«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Կոմիտասի անվան «սիմֆոնիկ» քառյակի հաղթահանդեսը

Կոմիտասի անվան «սիմֆոնիկ» քառյակի հաղթահանդեսը
20.05.2016 | 09:14

Արցախյան քառօրյա պատերազմից հետո մեր հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին բանակի համար նախատեսված միջոցների յուրացման, զենքի պակասի և այլ տագնապալի խնդիրները։ Մտավորականների արձագանքներից մեկն էր կրթօջախներում և այլ հաստատություններում սկսված դրամահավաքը։


Հայ ժողովրդի, Հայաստանի միջազգային համբավի համար մեծ ներդրում ունեցող անսամբլը, որպիսին Կոմիտասի անվան քառյակն է, չէր կարող անմասն մնալ այդ նախաձեռնությունից։ Քառյակը սկսեց բարեգործական համերգների շարքը՝ ի նպաստ վիրավոր զինվորների։ Այս դրամահավաքն ունի ավելի շատ բարոյական, քան նյութական նշանակություն, քանզի այս օրերին առավել ցայտուն երևաց, թե մեր իշխանությունների արժեհամակարգում ինչ տեղ է տրված արվեստին, հոգևորին, և որքան է գնահատվում մտավորականի աշխատանքը։ Այս դրամահավաքը հիշեցնում է ավետարանում հիշատակվող այրի կնոջ «երկու լուման», որը թեպետ քիչ էր, սակայն այն ամբողջն էր, ինչ նա ուներ։ Ներկայիս նյութական պակասորդն այնքան մեծ է, որ մեծահարուստների վերաբերյալ կարելի է ասել, որ կողոպտում են «Նիագարայի» չափ, վերադարձնում կաթիլ-կաթիլ՝ «պիպետկայով»... Ինչևիցէ։ Կոմիտաս-քառյակն էլ շարունակում է իր «երկու լուման» ներդնել։ Հերթական բարեգործական համերգը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Համերգը բացվեց Էդգար Հովհաննիսյանի 3-րդ կվարտետով, որը ստեղծվել է 1965-ին և նվիրված է Կոմիտաս-քառյակին։ Ըստ Կոմիտասի, «Երաժշտությունն ամենեն մաքուր հայելին է ցեղին»։ Իսկ ի՞նչն է արտացոլված, ի՞նչ է պատկերանում Է. Հովհաննիսյանի կվարտետում, ժողովրդի հոգու ո՞ր շերտը, սրտի ո՞ր լարերն են հնչում այս երկում։ Կվարտետը հիմնված է ժողովրդական երգի, մեղեդիների, հնչերանգների ելևէջների վրա, մասնավորապես, «Քոչարի» պարեղանակի, «կվարտա» կոչական «ձայնարկության» և այլն։ Կվարտա ինտերվալը (քառաստիճան թռիչքը) ժողովրդական և հոգևոր երգերի լադամտածողության, տետրախորդի (քառալար հնչյունաշարի) հենքն է, որը, շղթայվելով, կազմում է մեր ավանդական երգարվեստի «այբուբենը», հնչյունային համակարգը։ Եվ այս ամենը կվարտետում դրսևորված է դասական և 20-րդ դարի կոմպոզիտորական մտքին բնորոշ մշակման, ձևագոյացման միջոցներով։ Ահա թե ինչու կվարտետում առկա են խնկաբույր անցյալի խոհականությունը, դյուցազներգակ թափը, այսօրվա մարդու հույզերը, որոնումներն ու վարանումները և ապագայի տեսլականը։ Բավական է մտաբերել կվարտա թռիչքով սկսվող Մովսես Խորենացու «Խորհուրդ մեծ և սքանչելի», Գրիգոր Նարեկացու «Հավիկը», Ներսես Շնորհալու «Օրհնեմք զՔեզ» հոգևոր երգերը և ժողովրդական երգերից «Ախ, մարալ ջան»-ը, «Շըմոն խեծե կապուտ քուռակ»-ը, Կոմիտասի «Ալագյազ, բարձր սարին»-ը և այլն։ Սակայն Է. Հովհաննիսյանի կվարտան ավելի շատ հիշեցնում է «Սոնա յար» վարդավառի երգի դարձվածը։ Ահա թե ինչ ամուր «հենասյուների», պատվանդանի վրա է կոմպոզիտորը վեր խոյացնում իր կվարտետի ճարտարապետությունը։


Ըստ երաժշտագետ Ծովինար Մովսիսյանի, «Կվարտետի 1-ին մասի օժանդակ թեմայի զարգացման 2-րդ մոտիվը, ինչպես և «Քոչարի» պարի ռիթմաինտոնացիոն մոտիվը Հովհաննիսյանի ինտոնացիոն բառապաշարում խորհրդանշական դարձվածներից են» (Ծ. Մովսիսյան, Էդգար Հովհաննիսյանի կամերային-գործիքային... ստեղծագործությունները, Ե., 2012, էջ 80)։ Կվարտետում «Քոչարին» «ժողովրդական կամքի, կենսահաստատ ոգու խորհրդանիշն է» (անդ)։ (Եվ ոչ միայն կվարտետում. «Քոչարիի» ոգին թևածում էր «Դաշնամուրային կվինտետում», ջութակի «Բարոկկո» կոնցերտում և այլուր)։ Ինչպես կաղնին կաղինի միջից, այնպես էլ նշված հնչերանգներից, դարձվածքներից, դրանց ներուժից կոմպոզիտորը աճեցնում է իր բարձրուղեշ կոթողը։


Էպիկականի և քնարականի փոխներթափանցումը դիտելով որպես Է. Հովհաննիսյանի արվեստի բնորոշ գիծ, երաժշտագետ Մարգարիտ Սիմոնյանը նշում է. «Երրորդ կվարտետում զգացվում են մանրանկարչի վրձինը, ազգային մշակույթի, ազգային արվեստի նուրբ գիտակի նրբագեղ ձեռագիրը» (անդ, էջ 78)։ Ասվածն ավելի շատ վերաբերում է կվարտետի քնարական կենտրոնին՝ 3-րդ մասին և մասամբ 2-րդ մասին (պասսակալիային)։ Թեպետ հայտնի է, որ հայոց մանրանկարչությանը ևս բնորոշ է մեծակերտությունը։
Ի տարբերություն 1-ին, 2-րդ, 4-րդ էպիկական, դրամատիկ շնչով համակված մասերի, 3-րդ մասը խոհական է, հայեցողական։ Եվ այստեղ է, որ մինչ այդ ալեկոծվող երաժշտության «իններորդ ալիքի» վրա, հանց լուսապսակ, ծիածանվում, ճախրում Է երկնամերձ մեղեդին, որը հնչեցնում է 1-ին ջութակը։ Այստեղ է, որ մաեստրո Թադևոսյանի «Գվառների» ջութակի «Կրեմոնայի եղևնին» երգեց հայերեն՝ «Ծիրանի ծառի» լեզվով... Թեպետ կվարտետն ավարտվում է հանդարտ, խաղաղ, այդուհանդերձ, լսողի հիշողության մեջ ավելի վառ է մնում ֆինալում հնչող հաղթական «Քոչարին»։ Համենայն դեպս, այսպիսին էր Կոմիտաս-քառյակի կատարումը, չէ՞ որ նույն հաղթական «Քոչարին» հայ զինվորները պարել են պարտված Ռայխստագի պատերի մոտ, հավերժացնելով 2-րդ աշխարհամարտում տարած հաղթանակը։ Շատ քառյակներ են կատարել Է. Հովհաննիսյանի այս կվարտետը, սակայն կոմիտասցիների մեկնաբանումը համարվում է «հեղինակային», «էտալոնային», կատարելատիպ։ Եվ դա պատահական չէ։ Ահա և դրա «գաղտնիքը», որը խոստովանել է ինքը՝ Է. Հովհաննիսյանը։ Ահավասիկ. «Ես շատ եմ համագործակցել կոմիտասցիների հետ. դա ինձ համար ոչ միայն երաժշտության, այլև մարդկայնության և ազնվության մեծ դպրոց էր» (անդ, էջ 85)։
Հիշյալ համերգին կատարվեց նաև Պ. Չայկովսկու 2-րդ կվարտետը։ Նման ստեղծագործություններ լսելիս ակամա հիշում եմ Չայկովսկու մի նամակը, որտեղ նա խոստովանում է, որ երբեք չի կարող երջանիկ լինել։ Ֆրիդրիխ Նիցշեն էլ ասում էր. «Երջանկությունը մոտ է, բայց ոչ այնքան, որ դիպչես նրան»։ Ինչո՞ւ։
Քանզի ամեն մարմին նման է խոտի
Եվ մարդու ամբողջ փառքը նման է
խոտածաղկի.
Խոտը չորանում է, ծաղիկն էլ թառամում,
Բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան։
(Պետրոս, Թուղթ 1-ին, 1։24)


Ճապոնացի պոետ Սայգյոն էլ ասես արձագանքել է Պետրոս առաքյալին.
Ախ, եթե մեր աշխարհում
Լուսինը չթաքնվեր ամպի հետևում,
Եթե բալենիները չծաղկաթափվեին,
Այնժամ ես հանգիստ կապրեի,
Առանց հավերժ այս տագնապի։
Մեր Սայաթ-Նովան էլ ասում է.
Լավ մարթն էն է՝ սիրով անե բարի,
հիշատակներու կամքըն,
Իմաստուններն էլ չը տեսան էս
աշխարհի հուտն ու համքըն,
Չուրս գլխանի ռաշի վրեն աջալը
դրել է թամքըն.
Աշխարս միզ մնալու չէ, մալ
անիլն ինչի՞ն է շահ։

Գուցե սրանց նման մտքերն էլ ալեկոծում էին Չայկովսկո՞ւն, երբ նա ստեղծում էր այս կվարտետը, հատկապես 3-րդ մասի եղերերգը։ Այս կվարտետում կոմպոզիտորն արտացոլել է երկու աշխարհ՝ արտաքին և մարդ-անհատի ներաշխարհը։
Արտաքին աշխարհը ներկայացվում է ժողովրդական կյանքի մի դրվագով՝ տոնախմբությամբ, որտեղ դրսևորվում են նրա կենսահաստատ ուժը, լավատեսությունը։ Այն պատկերված է կվարտետի 1-ին մասի օժանդակ պարտիայում, որտեղ պարային թեման ենթարկվում է բազմաձայն զարգացման, անցնելով մի նվագարանից մյուսին։ Եվ դա տպավորություն է ստեղծում, թե գնալով պարողների թիվն ավելանում է, և պարը, թեժանալով, հասնում է գագաթնակետին ու հետզհետե մարում, ծաղկի պես թառամում։
Կվարտետի 2-րդ մասում՝ ակվարելային սկերցոյի միջնամասում կրկին բացվում է պարային տեսարան, որտեղ ռիթմիկ վայրիվերումները, ժողովրդական նվագարանների նմանակումը տոնավաճառի ուրախ մթնոլորտ են ստեղծում։


Այս ամենին իր եղերերգային բնույթով հակադրվում է կվարտետի 3-րդ մասը։ Սկզբում հնչում է 1-ին ջութակի սրտառուչ մենախոսությունը՝ խոստովանանքը, որից հետո գործիքների միջև ծավալվում է երկխոսություն, ասես փորձում են կարեկցել, մխիթարել 1-ին ջութակին։ Այս եղերերգում մաեստրո Թադևոսյանը կրկին փայլատակեց ջութակը «խոսեցնելու» իր արվեստով։ Քառյակի մյուս անդամները ևս հիացմունք պատճառեցին ունկնդրին՝ Ալեքսանդր Կոսեմյանն իր ալտով, Սյուզի Երիցյանն իր ջութակով, Հասմիկ Վարդանյանն իր թավջութակով (հատկապես մենանվագ-դրվագներում, որտեղ առավել շողշողում էր նրանց վառ անհատականությունը)։ Այս եղերերգում նրանց հնչյունաբույլերը, վտակների պես, հոսում-լցվում էին Թադևոսյանի ջութակից հորդացող ծով-երաժշտության մեջ։ Այնուամենայնիվ, այս եղերերգում արտահայտված թախիծը, ողբը մնում են անամոք։ Ֆինալի ներխուժող ձայների «հրավառությունն» ի զորու չէ փարատելու այդ անհուն վիշտը, քանզի երկի հերոսը չի մասնակցում այդ տոնախմբությանը։ Նա անհաղորդ է դրան, ինչպես Վերդիի «Տրավիատա» օպերայում մահամերձ Վիոլետային չէին հուզում փողոցից ներխուժող պարահանդեսի ձայները, ինչպես Բիզեի «Կարմեն» օպերայում՝ իր սիրեցյալ Կարմենին դաշունահարած Դոն Խոսեին չէին հուզում կրկեսից հնչող հաղթահանդեսի ձայները, ընդհակառակը, դրանք ավելի էին ընդգծում կոնտրաստը։ (Ի դեպ, հենց «Կարմենի» այս տեսարանը դիտելիս, ցնցված Չայկովսկին արտասվել է)։


Այնուհանդերձ, այս կվարտետի ֆինալը հավատ է ներշնչում ժողովրդի կենսահաստատ ուժի հանդեպ, որ միաբանությամբ և սիրով հնարավոր է հասնել ներդաշնակության։ Այդպես էլ միաբան քառյակը սկսում է ֆինալը՝ բոլորը միասին (օկտավա, ունիսոն) շարադրում են հիմնական պարային թեման (ռեֆրենը)։ Այնուհետև զարգացման ընթացքում այդ միաձույլը տրոհվում է, ու ասես բռնկվում է «շղթայական ռեակցիան»։ Եվ որպեսզի ժողովրդական տոնախմբության անսանձ տարերքը դուրս չգա ափերից, ֆինալի գագաթնակետին (ռեպրիզի սկզբում) կոմպոզիտորը կրկին հավաքում է ցրված տարրերը և հիմնական թեմայի (ռեֆրենի) վրա վեր է խոյացնում մի ֆուգա։ Այն իր կառուցիկությամբ ամբարտակի դեր է տանում. սկսում է 2-րդ ջութակը, որից «վարակվում» են 1-ին ջութակը, հետո թավջութակը և ալտը։ Սակայն այդ ամբարտակն էլ ի վերջո ճեղքվում է թեմաների խտացումից, հնչուժի կուտակումից։ Եվ ամբողջ հնչյունազանգվածը դուրս է պոռթկում, ազատվում ֆուգայի ձայնատարության խիստ շրջանակներից, կարելի է ասել, տեղի է ունենում կվարտետի սիմֆոնիզացում։ Ահա այդ սիմֆոնիկ հնչմամբ էլ Կոմիտաս-քառյակը «հռչակեց» Չայկովսկու այդ գլուխգործոցը։
Համերգի անակնկալն էր արցախցի կոմպոզիտոր Սիմոն Սարգսյանի կվարտետի կատարումը։ Կոմպոզիտորն այն ստեղծել է 26 տարեկանում և նվիրել իր ուսուցիչ Էդվարդ Միրզոյանին։ Մեր զրույցում Ս. Սարգսյանն ասել է հետևյալը.
«Իմ կվարտետում փորձել եմ արտացոլել ուսուցչիս կերպարը՝ որպես մարդու և արվեստագետի»։ Նման դեպքեր շատ են եղել, օրինակ՝ Էժեն Իզայիի ջութակի 6 սոնետները, որոնցից յուրաքանչյուրը մի մեծ ջութակահարի հնչյունակերտ «դիմանկարն» է՝ Յոժեֆ Սիգետիի, Ժակ Տիբոյի, Ֆրից Կրայսլերի և այլոց։ Ի դեպ, Դեբյուսին իր կվարտետն էլ նվիրել է հենց Իզայիի քառյակին։


Եթե խստապահանջ կոմիտասցիները բեմ են հանել Ս. Սարգսյանի կվարտետը, կնշանակի՝ այն որոշակի արժեք է ներկայացնում։ Բացի այդ, այն զորակցության մի նուրբ դրսևորում է արցախյան հակամարտության այս օրերին։ Թե ինչպես ընդունվեց Ս. Սարգսյանի կվարտետը, վկայում է այն, որ Բելգիայի մի քառյակի երաժիշտներ, տեսագրելուց զատ, հեղինակից խնդրեցին արցախաշունչ այդ ստեղծագործության նոտաները։
Կոմիտասի անվան քառյակի այս նվիրական համերգն ավարտվեց Կոմիտաս-Ասլամազյանի անթառամ մանրանվագների կատարմամբ։ ՈՒնկնդիրները բուռն ծափողջույններով ու ծաղիկներով արտահայտեցին իրենց երախտագիտությունն ու սերը հարազատ քառյակին, որի անմար հնչյուններն ի զորու չեն խլացնելու ո՛չ ռումբերի պայթյունները, ո՛չ էլ ոսոխի թնդանոթները։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 1992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ