«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
24.05.2016 | 00:03

(սկիզբը` այստեղ)

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԼԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Շատ ենք խոսել կաշառակերությունից ու կոռուպցիայից, բայց երբեք հասարակ մի հարց չենք տվել՝ ինչպե՞ս և որտե՞ղ էր ստեղծվում սոցիալիստական կաշառակերության նյութական բազան: Այս հարցի պատասխանը փնտրելուց առաջ պետք է հասկանալ, թե Բրեժնևի լճացման տարիներին իրականում ինչպե՞ս էին աշխատում խորհրդային գործարանները, ֆաբրիկաներն ու մյուս արտադրական օբյեկտները, ի՞նչ արտադրատնտեսական հարաբերություններ էին ձևավորված երկրի արտադրական ոլորտներում: Ժամանակի մեջ մտովի հետ շարժվենք ու մտնենք ցանկացած հայկական կոշիկի կամ կարի ֆաբրիկա, որտեղ հագուստեղեն կամ կոշիկ էր արտադրվում: Բրեժնևյան ժամանակներում Հայաստանում գործող ձեռնարկությունները բաժանված էին երկու խմբի.


Ա խմբի ձեռնարկություններ, որոնց մեջ ընգրկված էին միութենական ենթակայության գործարաններն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ շուրջ 70 տոկոս:
Բ խմբի ձեռնարկություններ, որոնց մեջ ընդգրկված էին ԽՍՀՄ չափանիշներով երկրորդական նշանակություն ունեցող, ծխախոտի, հրուշակեղենի, հացի գործարանները, թեթև արդյունաբերության կարի ու կոշիկի ֆաբրիկաները, կենցաղսպասարկման և այլ ձեռնարկությունները:


Ի տարբերություն Ա խմբի միութենական ձեռնարկությունների, դրանք գտնվում էին տեղական իշխանությունների ենթակայության տակ: Խրուշչովի տարիներից ի վեր Ա խմբի գործարանները պահվում էին պետության հատուկ ուշադրության ներքո. բարձր աշխատավարձեր, հսկայածավալ բնակարանաշինություն և այլն: Ինժեների կամ բանվորի պաշտոնում աշխատանքի անցնելու համար պետք էր բարձրակարգ մասնագետ լինել կամ լավ ծանոթություն ունենալ: Բ խմբի ձեռնարկություններում աշխատանքի պայմանները անհամեմատ ավելի վատ էին, բայց դա մինչև Բրեժնևի իշխանության գալն էր, հետագայում ամեն ինչ հիմնավորապես փոխվեց, տնտեսական առումով ավելի շահավետ դարձավ աշխատել Բ խմբի ձեռնարկություններում: Ինչո՞ւ: «Ա և Բ» խմբերի ձեռնարկությունների միջև առաջացած ներքին մրցակցային պայքարը ի վերջո հանգեցրեց ԽՍՀՄ փլուզմանը, որի մեղքը մարդիկ փորձում են բարդել միայն Գորբաչովի վրա: Համոզված եմ՝ Գորբաչովը անմեղ կամ ակամա մեղավորներից մեկն էր ու բոլորի համար դարձավ քավության նոխազ։ Երկիրն ուներ քանդվելու ավելի հիմնավոր պատճառներ ու քանդելուն միշտ պատրաստ համապատասխան քանդող բրիգադ: Ասվածը հիմնավորելու համար փորձենք համեմատության մեջ դնել խրուշչովյան ու բրեժնևյան ժամանակների խորհրդային քաղաքացիներին՝ հաշվի առնելով նրանց վերաբերմունքը դեպի գիտակցական կյանքի բոլոր կարևոր բնագավառները՝ դեպի կրթությունը, հանրօգուտ աշխատանքն ու սեփական ընտանիքի խնդիրները: Մի խոսքով, փորձենք հասկանալ հասարակական հարաբերությունները բնութագրող մարդկանց՝ սկզբնական բջիջների վարքը, որոնցից կազմվում ու ձևավորվում էր մեկ միասնական խորհրդային ժողովուրդը:


Խրուշչովը իշխանության եկավ Ստալինից հետո այնպիսի ժամանակահատվածում, երբ խորհրդային ժողովրդի հիշողության մեջ դեռևս թարմ էին Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունները. հարազատների կորուստ, որբացած երեխաներ, սովի ու բազում զրկանքների դաժան տարիներ, առկա էր նաև հաղթող երկրի քաղաքացի լինելու հպարտության զգացումը: Պետք էր սկսել նորից, գրեթե զրոյից՝ վերականգնել, հզորացնել ու առաջ տանել երկիրը այնպիսի տեմպերով, որ ոչ ոք այլևս նոր պատերազմներ չտեսներ, նոր զրկանքներ չկրեր, սովի չմատնվեր: Պետք էր լավ աշխատել նաև վատ ապրելու պայմաններում, դրանք ժամանակավոր դժվարություններ էին: Խրուշչովյան ժամանակների համար հատուկ էին աշխատանքի մեջ ստալինյան դիսցիպլինայի առկայությունը, սոցիալ-տնտեսական վիճակի նկատմամբ մարդկանց ընդգծված համեստ պահանջները, մեծ հետաքրքրությունը ուսման նկատմամբ։ Առկա էր անկաշառ ու անկաշկանդ բարոյահոգեբանական մթնոլորտ, կոմունիստական բարոյականության ու կոմունիստական ինտերնացիոնալիզմի վրա հենված դաստիարակչական նպատակային աշխատանքներ՝ հասարակության բոլոր անդամների համար, անկաշառ դատարաններ և այլն: 60-ական թվականներին Խրուշչովը շրջանառության մեջ դրեց քաղաքացիների աշխատանքային դաստիարակության խնդիրը՝ դպրոցական ու բուհական ծրագրերի մեջ մտցնելով արտադրական պրակտիկան՝ որպես պարտադիր առարկա: Կարևորվում էր քաղաքացիների բարոյական դաստիարակության խնդիրը, որի համար գրվեց և ուսումնական ու քաղդաստիարակչական աշխատանքային ծրագրերի հիմքում պարտադիր կարգով դրվեց «Կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսի» ուսուցումը: Այն սովորում էին հիմնարկներում, դպրոցներում, բուհերում, բանակում, ամենուր: Խրուշչովին հաջողվեց կտրուկ նվազեցնել կոմունիստական կուսակցության պարազիտային դերն ու նշանակությունը հասարակության կյանքում ու տնտեսության մեջ՝ գործող շրջկոմների կողքին ստեղծելով նաև հասարակական կարգով աշխատող շրջկոմների քարտուղարների ինստիտուտը: Վերջինների դերը շատ կարևոր էր, որպես հասարակության մեջ դրված զսպող մեխանիզմի: Խորհրդային հասարակության առաջ Խրուշչովը երկու կարևոր խնդիր դրեց.


ա) հասնել ու անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին,
բ) խորհրդային քաղաքացիների ներկայիս սերունդը ապրելու է կոմունիզմի օրոք:
Սրանք չիրականացվող, ուտոպիստական ծրագրեր էին, բայց մարդկանց մեջ առաջացրել էին հույսի ու աննախադեպ ոգևորության մեծ ալիք, մարդիկ ձգտում էին մասնակից լինել ու իրենց համեստ ներդրումն ունենալ այդ կարևոր գործերում: Բանվորը ձգտում էր աշխատել բարեխղճորեն, գիտնականը ձգտում էր իր գործերով ու գյուտերով առաջինը լինել աշխարհում, դպրոցականները և ուսանողներն աշխատում էին գերազանց սովորել: Արդյունքները հուսադրող էին. աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանը, ակադեմիկոս Կորոլյովի հաջողությունները հրթիռաշինության բնագավառում ու խորհրդային մարդը տիեզերքում, աշխարհում առաջին ատոմային նավը, ակադեմիկոսներ Բասովի ու Պրոխորովի կողմից լազերի հայտնագործումը, ՄԻԳ տիպի աշխարհի լավագույն ռազմական ինքնաթիռները, հսկայական հաջողությունները հայկական հաշվողական տեխնիկայի բնագավառում (1962 թվականի Բեռլինի ցուցահանդեսում գերմանացիներն առաջին անգամ էլեկտրոնային հաշվիչ մեքենա տեսան՝ «Նաիրի-2» անունով), պրոֆեսոր Մկրտչյանի առաջին նեյրոկոմպյուտերային սարքերը, ակադեմիկոս Պատոնի նորագույն եռակցման տեխնոլոգիաները և այլն, և այլն: Բոլոր նոր գործերը դառնում էին խորհրդային ինտերնացիոնալ քաղաքացիների անկեղծ հպարտության ու ոգևորության առարկա:


Այդ ոգևորությունից մի փոքր բաժին էր հասել նաև մեր դպրոցականներին, բոլորը ձգտում էին սովորել այնպես, որ հետո երկրի համար օգտակար ու պիտանի մարդիկ դառնան: Այդ տարիների շրջանավարտների մեջ շատ էին հանդիպում ոսկե մեդալակիրները: Միայն Սպիտակի թիվ 3 դպրոցի իմ դասարանում երեք ոսկե մեդալակիր ունեցանք, որոնք հետագայում գիտության դոկտորներ դարձան: Ինձնից բացի, կարող եմ հիշատակել քիմիկոս Էդիկ Խաչատրյանին ու Մոսկվայում շատ հայտնի մանկաբույժ-պրոֆեսոր Հրաչիկ Թումանյանին: Բայց դասարանի ու Սպիտակի շրջանի հպարտությունը մենք չէինք: Ավելի ակնառու էին մեր դասընկեր Ռուբեն Սահակյանի հաջողությունները, որը կարողացավ իր աստվածատուր ձայնի ու ծայրաստիճան աշխատասիրության շնորհիվ դառնալ նշանավոր օպերային երգիչ ու պատիվ ունենալ մեկ տասնամյակից ավելի հանդես գալու Սարոյի դերում՝ «Անուշ» օպերայում ու երգել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի, մյուս մեծանուն հայ ու օտարերկրյա երգիչների հետ: Այսօր Ռուբեն Սահակյանը հայտնի է որպես հայկական ժողովրդական ու հայրենասիրական երգերի անզուգական կատարող, ունի իր բառերով ու երաժշտությամբ ստեղծված բազմաթիվ երգեր, որոնցից «Աշխարհ ման եկա» երգը, իմ կարծիքով, երբևիցե ստեղծված հայրենասիրական երգերից լավագույնն է: Այսօր էլ Ռուբեն Սահակյանի բոլոր մենահամերգների ժամանակ ասեղ գցելու տեղ չի լինում, մշտապես անշլագ է:

Բայց, չնայած հայ երգարվեստում ունեցած իր հսկայական ավանդին ու լայն ժողովրդականությանը, մեր Ռուբեն Սահակյանը առայժմ կրում է ընդամենը վաստակավոր արտիստի կոչումը: Տասնյակ տարիների ուշացումով այդ կոչումը նրան շնորհեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր հրամանագրով: Մեր նախագահին կոչ եմ անում, հաշվի առնել Ռուբեն Սահակյանի ունեցած հսկայական ներդրումը հայկական օպերային ու ազգային երգարվեստի բնագավառում ու նրան, թեկուզ և ուշացումով, շնորհել ՀՀ ժողովրդական արտիստի կոչում: Երիտասարդ երգիչներին այդ կոչումները բաժանվում են աջ ու ձախ, իսկ մեր բազմավաստակ երգչի ու երգահանի նկատմամբ անբացատրելի ժլատություն է ցուցաբերվում, դա ընդունելի չէ: Նրա վաստակած կոչումը մեծ խանդավառությամբ կընդունեն Ռուբեն Սահակյանի երգի սիրահարները, ովքեր շատ են հատկապես սփյուռքում:


Ես՝ աշխարհի հելիոֆիկացիայի իմ համապարփակ ծրագրով, Ռուբենը՝ իր աստվածատուր ձայնով, Հրաչիկը՝ իր բուժած հազարավոր մանուկներով Խրուշչովի էպոխայի զավակներնենք, նրանք շատ էին, օգտակար գործեր էին կատարում ու շարունակում են ծառայել ժողովրդին մինչ օրս, թվում էր, թե ամեն ինչ լավ էր լինելու, նույնիսկ ուտոպիստական կոմունիզմի գաղափարն էր մեզ հասանելի ու իրատեսական թվում, բայց եկավ Լեոնիդ Բրեժնևն ու ամեն ինչ փչացրեց, հետո եկավ Գորբաչովն ու ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց: Ամեն ինչ սկսվեց Լեոնիդ Բրեժնևից, որը մեկը մյուսի հետևից մերժեց ու անեկդոտի աստիճանի հասցրեց Խրուշչովի բոլոր բարեփոխումներն ու հեռանկարային գաղափարները, որոնք այսօր էլ կարող էին աշխատել ու դրական արդյունքներ տալ:

Խրուշչովը, իհարկե, ուներ իր սխալները, օրինակ, եգիպտացորենի, Ղրիմի ու Ղարաբաղի հարցերում, բայց Ստալինի ու մյուս խորհրդային լիդերների նկատմամբ նա ուներ մի շատ կարևոր առավելություն. նա վստահում էր մասնագետներին ու, պոպուլիստական խորհուրդներով, քիթը շատ չէր խոթում նրանց գործերի մեջ: Այդպես, նա լսեց գիտնականներին ու սկզբունքորեն մերժեց կիբեռնետիկայի վնասակարության վերաբերյալ ստալինյան թեզը՝ կանաչ ճանապարհ բացելով ԽՍՀՄ-ում, այդ թվում` Հայաստանում կիբեռնետիկայի զարգացման համար: Այսօր Հայաստանում շատ է խոսվում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) կարևորության մասին՝ մոռանալով, որ դրանց սկիզբը դրեց Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովը՝ հայ մեծանուն գիտնականներ, ակադեմիկոսներ Անդրանիկ Իոսիֆյանի ու Սերգեյ Մերգելյանի միջոցով:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի
ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ