USD483.62
EUR565.59
RUB7.22
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Երբ Եվրոպան մենակ թողեց Բյուզանդիային թուրքերի դեմ, հերթը հասավ Եվրոպային

Երբ Եվրոպան մենակ թողեց Բյուզանդիային թուրքերի դեմ, հերթը հասավ Եվրոպային
17.05.2016 | 21:44

Վերջին ժամանակներս քաղաքական-դիվանագիտական օրինաչափություն է դարձել քաղաքականության ու դիվանագիտության հետ ոչ մի առնչություն չունեցող քայլեր կատարել միջազգային հարաբերություններում: Այդ միջազգային գործողությունները փաթեթավորվում են դեմոկրատիայի և մարդու իրավունքների՝ խունացած ու հնացած մի թղթով, և որպես ծննդյան նվեր կամ մահվան ցավակցություն՝ մատուցվում որևէ երկրի կամ մի ամբողջ տարածաշրջանի երկրների: Այդ պետությունների քաղաքական խնդիրները՝ ընդհուպ դրանց անկախությունը կամ անկախության կորուստն ու տարածքային ամբողջականության խախտումը, աշխարհի հզոր պետությունները կարգավորում են գունավոր հեղափոխություններով կամ դրսից ներմուծված քաղաքացիական պատերազմներով: Ադրբեջանի նման պետությունները միջազգային ուժերի կողմից սովորաբար մասնատվել են, թուլացվել և զրկվել քաղաքական գործոն լինելուց:


Այսօր այդ մասնատումը ավելի քան հրատապ է: Քաղաքական որոշ վերլուծաբաններ հստակորեն գծում են Ադրբեջանի՝ որպես պետության վերացման քաղաքական անհրաժեշտությունը: Լսում ես, ու սարսափն է պատում: Զարմանալի է տղամարդկային տրամաբանությունը. եթե Ադրբեջանը, որպես կեղծ պետական միավոր, խանգարում է տարածաշրջանի պատմականորեն ձևավորված ազգային պետություններին, բոլորովին պարտադիր չէ այդ տարածքում ապրող մարդկանց ոչնչացնել, որպեսզի այն՝ որպես պետություն վերանա, մանավանդ որ այդտեղ ապրում են նաև բնիկ ժողովուրդներ, որոնք ենթարկվել են ազգային հողի վրա ճնշումների և էթնիկ զտումների:


Ամոթ է, որ 21-րդ դարում դեռևս ազդեցության ոլորտների ընդարձակման պայքարում արյունալի պատերազմներն են գործում: Ի գիտություն այս տարածաշրջանում քաղաքական հետաքրքրություններ ունեցող պետությունների` Ադրբեջանի տարածքում ապրում են բնիկ ժողովուրդներ. թալիշները մոտ 1,5-2 միլիոն են, իրանական ճյուղին պատկանող ազգ են, թաթերը, կարծեմ, նույնպես իրանական ծագում ունեն, մի քանի հարյուր հազար են, ավարները և լեզգիները միասին մոտ մեկ միլիոն են (կովկասյան ազգեր են), ցախուրները, ուտիները, վերջիններս հիմնականում բռնագաղթի ենթարկվեցին հայերի հետ իննսունականներին` էթնիկ զտումների ու հայերի կոտորածների ժամանակ, որովհետև քրիստոնյա են և ուծացման դժվար կենթարկվեն, և վերջապես հայերը, որ կորցրին իրենց պատմական և բնակության տարածքները և ենթարկվեցին կոտորածների ու թալանի:
Այդ ազգերին կվերադարձվեն պատմականորեն իրենց պատկանող տարածքները, նրանք հնարավորություն կունենան ազատորեն խոսելու և կրթվելու իրենց մայրենի լեզվով, և այդ երկրի բնիկները խաղաղ կապրեն իրար հետ, ինչպես ապրել են դարեր շարունակ: Ի դեպ, լեզգիների մյուս մասն ապրում է Ռուսաստանում, և տեղին կլինի նրանց միավորելը, ինչպես Վրաստանին Ստալինի նվիրած Հարավային Օսիան միավորվեց ռուսաստանյան հատվածին` Հյուսիսային Օսիային: Կմնան կովկասյան թաթար-ադրբեջանցիները, որոնց մեջ մեծ թիվ են կազմում խորհրդային տարիներից սկսված հատուկ քաղաքականության պատճառով ուծացված բնիկ ազգերը: Անկասկած է, որ այդ խեղված մարդիկ, տեսնելով իրենց արյունակիցների ազատությունը ադրբեջանական բռնությունից, իրենք նույնպես կվերադառնան հարազատ ազգի գիրկը: Թե ինչ կմնա կովկասյան թաթար-«ադրբեջանցի» ժողովրդից, ինքներդ արեք թվաբանությունը: Բաքվի նավթի հանքերի մի մասը պետք է վերադարձնել մինչև 1918 թ. ադրբեջանական պետության ստեղծումն այդ հանքերի օրինական տերերի` հայերի, ռուսների, անգլիացիների ժառանգներին, որոնց հարստությունը խլվեց և ազգայնացվեց նորաստեղծ պետության կողմից, իսկ մյուս մասը տրվի նորաստեղծ դաշնային պետություն կազմած բնիկ ազգերին:

«Բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքը հազարամյակներ անվրեպ գործել է ու շարունակում է անել իր գործը: Պետք է պարզապես մասնատել ադրբեջանական պետությունը, ստեղծել բնիկ ժողովուրդների դաշնային պետություն՝ առանց ազգերից որևէ մեկի գերիշխանության: Արհեստականորեն ստեղծված Ադրբեջան պետական կազմավորման վերացումով կվերանա Ադրբեջանի քաղաքական-էներգետիկ գործոնը տարածաշրջանում. քաղաքական ասպարեզից և քաղաքական քարտեզից Ադրբեջանի վերացումը կթուլացնի քաղաքական լարվածությունը Այսրկովկասում: Այսպիսի դրական և արդարացի լուծումը և՛ Ռուսաստանին, և՛ ԱՄՆ-ին, և՛ Իրանին կազատի ատամից էլ, ատամնացավից էլ: Քաղաքական այսպիսի վերաձևումների շնորհիվ Թուրքիան` ի դեմս Ադրբեջանի, վերջնականապես կկորցնի իր հենման կետը Կովկասում: Իսկ նրա պանթյուրքական նկրտումները դեպի Միջին Ասիա և այն կողմ վերջնականապես կկորցնեն իրենց սպառնալիքը: Չանտեսենք քաղաքական իրականությունը, քանի որ Թուրքիան նույնպես կանգնած է մասնատման` քաղաքական քարտեզի վերաձևման շեմին: Եթե նոր Ադրբեջանի դաշնային հանրապետության հարցը կարելի է լուծել օրերի, ամիսների ընթացքում, ապա Թուրքիայինը պայմանավորված է բնիկ ազգերի հետ նրանց ինքնության խնդիրների բացահայտման գործոնով: Դա կտևի մի քանի տարի: Մեր անկայուն աշխարհի ամենաանկայուն բանը պետությունների քաղաքական քարտեզն է: Եվ դա մարդկությունն ապացուցել է հազարամյակներով: Սա ի գիտություն այս տարածաշրջանում քաղաքական հետաքրքրություններ ունեցող մեծ խաղացողների:


Հետահայաց մի դիտարկում: Եթե միջազգային հանրությունը՝ ի դեմս Ռուսաստանի, եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի, ժամանակին իր քաղաքական քայլերն աներ ոչ թե ի հեճուկս և ի վնաս մեկը մյուսի քաղաքական շահերի, այլ օբյեկտիվորեն հավասարակշռեր տարածաշրջանի քաղաքական-տնտեսական և ռազմական իրավիճակը, ապա այս քսանհինգ տարիների ընթացքում չէր լինի քաղաքական այս խոր լարվածությունը ոչ միայն տարածաշրջանի երկրների միջև, այլև միջմայրցամաքային շահերի բախումների տեսքով: Չէին լինի արցախյան պատերազմի չորսամյա դաժան գործողությունները, հայերի բռնագաղթն ու կոտորածները, մեր ժողովրդի հայրենազրկումը և հայկական տարածքների կորուստը, չէին լինի բնիկ ժողովուրդների հանդեպ ներքին բռնություններն ու արցախյան կռվում նպատակաուղղված նրանց առաջավոր գիծ տանելն ու կոտորելը, մինչդեռ իրականում դրանով նրանց էթնիկ զտումների են ենթարկել:


Պատմությունը հարյուր տարի հետո էլ կրկնվում է իր դաժան շրջափուլով, սակայն այն տարբերությամբ, որ այս անգամ այդ շրջափուլի մեջ հայտնվեցին՝ ի դեմս եվրոպական պետությունների, կողքից անտարբեր թամաշա անող ազգերն ու իրենց պետությունները: Ավելի վատ Եվրոպայի համար... հերթն իրենց է գալու: Ինչպես Բյուզանդիան հայերին մենակ թողեց թուրք-սելջուկների բարբարոսության դեմ, և հետո, երբ պետականությունը կորցրած հայերը միայնակ չկարողացան կասեցնել սելջուկների առաջխաղացումը դեպի Բյուզանդիա, հերթն իրեն հասավ, իսկ երբ Եվրոպան մենակ թողեց Բյուզանդիային թուրքերի դեմ, հերթը հասավ Եվրոպային, ու մինչև հիմա Եվրոպան թուրքերից չի կարողանում ազատվել: Պարզապես ցավալի է, որ աշխարհն ուղղորդում են դեպի ինքնակործանում, իսկ մարդիկ նայում են, տեսնում, բայց չեն ըմբռնում դրա անշրջելիությունը, եթե մարդկությունը շարունակի այս անտարբեր, այսօրեական կեցվածքը, ապա... Մինչդեռ մենք կարող ենք դեռ ինքներս մեզ փրկել երրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքից, որը նման չի լինելու մեր իմացած բոլոր պատերազմներին:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ