Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լուսո սերմնացանը

Լուսո սերմնացանը
20.05.2016 | 09:08

Հոգու Երկինք, հոգու Արև,
Էջմիածնա եկեղեցի,
Կամարիդ տակ սկիզբ կառնե
Գաղափարը Գեղեցիկի.
Ոռոգվում են ու լցվում
Հոգու հացի հասկերը,
Երբ օրհնանք է անձրևում
Վեհափառ Տեր Վազգենը։
Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Վաղուց չէի լսել երջանկահիշատակ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Վեհափառ Հայրապետի կենդանի խոսքը։
Ահա այսօր կրկին հնչում է Վեհափառի խաղաղ թավշյա ձայնը, որը բխում է «ոգու հերկից» և ուղղվում դեպի երկինք։ «Ոգու հերկը»՝ այսպես է կոչվում կաթողիկոսին նվիրված ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԻ նորալույս գիրքը (տպագրության հովանավոր` Ալիս Սողոմոնյան): «Գիրքն առանձնանում է հատկապես նրանով, որ շարադրանքը կառուցված է զուտ Վեհափառի կենդանի խոսքով»,- գրում է խմբագիրը՝ Շուշանիկ Սահակյանը։ Ի դեպ, «Հերկ» էր կոչվում նաև Վեհափառի հրատարակած ամսագիրը, որը ժամանակին լույս էր տեսնում Բուխարեստում։


«Ոգու հերկը» ծաղկաքաղ է «Խորան լուսո» հեռուստահաղորդաշարից, որի հեղինակը նույնպես Հովհաննես Պապիկյանն էր։ Այդ շարքը հեռարձակվել է 1990-93 թվականներին՝ Հանրային հեռուստատեսությամբ։ Գրքի վերջում զետեղված են Վեհափառին նվիրված՝ Հ. Պապիկյանի «Ոգեղեն կյանք» գրքի առաջաբանը, որը գրել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, և «Մեր ապագան» հոդվածը, որը Վեհափառը գրել է դեռ 1933-ին։ Գիրքն ամփոփում է «Հուշարձան» հրապարակումը, որտեղ «ուսուցիչ», «գիտնական», «Աստծո նվիրյալ» Վազգեն Վեհափառին ուղղված իրենց հրաժեշտի խոսքն են ասում Գարեգին Բ կաթողիկոսը, Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
«Խորան լուսո» շարքի առաջին հաղորդմանը (1990 թ. մայիս) Վեհափառն օրհնել և ասել էր. «Այսօր ես ուրախ եմ, որ մի տեսակ բացումն եմ կատարում այդ հաղորդաշարի։ Ամենայն Հայոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շողարձակվող «Խորան լուսո» հաղորդությունները մեր ժողովրդին մշտապես պիտի բաշխեն Աստծու խոսքը, Քրիստոսի Ավետարանի կենարար պատգամները և Սուրբ Հոգու շնորհները ի տիրություն նրա հոգևոր, բարոյական կյանքի» (Հովհաննես Պապիկյան, «Ոգու հերկը», Ե., 2015, էջ 16-17)։


Անդրադառնալով հաղորդաշարի առաքելությանը, Վեհափառը նշել է, որ հոգևորականներն «իրենց կենդանի խոսքով պիտի ջանան մանավանդ մեր ժողովրդի հոգևոր, բարոյական կատարելագործմանը... Վասն զի, մարդ-անհատի հոգու գերագույն զարդը, գերագույն պարծանքը բարոյական գիտակցության հրամայականն է, որով իր հոգուց արմատախիլ պետք է անի արատները, եսակենտրոն մղումները՝ ինչպես են շահամոլությունը, ընչաքաղցությունը, կաշառակերությունն ու այլևայլ զեղծարարություններն ու մոլորությունները» (անդ)։ «Խորան լուսո»-ի մի հաղորդում էլ նվիրված էր Վազգեն Վեհափառի կենսագրությանը։ «Դուք վստա՞հ եք, որ հեռուստադիտողին հետաքրքիր կլինի իմ կենսագրությունը»,- հարցրել էր Վեհափառը։ Եվ պատմեց իր կենսագրությունը՝ մանկությունից մինչև 1955 թ., երբ ընտրվեց կաթողիկոս Ամենայն հայոց։ Վեհափառի կենսագրությունն ասես արտացոլումն է հայ ժողովրդի պատմական ճակատագրի, որը հրափորձությամբ անցել է ճամփան. հավատից դեպի լույս, ինչպես ասում են, «փշերի միջով առ աստղերը»։ Հետևյալ դրվագը բավական է՝ համոզվելու դրանում. «Հայերը, որ բնակվում էին Բուխարեստում, վախենալով, որ գերմանացիք պիտի մտնեն, ու նրանց հետ նաև թուրքերը, և հավանաբար հայերին պիտի տանեն Թուրքիա և կոտորեն, որովհետև արդեն լուրեր եկած էին Ռումինիա 1915-ի կոտորածների մասին, և համարյա բոլոր հայերը, ամեն ինչ թողնելով, խեղճ ու կրակ վիճակում, փախան դեպի Ռուսաստան։ Մենք էլ նույնպես։ 1916-ի սաստիկ ձմեռ էր, հիշում եմ, հասանք Օդեսա» (անդ, էջ 30)։ Հաղորդման ավարտին Վեհափառն ընթերցեց 1938-ին հրապարակած իր «Հասկեր» ամսագրի խմբագրականի սկիզբն ու վերջը. «Հայաստանի պարտված Հանրապետության ու կորսված անկախության 20-ամյակը կլրանա այս տարի... Ահա ինչու համար այսօր, երբ կվերհիշենք կորսված անկախության պատմությունը, լեցուն հավատքով ու լավատեսությամբ, կուզենք անգամ մի ևս խոսել` թող ապրի մեր Հայաստանը, թող մնա մայիսի 28-ի խորհուրդը, որպես անոր ապագայի աստղը» (անդ, էջ 51)։


«Խորան լուսո»-ի շրջանակում Վեհափառը հանդես եկավ նաև «Հայ ժողովուրդը և իր եկեղեցին» թեմայով։
Հայոց քրիստոնեությունը, Հայաստանյայց առաքելական եկեղեցին բնութագրելով որպես «համաշխարհային երևույթ», Վեհափառը դա հիմնավորեց երեք հանգամանքով։ Առաջին՝ հայերն առաջին ժողովուրդն են, որ քրիստոնեությունը հռչակեցին ազգային պետական կրոն։ Երկրորդ՝ 5-րդ դարում Աստվածաշունչը թարգմանվեց հայերեն, գրաբարով, «լեզվագիտական աշխարհի մեջ մշակութային հուշարձան է նաև։ Հայերեն թարգմանությունը «թագուհի թարգմանություն» է նկատված... ՈՒրեմն հայ ժողովուրդը... իր ոսկեդարով ստեղծեց մի նոր սուրբ գրական լեզու՝ հունարենի, լատիներենի կողքին» (անդ, էջ 57)։ Եվ երրորդը Վարդանանց պատերազմն է։ Ըստ Վեհափառի, 451 թ. պատերազմը «կրոնի, քրիստոնեության և հայրենիքի համար մղված պատերազմ էր։ Եվ համաշխարհային պատմության հորիզոնի վրա սա էլ հանդիսանում է առաջին պատերազմը խղճի ազատության համար» (անդ, էջ 58)։ Հաղորդման վերջում Վեհափառը հույս է հայտնել, որ մեր ժողովուրդը վերազարթոնք կապրի, ի զորու է կերտելու «Նոր Ոսկեդար, իբրև պատասխան հինգերորդ դարու մեր օրերի մի նոր հուշարձան» (անդ, էջ 60)։


1991-ի հունիսին հեռարձակված «Խորան լուսո»-ի հաղորդումը նվիրված էր Վազգեն Վեհափառի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Երկրորդի «Աննախադեպ երկխոսությանը»։ «Նրանց զրույցը տևեց 54 րոպե,- գրում է Հ. Պապիկյանը,- ժողովրդի խնդրանքով հաղորդումը կրկնվեց ևս երկու անգամ... Եվ շատերի շուրթերին թառել էր հարցականը՝ արդյոք այս առիթը կարո՞ղ է նշանակել երկու Աթոռների միացման խորհրդանշական սկիզբ» (անդ, էջ 63)։


Արցախյան պատերազմից դեպի անկախություն տանող դժվարին քայլերի տարի էր։ Գարեգին Վեհափառը ժամանել էր Հայաստան անմիջապես Դեր Զորից, որտեղ օծվել էր 1915 թ. նահատակների հիշատակին նվիրված եկեղեցին, որը Վազգեն Վեհափառը բնորոշեց որպես 2-րդ ուխտատեղի։ «Թող Աստված մեր բոլոր աղոթքները ուղիղ ընդունի որպես խունկ և մեր ազգի բոլոր ցավերին դարման լինի...»,- մաղթեց Վազգեն Վեհափառը։ Գարեգին Բ-ն արձագանքեց. «Սիրելի Վեհափառ, Դուք լավ գիտեք, թե ինձ համար ամեն անգամ լինել Սուրբ էջմիածնի մեջ, Ձեր կողքին, Ձեզ հետ հոգեկան զորության և անձնական երջանկության աղբյուր է... Ես շատ մեծ սիրով ընդառաջեցի Ձեր հրավերին, որովհետև ուզեցի, որ այդ ՈՍԿԵԿԱՄԱՐ կապը ստեղծվի Դեր Զորի և Հայաստանի միջև» (անդ, էջ 83)։
Հայ ժողովրդի կացությանը վերաբերող հարցերը, անշուշտ, ծառացան նաև ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Հատկապես դրանց անդրադարձավ Վազգեն Վեհափառը. «Մենք ապրում ենք այն դժվար օրերը... մենք բոլորս էլ առիթ ունենք խոսելու դժվարությունների, տագնապալի վիճակների մասին... սակայն պետք չէ, որ արտահայտենք հուսահատական շեշտով, իբրև զոհ» (անդ, էջ 102)։ Ինչպիսի՜ թրթիռ պիտի ապրեն Վազգեն Վեհափառին մոտիկից ճանաչողները, ընթերցելով նրա ելույթի շարունակությունը, որի մի խոսուն նրբագիծը կարող է հիշեցնել ու վկայել նրա բացառիկ խորաթափանցությունը։ Ահավասիկ. «Մի քիչ մեր ժողովուրդը ողբի տրամադրություն ունի։ Վերջին շրջանին, մանավանդ, մեր ժողովրդական երգերը շատ երգիչներ բոլորովին ողբի նման են կատարում, որ սխալ է... Դժվարություններին պետք է մոտենալ ոչ այդպես ողբի կամ հուսահատության հոգեբանությամբ։ Մեր ժողովուրդը երկու և ավելի հազար տարիներ ի վեր վարժված է նման կացությունների» (անդ)։ 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի նախօրյակի «Խորան լուսո»-ի «Անկախության կանչը» հաղորդմանը հնչեց Վազգեն Վեհափառի կոչը. «Ազատության և անկախության կանչը մեր բազմադարյան պատմության հրամայականն է, մեր ազգի գիտակցության թելադրանքն է և մեր ապագա գոյատևման երաշխիքը» (անդ, էջ 104)։ Անկախությունը Վեհափառը բնորոշեց որպես ջանքերի, պայքարի շարունակություն, և հանրաքվեի դրական արդյունքը «ոչ թե լրումն է մեր անկախության իդեալի, այլ շարունակումն է անկախության առավել վճռական ու գործարար գործընթացի» (անդ)։ Եվ ոգեկոչելով մայիսի 28-ի խորհուրդը, Վեհափառն ասաց. «Հայոց աշխարհի հորիզոնի վրա ահա բարձրանում է Անկախության այս աստղը։ Օրհնություն ու փառք ճառագայթող այդ աստղին ու հավերժ ազատ Արմենական մեր ազգին. Ամե՛ն»։ Դյուրին բան չէ պոկվել այս բացառիկ գրքից, սակայն ավելի լավ, քան այս հաղթական «ակորդով», դժվար է պատկերացնել մեր հակիրճ անդրադարձը «Ոգու հերկը» գրքին։ Անցյալը թողնում ենք ընթերցողին, ով ինքը, առաջինը թափանցելով լույսի խորանի խորքը, նորանոր հորիզոններ կբացահայտի։ Նրա աչքին կհառնեն հաղորդումներ` նվիրված միջեկեղեցական կապերի՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նիստին, որտեղ անդրադարձան նաև հայ ժողովրդի վիճակին, Սուրբ ծննդյանը և Ամանորին, Կանբերայում կայանալիք ԵՀԽ-ի համագումարի նախապատրաստությանը, ընթերցողը «կլսի» Վեհափառի խոսքը ճեմարանի ուսումնական տարվա բացման առիթով, մտովի ներկա կլինի Մյուռոնօրհնեքի արարողությանը, որտեղ Վեհափառն ազդարարել էր. «Մենք հռչակում ենք Անկախության մյուռոն»...


Թեպետ «Ոգու հերկը» պատկանում է վավերագրական ժանրին, սակայն առանձին գլուխները կապող «զարդագոտիներում», ինչպես երաժշտական «ինտերմեդիաներում», քնարական զեղումներում, զգացվում էր ջերմ բանաստեղծականություն։ Բավական է նշել հետևյալ դրվագը. «Ամառային այդ օրվա արևը դժվար մայր մտավ. իր վերջին ճառագայթներն ասես չէին ուզում պոկվել Մայր տաճարի բարձր գմբեթից, որը ծիրանագույն էր ներկվել արևի ու ոսկեղեն խաչի գույներից, ասես Գրիգոր Լուսավորչի տեսիլքն էր կրկնվում 1700 տարվա հեռուներից։ Իսկ այդ պահին Մայր տաճարում «Հավատո և կարգի» հանձնախմբի նիստին հրավիրվածների մասնակցությամբ ժամերգություն էր» (անդ, էջ 112)։


Քնարական մի զեղում էլ կարելի է համարել Տիգրան Մանսուրյանի հետ հարցազրույցը, որտեղ կոմպոզիտորը խոստովանում է, թե ինչպիսի ակնածանքով է ձեռնամուխ եղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի բնաբանի երաժշտության ստեղծմանը, որը պիտի հնչեր Կանբերայում կայանալիք համագումարի նիստերի բացմանը.


Եկ, Սուրբ Հոգի, կենարար ուժ,
Զորավիգ դարձիր
Քո ստեղծած էակներին,
Ամոքիր քո ժողովրդին,
Փոխակերպիր և սրբագործիր մեզ։


(Այսպիսով, աստվածաբան Հռաբան Մավրուսի (8-9 դդ.) այս տիեզերահունչ հիմնի խոսքերով գրված՝ Տ. Մանսուրյանի աղոթերգությունն իր պատվավոր տեղը գրավեց Շասսոյի, Պալեստրինայի, Բեռլիոզի, Մալերի և այլոց համանուն կոթողների շարքում և իր «հայկական հետքը» թողեց ԵՀԽ-ի պատմության մեջ)։
Ցավոք, «Խորան լուսո» հաղորդաշարի երթն ու «երգն» ընդհատեցին, սակայն այդ լույսը շարունակում է ճառագել «Ոգու հերկը» օրհնված մատյանում։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ