Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայկ և Բել. առասպե՞լ, թե՞ իրողություն

Հայկ և Բել. առասպե՞լ, թե՞ իրողություն
17.05.2016 | 22:39

Այսօր՝ յուրաքանչյուր բառն անգամ ինչ-ինչ ուժերի կողմից վերահսկվող դարաշրջանում, շատ դժվար է իրողությունը զանազանել մտացածին և լավ մշակված ստից, որը ոսկե սկուտեղով մատուցվում է ընթերցողին։ Առավել դժվար է ճիշտ պատկերացում կազմել անցյալի վերաբերյալ, երբ այդ նույն ուժերը պատմությունը վերաշարադրում են այնպես, ինչպես իրենց հարմար է։ Եվ պատահական չէ, որ խորհրդային անաստվածության յոթանասուն տարում մեծ հարված հասցվեց թե՛ հայոց պատմությանը, թե՛ հայ ազգի հնագույն քաղաքակրթությանը։ Այդ շրջանում բազմաթիվ կարևոր դեպքեր, փաստեր, տեղեկություններ արհեստականորեն օտարվեցին հայությունից կամ միտումնավոր ներկայացվեցին սխալ մեկնաբանություններով։

Դա է պատճառը, որ ոչ միայն աշխարհը, այլև նույնիսկ հայերից շատերը պատկերացում չունեն իրենց իսկ իրական պատմության մասին։ Չգիտեն, որ ժողովրդական բանահյուսության հերոս ներկայացվող Հայկ Նահապետը ոչ միայն հայ ժողովրդի հիմնադիրն է, այլև համայն մարդկությանը կռապաշտության ճիրաններից ազատություն պարգևողն ու հայոց հողում առաջին նեռին և բուն նեռի խորհրդանիշ Բելին գետնին տապալողը։ Չգիտեն, որ քրիստոնեության շնորհիվ է, որ մինչ օրս հայը գոյություն ունի որպես ազգ՝ իր ինքնությամբ, լեզվով, մշակույթով ու քաղաքակրթությամբ, քանզի եթե չլիներ մեր բարեպաշտ նախնիների կենաց-մահու պայքարը հանուն միաստվածության, հանուն քրիստոնեության, մենք այսօր, միաձուլված այլակրոն որևէ ժողովրդի, չէինք կերտի մեր ազգային պետականությունը և շատ ու շատ ազգերի նման կանհետանայինք պատմության թատերաբեմից։ Մինչդեռ այս փոքրիկ երկիրն Աստծու կամոք մինչ օրս կանգուն է, և, համաձայն Նրա անփոփոխ խոստման ու մեկնիչների հավաստման, պիտի մնա մինչև աշխարհի վախճանը։ Այդ հզոր հավատքը՝ քրիստոնեությունը, որի շնորհիվ մեր նախնիները ոչ թե «կոտորվել», ինչպես ներկայացվում է այսօր, այլ ոգեշնչվել և ընդդիմացել են թշնամուն՝ չցանկանալով ստրկանալ, այսօր կաթիլ-կաթիլ փորձում են ոչնչացնել յուրաքանչյուր հայի գիտակցությունից, քանզի շատ հեշտ է կառավարել մի ամբոխի, որը զուրկ է Աստծու, ազգի, հայրենիքի սուրբ գաղափարից։ Հավատքը, ազգասիրությունը, հայրենասիրությունը լոկ խոչընդոտներ են համաշխարհային իշխանության հասնելու իրենց ճանապարհին։ Այնպես որ, պատահական չէ, որ արվել և արվում է ամեն ինչ պատմությունից նման էջերը ջնջելու, աղճատելու նպատակով։

Այսօր թե՛ խորհրդային միութենական հանրագիտարաններում և արտասահմանյան հրատարակություններում, թե՛ հայկական բոլոր դասագրքերում, մինչև անգամ «Հայ ժողովրդի պատմության» ակադեմիական և համալսարանական հրատարակություններում Հայկ Նահապետը ներկայացված է որպես դիցաբանական կերպար՝ «Հայկ և Բել» առասպելից, մինչդեռ նրա իրական պատմական անձ լինելու մասին են վկայում հայ և օտար բազմաթիվ հեղինակներ։ Նրա անունով է հայ ազգի և ընդհանրապես համայն մարդկության և կենդանական աշխարհի բնօրրան Հայկական լեռնաշխարհն անվանվել Հայք, որտեղ, ըստ Սուրբ գրքի, գտնվել է Եդեմը՝ Դրախտի պարտեզը, քանզի այնտեղից են բխել Տիգրիս և Եփրատ գետերը, իսկ այդ գետերի ակունքներն անհերքելիորեն գտնվել են Մեծ Հայքի տարածքում։ Այս ամենը խեղաթյուրելով՝ զեղծարարները լիովին աղավաղել են հայ ժողովրդի իրական անցյալի պատմությունը՝ մեր անհաղթ նախնիների կենաց-մահու պայքարի արդյունքում մինչ օրս պահպանված միաստվածության և ադամական լեզվի իրական պատմության փոխարեն մեզ մատուցելով առասպելների վերածված ինչ-որ անհեթեթ շարադրանք։ Սակայն անհնար է ճշմարտությունը լիովին կոծկել, քանզի հայ և օտար բազմաթիվ պատմիչների վկայություններն ու մեր պատմահայր Մովսես Խորենացու անգնահատելի աշխատությունն այդ ամենի լուռ վկաներն են, որոնց վրա հենվելով պարբերաբար լույս են տեսնում պատմական կարևոր դրվագներ լուսաբանող բազմաթիվ արժեքավոր գործեր։

Նմանատիպ փայլուն ստեղծագործություններից է վերջերս ձեռքս ընկած Աշոտ դպիր Արևշատյանի «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ գալուստը» գիրքը։ Հեղինակը, հենվելով պատմագիրների վկայությունների վրա, իր ընթերցողի դատին է հանձնել հայ ժողովրդի ծագման իրական պատմությունը։ Մի շարք կարևոր հարցադրումների հետ միասին նա քննել է նաև Հայկ Նահապետի իրական անձ լինելու հարցը (Նոյը սերում է Հաբեթին, Հաբեթը՝ Գամերին, Գամերը՝ Թիրասին, Թիրասը՝ Թորգոմին, Թորգոմը՝ Հայկին), ինչի մասին են վկայում ոչ միայն պատմագիրները, այլև Հայաստանում նրա, նրա որդիների և թոռների անունները կրող բազմաթիվ բնակավայրեր (պետք է նշել, որ առասպելական ոչ մի հերոսի անունը կրող բնակավայր առայսօր հայտնի չէ)։ Այսպես, Հայկի անունով են կոչված Հայկաշեն մեծ գյուղը, Հայկ դաստակերտը, Հայոց ձոր գավառը և այլն։ Հայկի անդրանիկ որդի Արամանյակի անունով է լեռը կոչվել Արագած, ստորոտի կալվածքը՝ Ոտն Արագածոյ։ Արամանյակի որդի Կադմոսի անունով նրա երկիրը կոչվել է Տունն Կադմեայ, որը, ի դեպ, Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար Առաջինի տարեգրության մեջ հիշված է Կադմուխի երկիր անվանումով։ Հայկի թոռ Բազի անունով Վանա ծովը կոչվել է Բզնունյաց ծով։ Հայաստանը հնուց կոչվել է նաև Թորգոմա տուն։

Թորգոմից հայերի սերվելու մասին գրել են բազում հեղինակներ, այդ թվում՝ Ստրաբոնը, Գևորգ Սինկեղոսը և այլք։ Եվ հետո Հայկի մասին բազմաթիվ պատմական փաստեր և հնագույն ավանդազրույցներ են պահպանվել։ Մովսես Խորենացու «Պատմություն հայոց» աշխատության մեջ խոսվում է «Մատյանի սկիզբը» անվանումը կրող մի ձեռագրի մասին, որը պահվել է Նինվեի արքունական դիվանատանը և Հայոց արքա Վաղարշակի ջանքերով (վերջինս իր նախնիների պատմությանը ծանոթանալու նպատակով Մար Աբաս Կատինա անունով մի ուշիմ ասորի է գտել և ուղարկել է իր եղբոր՝ Արշակ Մեծի մոտ՝ խնդրանքով նրա առաջ բանալու արքունական դիվանը) բերվել է Հայաստան։ Ինչպես այս մատյանում, այնպես էլ այլազգի հին պատմիչների վկայություններում Թորգոմի որդի հայոց Հայկ Նահապետը հիշատակվում է որպես հսկա դյուցազուն, վայելչակազմ, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով հզոր և քաջ նետաձիգ։ Հատկանշական է, որ Ղևոնդ Ալիշանն իր «Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան» գրքում Հայկի մասին խոսելիս գրում է. «Նա խայտակն էր, ենթադրվում է, որ վառվռուն նայվածք ուներ և քաջագանգուր։ Այս երկու մասնավոր հատկություններն էլ, որպես հայկական առանձնահատկություն, արդեն հայտնի են օտարների կողմից։ Հին հռոմեացիները հայերին հիշում և կոչում են վարսագեղ, իսկ այժմ շատերին ծանոթ է հայերի աչքերի գեղեցկությունը»։


Այսպիսով, Հայկը Նոյի որդի Հաբեթի ժառանգն էր։ Նա սերնդակից էր Նոյի մյուս որդի Քամի սերնդից Նեբրովթին, ով, ըստ Ծննդոց գրքի, աչքի էր ընկնում իր հզոր ուժով, որսորդական ու շինարարական ունակություններով և, որ ամենակարևորն է, աստվածապաշտությամբ։ Սակայն փառքն ու հզորությունն այս երկու բարեպաշտ այրերին տարբեր ուղիներով են ուղղորդում։ Նեբրովթը՝ առաջին հսկան երկրի վրա, Սենաարում մեծ թագավորություն հիմնելով և հզոր դիրքի հասնելով, հեռանում է Աստծուց, քանզի հպարտությամբ է լցվում և բոլոր հաջողությունները սկսում է վերագրել ոչ թե Տիրոջը, այլ իր սեփական անձին։ Ավելի հեռու գնալով՝ որոշում է կառուցել հզոր մի աշտարակ՝ հետագա աշխարհակործան ջրհեղեղից ու հրից պաշտպանվելու համար, իսկ դա բացահայտ ըմբոստություն և անվստահություն էր Աստծու դեմ, քանզի վերջինս խոստացել էր մարդկությանն այլևս չպատժել ջրհեղեղով։ Սերգեյ Գլինկան իր «§Обозрение истории армянского народа» գրքում նկարագրում է, թե ինչպես են մարդիկ, այդ թվում՝ Հայկը, չկասկածելով Նեբրովթի անկեղծությանը, թե իբր աշտարակը Տիգրիս և Եփրատ գետերի վարարման ժամանակ հնարավոր ջրհեղեղից պաշտպանվելու համար է, ջերմեռանդորեն կառուցում այն՝ օգտագործելով հատուկ հնարքներ` ձյութով շաղախված թրծած աղյուս, որպեսզի ջուրը չկարողանա ներթափանցել աշտարակից ներս։ Այդ հսկայական շինության լայնությունն այնքան մեծ է լինում, որ բարձրությունն աչքի չի զարնում։

Հետագայում դրա մեծությունը չափազանցելով՝ սկսում են այդ մասին առասպելաբանել։ Եղիշեն դրա մասին «Մեկնութիւն Արարածոց, Մատենագիրք Հայոց, հ. 1»-ում գրում է. «40 տարի անդադար կառուցելով՝ հասան հորձանուտ և խեղդող օդին, որով, ասում են, չեն կարողանում ընթանալ թռչունները, քանզի այրվում են թևերը, և ընկնում են երկիր։ Ասում են, թե ելնելն ու իջնելը տասը ամսվա ճանապարհ էր»։


Աստվածապաշտության մեջ առաջիններից Նեբրովթը երես է դարձնում Աստծուց և սկսում է պաշտել կուռքերին՝ իրեն հնազանդ ժողովրդին նույնպես պարտադրելով դա անել։ Այնուհետև ավելի հպարտանալով՝ կուռքերի պաշտամունքը փոխարինում է իր հաղթանդամ անձի պաշտամունքով (Մարդուկի մեծ տաճարը կանգնեցվում է Բաբելոնի աշտարակի կողքին, որն ամբողջ եփրատյան հովտով մեկ համարվում էր ամենամեծ սրբատեղին։ Նրա մեջ տեղադրվում է Բահաղի ոսկե արձանը և ոսկե սեղանը, որը կշռում էր 210000 կգ-ից ոչ պակաս)։


Կրկին մոլորության մեջ ընկած ժողովրդին Աստված այս անգամ խնայում է և կործանելու փոխարեն իր հրեշտակի միջոցով խառնակում է նրանց լեզուները և սփռում աշխարհով մեկ (Ծննդոց 11.5-9)։ Նեբրովթը, մոլեգնած իր անզորությունից` ավարտին հասցնելու անաստվածության կոթողը, կրկին ապստամբում է՝ մնալով իր կիսաքանդ աշտարակի կողքին (լեզուների խառնակումից հետո քաղաքը կոչվում է «Խառնակություն» (Բաբելոն)։

Աստվածաշնչում այն հայտնի է որպես Աստծու թագավորության դեմ թշնամացած աշխարհի մայրաքաղաք)։ Լեզուների խառնակումից հետո կռապաշտության հիմնադիր և առաջին կռապաշտ թագավոր Նեբրովթն իր անունը փոխում է և սկսում անվանվել Բել։ Ի դեպ, Նեբրովթի մասին վկայում են ոչ միայն Սուրբ գիրքը, այլև հին աշխարհի տարբեր ազգերից մնացած պատմական փաստերը։ Հույները կոչել են Կռոնոս (հունաց դիցաբանության մեջ ժամանակի աստվածը և Զևսի հայրը), բաբելացիները՝ Բել և Մարդուկ, ասորիները՝ Տիտան (ի դեպ, ըստ սբ Իրինիոսի՝ Տիտան բառը հունարենում բաղկացած է 6 տառից և տալիս է խորհրդավոր 666 թիվը. 300+5+10+300+1+50=666), Քանանում անվանվել է Բահաղ և Բերփեգովր, Աստվածաշնչում՝ Նեբրովթ կամ Նեմրութ, շումերական արձանագրություններում՝ Էնմերքար։


Այսպիսով՝ Նեբրովթը, վճռելով ձախողված աշտարակաշինությունը մի նոր՝ համաշխարհային տիրապետության տեսքով իրականացնել, կարճ ժամանակում ցրված ազգերին կրկին իրեն է ենթարկում՝ ստեղծելով հսկա մի կայսրություն։ Միակ կետը, որտեղ դեռ տիրում էր Նոյ Նահապետը, և որտեղ ապաստան էին գտնում նրանք, ովքեր չէին ցանկանում խոնարհվել կուռքերի և Նեբրովթի առջև, Արարատյան թագավորությունն էր, որը չէր ենթարկվում կռապաշտ բռնակալին։ Աստվածահաճո օրենքներով ապրող Արարատյան երկիրը բոլորովին անմասն էր մնացել Բաբելոնի գլխին իջած պատժից, և այստեղ լեզուն չէր խառնակվել, այլ մնացել էր նույնը, որով խոսում էին դեռ Ջրհեղեղից առաջ։ Հայկը, ով իր բարեպաշտության շնորհիվ նույնպես պահպանել էր իր ադամական լեզուն, լեզուների խառնակումից հետո իր ընտանիքով և հավատարիմ մարդկանցով վերադարձել էր բնօրրան։ Նա իր շուրջը գտնվող բոլոր ազգերին կոչ էր անում հեռու մնալ կռապաշտությունից և միանալ իրեն՝ դառնալով միաստվածության հետևորդներ։ Հայկի ցեղակիցները, հիանալով նրա իմաստությամբ և խոհեմությամբ, նրան կոչում են Դյուցազն՝ աստվածների սերունդ։ Հաշվի առնելով Նոյի առկայությունը և Հայկի ուժն ու խոհեմությունը՝ Նեբրովթը փորձում է իր աշխարհակալ նկրտումների ճանապարհին միակ արգելքը հանդիսացող Արարատյան երկիրը գրավել խաղաղ ճանապարհով և պատգամավորներ է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով և հորդորելով նրան կամավոր հպատակություն։ Սակայն Հայկը արհամարհանքով մերժում է Բելի հրավերը՝ նրան կոչելով շուն (Ղևոնդ Ալիշան, Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան, էջ 138)։

Խորհրդանշական է, որ Բելը, հետագայում դասվելով համաստեղությունների մեջ, նույնացվում է «Շան համաստեղության հետ», մինչդեռ Հայկի համաստեղությունը հենց նրա անունով էլ կոչվում է «Հայկի համաստեղություն» (ներկայումս հայտնի է «Աղեղնավոր» կամ «Օրիոն» անվանումներով)։ Այս վիրավորական մերժումից մոլեգնած՝ Բելն իր անճոռնի 60 անվանի հսկաներին և մի մեծ բանակ հավաքելով՝ շարժվում է Արարատյան երկիր։ Բռնկվում է մոլեգին տարերքի նմանվող դաժան մի պատերազմ։ Բելի հսկա բանակն ու Հայկի սակավաթիվ մարդիկ հանդիպում են Վանա լճի մոտակայքում, և սկսվում է ահեղ մի մարտ։ Անպարտելի թվացող հակառակորդը, թեև նվաճել էր ողջ աշխարհը և վստահաբար եկել էր վերջին այս կետն էլ հպատակեցնելու, տապալվում է Հայկի լայնալիճ աղեղի մի հարվածից, որի պատրաստման իմացությունը վերջինիս տրվել էր տեսիլքով։ Այս աղեղի գյուտը Հայկին տեսիլքով տրված լինելու մասին մնացել են տարբեր վկայություններ, որոնցից մեկը պահպանվել է Վանա լճի Աղթամար կղզու վանքի դիվանատան ձեռագրերից մեկում, որտեղ ոչ միայն աղեղի, այլև լարաշարժ գործիքների գյուտն է վերագրվում Հայկին (Ղևոնդ Ալիշան, Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան, էջ 132)։ Քսենոֆոնը «Անաբասիս»-ում Հայաստանի՝ կարդուխների երկրի բնակիչներին նկարագրելիս գրում է. «Նրանք գերազանց նետաձիգներ էին, ունեին համարյա երեք կանգուն երկարությամբ աղեղներ և ավելի քան երկու կանգուն երկարությամբ նետեր։ Նետարձակման ժամանակ նրանք լարը ձգում էին՝ ձախ ոտքը դնելով աղեղի ցածր ծայրի վրա։ Նրանց արձակած նետերը ծակում էին վահաններն ու լանջապանակները։ Հայտնի է, որ շումերներն աղեղի պատրաստման համար ճկուն և առաձգական ծառերի տեսակներ չունենալու պատճառով լիովին հրաժարվել էին նետաձիգ զենքից։ Սակայն ահա Սարգոն Առաջինը, գրավելով իշխանությունը, իր բանակում ստեղծեց աղեղնավորների հատուկ ջոկատներ։ Իսկ դա նրան հաջողվեց Հայկական լեռնաշխարհի կամ Իրանական բարձրավանդակի նախալեռնային շրջանները ներթափանցելուց հետո, որոնք հարուստ էին կենի և տխլենի ծառերով»։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ աղեղի առկայությունը երկար ժամանակ եղել է հայերի մենաշնորհը։


Այսպիսով, Տիտանյան հսկայի հետ տապալվում են նաև աստվածուրացությունը, կռապաշտությունը և բռնատիրությունը։ Փլուզվում է բաբելոնյան «երկրորդ աշտարակը»։ Պատմական այս կարևորագույն դրվագին իրենց աշխատություններում անդրադարձել են բազմաթիվ հայ և օտար հեղինակներ՝ Վարդան Արևելցի, Թովմա Արծրունի, Հովհաննես Դրասխանակերտցի, Սեբեոս, ասորիների պատրիարք Միխայել, վրաց պատմիչ Լեոնտի Մրովելի, ռուս պատմիչներ Սերգեյ Գլինկա, գեներալ Վիկտոր Աբազան և այլք։
Այն բլուրը, որտեղ ընկնում է Բելը, Հայկը կոչում է Գերեզմանք (այժմ հայտնի է որպես Գերեզմանակ), իսկ այն վայրը, որտեղ Բելի մարմնից հանվում է Հայկի արձակած հսկայական նետը, անվանվում է Տշող։ Հայկը նրա մարմինը թաղել է տալիս մի լեռան գագաթին՝ ի ցույց մարդկությանը՝ որպես նախատինքի առարկա։ Մեծ Հայքի տարածքում և մերձակայքում երկու լեռ կա, որոնք կրում են Նեմրութ անունը։ Նրանցից մեկը գտնվում է Վանա լճի մոտ, իսկ մյուսը՝ Հայաստանի հարավային սահմաններում գտնվող Տավրոսի լեռնաշղթայի՝ Կոմմագենեի երկրում։ Ավելի հավանական է, որ Բելի գերեզմանը գտնվել է երկրորդ լեռան վրա, քանզի այն Ասորեստանի սահմանների մոտ էր և հետագայում այդ լեռան վրա կառուցվել են հեթանոսական պաշտամունքի վայր և դամբարան։ Արարատյան երկիրը, որ մինչ Ջրհեղեղը կոչվում էր Արևելք և Եդեմ, Հայկ Նահապետի անվամբ սկսում է անվանվել նաև Հայք, Հայասա, Հայաստան։ Ի հիշատակ հաղթանակի, որը սկիզբ է դնում ինքնուրույն հայկական թագավորությանը, Հայկը պատերազմի դաշտին մերձ՝ լճի ափին հիմնում է Տուշպա քաղաքը, որից հետագայում առաջանում է ներկայիս Վանը։ Հետագայում՝ խորհրդային տարիներին (1970 թ.), Հայկի պղնձե արձանը տեղադրվում է նախ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, այնուհետև՝ 1975 թ. տեղափոխվում է Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգված, Գայի պողոտայի մոտ, ուր մինչ օրս իր հաղթական կեցվածքով յուրաքանչյուրին հիշեցնում է մեր հաղթանակած անցյալի պատմությունը, որը որքան էլ ջանան աղճատել և աղավաղել, միևնույն է, չեն կարող լիովին ջնջել, քանզի այն ապրել, ապրում և ապրելու է յուրաքանչյուր հայորդու գենետիկ հիշողության ինչ-որ անկյունում։


Բազում դարեր են անցել, սակայն աշխարհում ոչինչ չի փոխվել. Բելի նկրտումները՝ հասնելու համաշխարհային իշխանության, ինչ-ինչ ուժերի կողմից շարունակվում են առայսօր, որոնց աշխարհակալ ծրագրերի իրագործման ճանապարհին միակ խոչընդոտը կրկին Աստծու հանդեպ հավատքն է՝ քրիստոնեությունը, ուստի արվում է ամեն ինչ այն քարկոծելու, վարկաբեկելու, անաստվածություն, այլասերվածություն և անբարոյականություն տարածելու համար։ Սակայն Հայկի օրինակը ցույց է տալիս, որ միայն ապավինելով Աստծուն կարելի է հասնել վերջնական հաղթանակի, եթե անգամ թշնամու բանակը մի քանի անգամ գերազանցում է։


Լուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 26376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ