Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դահլիճում նաև մեզ ջլատող փակուղու մեղավորներն էին

Դահլիճում նաև մեզ ջլատող փակուղու մեղավորներն էին
06.05.2016 | 09:00

«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Մինչ այդ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էր Շվեյցարիայի Նիոն քաղաքի «Vision du Reel» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, ասիական պրեմիերան՝ Իրանի «Ֆաջր» միջազգային կինոփառատոնում:


Ֆիլմի ցուցադրությանը նախորդած մամլո ասուլիսում Հարություն Խաչատրյանը, ֆիլմի սցենարի հեղինակ և հնչյունային ձևավորող Միքայել Ստամբոլցյանը, հնչյունային օպերատոր Հայկ Իսրայելյանը խոսեցին ֆիլմի ստեղծման ընթացքի, իրենց հետապնդած նպատակների ու կանխատեսումների մասին:
«Փակուղի» ֆիլմը Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է, որը պատմում է 1996-ին Հայաստանը լքած և ԱՄՆ մշտական բնակության տեղափոխված Լևոնի մասին:


Ֆիլմի նկարահանումները տևել են քսանհինգ տարի: Այդ ընթացքում և՛ ռեժիսորն է փոխվել, և՛ ֆիլմի հերոսը, և՛ մեր երկիրն ու աշխարհը, և՛ իհարկե կյանքը: Հարություն Խաչատրյանը նշեց, որ իր ֆիլմաշարը մտածված էր հեռուստատեսությամբ ցուցադրելու համար, և շատ բան այս ելակետով է որոշվել ֆիլմի ստեղծման աշխատանքներում: Իբրև հանդիսատես՝ նա նկատի է ունեցել հատկապես հայ հանրությանը, որովհետև արտագաղթի կեղեքիչ ախտը մեզ բնորոշ իրողություն է և մեզ է հատկապես հասկանալի: Բայց զուտ հայկական թվացող այս պատմությունը հուզել է նաև արտասահմանյան հանդիսատեսին՝ փաստելով, որ իսկական արվեստը և սովորական մարդու դրամատիկ ճակատագրի ընթացքը չեն կարող չգտնել համապատասխան արձագանք որևէ ազգության ու մտածողության տեր հասարակության շրջանում:


«Այդ ֆիլմերը երկար կյանք են ունենալու, որովհետև միայն այսօրվա մասին չեն, ոչ էլ երեկվա: Դրանք շատ խոր մարդկային պատմություններ են: Եվ քանի դեռ կա մարդը՝ իր հոգսերով, տառապանքներով, շրջապատի հետ հարաբերություններով, այդ ֆիլմերը կապրեն»,- ասաց Միքայել Ստամբոլցյանը, ում կարծիքով դրանք այնքան էլ հեռուստատեսային ֆիլմեր չեն՝ հասցեագրված հատկապես հեռուստատեսային լսարանին:
«Փակուղին» դառնության խիտ չափաբաժնով մատուցվող կինոպատում է, որի յուրաքանչյուր դրվագ փիլիսոփայական մի ողջ ենթաշերտ է բացում հանդիսատեսի համար:
Էկրանից տարագիր հայ Լևոնի շուրթերով բարբառում է մեր քսանհինգամյա անկախության անանկախ քրոնիկոնը, որը ներառում է մանր կենցաղային դժգոհություններից մինչև աշխարհաքաղաքական վերլուծություններ ձգվող մի անպարփակ շղթա: Կորսված հայրենիքի, չգտնված արևմտյան հարմարավետության, կազմաքանդվող մարդկային հարաբերությունների խեղդող փակուղին էկրանից տեղափոխվում է դահլիճ, դառնում յուրաքանչյուրինս ու ստիպում ելքի դուռ գտնել թե՛ Լևոնի, թե՛ տարագիր մեր հարազատների, թե՛ չտարագրվածներիս համար: Վերջին օրերին սիրում ենք կրկնել, թե հայերն արտագաղթում են խաղաղ ժամանակ, վերադառնում՝ պատերազմի օրերին: Բայց տեսնում ես Հարություն Խաչատրյանի Լևոնին, հիշում քո ճանաչած լևոններին ու հասկանում, որ կորուստը, ավա՜ղ, անդառնալի է, վերադարձը՝ ոչ միշտ ու ոչ լիարժեք:


-Եթե այդքան վատ է Ձեր հերոսի համար Ամերիկայում, ինչո՞ւ չի վերադառնում Հայաստան, ինչո՞ւ, այնուամենայնիվ, չի ցանկանում ապրել իր հայրենիքում,- հարցրինք Հարություն Խաչատրյանին:
-Շատ զարմանալի է ցանկանալ-չցանկանալու այդ խնդիրը,- նկատեց ռեժիսորը,- ես էլ չգիտեմ՝ ինչու չեն գալիս Հայաստան: Իսկապե՞ս տուն չունենալու, փող չունենալու, հնարավորություններ չունենալու պատճառով, թե՞... Ես չեմ կարող այդ հարցի պատասխանը տալ: Ես այս ֆիլմը նկարել եմ, որպեսզի մտածի հանդիսատեսը:
Այսինքն՝ այս տխուր պատմությունները, այս անելանելի փակուղիները, միևնույն է, մեր տարագիր հայրենակիցներին չեն մղում դեպի հայրենիք վերադարձի: Վկան՝ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին՝ «Հայկ. փախուստ» կինոպատումի հերոսը. նա այդպես էլ չհասավ իր վերադարձին, մահացավ Մոսկվայի փողոցներից մեկում: Երրորդ, արդեն մեկնարկած ֆիլմի հերոսն էլ վերադարձել է հայրենիք աճյունասափորի տեսքով: ՈՒրեմն՝ ի՞նչ: Որտե՞ղ փնտրել չարիքի արմատը: Շտապեմ ասել, որ գոնե ես ինձ համար ունեմ այդ հարցի պատասխանը: Այդ պատասխանն իր ողջ ցինիզմով ու դաժանությամբ շամփրեց նաև Հարություն Խաչատրյանի ֆիլմի պրեմիերայի օրը. կինոդիտման ժամանակ դահլիճում նաև մեզ ջլատող փակուղու մեղավորներն էին՝ հայաստանյան ներկա ու նախկին պետական բարձրաստիճան այրեր, որոնց դեմքերն ուսումնասիրելիս ես ջանում էի որսալ զղջումի կամ մեղավորության գիտակցման որևէ նշան: Ավա՜ղ. կա՛մ ես եմ վատ «որսորդ», կա՛մ... Հենց այս երկրորդ «կամ»-ի ենթաշերտերում էլ փնտրենք լևոնների չվերադառնալու, օտար փակուղիները հայրենի փակուղուց գերադասելու դառը իրողության արմատները: Եվ սրան գումարենք այն խայտառակ փաստը, որ օրեր առաջ սահմանը կյանքի գնով պահող զինվորականների հետ զրուցած հրապարակագիրը հավաստում էր, թե իրենց կյանքը հայրենիքի փրկությանն անձնուրացաբար ընծայող տղաները խոստովանել են, որ ծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում են մեկնելու Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, որովհետև էլ ուրիշ ինչպե՞ս պահեն իրենց ու հարազատներին: Տեսնես մի օր հասկանալու կոչվածները կհասկանա՞ն, թե երբ պիտի կանգնեցնեն խելահեղորեն դեպի անդունդ գլորվող այս համահայկական գնացքը, կհասկանա՞ն, որ անդունդում հայտնվելու վտանգը միայն իրենց հողն ու պատիվը պահող սերուցքին չի սպառնում, այլև հենց իրենց, եթե անգամ իրենք հեռատեսորեն հոգացել են աշխարհի հեռավոր դրախտավայրերում սեփական դրախտն ստեղծելու մասին:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ