Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Քանդվում են բոլորի առանձնատները՝ անկախ պաշտոնից»

«Քանդվում են բոլորի առանձնատները՝ անկախ պաշտոնից»
24.05.2016 | 00:27

Հայաստանի բնապահպանության ոլորտը զարգացում է գրանցել 2016-ի բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսի համաձայն՝ ՀՀ-ն 180 երկրների շարքում զբաղեցնում է 37-րդ տեղը (2015-ին 48-րդն էր)։ ՄԱԿ-ի զարգացման տարեկան զեկույցի համաձայն՝ բնապահպանության ոլորտի աշխատանքներն արդյունավետ են եղել։ Միջազգային կառույցների գնահատականը, անշուշտ, կարևոր է, սակայն բնության հետ առնչվողը մարդն է, և նրա կարծիքն առաջնային է։ Եվ քանի որ սկսված է արձակուրդների ու ոռոգման սեզոնը, մեզ հետաքրքրեց՝ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Սևանում, հատկապես, երբ մեր տեղեկության համաձայն, օրերս բնապահպանության նախարարն իր աշխատակիցների հետ այնտեղ էր։ Այս հարցը ճշտեցինք բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ զրույցում։

-Սևանա լճի տարածքի մաքրման աշխատանքներն առանձնակի կարևորում ենք և բնապահպանների հետ վերջերս ողջ տարածքով մեկ մաքրման աշխատանքներ իրականացրինք, այդ նպատակով էինք անտեղ,- ասաց նախարարը։- Սա կարևոր գործ է, քանի որ առաջիկայում «Սևան ազգային պարկը» իր դռներն է բացելու ոչ միայն հայերիս, այլև զբոսաշրջիկների համար։ Ինչ խոսք, տարածքների մաքրումն անհրաժեշտ գործընթաց է, սակայն դրան զուգահեռ փորձում ենք բացատրական աշխատանքներ իրականացնել շրջակա միջավայրը չաղտոտելու ուղղությամբ՝ մարդիկ իրենք էլ պիտի հասկանան, որ իրենք պետք է մաքրեն իրենց թողած աղբը, հատկապես, որ քաղաքային երեք լողափերում էլ տեղադրված են աղբատարներ։ Այս տարի նախատեսում ենք կառուցել նոր լողափ, որի նախագիծն արդեն պատրաստ է։ Այս ծրագիրը նախատեսվում է իրականացնել համայնքի մասնակցությամբ։ Կարծում եմ, մոտ ժամանակներս աշխատանքները կսկսվեն։ Շինարարական աշխատանքները հետաձգվեցին, քանի որ կառավարությունն ավելի շատ մտահոգված էր քառօրյա պատերազմի և դրա հետևանքների վերացման հարցով։ Բացի զբոսաշրջությունից, «Սևան ազգային պարկը» կարևորվում է սոցիալ-տնտեսական առումով և այդ տեսակետից առանձնակի ուշադրություն է դարձվում լճի մակարդակի բարձրացմանը, ինչը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ Այս պահին լճի 11 սմ-ով բարձրացում է արձանագրվել։ Արփա-Սևանով լիճ է լցվել 1 մլն 200 հազար խմ ջուր։ Դրական զարգացում կա նաև լճի կենդանական աշխարհում, որի պահպանման, ընդլայնման և լճի մակարդակի բարձրացման համար որոշում է կայացվել մաքրման աշխատանքներ կատարել Սևանը սնուցող 28 գետերի, որոնց մեջ կան այնպիսիք, որոնք ապահովում են ձկան բնական արտադրությունը, ինչը նպաստում է ձկան ավելացմանը բնական ցիկլով։ «Սևան ազգային պարկի» զարգացումը կարևորվում է ոչ միայն լճի, այլև համալիր մոտեցմամբ։ Այդ նպատակով առաջնային ենք համարում նաև անտառապատման աշխատանքները։ Վերջերս Սևան-Դիլիջան 3 կմ ճանապարհահատվածի երկու եզրով իրականացրել ենք ծառատունկ, տնկվել են հացենի, եղևնի և սոճի, որոնք դիմացկուն են։ Կարևորելով անտառապատումը, առաջիկայում պետք է առաջարկենք այլ կազմակերպությունների ևս իրենց մասնակցությունը ցուցաբերել այդ գործընթացին։ Գաղտնիք չէ, որ անտառապատումը լուրջ գումարներ է պահանջում, իսկ մեր հնարավորությունները մեծ չեն։
-Պարոն նախարար, նոր լողափը վճարովի՞ է լինելու։
-Մենք ունենք քաղաքային երեք գործող լողափ, որոնք անվճար են։ Ինչ վերաբերում է նախատեսվող լողափին, ապա հնարավոր է որոշ ծառայություններ լինեն վճարովի։ Եթե մեր հնարավորությունները մեծ լինեն, ապա, իհարկե, այդ ծառայությունները ևս կլինեն անվճար։ Իսկ ընդհանրապես, ժամանակն է ունենալու քաղաքային վճարովի լողափ, որ կարողանանք ապահովել սպասարկման բարձր որակ։ «Սևան ազգային պարկի» շահույթները մեծ չեն, դրանք հիմնականում գոյանում են վարձավճարներից։
-Իսկ ի՞նչ տիպի ձկներ են ավելացել լճում, և լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց ծառերի և կառույցների մաքրման աշխատանքներն ի՞նչ փուլում են։
-Հաստատված ռազմավարական ծրագրի համաձայն՝ լճի մակարդակը դեռևս պետք է բարձրանա, հետևաբար 1903,5 նիշից բարձր ծառերը պետք է ժամանակին հատվեն։ Ծառերը, որոնք ջրի մեջ են, շարունակաբար մաքրվում են։ Անցած տարի մաքրել ենք 157 հա տարածք, այդ աշխատանքները շարունակվում են։ Բացի ծառերից, վերը նշված նիշից ցածր կառուցված տները ևս քանդման ենթակա են։ Այդ գործընթացն իրականացնում են իրենք՝ սեփականատերերը։ Կանխելով Ձեր հարցը, ասեմ, որ քանդվում են բոլորի առանձնատները՝ անկախ պաշտոնից։ Ի դեպ, այս ծրագրով ծառահատումները թույլատրել ենք իրականացնել բնակչությանը՝ պայմանագրային հիմունքներով նշված տարածքներից հեռացված ծառը կարող են օգտագործել որպես վառելափայտ։ Այս տարի նախատեսում ենք իրականացնել մաքրման աշխատանքներ 95 հա-ի վրա։ Ինչ վերաբերում է ձկնատեսակի ավելացմանը, ապա դա սիգի, ծածանի պաշարներն են, և նկատվում է իշխանի աճ, խեցգետնի քանակը ևս ավելանում է, սակայն քանի որ այն վտանգում է սիգի աճը, փորձում ենք կանխել՝ թույլատրելով խեցգետնի որսի ավելացում, թույլ չտալով բալանսի խախտում։
-Պարոն Գրիգորյան, գաղտնիք չէ, որ ամեն տարի ոռոգման սեզոնի սկզբից բնապահպանների և գյուղատնտեսների միջև «բախում» է առաջանում Սևանա լճի ջրի շուրջ։ Ի՞նչ եք կարծում, այս տարի որքա՞ն ջուր կհատկացվի լճից ոռոգման համար, և ո՞րն է թույլատրելի սահմանը։
-Մեր առջև դրված է պետական ռազմավարական քաղաքականություն՝ Սևանա լճի մակարդակի բարձրացում, և մենք հետևողականորեն այդ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում։ Վտանգավոր սահմանի մասին խոսելը, ընդհանրապես, անթույլատրելի է։ Չէի ցանկանա կանխատեսումներ անել, սակայն հուսով եմ, որ այս տարի ավելի քիչ ջուր բաց կթողնվի անցած տարվա համեմատ, քանի որ տարին ջրառատ էր, և ջրամբարների վիճակը բարվոք է։ Մենք ջրային պետական կոմիտեի հետ քննարկել ենք այդ հարցը։ Առաջարկվել է ջրառը կազմակերպել հունիսի երկրորդ կեսին։ 2015-ին նախատեսված էր ոռոգման նպատակով Սևանից բաց թողնել 170 մլն խմ ջուր, սակայն բաց է թողնվել 169 մլն խմ ջուր։ Կարծում եմ, այս տարի ավելի քիչ ջուր կպահանջվի, սակայն այդ հարցը դեռևս պետք է քննարկվի կառավարությունում, այնուհետև՝ ԱԺ-ում։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ