելու, որ չի բացառվում՝ նա հրաժարվի իշխանությունից»։
Պատմաբանը համոզված է, որ թեև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն Արևմուտքը չի խրախուսում նրա քայլերը. «Օսմանյան պետության վերականգնման գաղափարը չի կարող կենսունակ լինել։ Եթե այն պետք է վերականգնվեր, ապա սրանից 100 տարի առաջ արևմտյան հասարակությունը թույլ կտար նման սցենար։ Ի վերջո, ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը այսօր շփման գիծ է նաև Եվրոպայի, ինչո՞ւ չէ, նաև Ռուսաստանի համար։ Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ, Աստված մի արասցե, դեպքերի վատ զարգացման դեպքում Ղարաբաղից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը, պանթուրքական ծրագիրը աստիճանաբար է՛լ ավելի կմոտենան եվրոպական սահմանին»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ