Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ղարաբաղյան գնացքը վաղուց ոչնչացրել է այն բոլոր գծերը, որոնցով կարող էին երբևէ հետ բերել այդ գնացքը

Ղարաբաղյան գնացքը վաղուց  ոչնչացրել է այն բոլոր գծերը, որոնցով կարող էին երբևէ հետ բերել այդ գնացքը
13.05.2016 | 01:26

Խոսք՝ ուղղված իրավունքի բնագավառի բոլոր կարգի գիտնականներին, խելքներին զոռ տվող փիլիսոփաներին, պարապությունից ճամարտակող մտքի «տիտաններին», ովքեր արդեն իսկ կայարանից մեկնած գնացքի հետևից դատողություններ են անում, թե ինչպես կարելի է օրինականացնել «անօրինական» տեղից շարժված գնացքը։


Ղարաբաղյան գնացքը վաղուց հեռացել է կայարանից և ոչ միայն բարեհաջող տեղ է հասել, այլև ոչնչացրել է այն բոլոր գծերը, որոնցով կարող էին երբևէ այդ գնացքը հետ բերել: Սա հանրահայտ փաստ է, և անցած դժվար ու ծանր տարիներն ապացուցեցին, որ ղարաբաղյան գնացքին հետադարձ ճանապարհ չկա: Իսկ ապրիլյան չորսօրյա պատերազմն ապացուցեց, որ այդ գնացքը խորտակել հնարավոր չէ, որովհետև գնացքի տերերը մասնագիտորեն են ամրացրել նրա պաշտպանիչ վահանը (բրոնյան): Եվ չորսօրյա անսպասելի պատերազմում Ղարաբաղ կոչված գնացքի բնակիչներն ապացուցեցին աշխարհին, որ մենք ենք մեր հողի, ջրի, իրավունքի տերը, իսկ մնացած բոլոր սկզբունքները, տեսությունները դատարկ պղպջակներ են, եթե այդ իրավունքը չի պաշտպանվում զենքով, իսկ մենք այն վարպետորեն ենք կատարում: Ցանկացած պատերազմ հղի է ծանր հետևանքներով:

Եվ այդ հետևանքների մասին առաջին հերթին պետք է մտածեն նրանք, որ անդառնալին փորձում են դարձնել դառնալի: Եվ այսօր Ադրբեջանը համոզված է, որ ղարաբաղյան գնացքի հետադարձ գծերը ոչնչացված են, ցանկացած եղանակով փորձում է ոչնչացնել նրա ժողովրդին: Այսօր այդ պետության կայացած լինելը փաստ է: Այսօր այդ պետությունն ունի ամենակարևորը` բանակ, այն էլ շատ մարտունակ, որ կարող է իր դեմ կատարված ամեն մի ոտնձգություն կանխել: Եվ նման ռեալության պայմաններում դեռևս գտնվում են գիտնականներ, փիլիսոփաներ, քաղաքական գործիչներ, որ ամեն կերպ մանևրում են կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար:

Հարց՝ եթե այդ կոնֆլիկտն ունի խաղաղ լուծում, ապա ինչպես է, որ անցած քառորդդարյա ընթացքում չի լուծվում: Չի լուծվում, որովհետև այդ երկրի տարածքում բախվում են աշխարհաքաղաքական մեծ շահեր: Հետևաբար անիմաստ են աշխարհում գործող միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքները, որովհետև աշխարհը ճանաչում է մեկ` ուժեղի սկզբունքը: Բայց արի ու տես, որ այսօր էլ հայ իրականության մեջ ոմանք փորձում են լուծված հարցը (ով ինչ կուզե, թող ասի, ղարաբաղցին լուծել է իր ինքնուրույն ապրելու հարցը) նորից խճճել, տեսակետներ առաջ քաշել, նոր հանրաքվե անցկացնելու մասին ակնարկել, մի բան, որ ղարաբաղցին արել է 25 տարի առաջ և ապացուցել, որ ինքն է իր երկրի տերը:
Այսօր ռեալ պոլիտիկ նախագահը, որն ամբողջ կյանքում տառապել է անկախ բոլոր հանգամանքներից, միշտ օրիգինալ դրսևորվել, վերջերս մամուլում հանդես եկավ հոդվածով, որտեղ հայկական դիվանագիտությանն առաջարկում է Ղարաբաղի անկախության հիմնավորման համար ի թիվս այլ գաղափարների օգտագործել նաև միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող այսպես կոչված «անջատում հանուն փրկության» դոկտրինը: Չեմ ցանկանում այդ դոկտրինից մի ողջ հատված մեջբերել, բայց անհրաժեշտ եմ համարում նշել կարևոր մի դարձված. միջազգային հանրությունը, այլևս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից:

Որպես գիտական մտքի փայլատակում հիանալի է, բայց տեղին է հարցնել` ի՞նչ հասկանալ միջազգային հանրություն տերմինի տակ, ո՞րն է այն ռեալ ուժը, որը պիտի ազատի ֆիզիկապես ոչնչացվող ժողովրդին: ԱՄՆ-ի շահը առկա էր, և նա ռմբակոծեց Բելգրադը, պոկեց Սերբիայից նրա պատմական երկրամաս Կոսովոն և ճանաչեց որպես անկախ պետություն: Ռուսաստանը օրը ցերեկով թքեց (և ճիշտ արեց) աշխարհի երեսին և Ղրիմում անցկացրեց հանրաքվե, թեպետ Ղրիմում ռուսներին ֆիզիկական ոչնչացում չէր սպառնում, և Ղրիմը միացրեց իրեն: Այստեղ կարելի է ասել՝ երկու դեպքում էլ գործել է բիրտ ուժի օրենքը և աշխարհում քաղաքագետների լուռ տնքոցից դենը չի անցել: Եթե տվյալ տարածքում ոչնչացվող էթնիկ ժողովրդի շահը չի համընկնում որևէ հզոր պետության շահի հետ, այդ հզոր պետության (ների) վճռական խոսքը կարող է դրսևորվել միայն կարեկցանքի ձևով: Կարելի է հաստատ ասել, որ մեր ժողովուրդը հոգնել է դարեր շարունակ իր նկատմամբ աշխարհի տերերի դրսևորած կարեկցանքից: Այսօր քրդերը ոչնչացվում են Թուրքիայում, ո՞ւր են միջազգային հանրությունը և այն ուժը, որ նրանց պիտի փրկեն ոչնչացումից: Այնպես որ, այդ տեսությունները կոնկրետ պայմանների համար կմնան որպես տեսություն այնքան ժամանակ, մինչև ոչնչացվող ժողովրդի շահը (իհարկե, եթե նա կդիմանա և վերջնականապես չի ոչնչացվի) համընկնի որևէ հզորի շահի հետ:


Ես տեսաբան չեմ և համոզված եմ մի բանում. Ղարաբաղի ժողովուրդը կատարել է իր առջև դրված խնդիրը: Առաջին նախագահից առայսօր գործողը միշտ էլ ունեցել են առիթը Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար, բայց միշտ էլ բաց են թողել այդ պահը: Ղրիմի հանրաքվեից հետո մենք բաց թողեցինք պահը: Չորսօրյա պատերազմից հետո կատարվեցին անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլեր: Եթե ասում ենք խաղաղ բանակցություններ, եթե կա Մինսկի խումբ, ապա ինչպե՞ս հասկանանք միջազգային հանրության երկերեսանի քաղաքականությունը: Այդ միջազգային հանրության հետ պետք է հաշվի նստել, եթե նա բաց աչքերով է նայում դեպքերին և սթափ գնահատում վիճակը, հակառակ պարագայում մենք միշտ բաց ենք թողնում պահը և գործում ենք ավելորդ զգուշավորությամբ, որը բերում է հարյուրավոր մարդկային զոհերի:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Նա, ով կարծում է, թե Ղարաբաղի հարցը Ալիևի, Էրդողանի, Օբամայի, Պուտինի պարագայում կարող է լուծվել խաղաղ բանակցությունների միջոցով, չարաչար սխալվում է:

Դիտվել է՝ 3857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ