Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թատրոնը եղավ ու մնաց նրա առաջին ու ամենամեծ սերը

Թատրոնը եղավ ու մնաց նրա  առաջին ու ամենամեծ սերը
06.05.2016 | 09:36

Իր երկրային կյանքն ավարտեց սունդուկյանական աստղաբույլի վերջին մոհիկանը՝ հանրապետության ժողովրդական արտիստ ՄԱՐԳՈ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ։ Թատրոնի բակում հնչեցին հանդիսատեսի վերջին ծափերը։ Վարագույրը փակվեց։

1982 թվականին իմ հորեղբորորդի, մոսկվաբնակ լրագրող, Ռուսաստանի վաստակավոր ժուռնալիստ Սպարտակ Ղազարյանը Հայաստանի հեռուստաթատրոնին ներկայացրեց «Ասք սպիտակ ցլիկի մասին» պիեսը։ Այն բեմադրեց հեռուստատեսության հիմնադիրներից մեկը՝ արվեստի վաստակավոր գործիչ Օլգա Մելիք-Վրթանեսյանը։ Գլխավոր դերակատարներից էր Մարգո Մուրադյանը։ Ինչպես միշտ, տաղանդավոր դերասանուհին համոզիչ էր, հավաստի, հմայիչ։ Ներկայացման պրեմիերայից հետո հավաքվեցինք մեր տանը, նշեցինք ներկայացման հաջողությունը։ Մարգոն ուրախ էր, ժպտադեմ, շատ չէր խոսում, բայց նրա յուրաքանչյուր արտահայտությունը շատ հստակ էր և անկեղծ։ Ոչ բեմական միջավայրում նա չէր խաղում, աստղ չէր ձևանում, նա անմիջական էր։


Մեկ տարի անց Օլգա Մելիք-Վրթանեսյանը բեմադրեց Ա. Արբուզովի «Հնաոճ կատակերգությունը» (ներկայացման խմբագիրը ես էի)։ Հարուստ բեմական կենսագրություն ունի այդ պիեսը և բավականին բարդ է խաղալու համար՝ հերոսները երկուսն են։ Ռեժիսորը ճիշտ ընտրություն էր կատարել՝ հրավիրելով Մարգո Մուրադյանին և Իշխան Ղարիբյանին։ Մարգո Մուրադյանը փայլեց, ցուցադրեց իր դերասանական տաղանդի լայն դիապազոնը՝ քնարականություն, դրամատիզմ, էքսցենտրիկա, գրոտեսկ... Համոզված եմ, որ մինչ այսօր (երբեմն ներկայացումը ցուցադրվում է հեռուստատեսությամբ) հանդիսատեսը մեծ հաճույք է ստանում՝ դիտելով այն, և միշտ անհամբեր սպասում է հանդիպմանը սիրելի դերասանուհու հետ։


Հիշենք նաև Գ. Խուգաևի «Անդրոն ու Սանդրոն» (ռեժիսոր Օ. Մելիք-Վրթանեսյան)։ Ներկայացումն անսամբլային էր և ունեցավ շռնդալից հաջողություն. Մարգոն հոյակապ էր։
Իմ առաջին հանդիպումը Մարգո Մուրադյանի հետ 1969 թվականին էր, երբ ես Վ. Բրյուսովի անվան ինստիտուտի ուսանող էի և իմ դիպլոմային աշխատանքի թեման էր՝ «Իշխան Միշկինը՝ որպես Դոստոևսկու իդեալ»։ Այդ ժամանակ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում հաջողությամբ ներկայացվում էր Դոստոևսկու «Ապուշը» (գեղարվեստական ղեկավար՝ Գ. Տովստոնոգով, բեմադրիչ՝ Երվանդ Ղազանչյան)։ Ներկայացման մասնակիցներին ես հրավիրել էի ինստիտուտ։ Շատ խոսվեց և բարձր գնահատվեց Ագլայա-Մարգո Մուրադյանը, որը նույնպես դերասանուհու լավագույն դերերից է։ Բարդ է կերպավորել Դոստոևսկու հերոսուհիներին։ Մարգոյին հաջողվել էր՝ ազնվական, հպարտ, խոր ներաշխարհով էր նրա Ագլայան։


Մարգո Մուրադյանը մի անգամ չէ, որ մասնակցել է իմ «Օթյակ» հեղինակային շարքի հաղորդումներին։ Միշտ զարմացել եմ, թե ինչպիսի սիրով է նա խոսել իր խաղընկերների մասին։ Զարմացել եմ, որովհետև հաճախ չի պատահում, երբ արվեստագետները բարի խոսք են ասում իրենց կոլեգաների մասին։ Մարգոն շատ բարյացակամ էր։ Նա ուղղակի պաշտում էր հայ մեծ դերասանուհի Օլգա Գուլազյանին։ Հիշելով թոռնիկի դերը Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» պիեսում, Մարգոն ասում էր. «Ինձ միշտ թվում էր, թե Օլգա Գուլազյանն իմ իսկական տատիկն է, այնքան բնական էր խաղում։ Ավելի ճիշտ, չէր խաղում, ապրում էր։ Շատ եմ ափսոսում, որ նրան չշնորհվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում»։ Շատ ջերմ էր խոսում Մետաքսյա Սիմոնյանի (երկուսն էլ Սուսան էին խաղում Վ. Աճեմյանի հանրահայտ «Նամուս»-ում՝ ըստ Ա. Շիրվանզադեի), Վաղինակ Մարգունու մասին, որին համարում էր իր բեմական հայրը։ Իսկ Վարդուշ Ստեփանյանին նվիրված հաղորդմանը մասնակցում էր նաև Մարգոյի ամուսինը՝ ակադեմիկոս Ջիմ Թորոսյանը, ով պատմում էր Վարդուշ Ստեփանյանի ամուսնու՝ ճարտարապետ Միքայել Մազմանյանի մասին։ Ի դեպ, Ջիմ Թորոսյան-Մարգո Մուրադյան ամուսնական զույգը կատարյալ էր։ Երկուսն էլ գեղեցիկ էին, երկուսն էլ՝ տաղանդավոր, ազնիվ, առաքինի և բարի։ Այս հաղորդման մեջ Մարգոն խորհում է դերասանական արվեստի մասին, այն մասին, որ դերասանի ճակատագիրը կախված է ռեժիսորից, և համարում է, որ փայլուն դերասանուհի, գիտակ, կիրթ Վարդուշ Ստեփանյանը բախտ չունեցող դերասանուհի էր։ Սիրում էր Վարդուշին նաև այն բանի համար, որ Վարդուշը, ինչպես և Մարգոն, ախալցխացի է։ Մարգո Մուրադյանը չափից ավելի համեստ դերասանուհի էր։ Քանիցս առաջարկել եմ հաղորդում պատրաստել նրա մասին իմ «Օթյակում»։ Պատասխանում էր՝ «Հետո, հետո, Գարիկ ջան»։ Երախտագիտության մեծ զգացումով էր պատմում դերասանուհին հեռուստատեսության երախտավոր Ռուբեն Ղազարյանի մասին, որը ստեղծել էր «Բարի գիշեր» մանկական ռադիոշարը, և որի մշտական մասնակիցն էր Մարգո Մուրադյանը։ Դա իմ հեռուստատեսային «Կադրում և կադրից դուրս» շարքում էր։
Բայց 1996 թվականին Հայաստանի հեռուստատեսության առաջին ծրագրով հեռարձակվեց իմ հաղորդումը դերասանուհու մասին «Դրվագներ» շարքում։ Ցավոք, այդ հաղորդումը չպահպանվեց։ Եվ այսօր ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել իմ նյութերից մեկը Մարգո Մուրադյանի մասին։ Մարգո Մուրադյանի ուսուցիչն է եղել տաղանդավոր դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Մուրադ Կոստանյանը։ Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո երիտասարդ դերասանուհին հրավիրվել է Գ. Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ կերպավորել է բազմաթիվ ուշագրավ դերեր. Սուսան և Շուշանիկ՝ Ա. Շիրվազանդեի «Նամուսում» ու «Քաոսում», Շողեր՝ Գ. Բորյանի «Նույն հարկի տակում», Սաշա՝ Մ. Գորկու «Եգոր Բուլիչևում», Կորդելիա և Դեզդեմոնա՝ Վ. Շեքսպիրի «Լիր արքայում» և «Օթելլոյում», Ագլայա՝ Ֆ. Դոստոևսկու «Ապուշում»...


-Երանելի տարիներ էին,- հիշում է ճանաչված դերասանուհին,- բեմում մեր մեծերն էին՝ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Օլգա Գուլազյանը, Ռուզաննա Վարդանյանը, Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը։
Նրանց կողքին էին շատ շնորհալի դերասաններ, որոնք էպիզոդիկ դերեր էին խաղում։ Հիանալի անսամբլային ներկայացումներ էին բեմադրում մեր տաղանդավոր ռեժիսորներ Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը։
Մենք՝ երիտասարդ դերասաններս, թատերական ինստիտուտի առաջին շրջանավարտներս, նույնպես զբաղված էինք այդ ներկայացումներում, գլխավոր դերեր էինք խաղում։
Թատերաշրջանի բացում էր, երբ առաջին անգամ ոտք դրեցի թատրոն որպես դերասանուհի։ Շուրջս ծանոթ դեմքեր էին։ Դեմքեր, որոնք հայտնի էին բեմից։ Ես պետք է աշխատեի նրանց հետ, բեմում լինեի նրանց կողքին։ Մեծերը շատ բարյացակամ էին, սիրալիր։


Հեռուստատեսության աշխատանքներին մասնակցել եմ հենց առաջին օրվանից, Թադևոս Սարյանին ընկերակցել եմ հեռուստատեսության բացմանը նվիրված համերգին։ Շատ եմ խաղացել հեռուստաբեմադրություններում։ Ցավոք, համարյա ոչինչ չի մնացել այդ ներկայացումներից։ ՈՒրախ եմ, որ պահպանվել են Օլգա Մելիք-Վրթանեսյանի «Անդրոն և Սանդրոն» և «Հնաոճ կատակերգությունը»։ Այնտեղ ես գլխավոր դերերն եմ կատարում։ Կինոյում բախտս չի բերել։ Ճիշտն ասած, ես էլ եմ մեղավոր, չէի գնում, հետաքրքրվում։ Բայց ամեն դեպքում «Շրթներկ համար 4»-ը մեծ աղմուկ հանեց։ 1964-ից ես ամեն օր ռադիոյի եթերում եմ։ Ամեն երեկո երեխաների համար հեքիաթ եմ պատմում։ Դա «Բարի գիշեր» հաղորդաշարն է։ Քանի-քանի սերունդ է լսել իմ հեքիաթները, դաստիարակվել։ Հիմա էլ շատերն են մոտենում, շնորհակալություն հայտնում։ Ասեմ նաև, որ մասնակցեցի բազմաթիվ ռադիոբեմադրությունների։
Բայց ինչ էլ լինի, թատրոնը եղավ ու մնաց իմ առաջին ու ամենամեծ սերը...

Եվ թատրոնից էլ տաղանդավոր դերասանուհին, տաղանդավոր կինը, տաղանդավոր մայրը, հոգատար տատիկը բռնեց հավերժության ճանապարհը։ Լսվեցին հանդիսատեսի վերջին ծափերը։
Վարագույրը փակվեց։


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4279

Մեկնաբանություններ